Մինաս Բժշկյան

Մինաս Բժշկյան — (15.10.1777, Տրապիզոն – 26.11.1861, Վենետիկ), բանասեր, մանկավարժ, քերական, պատմաբան, ազգագրագետ, երաժշտագետ: Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, վարպետ (1804): Սովորել է Վենետիկի Մխիթարյան միաբանության դպրոցում: 1808-ին մեկնել է Ս. Ղազարից և կրթական, մանկավարժական գործունեություն ծավալել Կ. Պոլսում, Տրապիզոնում հիմնել է դպրոցներ: 1825-ին բնակություն է հաստատել Ղրիմի Ղարասուբազար (այժմ` Բելոգորսկ) բնակավայրում, հիմնել եկեղեցի և դպրոց: 1845-ին մեկնել է Սևաստոպոլ, ապա` Վենետիկ: «Ճեմարան գիտելեաց» (1815) աշխատության մեջ Բժշկյանը ներկայացրել է հունա-հռոմեական դիցաբանությունը և ժողովուրդների քաղաքակրթության աստիճանները:

«Հմտութիւն մանկանց» (մաս 1–4, 1818) դասագրքում (աշխարհաբար) ներկայացրել է Արևելքի մի շարք ժողովուրդների ազգագրությունը: Ճանապարհորդելով Սև ծովի ափերով (1817–19)` գրել է «Պատմութիւն Պոնտոսի, որ է Սեաւ ծով» (1819) աշխատությունը, որտեղ աշխարհագրական, պատմական, ճարտագիտական, հնախոսական, ազգագրական արժեքավոր տեղեկություններ է հաղորդում հայերի, թուրքերի և այլ ժողովուրդների մասին: Բժշկյանը «Ճանապարհորդութիւն ի Լեհաստան» (1830) պատմաաշխարհագրական բնույթի աշխատության մեջ ներկայացրել է Անի քաղաքի պատմությունը, «Քերականութիւն ռուսերէն–հայերեն…»-ի (1828) մեջ` ռուսերենի և հայերենի քերականությունները զուգահեռաբար, «Քերականութիւն հայկազեան լեզուի…» (1840) գրքում քննել հայերենի հնչյունաբանության, ձևաբանության և շարահյուսության մի շարք հարցեր: «Քերականութիւն բազմալեզու…» (1844) գիրքն ընդգրկում է հայերենի և արևելյան այլ լեզուների քերականության սկզբունքները (այս գրքի համար Բժշկյանը արժանացել է Ռուսական կայսրության ոսկե մեծ մեդալին):

Գրել է նաև «Համառօտ նկարագիր վարուց երեւելի արանց» (1850) կենսագրական բառարանը: Ֆրանսերենից գրաբար է թարգմանել Եզովպոսի առակները («Առակք Եզոպոսի», 1818) և Յ. Բ. Կամպեի «Նոր Ռոբինզոնը» («Պատմութիւն վարուց Ռոպէնսօնին Քռիւզօյէ», 1817): Բժշկյանը հետաքրքրվել է նաև ազգային երգարվեստի, միջնադարյան խազագրերի և հայկական ձայնագրության նոր համակարգի խնդիրներով: Ունի երաժշտագիտական անտիպ աշխատություն` «Երաժշտութիւն, որ է համառօտ տեղեկութիւն երաժշտական սկզբանց և ելեւէջութեանց եղանակաց եւ նշանագրաց խազից» (1815):

You may also like...