Նոր հանդիպումի սպասումով

«Հայրենիքի ձայն», 5 հուլիսի, 1989թ.
Սեյրանուհի Գեղամյան

Հայրենիքում առաջին անգամ համերգներով հանդես եկավ լոնդոնահայ տաղանդավոր ջութակահար, «Չիլինկիրյան» քառյակի հիմնադիր եւ ղեկավար Լեւոն Չիլինկիրյանը: Կատարողական բարձր տեխնիկայով, նուրբ, խոր ու զգայուն մեկնաբանություններով նա իսկական արվեստի հետ հաղորդակցվելու եզակի պահեր պարգեւեց հայրենի ունկնդրին՝ նրան թողնելով նորանոր հանդիպումների անհամբեր սպասումի մեջ:

chilinkiryan3

Լեւոն Չիլինկիրյանը ծնվել է Կիպրոսում, 1948-ին: Ընտանեկան ազգային եւ մշակութային մթնոլորտը եղել է այն պարարտ հողը, որ մինչեւ այսօր էլ սնում է Լեւոնին թե՛ որպես իր արմատներին, լեզվին ու մշակույթին տեր իսկական հայի եւ թե՛ որպես տաղանդավոր արվեստագետի: Նրա ե՛ւ հայրական, ե՛ւ մայրական շառավիղների մեջ կան տաղանդավոր ջութակահարներ, որոնցից երկուսը՝ մեծ հորեղբայրը, Վահան Բեդելյանը (որը, ի դեպ, վերջերս բոլորեց 96 տարին) եւ մորեղբայրը՝ Մանուկ Բարիկյանը, նրա առավել երախտավոր ուսուցիչներն են եղել:

12 տարեկանից տեղափոխվելով Լոնդոն՝ Լեւոնը վերջնականապես տրվում է ջութակին՝ իր մեծ ընդունակությունները, սերն ու աշխատասիրությունը համադրելով՝ տիրապետում է գործիքի ամենանուրբ հնարավորություններին: «Չիլինկիրյան» քառյակը նա կազմավորել է շուրջ 18 տարի առաջ Լիվերպուլի համալսարանում: Հետագայում ստանալով Կյուլպենկյան հիմնադրամի աջակցությունը՝ քառյակը համերգային լայն գործունեություն է ծավալում՝ աստիճանաբար ձեռք բերելով մեծ ճանաչում եւ համբավ, հանդես գալով ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլեւ աշխարհի տարբեր երկրների ամենանշանավոր բեմահարթակներում: Ինչպես պատմում է Լեւոնը, ուր էլ որ եղել են, ինչ ազգության ունկնդրի առջեւ էլ որ հանդես են եկել՝ մշտապես իրենց նվագացանկի մեջ ունեցել են Կոմիտասի ստեղծագործությունները՝ ասլամազյանական մշակումներով:

— Աշխարհի բոլոր երկրներու մեջ ալ ժողովուրդը մեծ հետաքրքրություն կցուցաբերե, թե ո՞վ է Կոմիտասը, ո՞վ է Ասլամազյանը, որտե՞ղ ապրած են անոնք, ե՞րբ ստեղծագործած են: Կոմիտասեն եւ Խաչատրյանեն զատ, վերջերս ես Լոնդոնի ձայնասփյուռեն նվագեցի Առնո Բաբաջանյանի ջութակի սոնատը եւ, երեւակայեցեք, քանի մը օրվա ընթացքին բազմաթիվ նամակներ ստացա, որոնց հեղինակները շատ բարձր դասելով Առնո Բաբաջանյանին՝ կուզեին մանրամասնություններ իմանալ անոր մասին: Այնչափ մեծ էր հետաքրքրությունը, որ ձայնագրությունը կրկնեցինք քանի մը անգամ: Այս ձեւով մենք մեր հարգանքը կմատուցենք հայկական երաժշտությանը, այն հասցնելով աշխարհի տարբեր երկրներու ունկնդիրներուն,– ասում է Լեւոն Չիլինկիրյանը:

Ի դեպ, Բաբաջանյանի ջութակի սոնատը Լեւոնը կատարեց նաեւ Երեւանում՝ կամերային երաժշտության տանը կայացած համերգի ժամանակ, եւ այդ հրաշալի մեկնաբանությունը ունկնդրին նոր շքեղությամբ բացեց Բաբաջանյանի տաղանդի ողջ մեծությունը:

Ընդհանրապես Լեւոն Չիլինկիրյան ջութակահարին յուրահատուկ է երաժշտական ստեղծագործության ամենակարեւոր շեշտադրումների ընդգծումը, ամենանուրբ զգացումների ներդրումը լարի եւ աղեղի հպումի մեջ. կարողություններ, որ ուղղակիորեն ձգվում են դեպի ունկնդրի հոգին՝ նրան դարձնելով մասնակիցը այն մեծ հուզումների ու ապրումների, որ երաժշտության միջոցով աշխարհին են թողել Բախը, Մոցարտը, Բրամսը, Շուբերտը, Կոմիտասը, Խաչատրյանը, Բաբաջանյանը, դասական եւ ժամանակակից այլ երգահաններ:

Չիլինկիրյանի Երեւանում կայացած երկու համերգներն էլ՝ թե՛ Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում՝ սիմֆոնիկ նվագախմբի եւ հռչակավոր թավջութակահար Սթիվեն Իսերլիսի հետ, եւ թե՛ կամերային երաժշտության տանը՝ Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանի նվագակցությամբ՝ դարձան տոն ունկնդրի համար՝ երաժշտական բերկրանքից զատ նրան պարգեւելով հպարտության թանկ զգացումը…

Եւ ամենեւին պատահական չէ, որ հատկապես այս օրերին՝ դեկտեմբերյան երկրաշարժից հետո, ճանաչված ջութակահարը որոշեց այցելել Հայաստան: Հայրենի երկրի վիրավոր, ճեղք տված հողի կանչը անդիմադրելի էր… Թեպետ այնտեղ՝ Լոնդոնում, տիկնոջ՝ Շուշանի հետ հնարավոր ամեն ինչի մասնակից էր՝ բարեգործական համերգներ կազմակերպելուց մինչեւ հագուստ ու դեղորայք հավաքելը:

— Անշուշտ, Հայաստան գալուս պատճառներեն մեկ հայրենակիցներուս առջեւ հանդես գալն էր, սակայն մյուս՝ ոչ պակաս կարեւոր պատճառը ահավոր երկրաշարժեն ավերված վայրերը այցելելն է: Մենք կարեւոր հանձնարարություն ունինք. Լոնդոնի դպրոցականները մեր միջոցով բազմաթիվ նվերներ ու նամակներ ղրկած են՝ հանձնելու համար աղետյալ Լենինականի որեւէ երաժշտական դպրոցի իրենց հասակակիցներուն: Ատիկա մեզի համար շատ կարեւոր հանձնարարություն մըն է, որ կկատարենք մեծ հուզումով: Բնականաբար, հուզումնալից շատ պահեր ապրեցանք ես եւ Շուշանը Հայաստանի մեջ: Չեմ կրնար հավատալ, թե իրականություն է այս ամենը, կարծես երազ է, որու տպավորությունով դեռ շատ երկար պիտի ապրիմ… Եւ նորեն պիտի գամ, անպայման, առանց հապաղումի…

Նույնպիսի ջերմ անհամբերությամբ էլ հայրենի ունկնդիրը կսպասի քեզ, Լեւոն. կսպասի քո ջութակի քնքշությանը, տխրությանը, տաք ու թրթռուն կարոտներին, անբառ, մութ ու բզկտող տագնապներին ու լուսավոր, լուսավոր երազներին…

You may also like...