Մոլդովա

Մոլդովայում բնակվում է շուրջ 12 000 հայ՝ հիմնականում Քիշնև, Բելց, Խնչեշտ, Նոր Անենի, Կամրատ, Ունգենի և Բենդեր ու Գրիգորիուպոլ (վերջին երկուսը չճանաչված Մերձդնեստրովյան Հանրապետությունում) քաղաքներում:
Մոլդովայի հայ համայնքում գործում է  հայկական հասարակական 4 կազմակերպություն՝ «Մոլդովայի հայ համայնք» (1992թ.), «Մոլդովայի Հանրապետության Հայկական Սփյուռք» (2000թ.) և Մոլդովայի հայ կանանց «Տաթևիկ» կազմակերպություն (1998թ.), որոնք միավորվել են Մոլդովայի Հանրապետության «Հայկական կազմակերպությունների միության» մեջ։
«Մոլդովայի Հանրապետության Հայկական Սփյուռք» կազմակերպությունը առանձնանում է մշակութային և հասարակական ակտիվ գործունեությամբ, լայն ճանաչում ունի Քիշնևում և Մոլդովայի հարակից շրջաններում, արժանացել է բազմաթիվ դիպլոմների ու պատվոգրերի, Մոլդովայի Հանրապետության Նախագահի, Խորհրդարանի փոխխոսնակի, Քիշնևի քաղաքապետի շնորհակալագրերի։ Կազմակերպության ղեկավարի ջանքերով ամեն տարի մեծ շուքով նշվում են Հայաստանի Հանրապետության պետական տոները:
Քիշնևում գործում է հայկական կիրակնօրյա 2 դպրոց և նորաբաց «Արմենիա» մշակութային կենտրոնը: Մոլդովայի երիտասարդների շրջանում կազմակերպության նախաձեռնությամբ հայտարարվել է մրցույթ՝ 2010 թ. ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին մասնակցելու իրավունք ստանալու համար։ Մրցույթի արդյունքներն ամփոփվելու են մայիսին՝ «Իմ Հայաստանը» գրական-գեղարվեստական մրցանակաբաշխության ժամանակ։
Քիշնևում գործում է երկու եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին (կառուցված 1804թ.) և Սուրբ Հարություն (1904թ.)։
Սուրբ Աստվածածին եկեղեցին` իր հարակից տարածքով և շինություններով, դեռևս 1992 թ. հանձնվել է «Մոլդովայի հայ համայնք» կազմակերպությանը: Սուրբ Հարություն եկեղեցին շուրջ 60 տարի գտնվել է լեհական կաթոլիկ եկեղեցու տրամադրության տակ և չի ծառայել հայությանը: «Մոլդովայի Հանրապետության Հայկական Սփյուռք» կազմակերպության ջանքերով եկեղեցին վերանորոգվել է և 25 տարվա անհատույց օգտագործման իրավունքով վերադարձվել հայ համայնքին։
Մոլդովայի Բելց քաղաքում գործում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին։

You may also like...