Նրանց ամենամեծ երջանկությունը

Սեյրանուհի Գեղամյան, Շարունակվող երկխոսություն, Երևան, 2007թ.
«Հայրենիքի ձայն», 1982թ.

Մի գեղեցիկ երգ կա, ուր երգվում է այս մասին, թե ինչից է սկսվում հայրենիքի առաջին զգացողությունը. արդյոք այբբենարանի՞ց, բակում ապրող լավ ու հավատարիմ ընկերների՞ց, մայրական երգի՞ց, թե՞ սիրո փորձությունից:

Այդ երգի մասին ես ակամա հիշեցի Վաշինգտոնից ժամանակավորապես Հայաստանում աշխատելու գործուղված Տիգրան եւ Ջինի Ժամկոչյանների ընտանիքում, երբ նրանք փորձում էին ձեւակերպել հայրենիքի իրենց զգացողությունը, եւ նրանց կրտսեր որդին՝ Տիգրան-Մարտիրոսը, մաքուր արեւելահայերենով ասաց. «Վաշինգտոնում ես ամենից շատ բակի ու դասարանի ընկերներիս կկարոտեմ»: Երեւի նրա համար հայրենիքի առաջին զգացողությունը կես տարի առաջ սկիզբ առած այդ ընկերությունից էլ սկսվել է…

Ժամկոչյանները յոթ ամիս շարունակ ապրեցին Երեւանում, ապրեցին ճիշտ տեղացու՝ հայաստանցու պես, նրանց առօրյայով ու սովորույթներով, ուրախություններով ու հոգսերով: Յոթ ամիս շարունակ ութամյա Հրանտը ու վեցամյա Տիգրան-Մարտիրոսը վաղ առավոտ բակի ընկերների հետ շտապում էին Երեւանի Գայի անվան դպրոց ու դասարանական անվանականչի ժամանակ հնչեղ ձայնով կանչում՝ «Ներկա »: Եվ այդ «ներկան» կարծես մի ուրիշ իմաստ ուներ, ճիշտ այն իմաստը, որ պիտի ունենար, այսինքն թե ներկա ենք դասարանում, դպրոցում, Երեւանում, հայ կյանքում… Ու հիմա մոտեցել է հրաժեշտի օրը.

– Հուզումով կմտածենք, որ հաշվված օրեր են մնացել մեր մեկնումին,- ասում է Տիգրան Ժամկոչյանը:- Մեր կարոտը առնելու համար էր, որ եկանք հայրենիք, բայց ժողովրդի հետ ապրելով, նրա հետ մերվելով՝ մեկնելներես ետքը կխորհիմ, որ այդ կարոտը ավելի պիտ մեծնա ու հանգիստ չպիտի տա մեզի: Այս յոթ ամիսները մի ամբողջ կյանք արժեին մեզի համար: Վաշինգտոն մեծ մտահոգություն ունեի, արդյոք կրնա՞մ թեկուզեւ մեծ ջանքերովս տղոցս հայ մեծցնիլ: Հիմա արդեն վստահորեն կտեսնեմ, որ այստեղ ամեն տեսածներս ու լսածներս, ապրածներս ու սորվածներս անվերադարձ մտել են անոնց էության մեջ: Այս ամիսներու յուրաքանչյուր օրը կաթիլ մը հայություն ավելցուց նրանց արյանն ու բջիջներուն: Ու նրանք հասկցան, որ ամեն բանե առաջ իրենք հայ են, եւ ատիկա է իմ ամենամեծ երջանկությունը:- Հետո դառնում է ավագ որդուն,-Հրանտ, զավա՛կս, ապա որեւէ ոտանավոր արտասանե:

Հրանտը սպասեցնել չի տալիս, բայց սկսում է փոքր-ինչ անվստահ.

– Իմ սիրելի հայրենիք…

– Ո՜չ, ո՜չ,- ընդմիջում է հայրը,- հայրենիք բառը այդպես չի ըսվի: Չտեսա՞ր Գորիսը, Տաթեւը, Լոռին, ի՜նչ խրոխտ, ի՜նչ հպարտ էին լեռները: Ահա այդպես խրոխտ-հպարտությամբ պիտի ըսես հայրենիք բառը:

Ու Հրանտը նորից է սկսում.

– Իմ սիրելի հայրենիք,

Շատ ուրախ եմ, երջանիկ…

Հետո հրաշալի առոգանությամբ արտասանում է Կապուտիկյանի, Էմինի, Շիրազի բանաստեղծութունները: Ու ես զարմանքով նկատում եմ, որ տիկին Ջինին, որ ազգությամբ անգլուհի է, շշուկով արտասանում է որդու հետ:

– Այս ամիսներու ընթացքին տիկինս բավականաչափ զորացուց հայերենը: Այնպես որ, ես շատ շահեցա Հայաստանի մեջ ապրելով:

Բայց, հավանաբար, Ժամկոչյանները պարտքի տակ չմնացին: Մեծ սիրով ու եռանդով Տիգրանը Երեւանի երաժշտանոցի ուսանողներին իր գիտելիքները հաղորդեց՝ ձգտելով նրանց օգտակար լինել ամեն ինչով՝ իր փորձով, լեզուների իմացությամբ: Դրան զուգընթաց՝ բազմաթիվ համերգներով հանդես եկավ Հայաստանի ճանաչված երաժշտական խմբերի՝ ռադիոյի եւ հեռուստատեսության սիմֆոնիկ, էստրադային նվագախմբերի, ժողգործիքների ու ջութակահարների անսամբլների, երգչախմբային ընկերության երգչախմբի հետ (ի դեպ, վերջինիս հետ ունեցած համատեղ համերգին ներկա էին նաեւ ՍՍՀՄ-ում ԱՄՆ-ի դեսպան Արթուր Հարթմանն ու նրա տիկինը): Մենահամերգներ ունեցավ Երեւանում, Մոսկվայում, ինչպես նաեւ ռադիոյով ու հեռուստատեսությամբ, Էսկամիլիոյի դերերգով հանդես եկավ Բիզեի «Կարմեն» օպերայում, կատարեց 35-ից ավելի ձայնագրություններ: Իսկ տիկին Ջինին Երեւանի պետական համալսարանում մանկավարժական հոգեբանություն եւ անգլերեն լեզվի մեթոդիկա էր դասավանդում, մասնագետներին ծանոթացնում ուսանողների ընդունակությունների բացահայտման իրեն հայտնի մեթոդներին:

– Գիտե՞ք, թե ինչ նոր լիցք, նոր ոգեշնչում կունենամ ամեն անգամ հայրենիք այցելելով, այս հսկայական կոթողային փոփոխությունները տեսնելով: Եւ որքան կբաղձամ փոքրիկ քար մըն ալ ես դնեմ այն հրաշալի հիմքին, որ կկոչվի հայրենասիրություն, հիմք, որու վրա է, որ կկառուցվի մնացյալ ամեն ինչ: Որքան կբաղձամ, որ մազ մը օգտակար ըլլամ դարերու խորքեն եկած մեր մշակույթը օտարներուն ճանչցնելու կարեւոր գործին: Կկարծեմ, որ Վաշինգտոնում շուրջ 11 տարի գործող «Ժամկոչյան» երգչախմբի գոյությունը փոքր-ինչ չափով կրնա արդարացնել իմ երազներս, մանավանդ, եթե նկատի առնենք, որ երգչախումբը բացառապես կազմված է օտարազգիներէ, որոնք, սակայն, մեծ սիրով ու նվիրումով կապվեցան հայ երգին, որի կատարումներով արդեն հանդես եկած են ոչ միայն Վաշինգտոն, այլեւ Փարզ, Լիոն, Վալանս, Սան-Ռաֆայել, Վենետիկ, Միլան, Վիեննա եւ այլուր:

Հիմա նոր ծրագիրներ ունեմ թե՛ երգչախումբիս եւ թե՛ ինձի համար: Ու թեեւ դեռ տակավին չեմ մեկնած, բայց արդեն կխորհիմ հաջորդ այցելությանս մասին, որովհետեւ գեղեցիկ մտադրություն մը ունինք իրականացնել երեւանցի շնորհալի երաժշտահան Էդվարդ Սադոյանի հետ, որը Վիլյամ Սարոյանի «Էյ, ո՞վ կա այդտեղ» ստեղծագործության հիման վրա օպերա-երկխոսություն կգրե, եւ ես կերազեմ երգել այնտեղ:

Ծրագրեր, երազանքներ, մտահղացումներ, որոնց իրականացումն այսօր ավելի հեշտ է թվում Հայաստանում կուտակված անսպառ սիրո ու ջերմության պաշարի շնորհիվ:

…Ժամկոչյանների ընտանիքին վերջին անգամ հանդիպեցի ապրիլի 24-ին, երբ հազարավոր երեւանցիների հոծ խմբի հետ բարձրանում էին եղեռնի զոհերի հուշարձան: Ձեռքներին կարմիր կակաչների փնջեր կային: Տիգրանը ինչ-որ բան էր պատմում… Նույնիսկ մշտապես աշխույժ ու ծիծաղկոտ Տիգրան-Մարտիրոսը մտահոգ լռությամբ էր համակվել եւ ամբողջ ճանապարհին համարյա ոչ մի բառ չարտասանեց: Ու եթե պատահում էր, որ մանկան ուշադրությունը կողմնակի ինչ-որ բան էր գրավում, տիկին Ջինին անմիջապես խիստ շեշտով դիտողություն էր անում՝ «Լսիր, լսիր…», իսկ հայրը պատմում էր ու պատմում…

Հազարավոր մարդիկ էին բարձրանում Ծիծեռնակաբերդ, ու նրանցից ոչ մեկը երեւի չէր զարմանում իրենց հետ, իրենց մեջ գտնվող այդ գեղեցիկ ընտանիքի ոչ պահվածքով, ոչ բացառիկ մաքուր հայերենով: Այստեղ դրա մեջ անսովոր ոչինչ չկա… Իսկ օրեր հետո, երբ հսկայական օվկիանոսից այն կողմ, հեռու-հեռավոր Վաշինգտոնի փողոցներից մեկի վրա գտնվող այն տանը, որի վրա փակցված է «Հայու տուն» ցուցանակը, նորից կհնչի հայերեն խոսքը, երբ տիկին Ջինին հայկական մեղեդիներ մրմնջալով՝ երեւանյան տոլմա կպատրաստի, երբ լրջմիտ Հրանտը ավելի քան խրոխտ հպարտությամբ կարտասանի «Իմ սիրելի հայրենիք…», ու Տիգրանը Կոմիտաս կերգի, արտասովոր կթվա այդ ամենը, եւ նրանց երգի արձագանքները կհասնեն այդ հազարավորներին՝ հիշեցնելու համար, որ հսկայական օվկիանոսից այն կողմ, հեռու-հեռավոր Վաշինգտոնում, ամեն բանից առաջ նրանք հայ են, եւ ա՛յդ է նրանց ամենամեծ երջանկությունը…

You may also like...