Ներքուստ ըմբռնելով Հայաստանը…

«Հայրենիքի ձայն», 11 հունիսի, 1980թ.
Սեյրանուհի Գեղամյան

Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակի տոնակատարությանը մասնակցած փիլիսոփաների եւ գիտնականների մեջ էր նաեւ նշանավոր հայագետ, Փարիզի Նոր Սորբոնի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ժան Պիեռ Մահեն, որը հետաքրքիր զեկուցում կարդաց Անհաղթին նվիրված երեւանյան գիտական նստաշրջանում՝ «Կատարյալ փիլիսոփան եւ Աստվածությունը Դավիթ Անհաղթի «Սահմանքում» թեմայով: Ես առիթ ունեցա հանդիպել նրա հետ եւ խնդրեցի պատասխանել մի քանի հարցերի:

– Պարոն Մահե պատմեք, խնդրեմ, Ձեր խմբագրած «Ռեւյու դեզ էտյուդ Արմենիեն» հանդեսի մասին, որն այսօր լայն համբավ է վայելում որպես հայագիտական լուրջ հրատարակություն:

– Այս հանդեսը հիմնադրվել է 60 տարի առաջ, Անտուան Մեյեի նախաձեռնությամբ եւ հրատարակվել է 20-ական թվականներից մինչեւ 1937-ը՝ մինչեւ Մեյեի մահը: 1964 թ. հայագետ Հայկ Պերպերյանը կարողացավ Կյուլպենկյան հիմնարկի աջակցությամբ վերսկսել հանդեսի հրատարակումը, որի խմբագիրն էր մինչեւ իր մահը՝ 1978-ը: Պերպերյանը Փարիզ էր եկել որպես հայ ազգային պատվիրակության քարտուղար: Իրատեսորեն գնահատելով ժամանակի իրադրությունը, նա գտավ, որ այդ պահին իր ժողովրդին լավագույնս կարող է ծառայել նրա մշակույթն ու գիտությունը օտարներին ներկայացնելով: Երկար տարիներ նա հավաքում էր հայագիտական նյութեր, աղբյուրներ եւ 80 տարեկան էր, երբ հաջողվեց նրան վերսկսել«Ռեւյուի» հրատարակությունը: Նույնիսկ նրա հարազատները լավ ծանոթ չէին հայրենասիրական այն մեծ գործին, որին նվիրվել էր Պերպերյանը: Մահից հետո, երբ վաճառվել էր նրա բնակարանը եւ անհրաժեշտ էր այն դատարկել, դոկտոր Արթուր Պեյլերյանի եւ Պերպերյանի շատ հավատարիմ մի ընկերոջ հետ զբաղվեցինք նրա արխիվը ի մի բերելու եւ փոխադրելու գործով: Մենք այն փորձեցինք ըստ բնույթի բաժանել երկու մասի: Միմյանցից զատեցինք հանդեսին վերաբերող եւ պատմագիտական նյութերը: Այս երկրորդ մասը տեղափոխվեց Խորհրդային Հայաստան: Հանդեսի արխիվում ես գտա մի շատ հետաքրքրական նամակ՝ Մեյեի պատասխան նամակը Նուբար Փաշային: Դժվար է ստույգ ասել, թե Նուբար Փաշան ինչ է խնդրել Մեյեին, բայց պատասխան նամակից կարելի է ենթադրել, որ նա հավանաբար դիմել է ողբերգություն ապրած հայության համար ֆրանսիական կառավարության առջեւ միջամտելու խնդրով: Մեյեն պատասխանել է, թե մենք արել ենք հնարավոր ամեն ինչ: Այդ «ամեն ինչից» կարելի է ենթադրել, թե որքան ապարդյուն են անցել Ֆրանսիայի մտավորականների խնդրանքները քաղաքական գործիչների մոտ:
Արդ, դառնանք հանդեսին: 64-ից մինչեւ մահը, Պերպերյանը հրատարակել է հանդեսի 12 գիրք: Իմ խմբագրությամբ արդեն լույս է տեսել 13-րդը, 14-րդը հանձնված է տպագրության: Մենք հավատարիմ ենք մնացել Մեյեի նպատակներին, այն է՝ եվրոպացի գիտնականներին մատչելի դարձնել աշխարհի առավել հարուստ քաղաքակրթություններից ու մշակույթներից մեկը՝ հայկականը, իր ամբողջության եւ բազմակողմանիության մեջ: Մեր աշխատանքը զուտ գիտական բնույթ ունի եւ ոչ մի զիջում հանուն հանրամատչելիության չենք անում: Ինչո՞վ ենք մենք տարբերվում «Բազմավեպից» կամ «Հանդես ամսօրյայից»: Նրանով, որ հայագիտությունը փորձում ենք դիտել մեր՝ արեւմտաեւրոպացու տեսանկյունից եւ ուզում ենք, որ եւրոպացին ընդհուպ մոտենա Հայաստանին, նույնիսկ, եթե նա հայերենի մասնագետ չէ: Որ նա մեր միջոցով հնարավորություն ստանա իմանալու, թե հայկական ինչպիսի աղբյուրներ կան, որոնցից պե՛տք է օգտվել: Եւ այսօր, նույնիսկ շատ կարեւոր եւ լուրջ հրատարակություններ, որոնք զբաղվում են միջնադարյան մշակույթով, հնդեւրոպական լեզվաբանությամբ կամ բյուզանդագիտությամբ, հաճախ են «R. А.» նշանը մտցնում իրենց համառոտագրություններում, որը ցույց է տալիս, թե նրանք օգտվում են մեր հրատարակությունից:
Հանդեսն ունի բանասիրության, մանրանկարչության, ճարտարապետության, գրականության եւ այլ բաժիններ:
Պետք է ասեմ, որ շնորհիվ Հայկ Պերպերյանի ջանքերի, հանդեսը կարողացել է իրագործել իր նպատակադրումները, եւ այսօր եւրոպական երկրներում եւ նույնիսկ Ամերիկայում հայագիտական ցանկացած հոդված հրատարակելու հարցով դիմում են մեզ:

– Ձեր չափազանց հետաքրքիր տեղեկություններից ակամայից բխում է հաջորդ հարցը՝ ինչպիսի՞ն է Ֆրանսիայում հայագիտության այսօրվա վիճակը:

– Մինչեւ անցյալ դարը հայերենը եւրոպական գիտնականները դիտել են ոչ թե որպես գիտության առարկա, այլ որպես օժանդակ լեզու՝ ճշտելու համար այս կամ այն աղբյուրը: Այսօր հետզհետե հայերենը դառնում է գիտական ուսումնասիրության նյութ: Պետք է ասել, որ այս հարցում մեծ վաստակ ունի բելգիացի գիտնական Ժերար Գարիթը, որի հայագիտական երկու հիմնական աշխատությունների շնորհիվ՝ «Նոր նյութեր Ագաթանգեղոսի պատմության մասին» (1946 թ., Հռոմ) եւ «Պատմություն Հայաստանի դեպքերի մասին», մենք զգացինք, թե որքան ինքնատիպ է եղել հայոց դպրությունը, մշակույթը: Նրա շնորհիվ, առաջին անգամ լինելով, մենք կարողացանք ներքուստ ըմբռնել ու հասկանալ Հայաստանը: Իհարկե, արդի հայագիտության մեջ չափազանց արժեքավոր է Շառլ Մարիեսի եւ Ֆրեդերիկ Ֆեյդիի վաստակը: Որքան էլ տարօրինակ է, հայագիտությունը քիչ կապ է ունեցել ֆրանսահայության հետ: Ինչ խոսք, դա ունի իր պատմական պատճառները: Իրենց երկրից տեղահանված հայերը, երբ Ֆրանսիա հասան, հայտնվեցին դժվարին պայմաններում: Նրանց արդեն երկրորդ սերնդի համար ավելի հեշտ էր ֆրանսիական կրթություն ստանալ: Սակայն այսօր այլ կերպ են մտածում երրորդ եւ չորրորդ սերունդները: Նրանք ցավով են զգում, որ կտրվել են իրենց մայր լեզվից եւ ձգտում ունեն խորը կերպով ճանաչելու հայոց պատմությունն ու գրականությունը: Դրա համար հնարավորություններ կան: Նոր Սորբոնի համալսարանում, որտեղ հայերեն եմ դասավանդում ես (հայերենի դասեր եմ վարում նաեւ Կաթոլիկ համալսարանում), սովորեցնում եմ ժամանակակից արեւելյան լեզուներ, որոնց թվում եւ հայերեն: Ովքեր ցանկանում են, արեւելահայերենից բացի, կարող են ուսանել արեւմտահայերեն, գրաբար եւ հայագիտական այլ առարկաներ: Այստեղ կան հայ մշակույթի, լեզվի եւ գրականության հիանալի մասնագետներ՝ Թիերի ամուսինները, Անահիտ Տեր-Մինասյանը, Գրիգոր Պըլըտյանը եւ ուրիշներ:

Վերջերս Գեւորգյան ազգանունով մի հայ, որը եղել է գրաշար-բանվոր, ուսումնասիրել եւ կազմել է հայերեն հնատիպ գրքերի մատենագրությունը: Այժմ մեզ մոտ՝ Ֆրանսիայում, հրատարակության է պատրաստվում Հայաստանին նվիրված մոտ 500 էջանոց մի գիրք: Այդ գործը գլխավորում է Ժիրայր Դեդեյանը՝ Մոնպելեի համալսարանից: Ես այստեղ գրել եմ 4-6-րդ դարերին վերաբերող հատվածը:

– Դուք խոսում եք ընտիր, գրեթե կատարյալ հայերենով: Ինչպե՞ս եք հասել այդպիսի արդյունքի:

– Երկու տարի ժամանակով ֆրանսերեն եմ դասավանդել Երեւանի պետական համալսարանում, որի ընթացքում էլ պրոֆեսոր Մ. Մկրյանի առաջարկով համալսարանի դասախոս տիկին Մաքսուդյանը համբերատարությամբ սկսեց ինձ հայերեն ուսուցանել: Դե, իսկ հետո…

Հայաստանում գտնվածս ժամանակ սկսեցի թարգմանել Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի մի մասը, որը «Ռեւյու»-ի վերահրատարակության կապակցությամբ կիսատ մնաց: Մտադիր եմ շարունակել այն, հենց որ հոգսերից ազատ ժամանակ գտնեմ: Անցյալ ամառվանից Ռուբեն Մելիքի առաջարկով սկսել եմ թարգմանել Նարեկացու երկերը: Հիմնականում արդեն թարգմանել եմ 40 գլուխ: Առաջիկա ամռանը աշխատանքները կշարունակեմ եւ նպատակ ունեմ 82-ի ամռանը ավարտել:

Այցելություններիս ժամանակ Մատենադարանում լուսանկարում եւ ընդօրինակում եմ որոշ բնագրեր, որոնց վրա հետագայում աշխատում եմ: Այդպես, այս տարի մի քանի հոդված գրեցի Որոկինեսին վերագրված մի բնագրի մասին, որի նյութն է վիշապը: Փորձեցի բացատրել, թե ինչ նշանակություն ունի վիշապը հայկական առասպելաբանության մեջ: Հին վրացերենից թարգմանել եմ «Ադամի եւ Եւայի գիրքը» եւ բավականին հետաքրքիր եզրակացության հանգել: Չնայած գրական այդ հուշարձանի հին վրացերեն հրատարակությունը շատ տարբեր է Վենետիկում լույս տեսած հայերեն հրատարակությունից, սակայն պետք է ենթադրել, որ վրացերենը թարգմանվել է հայերենից, որովհետեւ վրացերեն օրինակում քերականական այնպիսի իրողություններ են հանդիպում, որ այլ ենթադրություն հնարավոր չէ անել: Բացի այդ, գրախոսում եմ հայագիտական գրքեր եւ այլն: Այս ամենը, անշուշտ, շատ ժամանակ է պահանջում, մանավանդ ինչի վրա էլ որ աշխատեմ, ձգտում եմ խորանալ նրա մեջ ներքուստ ըմբռնելով նյութը, ներքուստ ըմբռնելով Հայաստանը…

You may also like...