Նվերներ թանգարաններին

Հայրենիքի ձայն, 11 հունվարի, 1984թ., թիվ (962)

Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի հրավերով վերջերս Երևանում էր գտնվում եգիպտահայ կոմպոզիտոր, խմբավար և երաժշտագետ Էդվարդ Հակոբյանը։ Ինչպես իր նախորդ այցելության ժամանակ, այս անգամ էլ նա իր հետ բերել էր արխիվային հարուստ նյութեր, ձեռագիր մատյաններ, լուսանկարներ, հնատիպ գրքեր՝ հայրենի թանգարաններին հանձնելու համար։

Եգիպտահայ գաղութը հնագույններից է՝ համայնքային կյանքի կազմակերպման հարուստ ավանդույթներով։ Դեռևս 1906 թվականին Կահիրեում հիմնադրվեց Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, այստեղ էին գործում հայ բազմաթիվ մտավորականներ, հասարակական-մշակութային կյանքը ղեկավարող անվանի գործիչներ։ Տակավին մինչև եղեռնը այստեղ հանգրվանեցին իթթիհատականների քաղաքականությունից հիասթափված և մոտալուտ վտանգը զգացող մի շարք արևմտահայ մտավորականներ, իսկ հետո նրանց շուրջը բոլորեցին եղեռնից փրկված գրողներ, արվեստագետներ և Կահիրեում ստեղծվեց հայ մտավորականության մի ընտրանի, որ կարևոր դեր կատարեց սփյուռքահայության հետեղեռնյան մշակութային-հասարակական կյանքում։ Եվ իբրև այս ամենի արդյունք, եգիպտահայ գաղութում կենտրանացած են արխիվային հարուստ նյութեր, հայ պարբերական մամուլի միավորներ և բազմաթիվ այլ արժեքներ, որոնց հայրենադարձությունը հրատապ է, նկատի առնելով մանավանդ, որ եգիպտահայության կյանքում տեղի ունեցած արտագաղթի հետևանքով դրանք ենթակա են ցաքուցրիվ լինելու վտանգին։

Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեում, տարբեր թանգարանների, Մատենադարանի, մամուլի ու ռադիոյի ներկայացուցիչների ներկայությամբ, տեղի ունեցավ Էդվարդ Հակոբյանի բերած արխիվային նյութերի հանձնման արարողությունը։

— Մեծ է եգիպտահայ կոմպոզիտոր և երաժիշտ Էդվարդ Հակոբյանի վաստակը,— ասաց կոմիտեի նախագահ Վարդգես Համազասպյանը։— Այսօր մենք հավաքվել ենք մեր երախտագիտությունը հայտնելու նրան մի այլ արժանիքի համար ևս. դա անսահման սերն է դեպի մշակութային արժեքները։ Նա անխոնջ կերպով որոնում է, գտնում կորչելու դատապարտված արխիվային նյութեր՝ դրանք հայրենիք վերադարձնելու մտահոգությամբ։ Մեզ հայտնի է, որ նա այս կամ այն հայկական գաղթօջախում որևէ արխիվի, մշակութային արժեքավոր պատառիկի հետքերով է գնացել մեծ հետևողականությամբ, գրել է նամակներ, համոզել մարդկանց և ձեռք բերել դրանք՝ երբեմն նույնիսկ հատուցելով սեփական գրպանից։ Եվ ահա նա այսօր հայրենիքի թանգարաններին է նվիրում շատ արժեքավոր նյութեր։

Ներկաների առջև Էդվարդ Հակոբյանը մեկ առ մեկ ներկայացրեց իր բերած թղթածրարների բովանդակությունը։

1908 թվականին Կահիրեում սպանվեց արևմտահայ հայտնի գրող, հրապարակագիր Արփիար Արփիարյանը, որը այստեղ հրատարակվող «Լուսաբեր» թերթի խմբագիրն էր։ Նա թողեց հարուստ արխիվ, որը տարիների ընթացքում հետզհետե կորուստներ ունեցավ։ Էդվարդ Հակոբյանին հաջողվել է այդ արխիվից փրկել հարյուրերեսուն նամակ։ Նամակներ Արշակ Չոպանյանից, Միքայել Կյուրճյանից, Մկրտիչ Փորթուգալյանից, Մկրտիչ Տամատյանից, Տիրան Քելեկյանից, Նիկողայոս Ադոնցից և ուրիշներից, որոնք հետեղեռնյան սփյուռքահայ քաղաքական-հասարակական կյանքի նշանավոր դեմքերից էին և, անշուշտ, այդ նամակները կբացեն ժամանակի իրականության նոր ծալքեր։ Բերված նյութերի մեջ էին նաև Արփիարյանի մահվան հետ առնչվող փաստաթղթեր, նրա անձնական նամակների սևագրություններ։

