Նիկոլ Աղբալյանի նամակները

«Հայրենիքի ձայն», 6 սեպտեմբերի 1989թ.
Սեյրանուհի Գեղամյան

Խորհրդահայ մամուլում վերջին շրջանում մի քանի հանգամանալի հոդվածներ են տպագրվել գրաքննադատ եւ հասարակական գործիչ Նիկոլ Աղբալյանի մասին՝ ըստ արժանվույն գնահատելով գրականագետի խորունկ ու համապարփակ իմացությունները, գրականության այս կամ այն անհատականությանը նրա տված անվրեպ, մարգարեական որակումները, հայ ազգային-կրթական կյանքում ունեցած նրա մեծ վաստակը:

nikol-aghbalyan

Անվիճելի է, որ Աղբալյանի գրականագիտական աշխատասիրությունները, որոնց մեջ ներդրված են ոչ միայն գիտական նրբագույն դիտարկումներ ու խոր իմացություններ, այլ թրթռուն սիրտ ու զգացմունք, անհապաղորեն պիտի դառնան ներկա եւ ապագա սերունդների սեփականությունը: Եւ գոնե այսօր, չարդարացվող այսքան հապաղումից հետո, մենք պետք է աշխատենք հայրենիքում ի մի բերել մեծ մտավորականին ու նվիրյալ մարդուն պատկանող ամե՛ն, ամեն ինչ՝ մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկելու եւ լիովին ըմբռնելու համար ոչ միայն նրա գրականագիտական հսկա ժառանգությունը, այլեւ կյանքի այն դժվար, տառապագին ուղին, որը բաժին ընկավ նրան (եւ նրա նման շատ-շատերին):

Այս նպատակով էլ վերջերս Երեւանի Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում հիմնադրվեց Նիկոլ Աղբալյանի ֆոնդ, որի առաջին նմուշներին՝ մի քանի ամիս առաջ նրա դստեր կողմից նվիրված նամակներին ու լուսանկարներին, ավելացան նորերը: Ցավոք, դրանց մեջ կան էջեր, որոնք տուժել են 1946-ի երեւանյան ջրհեղեղից եւ գրեթե անընթեռնելի են:

Ֆոնդի հիմնադրությանը ներկա էին Աղբալյանի երեք զավակները՝ Դորան, Մուշեղը եւ Ռուբենը, նույնքան հուզիչ մի երեւույթ, որքան առաջին անգամ ընթերցվող նրա տխուր նամակները:

Ստացված նամակները մեծ մասամբ գրվել են այն տարիներին, երբ Աղբալյանը՝ Հայաստանի Հանրապետության կրթության նախարարը, 1920-ին, քաղաքական իշխանության փոփոխության հետեւանքով ակամա թողնելով Հայաստանը՝ հաստատվում է նախ Պարսկաստանում, ապա եւ Եգիպտոսում ու Լիբանանում:

Գրականությանը, արվեստին կապված մարդու համար միշտ էլ երկյուղածություն պարտադրող արարողություն է իսկական մտավորականների իրերին, մասնավորապես նրանց անձնական կյանքի ամենաթաքուն շերտերը բացող մասունքներին՝ նամակներին առնչվելը: Եւ անասելի հուզիչ ու ճնշող է, երբ այդ նամակներում հանդիպում ես ոչ երբեք տոնական կամ առօրեական դատողությունների, այլ միայն ցավի, տառապանքի ու ողբերգականության հասնող կարոտի:

Մեզ հասած կենսագրական տվյալներից արդեն հայտնի է, որ արտասահմանում հաստատվելու առաջին իսկ տարիներից Նիկոլ Աղբալյանը անմնացորդ նվիրումով լծվում է ազգային կրթական գործին՝ ինչը օտարության մեջ միակ մխիթարությունն էր նրա համար: 1923-28 թվականներին Ալեքսանդրիայում նա վարում է Պողոսյան ազգային վարժարանի տնօրինությունը: 1928 թվականին Ալեքսանդրիայում եւ Կահիրեում մի խումբ մտավորականների հետ, որոնց մեջ նաեւ Լեւոն Շանթը, սփյուռքի գոյատեւման մտահոգություններով թելադրված՝ ստեղծում են Համազգային կրթական ու հրատարակչական ընկերակցությունը, իսկ 1930-ին՝ Համազգային ճեմարանը Բեյրութում, որտեղ էլ մինչեւ իր կյանքի վերջը՝ 1947-ի օգոստոսի 11-ը, աշխատում էր Աղբալյանը: Պաշտոնական թղթապանակներում, դիվաններում կամ ականատեսների հիշողություններում պահվող այս փաստերը, անշուշտ, շատերին են հայտնի, սակայն թե ի՜նչ գնով, ի՜նչ դժվարություններով, հոգեկան ու ֆիզիկական ուժերի ի՜նչ լարումով, ի՜նչ դառն ու տխուր ապրումներով է ստեղծագործել Աղբալյանը հայրենիքից հեռու, ընտանիքի անապահովության տագնապն ու կարոտը սրտում, դրամական ծայրահեղ աղքատության մեջ՝ թերեւս քչերին է հայտնի: Այդ ապրումներն ու տառապանքները այս խունացած նամակներում են, որ երկար տարիներ վախով ու զգուշավորությամբ պահպանել են նրա ընտանիքի անդամները:

Ահա մի հատված Ալեքսանդրիայից կնոջը՝ Հրարփիին գրած (1927 թվական, 30 դեկտեմբերի) նամակից.

