Մեծ տերությունների կողմից մոռացված ժողովուրդ

«Սովետական Հայաստան», 1987թ., ապրիլ, թիվ 4
Լիվ Նանսեն-Հեոյեր

Հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի մասին նրա հայրենակից, նորվեգացի անվանի բևեռախույզ Հարալդ Սվերդրուպն ասել է. «Նանսենը մեծ էր որպես բևեռախույզ, ավելի մեծ որպես գիտնական և է՛լ ավելի մեծ որպես մարդ»։ Այս խոսքերը երիցս ճշմարիտ ու ընդունելի են հայ ժողովրդի համար։ 1955 թվականին Օսլոյում լույս տեսավ Ֆ. Նանսենի ավագ դստեր՝ Լիվ Նանսենի (ամուսնությունից հետո նաև՝ Հեոյեր) «Նանսենը և աշխարհը» («Nanse og verden») գիրքը, որի մի գլուխն ամբողջությամբ նվիրված է հայ ժողովրդին։ Լիվ Նանսեն-Հեոյերը անդրադառնում է մեր պատմության ամենաողբերգական էջին՝ երիտթուրքերի և քեմալականների ոճրագործությանը և առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայկական հարցում մեծ տերությունների վարած նենգամիտ ու շահադիտական քաղաքականությանը։

«Սովետական Հայաստան», 1987թ., ապրիլ, թիվ 4

Իր գրքի նախապատրաստական աշխատանքները կատարելիս, 1955 թվականի ապրիլի 19-ին, Արշակ Սաֆրաստյանին ուղղած նամակում Լիվը գրում է. «Դուք՝ հայերդ, եղել եք հորս «հոգեզավակները»։ Ողբերգական ճակատագիր ունեցող խիզախ ժողովուրդը իր հնագույն մշակույթով, արվեստով, ճարտարապետությամբ և երաժշտությամբ, ձեր սքանչելի երկիրը հիացրել են հորս մինչև կյանքի վերջը, առաջ բերել սեր ու կարեկցանք։ Իհարկե, նա հիանում էր ձեզնով։ Ցանկացած մարդ, որ սիրտ ունի և ընդունակ է մտածելու, նույնը կաներ։ Ձեր խիզախությունը, ձեր համբերությունը, ձեր անխախտ հայրենասիրությունը ձեզ դարձրել են ամուր ու պահպանել ձեր ժողովրդին։ Մոլորակի վրա և ոչ մի ժողովուրդ չունի նման հավատ»։ Լիվը երազում էր այցելել Հայաստան։ Ավա՜ղ, դա վիճակված չէր նրան։ Թող այս հրապարակումը նրա ոգու յուրօրինակ ճանապարհորդությունը լինի Հայաստանով և երախտապարտ հայերի սրտերով։

Նանսենը շատ հաճախ է առիթներ ունեցել օգնելու տարագիրներին, սակայն ամենածանր ազդեցությունը նրա վրա գործել է հայերի ողբերգությունը։ Այդ քաջարի, տաղանդավոր, մեծ մշակույթ ունեցող փոքր ժողովուրդը իր ողջ պատմության ընթացքում, սկսած վաղնջական ժամանակներից, տառապել է պատերազմների ու ամեն տեսակի աղետների պատճառով, իսկ մեր ժամանակներում նրան վիճակվեցին մեծագույն դառնություններ, և նրա ճակատագիրը ընթացավ ողբերգական ճանապարհով։ Եվ այստեղ մեծ է Եվրոպայի մեղքը, երբ թուրքերը ձեռնամուխ եղան ամբողջ հայ ժողովրդի ծրագրավորված բնաջնջմանը, Եվրոպան փորձ անգամ չարեց կանխելու այն։ Այնուհետև, երբ ոճրագործությունից հրաշքով փրկվածները ջանացին կրկին տնավորվել, ղեկավարող քաղաքական գործիչները ձևացրին, թե իրենք վաղո՜ւց մոռացել են այդ ժողովրդի գոյության մասին։ Հայրս մինչև իր կյանքի վերջին օրերը չէր կարողանում մոռանալ այն մեծ հուսախաբությունը, որ իրեն պատճառել էր Ազգերի լիգայի անգործությունը։