Վահան Թեքեյանը երկար տարիներ եղել է Կահիրեի «Արև» թերթի խմբագիրը։ Նրա արխիվի կարևոր մասը հասել է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, բայց մեծ բանաստեղծին ու հրապարակագրին պատկանող արխիվային դեռևս շատ նյութեր կան այս ու այն գաղթօջախում, այս կամ այն անձի մոտ։Եվ ահա Էդվարդ Հակոբյանը բերել էր պատառիկներ Թեքեյանից, ինչպես նաև Արշակ Ալպոյաճյանից, Երվանդ Օտյանից, Կոմիտասից, Սիրանույշից, Անդրանիկ զորավարից, նյութեր 1906-1907 թվականներին Լոզանում գործած «Արմենիա» ընկերության մասին։

1961 թվականի ապրիլից սկսած, երբ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը առաջին անգամ հեղինակային համերգներով հանդես եկավ Եգիպտոսում, Էդվարդ Հակոբյանը հոգեկան անքակտելի կապերով կապվեց նրա հետ։ Այդ ժամանակից սկսած՝ եգիպտահայ երաժշտական անխոնջ գործիչը եղել է մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունների պրոպագանդիստը։

1961-ին ֆրանսերեն հրատարակել է Ա. Խաչատրյանի կյանքի և ստեղծագործության մասին իր առաջին գրքույկը։ Իսկ վերջերս, նրա 80-ամյակի առթիվ, նույնպես ֆրանսերեն, լույս է ընծայել «Արամ Խաչատրյան» երկասիրությունը, որտեղ երաժշտագիտական հարուստ նյութին զուգընթաց տեղ են գտել բազմաթիվ սև-սպիտակ ու գունավոր լուսանկարներ, որոնցում տպավորված են Խաչատրյանի հեղինակային համերգները, «Սպարտակ» և «Գայանե» բաետներից տեսարաններ։ Այդ գրքերը, ինչպես նաև «Կոմիտասի հմայքի տակ» իր երկասիրությունը և սեփական երաժշտական ստեղծագործությունների ձայնանիշերը նա նվեր է բերել  մեր գրապահոցներին։

Նվերների մեջ կային նաև ձեռագիր երկու մատյաններ, որոնք հանձնվեցին Մատենադարանին։ Մատենադարանի տնօրենի տեղակալ Բաբգեն Չուգասզյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Գոհար Հարությունյանը, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի թատերական բաժնի վարիչ Բախտիար Հովակիմյանը Էդվարդ Հակոբյանին ջերմ շնորհակալություն հայտնեցին արժեքավոր նվերների համար։

Երախտաշատ մաեստրոն իր պատասխան խոսքում ասաց.

— Կկարծեմ, թե հարկ չկա շնորհակալություն հայտնել գործի մը համար, որ բոլոր սփյուռքահայերուն և նաև իմ պարտքն է։ Մենք բոլորս շնորհակալ պիտի ըլլանք մեր ժողովրդին, անոր տաղանդավոր զավակներուն, որ դարերու համար ստեղծած են մշակութային եզակի կարևորություն ունեցող արժեքներ, որոնցմե շատերը տակավին ցրված են աշխարհով մեկ։ Տարիներու ընթացքին հայրենադարձվեցին մեր մշակութային արժեքները, որպեսզի վերածնված մեր մայր հայրենիքին մեջ միավորվին, ամբողջանան։ Ես պետք է շնորհակալություն հայտնիմ հայրենի մեր ավագ ու երիտասարդ գիտնականներուն, գիտաշխատողներուն, որ ջերմեռանդ ջանասիրությամբ կուսումնասիրեն այն բոլոր նյութերը, որ ամփոփված են մեր թանգարաններուն մեջ։ Կուսումնասիրեն, զեկուցումներ ու գրքեր կգրեն՝ աշխարհի առջև բացելով մեր մշակութային գանձերի անստույգ արժեքները։

Մեր ոգեղեն բոլոր արժեքների իրավատերը մեր վերածնված հայրենիքն է։

You may also like...