«Ապրուստս հասցրած եմ հնարավոր մինիմումի, որովհետեւ պայքարով եմ ապրում: Դպրոցը սրտիս խորթացած է եւ վճռած եմ քարշ տալ մինչեւ ամառ եւ թողնել պաշտոնս: Ի՞նչ օգուտ այն աշխատանքից, ուր ստեղծագործելու հնար չունիս: Ես պաշտոնյա եղած չեմ բնավ եւ լինելու մտադրություն չունիմ: Ինձ պետք է կենդանի գործ, որ կարենամ իմ մտածումները իրացնել եւ գաղափարներիս մարմին տալ: Ես վերադառնամ պիտի գիտության եւ գրականության: …Ամեն մարդ իր խաչն ունի կրելու այս աշխարհում: Իմ խաչը ես տանում եմ արիաբար եւ կուզեի, որ դու եւս քոնը կրել կարողանաս: Բոլոր կյանքերը նույն արժեքն ունին հավերժության տեսակետով: Բայց վերջապես մարդկային է կամենալ, որ փուշ չլինենք կյանքում… կամ տատասկ, կյանքը մի տարածություն է, որ պիտի լցվի՜ ծնունդից մինչեւ մահ. բայց ներելի է ցանկանալ, որ այդ տարածությունն անցնենք առանց չարիք բերելու մեր կողքից անցնողներին: Պետք է սովորել տառապանքի քաղցրության, ոչ մի կերպ տառապանքն ավելի անարժեք է, քան հաճույքը, երկուսն էլ ստեղծագործ կարողություններ են եւ կարող են խորին վայելք տալ մարդուն: Անկասկած, մենք մարդ ենք, եւ կպատահի, որ խաչի ճամփին նախանձով նայենք վայելքի անձնատուր մարդուն կամ վայելքի սեղանի վրա նախանձենք անապաստան դերվիշին, որ ազատ է շատ մտահոգիչ հույզերից, բայց կարեւորն այն գործն է, որ տրվում է մեզ ճակատագրով…»:

Աղբալյանի բոլոր նամակներն էլ գրված են բարձր մտավորականին վայել զուսպ կեցվածքով, իրեն բաժին ընկած դժվարությունների հանդեպ փիլիսոփայական վերաբերումով: Նամակներ կան, որոնցում նա ընտանիքին ամենայն մանրամասնությամբ տեղեկացնում է իր ուսուցչական առօրյային, հայագիտական հետազոտություններին, հավաքչական ջանքերին՝ հանուն բանահյուսական մարգարիտների փրկության, խոսում է կյանքի, չարի ու բարու, մեր ժողովրդի պայծառ իմաստնության, կենսական այլազան հարցերի շուրջ:

Ահա եւս մի հատված 1930-ին Բեյրութից գրված նամակից.

«Գնացի Քեսապ եւ վեց օր մնացի: Մոտ 1500 բառ հավաքեցի: Կազմեցի բարբառի քերականությունը: Շատ աշխատեցի եւ չափազանց հոգնեցի: Թեեւ գյուղը լավ դիրք ունի, բայց ապրելու պայմանները շատ ծանր են: Իմ սովոր չարքաշությամբ դիմացա անհարմարություններին եւ հիմա մտադիր եմ 15 օր բոլորովին գիրք ձեռք չդիպցնել, որ կարողանամ քիչ կազդուրվել ձմռան երկար ու ծանր աշխատանքի համար: Զարմանալի է, թե ինչպես մի բուռ հայություն կարողացել է պահել իր լեզուն ու բարքերը այդ մթին ժայռերի ու խոր ձորերի մեջ…»:

Այնուհետեւ, հանրագիտարանային ճշգրտությամբ նա նկարագրում է Քեսապի աշխարհագրական դիրքը, շրջակայքը, ժողովրդի վարքն ու բարքը:

Անկասկած, Աղբալյանի նամակները արժանի են մանրակրկիտ ուսումնասիրության եւ կարող են հետաքրքիր նյութ մատակարարել ոչ միայն գրականագետներին, կենսագիրներին, այլեւ բանասերներին ու ազգագրագետներին:

Հրատարակելով սույն հոդվածը՝ ուզում ենք հուսալ, որ շատ շուտով Նիկոլ Աղբալյանի ֆոնդը կհարստանա նոր նյութերով, որոնցով վստահաբար հարուստ է սփյուռքը:

You may also like...