Նանսենյան հանձնաժողովը Երևանում` հողժողկոմ Ա. Երզնկյանի աշխատասենյակում 1925 թվականին: Աջից չորրորդ նստածը Ֆրիտյոֆ Նանսենն է

Նանսենյան հանձնաժողովը Երևանում` հողժողկոմ Ա. Երզնկյանի աշխատասենյակում 1925 թվականին: Աջից չորրորդ նստածը Ֆրիտյոֆ Նանսենն է

Իր «Հայաստանում» գրքի առաջաբանում, որը լույս տեսավ 1927 թվականին, նա գրել է. «Ես պարզապես զարմանում եմ, թե մարդ, որ ծանոթ է այս սքանչելի ժողովրդի ճակատագրին, ինչպես կարող է հոգեկան խորը ցնցում չապրել։ Թեև ես ընկճված եմ այս շարադրանքի անավարտության պատճառով, սակայն հուսով եմ՝ փաստերը, որ շարադրված են այս էջերում, կարթնացնեն Եվրոպայի խիղճը»։

Հին Հայաստանը, որ տարածված էր Տիգրիսի և Արարատի միջև, երկու աշխարհների սահմանագծում վտանգներով հղի դիրք էր գրավում։ Այստեղով էին անցնում առևտրական հին ճանապարհները, որոնք մերձսևծովյան երկրները կապում էին Ասիայի հետ։ Եվ հայերը, որոնց մասին դեռևս Քսենոֆոնն ասել է, թե «խաղաղասեր, հարուստ և հյուրասեր ժողովուրդ են», շատ լավ գիտեին, թե ինչ է նշանակում հզոր ու ռազմատենչ հարևաններ ունենալը։ Բոլոր հալածական ժողովուրդների նման հայերի բնավորության մեջ զարգացել է պաշտպանական բնազդը։ Համբերատարությունը, աշխատասիրությունն ու ձեռներեցությունը հայերին միշտ էլ օգնել են հեշտությամբ հարմարվելու նոր պայմաններին։ Սակայն այդ աշխատասիրությունն ու ձեռներեցությունը միշտ չէ, որ նրանց նկատմամբ բարյացակամություն են առաջացրել այն երկրներում, ուր նրանք գաղթել են և փորձել նոր կյանք սկսել։

Փոքր Ասիայի և Կասպից ծովի միջև ընկած տարածությունները, որոնք բնակեցված էին հայերով, առաջին համաշխարհային պատերազմից դեռ շատ առաջ բաժանվել էին խոշոր տերությունների միջև։ Ինքնավարության խոստումներով թուրքերը ցանկացան հայերին ապստամբեցնել Ռուսաստանի դեմ, սակայն նրանց բոլոր ջանքերը իզուր անցան։ Թուրքերը դա համարեցին Ռուսաստանի հետ գաղտնի դավադրություն և 1915 թվականին իրենց զայրույթն ու դժգոհությունը ուղղեցին հայկական փոքրամասնության դեմ։ Երիտթուրքերը որոշեցին գործել վճռականորեն և մեկընդմիշտ վերջ տալ հայերի գոյությանը։ Այդ քաղաքականությունը նոր չէր։ Թուրքերն այդպիսի քայլի դիմել էին նաև նախկինում։ Դեռևս 1876 թվականին անգլիացի քաղաքական գործիչ, լեյբորիստական կուսակցության առաջնորդ Գլադստոնը հանդես եկավ ընդդեմ թուրքական տեռորի՝ այն անվանելով համաշխարհային խայտառակություն։ Տասնյակ հազարավոր հայեր կոտորվել էին Աբդուլ Համիդի օրոք։ Եվ ահա թուրքերը նախապատրաստվում էին կազմակերպել ավելի մեծ ծավալի հասնող ջարդեր։

