Շառլ Էռնյու. «Հայության խնդիրներն ավելի կարևոր են»

«Հայրենիքի ձայն», 29 օգոստոսի, 1990թ.
Սեյրանուհի Գեղամյան

1990 թվականի հունվարի 17-ին, Ֆրանսիայի Վիլյուրբան քաղաքում, հայությանն ի նպաստ կազմակերպված միտինգներից մեկի ժամանակ, դադարեց բաբախել սիրտը հրաշալի մի ֆրանսիացու, որի վերջին խոսքերը, վերջին մտահոգությունները Հայաստանի ու հայության մասին էին. «Խնդրում եմ, շարունակեք ձեռնարկը, որովհետեւ հայության խնդիրներն ինձնից ավելի կարեւոր են»,- ասել է նա իր վրա հակված ընկերներին ու ընդմիշտ փակել աչքերը: Այդ մարդը Վիլյուրբանի քաղաքապետ, Ֆրանսիայի պաշտպանության նախկին նախարար Շառլ Էռնյուն էր:

CharlesHernu1

Նրա մասին մենք երկար զրուցեցինք վերջերս Հայաստանում գտնվող Վիլյուրբան քաղաքի պատվիրակության ղեկավար, քաղաքապետարանի անդամ, Եւրոպառլամենտի զարգացման բաժնի փոխպրեզիդենտ Վարուժան Գրիգորյանի հետ, եւ իմ մտապատկերում հառնեց մեկը, որի անունը հավանաբար կարող է շարունակել անվանացանկը Ֆրանսիայի այն զավակների, որոնք եղան հայ ժողովրդի անկեղծ ու անկաշառ բարեկամները:

Երբ 1976 թվականին Վիլյուրբանում ապրող 8200 հայերը քաղաքապետարանում առաջին անգամ իրենց կողմից ներկայացուցիչ առաջադրեցին Վարուժան Գրիգորյանին, նա նախապես որոշեց հանդիպել քաղաքապետին՝ Շառլ Էռնյուին եւ նրան ներկայացնել վիլյուրբանահայերի այն պահանջները, որոնց իրականացման դեպքում միայն ինքը կհամաձայներ քաղաքապետարանի մաս կազմել: Քաղաքապետարանի առջեւ դրվող պահանջները հիմնականում հետեւյալներն էին. քաղաքում հիմնել մշակութային ազգային կենտրոն, ունենալ հայկական հիշատակությամբ մի փողոց, բարեկամական կապեր հաստատել Հայաստանի որեւէ քաղաքի հետ եւ հետեւողական պայքար տանել հայ դատի ուղղությամբ: Քաղաքապետը, որ մինչ այդ շատ քիչ բան գիտեր հայության մասին, անկեղծ հետաքրքրություն ցուցաբերեց նրանց բոլոր պահանջների հանդեպ ու Վարուժան Գրիգորյանի օգնությամբ սկսեց խորանալ հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին առնչվող հարցերի մեջ: Եւ շատ շուտով նա խորապես ըմբռնեց, թե ո՛վ է հայը, ի՛նչ է հայ դատը, ի՛նչ են հայերի պահանջները: Խորապես ըմբռնեց ու հավատաց նրանց պայքարի իրավացիությանը: Իսկ նա այն մարդկանցից էր, ովքեր, երբ հավատում են որեւէ գաղափարի ճշմարտությանը՝ դրան նվիրվում են անմնացորդ, ամբողջ էությամբ: Եւ Շառլ Էռնյուն նվիրվեց հայության դատին, դարձավ նրա անցյալի ու ներկայի պայքարի մարտիկներից մեկը եւ հայության հետ, հայության կողքին մինչեւ իր վերջին շունչը պայքարեց հանուն արդարության:

Ֆրանսահայերը սիրում են վերհիշել Էռնյուի հետ կապված մի միջադեպ. 1981-ին Վիլյուրբանի քաղաքապետը նշանակվում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարի պաշտոնում: Այդ օրերին մասնակցելով մի խոշոր ձեռնարկի, նա խոսում է նաեւ հայ դատի մասին՝ մանրամասն վերլուծելով 1915-ին Թուրքիայում իրականացված հրեշավոր ցեղասպանությունը եւ այն պատճառները, որոնք ներկայումս ստիպում են թուրքերին չընդունել այդ ցեղասպանությունը: Հաջորդ օրը ֆրանսիական բոլոր թերթերը գրում են պաշտպանության նախարարի ելույթի մասին: Էռնյուին իր մոտ է հրավիրում պրեզիդենտը՝ Ֆրանսուա Միտերանը, եւ կես լուրջ-կես կատակ ասում. «Եթե դու ուզում ես պատերազմ հայտարարել Թուրքիային, ապա այդ մասին պարտավոր ես ինձ նախապես տեղյակ պահել»:

Պաշտպանել հայությանը Շառլ Էռնյուի համար նշանակում էր պաշտպանել ճշմարտությունը: Ահա թե ինչու, վերջին տարիներին Էռնյուն դարձավ ղարաբաղյան շարժման ամենաեռանդուն պաշտպաններից: Ընդհանրապես, չափազանց բծախնդիր լինելով մարդկային իրավունքների, մարդու ազատ կամքի արտահայտման հարցերում, Էռնյուն անվերապահորեն հասկացավ հայության բռնակցված հատվածի պայքարի ողջ իմաստն ու ճշմարտությունը, եւ նրա ձայնը հնչեց ֆրանսահայության բոլոր միտինգներում ու ցույցերում:

Խորհրդային Միության ղեկավարին հղած իր բազմաթիվ հեռագրերում նա Միխայիլ Գորբաչովին ուղղակիորեն ասում էր, որ եթե նա ուզում է հաջողել իր սկսած մեծ գործում, եթե ուզում է վստահություն ձեռք բերել, պարտավոր է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը… Նրա ելույթներն ու հեռագրերը ավելի վճռական դարձան հատկապես Սումգայիթի, Կիրովաբադի, Խոջալուի դեպքերից հետո: Նա պահանջում էր, որպեսզի հայության դահիճները արժանի պատիժ ստանան, որպեսզի չլռեցվի արդարության ձայնը, որպեսզի ազատ արձակվեն «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալված անդամները…

Եւ ահա Բաքվի հայտնի դեպքերից հետո, երբ աշխարհի հայությունը նորից ու նորից ալեկոծվեց Ադրբեջանի ազգայնամոլների վայրենի գործողություններից, բողոքի իր ձայնը բարձրացրեց նաեւ վիլյուրբանահայությունը: Հունվարի 17-ին քաղաքի ընդարձակ սրահներից մեկում տեղի ունեցավ բազմամարդ միտինգ… Ազդեցիկ ու աններում ձայնով հանդես եկավ նաեւ քաղաքապետը: Ներկաները հուզված ու կլանված լսում էին նրա խրոխտ ձայնը, լսում էին եւ ուզում էին հավատալ, որ արդարությունն անպայման հաղթելու է…

Արդարությու՜նը…

Եւ ահա ընդհատվում է Շառլ Էռնյուի խրոխտ ձայնը, նա թուլացած հակվում է ամբիոնին: Հանդիսասեղանի մոտ նստածները ձեռքերի վրա նրան տեղափոխում են ետնամուտքի սենյակներից մեկը: Շառլ Էռնյուն մարող հայացքով նայում է ընկերներին, ու երբ հայացքը հանդիպում է Վարուժան Գրիգորյանի աղաչական, սպասողական աչքերին, շշնջում է. «Խնդրում եմ, շարունակեք ձեռնարկը, որովհետեւ հայության խնդիրներն ինձնից ավելի կարեւոր են…»:

Այո, սրանք նրա վերջին խոսքերն էին: Վերջին խոսքերը, որ պատվիրանի նման մնացին վիլյուրբանահայության հոգում:

Կենդանության օրոք քաղաքապետը կյանքի կոչեց նրանց բոլոր ցանկությունները, բացի մեկից, չկարողացավ իրականացնել Վիլյուրբանի եւ Հայաստանի որեւէ քաղաքի բարեկամությունը:

- Այս հարցը շուրջ վեց տարի կձգձգվեր, - ասում է Վարուժան Գրիգորյանը, - քանի որ մեր քաղաքապետը պարզ մեկը չէր, այլ եղած էր Ֆրանսիայի պաշտպանության նախարարը: Այդ պատճառով մեծ դժվարություններ կհարուցվեին ինչպես Խորհրդային Միության, այնպես ալ Ֆրանսիայի կառավարություններու կողմե: Բայց մենք չհուսահատվեցանք եւ շարունակեցինք մեր հետապնդումները: Ուրախ եմ, որ ճիշտ այս օրերուն կյանքի կոչվեցավ նաեւ մեր այդ ծրագիրը, որու հիմքերը դրած էր Շառլ Էռնյուն, կրցանք պաշտոնապես վավերացնել Վիլյուրբանի եւ Հայաստանի գեղեցիկ քաղաքներեն մեկի՝ Աբովյանի բարեկամությունը: Շատ պիտի ուզեի, որ այդ բարեկամության խորհրդանիշը ըլլար Շառլ Էռնյուն, որի մահը մեծ կորուստ էր մեզի համար: Ես արդեն իսկ դիմած եմ Աբովյանի քաղաքապետին՝ Էռնյուի կիսանդրին Աբովյանի մեջ տեղադրելու խնդրանքով: Հուսանք, որ չի մերժվեր մեր խնդրանքը:

Վստահ եմ, որ չպիտի մերժվի, որովհետեւ երախտապարտ լինելով Շառլ Էռնյուին եւ բոլոր նրանց, ովքեր երբեւիցե հանդես գալով հօգուտ հայ ժողովրդի, համոզված են եղել, թե պաշտպանել հայոց խնդիրները, նշանակում է պաշտպանել ճշմարտությունն ու արդարությունը՝ մենք հուշարձան կկանգնեցնենք ճշմարտությանն ու արդարությանը, դեպի որոնք ուղղված են մեր այսօրվա բոլոր ջանքերը, զոհողություններն ու պայքարը:

You may also like...