Մեր մտքի եւ ոգու գանձատունը

Սեյրանուհի Գեղամյան, Շարունակվող երկխոսություն, Երևան, 2007թ.
«Հայրենիքի Ձայն», 1988թ.

Հեռուստատեսային ֆիլմերի «Երեւան» ստուդիայի նկարահանած «Մատենադարան» ֆիլմաշարից վեց կինոնկար («Դառնանք ողորմի տանք», «Գիրս մնա հիշատակող», «Նոր եւ սքանչելի ծնունդներ», «Եկեք զիս տեղը տարեք», «Ճանաչել զիմաստություն» եւ «Տառապանքներ ըստ Ռոսլինի») 1988-ին արժանացել են Հայկական ԽՍՀ պետական մրցանակի:

Եւ, անմիջապես, մեր իմաստուն գրիչների օրինակով՝ սիրով ու քնքշանքով, ակնածանքով ու երախտագիտությամբ հիշենք ֆիլմը ստեղծողների անունները, սցենարի հեղինակներ Հովիկ Հախվերդյան եւ Կիմ Բակշի, բեմադրիչ Հովիկ Հախվերղյան, բեմադրող-օպերատոր Աշոտ Մովսիսյան, կոմպոզիտոր՝ Տիգրան Մանսուրյան, պատմող՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյան…

Մատենադարանը… Դարերով ստեղծված մեր անթիվ-անհամար մատյանների, մանրանկարչության, պատմության, բանաստեղծության, երաժշտության, փիլիսոփայության, բժշկագիտության, մեր ողջ ստեղծագործ մտքի պահոցը…

«Մատենադարանը մի վիթխարի սառցալեռ է, որի միայն չնչին մասն ենք տեսնում: Մնացածը խորքում է, մատչելի շատ քչերին»: Այսպես են մտորում շարժանկարի հեղինակները եւ իրենց ուսերին առնում տասնյակ հազարավոր մարդկանց այդ խորքերին ծանոթացնելու դժվար, պատասխանատու, միաժամանակ փառավոր գործը: Ես դա յուրատեսակ հերոսություն եմ համարում:

Ինչո՞վ է թանկ այս ֆիլմը մեզ համար: Նախ եւ առաջ նրանով, որ մեզ ավելի է տեր դարձնում մեր իսկ հարստությանը, մեր հոգու եւ մտքի գույներին ու ամեն տան, ամեն հոգու մեջ հնչեցնում է դարերի խորքից եկող մեր պատմիչ-գինվորների, մեր գրիչ-զինվորների, բանաստեղծ-զինվորների իմաստուն պատգամները.

Թե որքան էլ անողոք լինեն մարդկության թշնամիները, նրանք անզոր են գրքի, մտքի եւ խոսքի առաջ:

Թե անհնար է գոյատեւել առանց մայրենի լեզվի, առանց գրի: Գիրն է միայն, որ ի զորու է պահպանել լեզուն, արթուն պահել նախնիների հիշատակը, ժողովրդի ոգին:

Թե «Ամեն մի տուն կամ թագավորություն, որ բաժանվում է ինքն իր մեջ՝ հաստատ մնալ չի կարող»:

Թե ամենաօրհասական պահերին, «եթե անգամ հասել է ժամանակը մեր կյանքը սուրբ մահով ավարտելու՝ ընդունենք այն ուրախ սրտով եւ մեր արիությանն ու քաջությանը վախկոտություն չխառնենք»: Թե ի՞նչ անենք այն ժամանակ, երբ այլեւս ոչինչ չի կարելի անել, ինչպե՞ս ապրենք, ինչո՞վ պատասխանենք չարին, սուր ճոճող ձեռքին, մարդկային մտքի՛, խղճի՛, հիշողությա՛ն կորստին…

Այո, այս աշխատանքը ոչ միայն Մատենադարանի մասին է, եւ, ոչ այնքան սոսկ կինոնկար: Սա մի ձոներգ է, որ շնչում է բարոյական եւ ազգային արժանապատվությամբ, այս դժվար ժամանակներում, այս բազմազգ, բազմալեզու, խառն ու խայտաբղետ աշխարհում մեր ոճն ու լեզուն հասկանալի դարձնելու պահանջով:

Ձոներգ է այն հնաբույր ձեռագիր մատյաններին, որոնք հազվագյուտ երեւույթ են համաշխարհային մշակույթի մեջ ոչ միայն իրենց հնությամբ ու հարստությամբ, այլեւ այն տեղով, որ ունեցել են ժողովրդի հոգեւոր կյանքում: Եւ ծանրադիր խոնարհում՝ դրանք ստեղծած ու ծաղկած մարդկանց հիշատակների առջեւ:

Ձոներգ է մեր հայրենիքի ցավին ու սիրուն, նրա անպատմելի գեղեցիկ արշալույսներին ու մայրամուտներին, նրա ավերված վանքերին, տապալված խաչքարերին, չվերծանված խազերին…

Ձոներգ է մեր բառին, որդան կարմրին, գեղեցկի մեր բնատուր զգացողությանը, թշնամուն անհասանելի եւ անհասկանալի մեր ազգային արժանապատվությանը…

Եւ այս ամենը արված բանաստեղծական շնչով, նրբանկատ հայացքով, շնորհալի ձեռքով, երեւակայության թռիչքներով, խոսքի, պատկերի, երաժշտության միասնականությամբ, տաք ու ներշնչող…

Հույս իմ, ի մանկութենէ իմմէ,
Մի թողուր զիս,
Հույս իմ, ի ժամամակի ծերության, իմո
Մի թողուր զիս,
Հույս իմ, ի մյուս անգամ գալստյանն քո
Մի անտես անե զիս…

Այս տաղը, որ «Առավոտ լուսո» ֆիլմում զուլալ ու թափանցիկ հնչում է Լուսինե Զաքարյանի կատարմամբ՝ ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը՝ 5-րդ դարում… Եւ սիրտ ցավեցնելու չափ այսքա՜ն ըղձալի եւ արդիական…

Ընդհանրապես ֆիլմաշարը ամբողջությամբ այդքան գրավիչ ու հարազատ է նաեւ իր արդիականությամբ, մարդկության անանց գաղափարներով, անցողիկի ու հավերժի սուր զգացողությամբ: Արժանիքներ, որոնք վստահեցնում են, թե հեղինակները, իսկապես, կարողացել են թափանցել Մատենադարանի անհատակ խորքերը, անթիվ-անհամար գեղեցկությունների մեջ ընտրել ամենաշքեղները… Ու դեռ շարունակում են իրենց դժվար, պատասխանատու, բայց եւ փառավոր, ազնիվ ու շնորհակալ աշխատանքը:

You may also like...