Հալածանքներ սկսվեցին Կիլիկիայում, որը Աբդուլ Համիդի ժամանակներում կոտորածների չէր ենթարկվել։ Շուրջ քսան հազար հայեր քշվեցին անապատներն ու ճահճուտները։ Նույն վիճակն էր նաև Հայաստանի մյուս քաղաքներում ու շեներում։ Հայերը Վանում բռնակալների դեմ դիմադրություն կազմակերպեցին, իսկ Թուրքիայի արտաքին գործոց նախարարը այդ «խռովությունը» օգտագործեց իբրև պատրվակ Կոստանդնուաոլսում հայկական ծագում ունեցող բոլոր ծառայողներին ձերբակալելու համար։ Վեց հարյուր գիտնականներ, իրավաբաններ, բժիշկներ, գրողներ ու հոգևորականներ տարագրվեցին Փոքր Ասիա։ Այդ գործողությունները կառավարությունը հայտարարեց իբրև «նախազգուշական ժամանակավոր միջոցներ» և տարագրվածներին խոստացան շուտափույթ վերադարձ։ Սակայն վերադարձան ընդամենը ութ մարդ։ Այսպիսով ոչնչացվեցին հայ ժողովրդի դատի հիմնական պաշտպանները, և կարելի էր արդեն իրագործել մտադրությունը։

«Եվ ահա 1915 թվականի հունիսին սկսվեցին զարհուրելի սարսափները, որոնց նմանը պատմությունը չգիտի»,— գրում է Նանսենը։

Հայերը տեղահան էին արվում ու քշվում Կիլիկիայի, Միջագետքի և Փոքր Ասիայի քաղաքներից ու գյուղերից։ Ամենուր ձգվում էին մահապարտների անվերջանալի շարանները։ Հաշվի էր առնված, որ նրանք, ովքեր չէին մեռնի գաղթի ճանապարհներին, հետագայում սովամահ կլինեն։ Հենց որ տրվեց տեղահանումների հրամանը, թուրք ժանդարմները սկսեցին սրի քաշել տղամարդկանց ու պատանիներին։

Կանանց, երեխաներին ու ծերունիներին քշում էին ավելի հեռու վայրեր, մանկամարդ աղջիկներին ճանապարհներին աճուրդի էին հանում։ Ամենուրեք մոլեգնում էր բծավոր տիֆը։ Ճամփեզրերին թափված դիակները ապականում էին օդը։ Նրանց, ովքեր չէին մեռել ճանապարհներին, քշում էին Սիրիայի անապատների խորքերը, ուր բոլորին անխուսափելի մահ էր սպասվում։

1915 թվականի օգոստոսի 31-ին Թուրքիայի Արտաքին գործոց նախարարը Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպանին հավատացնում էր, թե. «La question armenienne n’existe plus» (Հայկական հարցն այլևս գոյություն չունի – ֆրանս.)։

Սակայն նա սխալվում էր։ Երբ 1915 թվականի ամռանը Թուրքահայաստանում տեղի ունեցող մղձավանջների լուրը հասավ Եվրոպայի մայրաքաղաքները, ամենուր առաջ բերեց սարսափ ու վրդովմունք։ Անտանտայի ղեկավարությունը հայերի առաջ պայման դրեց, որ եթե նրանք անցնեն դաշնակիցների կողմը, ապա պատերազմից հետո հետ կստանան իրենց հողերը։ Կարճ ժամանակում դաշնակիցների զինված ուժերն համալրեցին աշխարհի բոլոր ծայրերից եկած հայ կամավորականները։ Ավելի քան 200 հազար հայեր իրենց գլուխը դրեցին Անտանտայի բանակներում կռվելիս։ Թուրքերը հայերին դավաճան հռչակեցին, թեև վերջիններս կռվում էին իրենց ժողովրդի բռնակալների դեմ։

