Նվիրումի երջանկությունը

«Հայրենիքի ձայն», 6 հունիսի, 1984թ.
Սեյրանուհի Գեղամյան

Այդ օրը Սարդարապատի պետական ազգագրական թանգարանում բացվում էր մի ինքնատիպ ցուցահանդես, որտեղ ներկայացված էր հունահայ Հակոբ Ճելալյանի՝ հայրենիքին նվիրած 200-ից ավելի ազգագրական կիրառական իրերի հավաքածուն: Երբեմն ի՜նչ հասարակ, ի՜նչ պաղ են թվում բառերը, երբ հոգեկան մեծ նվիրաբերումը լոկ ցուցահանդեսի բացում ես անվանում, երբ տարիներով նախապատրաստված, երազած ուխտագնացությունը այցելություն ես կոչում: Այո, այս նվիրական օրվան Հակոբ Ճելալյանը երկար էր սպասել: Տարիներ առաջ դեռեւս շատ երիտասարդ Հակոբը երդվեց ամեն գնով հավաքել ու հայրենիք վերադարձնել աշխարհով մեկ ցրված այն բոլոր հիշատակները, մասունքներն ու բեկորները, որ դեռ հնարավոր է, որ դեռ կարելի է ու պե՛տք է փրկել:

Սկսվեցին որոնումները, փնտրտուքները, թռիչքները աշխարհի տարբեր ծայրերը, եւ ամեն անգամ, եթե տունդարձը դատարկաձեռն չէր, ուրեմն Ճելալյանների հարկի տակ տոն էր՝ զավակ ունենալու պես: Եւ մեկիկ-մեկիկ իրար գումարվեցին այս շքեղ հավաքածուի բաղկացուցիչները՝ 17–20-րդ դարերի Արեւմտյան Հայաստանի արհեստագործական տարբեր կենտրոններում ստեղծված պղնձե նախշազարդ սկուտեղներ, յուղամաններ, ափսեներ, արծաթե հրաշալի ծխատուփեր, ոսկյա եւ արծաթե նրբագույն զարդեր՝ ապարանջաններ, ճարմանդներ, վզնոցներ, ասեղնագործ սփռոցներ ու անձեռոցիկներ, գորգեր, ճենապակյա իրեր… Մի խոսքով, ավերված ու կողոպտված մի ամբողջ երկրից մնացած սուրբ մասունքներ, որոնց մեջ հիմա ամփոփված են ե՛ւ պատմություն, ե՛ւ հիշողություն, ե՛ւ գեղեցկություն:

– Ոչնչացնելով Արեւմտյան Հայաստանի հայությունը, օսմանցիները ոչնչացրին նաեւ այն մեծ մշակույթը, որ ստեղծվել էր այդ հողի վրա, եւ այսօր, դժբախտաբար, մենք մեր հայրենի թանգարաններում Արեւմտյան Հայաստանում ստեղծված հսկայական մշակույթից շատ քիչ նմուշներ ունենք: Այս իմաստով Հակոբ Ճելալյանի պես նվիրյալների կատարածը կրկնակի արժեք ունի մեզ համար,– ցուցահանդեսի բացման ժամանակ ասում է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահ Վարդգես Համազասպյանը:

Ես նայում եմ Հակոբ Ճելալյանին ու փորձում եմ գուշակել, թե ինչ է մտածում նա այս պահին եւ հիշում եմ քիչ առաջ տվածս հարցի պատասխանը: Հարցս հետեւյալն էր. «Արդյոք դժվար չէ՞ բաժանվել այսչափ գեղեցիկ ու սիրելի իրերից»: Պատասխանն այս էր. «Հոգիես ներս երկու զգացում կա. բաժանվելու ցավը եւ նվիրումի երջանկությունը, բայց նվիրումի երջանկությունը շատ ավելի զորավոր է: Այս իմ երազս էր, կյանքիս նպատակը՝ այս բոլոր իրեղենները հավաքել ու Հայաստան համախմբել՝ զիրենք ծնող վարպետներու եւ անոնց հետնորդներու կենդանի երկիրը, ուր միայն կրնան այս մասունքները ապահով ըլլալ»:

Իրոք որ մասունքներ… Դրանցից շատերի վրա հայատառ արձանագրություններ կան, որոնք տեղեկություններ են հաղորդում այդ առարկաները պատրաստած վարպետների, դրանց ստեղծման տարեթվերի ու վայրերի մասին: Բացառիկ հետաքրքրություն ու արժեք են ներկայացնում Թոխատի (Եւդոկիա) պղնձագործական արհեստանոցներում ստեղծված նախշազարդ սկուտեղները, արծաթով ու մարջանով պատրաստված սրվակները, Կուտինայում ստեղծված ճենապակյա իրերը, որպիսիք մինչեւ այժմ չկային մեր թանգարաններում:

Կուտինան մեզ առավել հայտնի է երկու կարեւոր երեւույթով. նախ, որ այնտեղ է ծնվել մեծ Կոմիտասը եւ ապա իր նշանավոր խեցեգործությամբ, հատկապես հախճապակե իրերի արտադրությամբ: Կուտինայի արհեստագործական թաղամասերում աշխատել են հայերը՝ ստեղծելով արտակարգ գեղեցկության հախճապակե սափորներ, պնակներ, գավաթներ, զարդասալիկներ եւ դուրս բերել համաշխարհային շուկա: Այսօր դրանց բազմաթիվ նմուշներ աշխարհի լավագույն թանգարանների ցուցանմուշների թվում են: Հակոբ Ճելալյանի շնորհիվ Հայաստանի պետական ազգագրական թանգարանը նույնպես հպարտությամբ կարող է ցուցադրել իր շնորհաշատ ժողովրդի հմտությունը, բարձր ճաշակը եւ գեղեցկի բնատուր զգացողությունը:

Ցուցանմուշները դիտելուց հետո շատերն էին մոտենում Հակոբ Ճելալյանին եւ նրա տիկնոջը՝ Հայկանուշին, շնորհակալություն հայտնում թանկարժեք նվիրատվության համար: «Սիրելիներս, թանկարժեքը անոնց այստեղ առաջնորդող միտումն է, – ասում էր նա, – խորհրդանշական գործ մը, իմ անկեղծ հայրենասիրության, նվիրական զգացումներուս մեկ արտահայտությունը»:

Մի երեւույթ եւս անչափ հուզիչ էր: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաեւ օտարազգի դպրոցականների մի մեծ խումբ: Հավանաբար մերձբալթյան երկրներից: Երբ ավարտվեց ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը, այդ դպրոցականները, մոտ 30-40 հոգի, մեկ-մեկ մոտեցան Հակոբ Ճելալյանին եւ նրա ինքնագիրը խնդրեցին: Հասկանալի է, ուղեկցողը նրանց պատմել էր ցուցասրահում տեղի ունեցածը ու թեեւ սպառվել էր թանգարանի համար նախատեսված ժամանակը, բայց երեխաները չէին ուզում հեռանալ, նրանք շարք էին կանգնել ինքնագիր խնդրելու մեկից, որը ո՛չ նշանավոր դերասան է, ո՛չ անվանի գրող, ո՛չ նկարիչ, ո՜չ երգիչ, այլ սովորական մի հայ, «պարզ ու հետին ուխտավոր մը», որը մեծ զոհողություններով իր երկրին է վերադարձրել նրա ցրված հիշատակները…

Եւ թող այդ ինքնագիրը նրանց մշտապես հիշեցնի մարդկային մեծ առաքինությունների, շռայլ հոգու, երազանքին հասնելու կամքի ու վճռականության եւ նվիրումի երջանկության մասին:

You may also like...