Շահխաթունյաններ

Հայություն, հոկտեմբեր, 1995թ., թիվ 2 (51)

Զարմանահրաշ դիպվածներով հարուստ մեր պատմության մեջ էլի են եղել դեպքեր, երբ տոհմը սկիզբ է առնում ոչ թե այր, այլ կին արմատից: Շահ Խաթուն նշանակում է Շահի տիրուհի: 5-րդ դարում քոչվորների դեմ ապստամբած խմբապետ Գյուրզադյանի սպանվելուց հետո Հյուսիսային Պարսկաստան և Արևելյան Հայաստան ներխուժած օղուզ սելջուկների դեմ պարսից շահ Իսմայիլի մղած պատերազմում ամուսնու գործը շարունակում է նրա այրին: Քոչվորների դեմ տարած հաղթանակից հետո, 1502թ. շահ Իսմայիլը Շահ-Խաթունին մեծամեծ արտոնություններ և Հայաստանի հինավուրց մայրաքաղաք Արմավիրի շրջակա հողերին ժառանգաբար տիրելու իրավունք է տալիս:

Այսպես են առաջացել Շահխաթունյանները: Նրանց գերդաստանական հիմնական կալվածքը դառնում է Շահրիարը: Ըստ տարբեր ուսումնասիրությունների հաստատվում է այն կարծիքը, թե սա պատմական մայրաքաղաք Արմավիրի մի արվարձանն է հանդիսացել:

Պատմական բազմաթիվ իրադարձություններից հետո՝ 1828 թ. փետրվարի 10-ին, Թուրքմենչայի պայմանագրով Շահրիարը վերջնականապես մտնում է ռուսական կայսրության կազմի մեջ:

Ստեփան Շահխաթունյանն է առաջինը այս նշանավոր տոհմից, որի անվանը հանդիպում ենք փաստաթղթերում (ռուսական աղբյուրներում՝ Չախատունով): Սա Շահ-Խաթուն Գյուլզադյանի ծոռան թոռն է: 1662 թվականին հայկական առևտրական պատվիրակության կազմում մեկնում է Մոսկվա և ընդունվում Ալեքսեյ Միխայլովիչ ցարի կողմից:

Հարուստ հայ վաճառականներ Միկիտա Պետրովի, Գրիգորի Սավելևի (որոշ աղբյուրներում Սավվա Գրիգորևիչ Մատվեև) հետ նա ցարին է նվիրաբերում ադամանդակուռ մի ոսկյա թագ՝ վերևում երկգլխանի արծիվ՝ վրան ալմաստազարդ ոսկե խաչ, ոսկյա գավազան, երկու պահպանակ և երեք ոսկյա ականջօղ: Ցարը, ի հատուցումն այս առատ ընծաների, հայ վաճառականներին իրավունք է տալիս ամբողջ Վոլգայով ազատ առևտուր անել:

Ստեփան Շահխաթունյանի որդին Մոսկվայում՝ Հնդկաստանից բերված դեղորայքի վաճառք է ձեռնարկում:

Հովհաննես Շահխաթունյան. Շահրիարի կալվածատեր, 1780 թ. կառուցել է Շահրիարի Սուրբ Աստվածածին փայտաշեն եղեկեցին, որի օծման արարողությանը մասնակցել է Սիմոն Երևանցի կաթողիկոսը:

Գևորգ Հովհաննեսի Շահխաթունյան. ծնվել է 1775 թ., հայտնի է եղել որպես մեծահարուստ իշխան, մեծ կարողություն է թողել զավակներին, Շահրիարի հին գերեզմանատանը պահպանվել է նրա տապանաքարը:

Հովհան Գևորգի Շահխաթունյան (Օհան Սուլթան). Հովհան Գևորգի Շահխաթունյանը հայ ժողովրդի պատմության մեջ Է մտել Օհան-Սուլթան անունով: Ծնվել է 1806 թ., եղել է բարձրակիրթ անձնավորություն, Երևանի խանության վերջին սարդար Հուսեին խանի մտերիմներից էր: Օհան-Սուլթանի հետ սերտ հարաբերություններ են ունեցել, նրա կալվածքը այցելել են Ներսես Աշտարակեցին, Գևորգ 4-րդ, Եփրեմ Ձորագեղցի, Խրիմյան Հայրիկ կաթողիկոսները, հայկական երկրամասի կառավարիչ, գեներալ-լեյտենանտ, իշխան Վասիլի Բեյբութովը, Կովկասի տեղապահության գլխավոր վարչության պետ բարոն Նիկոլային, գեներալներ Պասկևիչը, Կրասովսկին, ռուսական բանակի սպաներ Դենիս Դավիդովը, Լև Պուշկինը (պոետի եղբայրը): Օհան-Սուլթանը ներկայացվել է Նիկոլայ 1-ին և Ալեքսանդր 2-րդ կայսրերին, երբ սրանք Հայաստանում գտնվելու օրերին այցելել են Սուրբ Էջմիածին:

1829թ. դեկտեմբերին և 1847թ. հոկտեմբերին նրա մոտ հյուրընկալվել է ավագ եղբոր՝ Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցի մտերիմ ընկեր Խաչատուր Աբովյանը, որն իր մի շարք գործերում ջերմորեն ու սիրով է գրել Օհան-Սուլթանի ու նրա տնտեսության մասին՝ համարելով այն ամբողջ Կովկասյան երկրամասում լավագույններից մեկը:

1846թ. փետրվարի 6-ի կայսերական հրամանագրով (ռեսկրիպտով) Օհան-Սուլթանը և 27 այլ նշանավոր հայ գործիչներ ճանաչվում են ռուսական տոհմիկ ազնվականներ:

1860-ական թվականներին Օհան-Սուլթանը դառնում է Հայաստանում առաջին արդյունաբերողներից մեկը, որ սկսում է զբաղվել բամբակագործությամբ: Նա զբաղվել է նաև ձիաբուծությամբ ու մետաքսագործությամբ:

1877 թ. մարտի 24-ի գիշերը, նախապես թունավորելով շներին, անհայտ անձիք ներխուժում են Օհանի տունը, գազանաբար սպանում են նրան և աղմուկից արթնացած կնոջը:

Գեներալ-մայոր Գեորգի Իվանովիչ Շահխաթունյան. Օհան-Սուլթանի ավագ որդին: Ծնվել է 1886թ. դեկտեմբերի 28-ին: Սովորել է Երևանի պրոգիմնազիայում և Կոնստանդինյան կադետային դպրոցում, պարգևատրվել է Սուրբ Աննայի 3-րդ, 2-րդ աստիճանի շքանշաններով: Ծառայության անցնելով որպես պրապորշչիկ, նա իր զինվորական գործունեությունն ավարտել է գեներալ-մայորի կոչումով:

Հովհաննես (Գերասիմ՝ Իվան Գեորգիևիչ) Շահխաթունի. Գևորգ Շահխաթունյանի այս որդին ծնվել է 1881թ. ապրիլի 24-ին Ստավրոպոլի նահանգի Արմավիր գյուղում, որտեղ այդ ժամանակ գեներալ Տիզենհաուզենի 19-րդ հրետանային բրիգադում, որպես 3-րդ հրետանային մարտկոցի հրամանատար ծառայում էր հայրը: Վանուշը, ինչպես ծնողներն են կոչել փոքրիկ Հովհաննեսին, ընտանիքում յոթերորդ երեխան էր: 1887թ. պաշտոնաթող գեներալ Շահխաթունյանի ընտանիքը տեղափոխվում է Երևան:            1891թ. Վանուշը ընդունվում և 1897 թ. ավարտում է Էջմիածնի Գեորգյան հոգևոր ճեմարանի 6-րդ դասարանը:

1901 թ. ապրիլի 1-ին Վսւնուշ Շահխաթունին զինվորական ծառայության է անցնում 156-րդ Ելիզավետոպոլյան գնդում և ռազմաուսումնական խմբի դասընթացն ավարտելուց հետո ստանում է կրտսեր ունտեր-օֆիցերի աստիճան, իսկ 1903 թվի սկզբին զորացրվում է:

1904 թ. հունվարին Ճապոնիայի հետ սկսած պատերազմը սրում է Ռուսաստանի քաղաքական մթնոլորտը: Նա որպես ունտեր-օֆիցեր մասնակցում է հեռավորարևելյան ճակատում ընթացող գործողություններին (1905թ.), 1910թ. նրան շնորհվում է ֆելդֆեբելի աստիճան:

1917թ. հեղափոխությունից հետո լուծարված ցարական բանակի շտաբս կապիտան Հովհաննես Շահխաթունին գալիս է Հայաստան և ծառայության անցնում ազգային բանակում: Շուտով հայկական բանակային կորպուսի հրամանատար գեներալ Նազարբեկովը նրան նշանակում է սահմանապահ գնդի հրամանատար: 1918թ. գարնանը Սարիղամիշի տակ վիրավորված Վանուշին ուղարկում են Թիֆլիսի ռազմական հոսպիտալ, որտեղից մեկնում է Արմավիր: Երկրում արդեն մոլեգնում էր բոլշևիկյան ահաբեկչությունը: Գործադուլների արգելումը, մթերային նորմերի կրճատումը, գյուղացիության անխնա թալանը, սպաների ու մտավորականության հալածանքը հասցնում են քաղաքացիական պատերազմի:

Արմավիրում հանդիպելով Դենիկինին՝ Շահխաթունին անցնում է Սպիտակ բանակի կողմը: Ցարիցինի վրա հարձակվելու ժամանակ նշանակվում է զրահամեքենայի հրամանատար, իսկ այնուհետև՝ Խարկովի նահանգի Սլավյանսկ քաղաքի քրեական հետախուզության պետ: Քաղաքացիական պատերազմից հետո Շահխաթունին վերադառնում է Հայաստան: Այստեղ հորեղբոր որդու՝ Երևանի զինվորական պարետ գնդապետ Արշավիր Շահխաթունու երաշխավորությամբ նրան նշանակում են էտապային վաշտի հրամանատար: Հայաստանի խորհրդայնացումից հետո մնում է Երևանում: 1921 թ. հունվարի 21-ին հրապարակվում է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի հրամանագիրը դասային կոչումները վերացնելու մասին: Երեք օր անց ռուսական կայսրության նախկին տոհմիկ ազնվական Հովհաննես Գևորգի Շահխաթունին ձերբակալվում է, դատապարտվում 5 տարվա ազատազրկման և աքսորվում Ռյազանի համակենտրոնացման ճամբարը: 1921 թ. ապրիլի 24-ին, ծննդյան 42-ամյակի օրը, նրան ազատում են կալանքից:

Շահխաթունին վերադառնում է Ռոստով: Այստեղ նա երկրորդ անգամ ամուսնանում է Ռոստով փախած Մոսկվայի առաջին պետական համալսարանի ասպիրանտ Սուսաննա Շիխանովայի հետ: 1922 թ. ամռանը Չեկան կրկին ձերբակալում է Շահխաթունուն: Չորս ամիս բանտում մնալուց հետո Վանուշը ազատ է արձակվում, վերադառնում Երևան: Վանուշի կալանավայրում եղած ժամանակ անհետանում է կինը՝ Սուսաննան: Կարծիք կա, որ նա անարխիստական խմբի ավազակային հարձակման զոհ է դարձել:

1923 թ. մարտի 15-ին Շահխաթունին հին մեղադրանքով նորից է ձերբակալվում: Այս անգամ ազատվում է մեկ ու կես տարվա բանտարկությունից հետո: Հորաքրոջ որդին՝ Ստեփան Կամսարականը, Վանուշին մեծ դժվարությամբ կարողանում է աշխատանքի տեղավորել հողժողկոմատի արխիվում: 1930 թ. հոկտեմբերի 19-ին ՆԳԺԿ գործակալները Վանուշ Շահխաթունուն ձերբակալում են ուղղակի աշխատավայրում: Նոյեմբերի 14-ին, եռյակը, Վանուշին մեղադրելով հակասովետական գործունեության մեջ, դատապարտում է 5 տարվա ազատազրկման ու աքսորում Վիշլագ:

Աքսորից հետո Վանուշը երկար ժամանակ մնում է Ռուսաստանում, ապրում է Ռոստովում, ապա Լենինգրադում: Այստեղ էլ նա նորից ամուսնանում է և 1935 թ. ամռանը գալիս է Երևան՝ վերջնականապես հիմնավորվելու նպատակով: Վրա է հասնում 1937 թիվը… Նոյեմբերի 1-ի գիշերը ժամը 12-ին, Մարքսի փողոցի թիվ 10 շենքից, աղջկա բնակարանից, տանում են Վանուշին: Երկու ամիս անց էլ հարազատներին հայտնում են, որ նա, մեղադրվելով հակասովետական գործունեության մեջ, դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ առանց նամակագրության իրավունքի: Սա նշանակում էր գնդակահարություն:

Ահա և վճիռն ի կատար ածելու վերաբերյալ արձանագրությունը: Այն մեքենագրված է սովորական աշակերտական մի տողանի տետրի մի էջի քառորդ մասի վրա.

«Հայկ. ԽՍՀ ՆԳԺԿ եռյակի 1937թ. նոյեմբերի 15 Հովհաննես (Իվան) Գևորգովիչ Շահխաթունյանի գնդակահարության մասին որոշումը ի կատար է ածվել 17. 11. 1937թ. գիշերվա ժամը երկուսին:

Հայկ. ԽՍՀ ՆԳԺԿ պետանվտանգությսւն վարչության 8 բաժնի պետ, անվտանգության լեյտենանտ Գրիգորյան»:

Վաղարշակի ճյուղը

Վաղարշակ Իվանովիչ Շահխաթունյանը ծնվել է 1833 թ., սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում: Դեռ ուսանողական տարիներին մասնակցել է սիրողական ներկայացումների: 1859թ. մոսկովյան վաճառական Միքայել Ստեփանյանի տանը տեղի է ունեցել առաջին ուսանողական ներկայացումը, որին ներկա են եղել Միքայել Նալբանդյանն ու Ստեփանոս Նազարյանցը: 1863թ. Թիֆլիսում Վաղարշակ Շահխաթունյանը Գրիգոր Իզմիրյանի, Պերճ Պռոշյանի, Գաբրիել Սունդուկյանի և ուրիշ հայ մտավորականների հետ հիմնադրում է Կովկասում առաջին մշտական գործող հայկական պրոֆեսիոնալ թատերախումբը և հաջողությամբ մասնակցում ներկայացումներին:

1865—1867 թթ. Վաղարշակ Շահխաթունյանը Ալեքսանդրապոլի՝ իր ստեղծած թատերախմբի բեմադրիչն ու ղեկավարն էր: 1868 թ. հունվարի 3-ից Երևանում սկսում է գործել տեղի թատերախումբը, որի կազմակերպիչներն են եղել ինքն ու Սողոմոն Աբամելիքյանը: Նույն տարվա նոյեմբերի 30-ին Վ. Շահխաթունյանը հիմնադրում է Էջմիածնի խումբը:

Եղել է նաև զինվորական, ստացել փոխգնդապետի աստիճան, ծառայել է Թիֆլիսում, ընտրվել է Ալեքսանդրապոլի, Նոր-Բայազետի ու Գյանջայի (Ելիզավետպոլ) գավառապետ: Մահացել է թոքաբորբից 1892 թ. դեկտեմբերի 20-ին Ելիզավետպոլում, թաղված է Երևանում:

Ունեցել է 5 զավակ՝ Արամայիս, Արշավիր, Ելենա, Նինա, Վահրամ:

Արշավիր Վաղարշակովիչ Շահխաթունի. Արշավիր (Աշո) Շահխաթունին ծնվել է 1865 թ. դեկտեմբերի 19-ին, սովորել է Թիֆլիսի զինվորական ուսումնարանում: Ծառայության է անցել 1903 թ. Բաքվում, որտեղ թատրոնի հանդեպ ունեցած սերը նրան կապում է Սիրանույշի խմբի հետ: Այստեղ էլ 1905 թ. առաջին անգամ բեմ է բարձրանում: Բաքվից տեղափոխվում է Ալեքսանդրապոլ, մասնակցում տեղի թատերական ներկայացումներին:

1910 թվականից ելույթներ է ունենում Թիֆլիսի տարբեր թատերախմբերում: 1912 թ. առաջին ռուս կինոֆաբրիկանտներից մեկը՝ Ա. Խանժոնկովը նրան հրավիրում է իր ֆիլմերում նկարահանվելու: Շահխաթունին դառնում է կինոդերասան: Մոսկվայում ուսանում է Գեղարվեստական թատրոնի ստուդիայում, մտերմանում Վախթանգովի, Ստանիսլավսկու, Սուլերժիցկու, Միխայիլ Չեխովի հետ:

Պատերազմի տարիներին Շահխաթունին վերադառնում է բանակ, մասնակցում Կովկասյան ճակատի ռազմական գործողություններին, ռուսական հեծելազորի ու Անդրանիկի հետ մտնում է Բիթլիս: 1918 թ. նշանակվում է Երևանի զինվորական պարետ, այդ պաշտոնում էլ մնում է մինչև Հայաստանի խորհրդայնացումը, որից հետո մեկնում է արտասահման: Որոշ ժամանակ ապրում է Ստամբուլում, ելույթներ է ունենում տեղի հայկական թատրոնում, հետո տեղափոխվում է Բուլղարիա, իսկ 1924 թ.՝ Փարիզ: Փարիզում կինոռեժիսոր Տուրժանսկու հրավերով նկարահանվում է «Միշել Ստրոգով» ֆիլմում, ապա՝ Աբել Հանսի «Նապոլեոն», Դյուվիվյեի «Մարդը «Իսպանիո» նավից» ֆիլմերում: 1928 թ. Շահխաթունին ձեռնարկում է «Անդրանիկ» ֆիլմի նկարահանումը, որտեղ կատարում է Անդրանիկի և նրա հոր դերերը:

1932 թ. սկսում է զբաղվել կինոդիմահարդարման գործով: Մահացել է 1957 թվի ապրիլի 4-ին Փարիզում:

Վահրամ Վաղարշակովիչ Շահխաթունյան. Վահրամը ծնվել է 1891թ. հուլիսի 17-ին, սովորել է Ալեքսանդրապոլի առևտրական դպրոցում, 1912 թ. դեկտեմբերի 7-ից անցել է զինվորական ծառայության որպես Պավլոգրադյան 2-րդ հուսարական գնդի զինվոր: 1913 թ. փետրվարի 21-ին պարգևատրվել է «Օտմանովների տան 300-ամյակի հիշատակին» մեդալով: 1914—1915 թթ. մասնակցում է պատերազմին ու պարգևատրվում 4-րդ աստիճանի Գեորգիևյան մեդալով: 1916 թ. մարտին սովորելու է գործուղվում Թիֆլիսի 2-րդ պրապորշչիկների դպրոց: Սեպտեմբերի 1-ին նա ստանում է պրապորշչիկի աստիճան, մեկնում ռազմաճակատ: Այստեղ ընդունվում է ՌՍԴԲԿ շարքերը: 1918—1919 թթ. Ալեքսանդր Մյասնիկյանի հետ մասնակցում է Բելոռուսիայի խորհրդայնացմանը: Բելոռուսիայում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Մյասնիկյանի առաջարկով ժամանում է Հայաստան: «Վարդան Զորավար» զրահագնացքի վրա Մուսայելյանի ղեկավարությամբ Վահրամը մասնակցում է Ալեքսանդրապոլի մայիսյան իրադարձություններին՝ անկախություն ձեռք բերած երկրի դեմ բոլշևիկների մղած պայքարին: Հայաստանի խորհրդայնացումից հետո աշխատանքի է անցնում Երևանի քաղաքային խորհրդում, ապա տեղափոխվում է Չեկա: Շփվելով բոլշևիկյան ճնշիչ ապարատի մեթոդներին նա քննադատում է ներքին գործերի ժողկոմ Մուղդուսուն: 1937 թ. Վահրամ Շահխաթունին ձերբակալվում ու 10 տարով աքսորվում է: 1947 թ. պատժաչափը լրանալուն պես նրա գործը վերանայում են և 10 տարով պատիժը երկարաձգում: Արդարացվելուց հետո տեղափոխվում է Երևան: Վախճանվել է 1961 թ.:

Տիգրանի ճյուղը

Տիգրան Իվանովիչ Շահխաթունյանը ծնվել է 1839 թ., ստացել է զինվորական կրթություն, ծառայել է նահանգապետարանում որպես նահանգային քարտուղար, ընտրվել է Երևանի քաղաքային դումայի անդամ:

1870-ական թվականների սկզբից, հոր՝ Օհան-Սուլթանի կալվածքի (որ գտնվել է ներկայիս Նալբանդյան գյուղում) կառավարման գործը անցնում է Տիգրան Շահխաթունյանի ձեռքը: Տնտեսությունը, այն ժամանակվա Էջմիածնի գավառապետի ավագ օգնական շտաբս կապիտան Ռուտկևիչի նկարագրությամբ, բաղկացած է եղել Շահրիար գյուղի տնից, սրան կից ընդարձակ այգուց, Մոլլա-Բայազետի ջրանցքի մոտ գտնվող 10 դեսյատին տարածքով պուրակից, թթենիների ծառաստանից, Շահրիարի դաշտերում և Արաքսի ափերին սփռված 35 դեսյատին ընդհանուր տարածքով 12 հողամասերից, երկու ալրաղացներից: Կալվածքը Հայաստանում լավագույններից է եղել, և Տիգրանը այն ընդարձակելու մեծ ցանկություն է ունեցել:

Արարատյան դաշտավայրի հողերի ոռոգումը հրատապ հարց էր: Տիգրան Շահխաթունյանը իր հաշվին գնում ու Մոլլա-Բայազետի ջրանցքի վրա տեղադրում է մի քանի ջրհան պոմպ, առաջ քաշում ստորգետնյա ջրերի օգտագործման հարցը: Տիգրան աղան վերակառուցում է նաև Գեզերլիի ջրանցքի ալրաղացները, ղեկավարում է Շահրիարի դպրոցի շինարարական աշխատանքները, վերանորոգում՝ շրջակա ճանապարհները:

Տիգրան Շահխաթունյանը ունեցել է հինգ երեխա՝ Ավետիք, Վահե, Աստղիկ, Հասմիկ և Մարգարիտա (Գրետա):

Ավետիք Շահխաթունյան. ստացել է իրավաբանական կրթություն, երիտասարդ հասակից նվիրվել է քաղաքականությանը, հակումներով եղել է սոցիալիստ, ընտրվել է Թիֆլիսի քաղաքային դումայի անդամ: Դաշնակցության ամենաաչքի ընկնող գաղափարախոսներից էր: Հեղինակ է մի շարք աշխատությունների, որոնցից մի քանիսը մինչև օրս չեն կորցրել արդիականությունը:

Ավետիք Շահխաթունյանը մասնակցել է Հայ Հեղափոխական Դաշնակցության ծրագրի ստեղծմանը, ընտրվել է կենտրոնական կոմիտեի անդամ, ունեցել է երկու երեխա՝ Վետա և Նազիկ: Ավետիք Շահխաթունյանը մահացել է 1918 թվականին՝ Թիֆլիսում:

Ելիզավետա (Վետա) Շահխաթունի. ծնվել է 1911 թվին: Ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը, ապրում է Կիևում, աշխատում է Օլեգ Անտոնովի անվան կոնստրուկտորական բյուրոյում, մասնակցել է ԱՆ-12, 14, 22, 26, 28, 30, 32, «Ռուսլան», «Մրիյա» ինքնաթիռների ստեղծմանը: Տեխնիկական գիտությունների դոկտոր է, դասավանդում է Կիևի քաղաքացիական ավիացիայի ինստիտուտում: Վետա Շահխաթունին արժանացել է Լենինյան մրցանակի, պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով, եղել է Օլեգ Անտոնովի կինը: Իրենց դուստրը՝ Աննա Անտոնովնան նույնպես ինժեներ է, դասավանդում է Կիևի քաղաքացիական ավիացիայի ինստիտուտում:

Ավետիք Շահխաթունյանի կրտսեր աղջիկը՝ Նազիկը, շինարար-ինժեներ է, ապրում է Մոսկվայում:

Տիգրան Շահխաթունյանի ավագ աղջիկը՝ Աստղիկը, եղել է սոցիալիստ-հեղափոխական (էսեռ) կուսակցության աչքի ընկնող գործիչներից մեկի՝ Արշամ Խոնդկարյանի կինը, 1937թ. ձերբակալվել ու աքսորվել է: Տասը տարի աքսորում մնալուց հետո 1948 թ. ազատվել ու վերադարձել է Երևան: Եղել է ռուսաց լեզվի ու գրականության ուսուցչուհի: Մահացել է 1965 թվին: Հետմահու արդարացվել է:

Տիգրան Շահխաթունյանի մյուս աղջիկը՝ Հասմիկը, ամուսնացած է եղել բոլշևիկ, պետական գործիչ Արամ Կոստանյանի հետ: Սա ի բողոք կուսակցության կողմից թույլ տրվող անօրինականությունների, 1937 թ. ինքնասպանությամբ վերջ է տվել կյանքին:

Տիգրան Շահխաթունյանի կրտսեր աղջիկը՝ Մարգոն (Գրետան), ծնվել է 1898 թվին: Մասնագիտությամբ քիմիկոս է, դասավանդել է Երևանի բժշկական ինստիտուտում: 1916 թ. հունվարին էջմիածնում Վահան Տերյանը ծանոթանում է Գրետայի հետ ու սիրահարվում: Իրենց երկրորդ հանդիպման տպավորությամբ Տերյանը գրում է «Ախ, ափսոս չէ Մարգո, այս երեկոն» տրիոլետը: Այժմ Գրետան ապրում է Կիևում՝ եղբոր աղջկա և զարմուհու հետ:

Շահխաթունիներից չանդրադարձանք միայն Հովհաննես Եպիսկոպոսին՝ գուցեև տոհմի ամենանշանավոր ներկայացուցչին, նկատի ունենալով, որ նրա մասին կա հանգամանալից հրապարակում (Արիստակես եպիսկոպոս Սեդրակյանի «Հովհաննես Եպիսկոպոս Շահխաթունեանցի կենսագրութիւնը» գիրքը՝ 1898 թ. Սանկտ-Պետերբուրգ):

Այսպիսին է Շահխաթունյանների տոհմածառը, որի տեսակն ու կենսակերպը կարող են պատկերացում տալ աշխարհի կրակ ու բոցի, հողմ ու փոթորկի մեջ համառորեն գոյատևող ազգի մասին:

Ա. Հովհաննիսյան, Ռ. Արզումանյան

You may also like...