1918 թվականին, Գերմանիայի և Թուրքիայի պարտությունից հետո, հայերը կարող էին վերադառնալ իրենց հայրենիքը։ Դաշնակիցները համարեցին, որ իրենց խոստումը արդեն կատարված է։ Սակայն իրականում հայերի անվտանգությունը ապահովելու համար անհրաժեշտ էր դաշնակից զորքեր մտցնել Թուրքահայաստան։ Այդ բանը տեղի չունեցավ։ Թուրքերը նորից երկրում դարձան դրության տերը, և հայերը կրկին դրվեցին զոհասեղանին։ Վրա հասավ վերջին աղետը։ 1922 թվականին, երբ Քեմալ փաշայի օրոք Փոքր Ասիայից դուրս քշվեցին հույները, գաղթականների շարքերում մեծ թիվ էին կազմում նաև հայ տարագիրները։ Նրանց ունեցվածքը, որի արժեքը կազմում էր մի քանի միլիարդ, ամբողջությամբ բռնագրավվեց։

Հենց այդ ժամանակ Ռուսահայաստանում հայ ժողովուրդն իրեն հատուկ ջանասիրությամբ ձեռնամուխ էր եղել իր բնավեր երկրի վերականգնմանը։ Մի շարք կազմակերպություններ մեծ օգնություն էին ցույց տալիս գաղթականներին, որոնցով լցվել էր այդ փոքրիկ երկիրը։ Նրանց հաջողվեց փրկել շատ երեխաների կյանքը։

Հաշտության կոնֆերանսի օրերին Փարիզում աշխատում էր նաև համահայկական կոնգրեսը, որի կազմում ընդգրկված էին տարբեր երկրներից եկած հայեր։ Կազմվեց բանաձև, որը պահանջում էր ստեղծել անկախ պետություն, ինչպես որ խոստացել էին դաշնակիցները։ Եվ 1920 թվականի հունվարի 19-ին հաշտության կոնֆերանսի Գերագույն խորհուրդը որոշեց ճանաչել հայկական պետության կառավարությունը և առաջարկեց Ազգերի լիգային իր վրա վերցնել այդ անկախ հանրապետության պաշտպանությունը՝ իբրև ենթամանդատային պետություն։ Սակայն Ազգերի լիգան պատասխանեց, որ ինքը այդ բանի համար միջոցներ չունի, և որ նման խնդիր չի մտնում լիգայի պարտականությունների մեջ։ Ազգերի լիգան իր հերթին այդ մանդատը առաջարկեց Միացյալ Նահանգներին։ Պրեզիդենտ Վիլսոնը պատրաստ էր տալ իր համաձայնությանը, սակայն սենատը հրաժարվեց։

1920 թվականի օգոստոսի 10-ին Սևրի կոնֆերանսում Անտանտայի և Թուրքիայի միջև ստորագրվեց համաձայնություն, ըստ որի Հայաստանը ճանաչվեց ազատ, անկախ և ինքնուրույն պետություն։ Երեք ամիս անց պրեզիդենտ Վիլսոնը հաստատեց նրա սահմանները, և Հայաստանը ստացավ 87 հազար քառակուսի կիլոմետր տարածություն։

Իհարկե, դա չափազանց քիչ էր սկզբում նախատեսվածից, սակայն դա էլ բավական էր, եթե խոշոր տերությունները հայ ժողովրդին պաշտպանելու միջոցներ ձեռնարկեին։ Տեսնելով տերությունների անտարբերությունը, Քեմալ փաշան, ոտնահարելով Սևրի դաշնագիրը, հարձակվեց Հայաստանի վրա։

«Իսկ մեծ տերությունները վերջապես հանգստացան։ Նրանք հայերին ստիպեցին դաշնակիցների համար արյուն թափել, փոխարենը վճարելով ոչինչ չարժեցող մի թղթով»,— գրում է Նանսենը։

