Նինա Գաբրիելյան

Սովետական Հայաստան, թիվ 6, 1982

Նինա Գաբրիելյան

Նինա Գաբրիելյան

Երիտասարդ տաղանդավոր բանաստեղծուհի և թարգմանչուհի Նինա Գաբրիելյանը ծնվել ու մեծացել է Մոսկվայում։ Ու թեև ռուսերեն է գրում, բայց ստեղծագործորեն ու հոգեպես սերտորեն կապված է Հայաստանին, հայ մշակույթին ու պատմությանը։ Նա մի մեծ պոեմ է գրել Կոմիտասի մասին, որ խորունկ դրամատիզմով է շնչում։ Նրա մյուս՝ «Սասնա ձայները» պոեմը գրված է հայ ժողովրդական էպոսի մոտիվներով։ Հետաքրքիր է «Նազենիկ» պոեմը, որը 4-րդ դարի կյանքից է և հեթանոսության ու քրիստոնեության պայքարն է արտացոլում։ Նա Հայաստանին, հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին նվիրված շատ բանաստեղծություններ է գրել, որոնք տպագրվել ու տպագրվում են մոսկովյան պարբերական մամուլում։ Նինա Գաբրիելյանը զբաղված է նաև հայ պոեզիան ռուսերեն թարգմանելով։ Նրա թարգմանությամբ ռուս ընթերցողները ծանոթացել են Կոստանդին Երզնկացու, Վահան Տերյանի, Վահագն Դավթյանի ստեղծագործություններին։ Ստորև տպագրում ենք Նինա Գաբրիելյանի բանաստեղծություններից մի քանիսը Վ. Դավթյանի թարգմանությամբ։

ՆԻՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Որդուս

Մեզ չի բաժանի շիրիմը անգամ…
Մեռած էլ լինեմ, միևնույն է, կամ։
Լոկ մշուշ կիջնի իմ ու քո միջև,
Ես քեզ հետ կապրեմ, քեզ հետ կշնչեմ,
Ամենաահեղ, ամենաթաքուն
Այդ կապը երբեք չի խզվի կյանքում,
Եվ ձայնս, ձայնս հողաբույր ու խուլ
Քո գլխին պիտի պտտվի տխուր
Եվ հարցում անի դողալով ցավից.
«Որդիս, ինչպե՞ս ես ապրում առանց ինձ,
Սիրո՞ւմ է արդյոք քեզ կինդ ջահել»…
Եթե չի սիրում, գիշերով ահեղ
Հողե հատակից ես կբարձրանամ,
Ես ոգի, ցասում, բողոք կդառնամ,
Իմ ոսկրոտ ձեռքով նրան կսպառնամ…

Գեղարդ

Երգն է ծավալվում, ու երգ է խմում գմբեթը վերին,
Բայց չի երևում դեմքը երգողի,
Մի պահ թվում է՝ այստեղ չէ, չկա նա ամենևին,
Ու մերկ ձյունն է լոկ վերածվել դողի։
Գուցե պետք էլ չէ ՛իմանալ բնավ, թե երգողն ով է,
Երգը երգողից մեծ է ավելի։
Նա կործանարար իր ազատությամբ այնպես գինով է,
Որ թվում է, թե երկինք կթևի։
Բոլորս կանցնենք, կգնանք անհետ, անհուշ, անանուն,
Խոսքը կդառնա կամ շշուկ, կամ ճիչ…
Մենք չէ, օ՜, մենք չէ, դու ես կարևոր, երաժշտություն,
Դու ուրիշի մեջ կհառնես նորից։
Բոլոր դարերի թախիծը խառնած քո հնչյունն՛երին,
Դու այլ սրտերում կզնգաս անքուն…
Երգն է ծավալվում, ու երգ է խմում գմբեթը վերին,
Այդ լո՜ւսն է երգում Գեդարդա վանքում։

Հայկական բնանկար

Մի գանգուր մանուկ նստել է քարին,
Թուխ ձեռքերի մեջ խնձոր է շողուն…
Շոգը թավալվում պղնձե ժայռից
Ու պապակ շուրթով գետափ է սողում։
Գանգուր մանուկ է, օր է արևոտ,
Գետափ է իջնում ծարաված մի հոտ,
Եվ ցուլը, ցուլը պղնձաեղջյուր
Ըմպում է գետից զորություն ու ջուր…
Այսպես տևում են դարեր ու դարեր
Կեսօր ու գետափ, մանուկ ու արև։

Կոմիտասի երազը

Իմ քիմքը, ասես, կավ է ճաքճքած,
Ընկնում եմ, ընկնում,
Այրվող ավազի բոցն է թիկունքիս…
Ո՞ւմ ճիչն է արդյոք,
Ո՞ւմ հառաչանքն է աշխարհում ձգված,
Այդ ո՞վ է ներսից հարվածում քունքիս։
Ո՞վ է ինձ բերել,
Ձգել անապատն այս գեհենական,
Այդ ո՞վ է արդյոք
Իր դեղին մատներն աչքերս խրում,
Խմել եմ ուզում,
Զգում եմ, սակայն,
Որ խոնավության հոսանք կա միայն
Իմ երակներում…
Չհպե՛մ արդյոք
Այրվող շուրթերս իմ զարկերակին
Ու ինքս ինձնից
Այդպես կյանք ու շունչ խմեմ կում առ կում…
Շուրթերս եմ պարզում,
Սակայն դիպչում են նրանք կրակին,
Եվ ոչ ոք չկա,
Մեն մենակ եմ ես ողջ տիեզերքում։
Մեն մենակ եմ ես,
Միայն տոթակեզ ավազն է շնչում,
Եվ լույս է, լույս է…
Ո՛չ, լույս չէ, այլ խայթ։
Լռում եմ,
Սակայն ծնվում է, ծփում
Ինչ-որ սուրբ հնչյուն,
Իմ մե՞ջ է արդյոք,
Թե՞ աշխարհներում հեռուն անհայտ….

You may also like...