Մխիթարյան Միաբանություն

Մխիթարյան Միաբանությունը հիմնադրվել է 1700թ. Կոստանդնուպոլսում` Մխիթար Սեբաստացու և իր համակիրների ջանքերով: Մեթոնում 12 տարի աշխատելուց և վանական համալիր ստեղծելուց հետո, Սեբաստացին ստիպված է եղել պանդուխտի ցուպն առած ապաստան գտնել Վենետիկի Հանրապետությունում:
1717թ. Սբ. Ղազար կղզում հիմնադրվել և հոգևոր ու գիտական գործունեություն է սկսել Մխիթարյան Միաբանությունը: Մխիթարը դեմ է եղել Հայ Կաթողիկե համայնքի` Հայ Առաքելական Եկեղեցուց անջատ գոյությանը: Նա ծավալել է գիտակրթական  գործունեություն, շարունակել է պահպանել Հայ Առաքելական Եկեղեցու ավանդույթները:
Մխիթարյան Միաբանությունն աշխարհում միակ կաթոլիկ համայնքն է, որը երբեք լատինացված չի եղել: Մխիթարյանների արարողությունները երբեք չեն եղել լատինածես և չեն կատարվել լատիներենով, այլ միմիայն հայերենով` համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու ծիսակարգի:
Սեբաստացուց հետո Մխիթարյան Միաբանության հաջորդ աբբահայրն է եղել Ստեփանոս վրդ. Մելքոնյանը (1750-1799թթ.), որը նախաձեռնել է Միաբանության Կանոնադրության մասնակի վերանայումը, և 1762 թ. դեկտեմբերի 4-ին Հավատքի տարածման Սուրբ Միաբանությունն ընդունել է Կանոնադրությունը: 1810թ. Նապոլեոն Բոնապարտը գրավել է Վենետիկը և հատուկ հրամանագրով Վենետիկի Մխիթարյան Միաբանությունը ճանաչել որպես գիտական գործունեություն ծավալող ակադեմիական հաստատություն: Կայսերական հատուկ հրովարտակով Միաբանությունն անձեռնմխելի է հռչակվել:
Աշխարհի տարբեր երկրներում 1736թ.-ից մինչ օրս գործել է շուրջ 30 Մխիթարյան վարժարան: Հայ գիտակրթական և մշակութային կյանքում նոր էջ է բացվել 1834թ., երբ Հնդկաստանի հայ մեծահարուստ վաճառականներ Ռաֆայելի և նրա փեսա Մուրադի կտակի համաձայն` Իտալիայի Պադովա քաղաքի մխիթարյանները հիմնել են Մուրադի անունով «Մուրադյան» վարժարանը, իսկ 1836թ.`  Վենետիկի «Քա Բեզարո» պալատում` «Ռաֆայելյան» վարժարանը, որոնք այժմ չեն գործում:
Եվրոպայի չորրորդ ամենահին և առաջինը` ցայսօր լույս տեսնող պարբերականներից Սբ. Ղազարի միաբանության «Բազմավեպ» հայագիտական հանդեսն է, որը 1843թ. հիմնադրել են ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ավագ եղբայր Գաբրիել Այվազովսկին և Ղևոնդ Ալիշանը: Վիեննայի Միաբանության պարբերականն է «Հանդես ամսօրյան»:
1994թ. Երևանում բացվել է Մխիթարյան կենտրոնը:
2000թ. հուլիսի 10-21-ը Վենետիկի Սբ. Ղազար Մայրավանքում տեղի է ունեցել Մխիթարյան Միաբանության Վենետիկի և Վիեննայի միաբանությունների ընդհանուր արտակարգ ժողով, որի մասնակից միաբան վարդապետերը որոշել են միավորվել` ստեղծելով Մխիթարյան միացյալ Միաբանություն` մեկ կենտրոնական վարչությունով: Միաբանության գլխավոր կենտրոնատեղին Վենետիկի Սբ. Ղազար կղզու Մայրավանքն է, Վիեննայի վանքը` առաջին գլխավոր մենաստանը, որն իր հերթին ունի աբբահայր տիտղոսը կրող տեղական մեկ վանահայր: Զույգ միաբանությունների բոլոր կենտրոններն այսուհետ կառավարվում են ընդհանուր աբբահոր և միացյալ վարչական խորհրդի կողմից:

You may also like...