1920 թվականի ապրիլին Բաթումում հաստատվեց սովետական իշխանություն, իսկ սեպտեմբերին թուրքերը արևմուտքում հարձակման անցան և գրավեցին Կարսն ու Ալեքսանդրապոլը։ Հայկական բանակը ոչ զինամթերք ուներ, ոչ հանդերձանք և ոչ էլ պարեն։ Իսկ օգնություն ոչ մի տեղից էլ չստացան։

1923 թվականի դեկտեմբերին Ռուսահայաստանում ստեղծեց Սովետական Հանրապետություն՝ Երևան մայրաքաղաքով։ Իշխանության գլուխ կանգնեց հայորդի Ալեքսանդր Մյասնիկյանը։ Ժողովրդի շնորհալի զավակները լծվեցին երկիրը վերականգնելու գործին։ Իսկ այն ծայրաստիճան կարիքների մեջ էր. պատերազմներն ու արշավանքները ամեն ինչ տակնուվրա էին արել։ Աշնանը սով սկսվեց, մահացան հազարավոր մարդիկ։

Դեռևս Ազգերի լիգայի առաջին նստաշրջանի ժամանակ Նանսենը առաջարկեց Հայաստանը ընդգրկել լիգայի կազմի մեջ և ընդգծեց, որ երկիրը օգնության կարիք է զգում։ Երկրորդ նստաշրջանի ժամանակ նա կրկին առաջ քաշեց այդ հարցը, իսկ Ռոբերտ Սեսիլը մշակեց բանաձև, որը պահանջում էր հայ ժողովրդին «հայրենիք տալ»։ Բանաձևը ընդունվեց միաձայն։ Լոզանի հաշտության կոնֆերանսում այդ պահանջը կրկին առաջ քաշեց լորդ Քերզոնը, որը հայկական հարցը համարում էր «համաշխարհային պատմության ամենաամոթալի էջերից մեկը»։ Սակայն հաշտության պայմանագիրն այնպես կնքվեց, որ կարծես աշխարհում ոչ մի հայ էլ գոյություն չունի։

1924 թվականին Մեծ Բրիտանիայի պահպանողականների կուսակցության առաջնորդ Սթենլի Բոլդուինը և լիբերալների (ազատամտականների) կուսակցության առաջնորդ Ասքվիտը դիմեցին լեյբորիստների կուսակցության առաջնորդ, պրեմիեր–մինիստր Ռեմսեյ Մաքդոնալդին՝ համառորեն պահանջելով, որ Մեծ Բրիտանիան հայերին նշանակալից չափով դրամական օգնություն ցույց տա։ Նրանց պահանջը հիմնավորված էր հետևյալ հինգ կետերով։

1. խոստանալով օգնել հայերին, դաշնակիցները պատերազմի ժամանակ նրանց թեքել են իրենց կողմը։ 2. Անտանտայի երկրների պետական գործիչները ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ նրա ավարտից հետո, բազմաթիվ անգամ պարտավորվել են ապահովել հայերի ազատությունն ու անկախությունը։ 3. Զմյուռնիայի ջարդերից հետո Թուրքահայաստանից հայերի տարագրման մեղքի մի մասը ընկնում է Մեծ Բրիտանիայի վրա։ 4. Այն 5 միլիոն ֆունտ ստեռլինգը, որը Թուրքիան ավանդադրել է Բեռլինում, և որը հաշտության պայմանագիր կնքելուց հետո դարձել է Մեծ Բրիտանիայի սեփականությունը, հիմնականում եղել է հայերի դրամը։ 5. Գաղթականների ներկա վիճակը անտանելի է, և այն նախատինք է արևմտյան պետությունների հասցեին։

Նանսենը կարծում էր, որ Մաքդոնալդն ու լեյբորիստները կհամաձայնեն այդ պահանջների հետ, սակայն կառավարությունը ստիպված եղավ հրաժարական տալ, իսկ իշխանության գլուխ անցան իրենք՝ պահպանողականները, Բոլդուինի գլխավորությամբ։ «Դե ինչ, գուցե հիմա՞ կհասներ օգնությունը»։ Սակայն Բոլդուինի կառավարությունը հրաժարվեց որևէ օգնություն ցույց տալ հայ ժողովրդին ու գաղթականներին։

«Ակամայից հուսահատ հարց ես տալիս՝ ինչի՞ համար էր այս ամենը։ Մի՞թե սոսկ քամուն տված խոսքեր են եղել։ Իսկ Ազգերի լիգա՞ն։ Մի՞թե նա էլ չէր զգում իր պատասխանատվությունը»,— ասում էր Նանսենը։

1924 թվականին Նանսենը Ազգերի լիգայի խորհրդից հանձնարարություն ստացավ զբաղվելու հայ գաղթականների հարցով։ Սկզբում նա հրաժարվեց, քանի որ չէր տեսնում օգնության փոքր-ինչ արդյունավետ հնարավորություն։ Իսկ երբ խորհուրդը երկրորդ անգամ նրան դիմեց* առաջարկելով որոշակի միջոցներ ձեռնարկել Աշխատանքի միջազգային բյուրոյի հետ, նա, այնուամենայնիվ, որպես փորձագետների հանձնաժողովի ղեկավար, մեկնեց Ռուսահայաստան, որպեսզի պարզի, թե կարո՞ղ է արդյոք երկիրը ընդունել հայ գաղթականների մի քանի խմբերի ևս։ Երևանում սովետական իշխանության ներկայացուցիչները համաձայնեցին թույլ տալ հանձնաժողովին գործելու միայն այն պայմանով, որ նրա աշխատանքներին մասնակցի նաև Հայաստանի կառավարության կողմից նշանակված կոմիտեն։ Նանսենին այդ առաջարկությունը միայն ուրախացրեց։ Հայ աշխատակիցները շատ ձեռներեց մարդիկ էին և երկրի ու ժողովրդի մասին ունեցած իրենց գիտելիքներով մեծապես հեշտացրեցին հանձնաժողովի աշխատանքները։ Ճանապարհորդության երթուղին անցնում էր Բաթումից Թբիլիսի, այնտեղից էլ՝ Երևան։ Հանձնաժողովը որոշեց, որ այս շրջանում 33 հազար հեկտար կարելի է օգտագործել գյուղատնտեսական նպատակներով, որը կկարողանա կերակրել ևս 25 հազար մարդ։ Դրա համար պահանջվում է մեկ միլիոն ֆունտ փոխառության։ Եթե մշակվեին այդ հողերը, ապա նրանցից ստացվող օգուտը մի քանի անգամ կգերազանցեր փոխառության գումարը։ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները պատրաստ էին երաշխավորելու փոխհատուցումը, իսկ Հայաստանի իշխանությունները պարտավորվեցին բոլոր հարկերը, որ գանձվելու էին նորաբնակներից, տալ ի հատուցումն փոխառության։

Ժողովուրդն ու կառավարությունը ամենուր հանձնաժողովին դիմավորում էին անսովոր հյուրընկալությամբ։ Իսկ նրանց ճանապարհելու համար Երևանը կազմակերպեց մեծ հանդիսություն, որին մասնակցում էին ժողովրդի ներկայացուցիչները։ Հանդիսության սկզբում Նանսենի պատվին կատարվեց Գրիգի՝ լարային քառյակի համար գրած պիեսը։ Իսկ այնուհետև հյուրերը լսեցին հայկական ժողովրդական մեղեդիներ ու հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Ճաշկերույթի ժամանակ Նանսենը մեծարվեց իբրև «մարդկության մեծ բարեկամը, որի կերպարը բոլոր ժամանակներում ապագա սերունդների համար կփայլատակի իբրև իսկական մարդու օրինակ, որը Արևմտյան Եվրոպայի կառավարությունների դեմ մենամարտում էր նույնպիսի արիությամբ, ինչպես որ մի ժամանակ պայքարում էր Արկտիկայի սառույցների դեմ»։

Նանսենը ոչ մի րոպե չէր կարողանում մոռանալ, թե այս հանդիսության մասնակիցները հենց վերջերս ինչպիսի արյունալի սարսափներ են տեսել։ Նա միանգամայն համամիտ էր իր բարեկամ Կուրղինյանի հետ, որն ասում էր. «Ճշմարիտ չէ՞ միթե՝ այն ժողովուրդը, որի հոգու մեջ այսպիսի երաժշտություն է հնչում, նա երբեք չի կարող մեռնել»։

Նանսենը համոզված էր, որ հայ ժողովրդի միակ հայրենիքը այս փոքրիկ հանրապետությունն է։ Որպեսզի սկսի գործել, Նանսենը Ազգերի լիգայից պահանջեց 900 հազար ֆանտ փոխառություն։

«Վերջապես հայ ժողովուրդը հայրենիք ունի, և ես ցանկանում եմ հարցնել ժողովի մասնակիցներին, հնարավո՞ր է միթե հայ ժողովրդի համար գտնել մեկ այլ ապաստարան։ Ես կանխավ գիտեմ այս հարցի պատասխանը։ Ուստի, խնդրում եմ ժողովականներին օգնել ինձ իրագործելու այս միակ հնարավորությունը՝ անցյալում հայ ժողովրդին տված խոստումները կատարելու համար»։

Ազգերի լիգայի կազմի մեջ մտնող երկրների մեծ մասը տվեց իր համաձայնությունը, և թվաց, թե վերջապես այս անգամ խոստումները իրականություն կդառնան։ Սակայն վերջին պահին Ուինստոն Չերչիլը, որն այն ժամանակ ֆինանսների մինիստր էր, հեռագրեց, որ Մեծ Բրիտանիան չի կարող սատարել այդ առաջարկությանը։ Այսպիսով, նա քար գցեց Նանսենի բոլոր ջանքերի վրա։

Նանսենը խորապես դառնացած էր։ Նա գնաց իր բարեկամ Ռոբերտ Սեսիլի մոտ և նրա առջև դատարկեց իր դառնացած սիրտը. «Your damned rotten government!»: «Well, all governments are rotten», — պատասխանեց լորդ Սեսիլը։ («Գրողը տանի ձեր անխիղճ կառավարությանը». «Բոլոր կառավարություններն էլ անխիղճ են» (անգլ.):

Մի քանի օր անց Նանսենը միայնակ զբոսնում էր Ժնևի լճի ափին։ Այստեղ նա պատահաբար հանդիպեց Ազգերի լիգայում հայերի ներկայացուցիչ Արշակ Սաֆրաստյանին։ Երկուսն էլ ծանրաբեռ էին միևնույն մտքերով և ոչինչ չունեին միմյանց բացատրելու։ «Կարծես թե արևմտյան տերությունների իշխանությունները մոռացել են Հայաստանի հետ կնքած իրենց պայմանագրի մասին և հրաժարվում են օգնություն ցույց տալ գաղթականներին,– ասաց Նանսենը։— Ճակատագիրը մի օր նրան կհատուցի դրա համար։ Իսկ ձեր ժողովուրդը կվերածնվի ու կնվաճի իր արդար իրավունքները։ Երբե՛ք չկասկածեք»։

Շարունակվող վեճերի պատճառով Ազգերի լիգայում կազմվեց նոր հանձնաժողով։ Այսպես, գործը կարող էր ձգձգվել տարիներ։ Վերադառնալով Հայաստանից, հանձնաժողովը տվեց իր եզրահանգումը, ըստ որի ներկայացված ծրագիրը միանգամայն իրական է, սակայն կասկած են հարուցում միայն ռուսական բանկի հնարավորությունները, կկարողանա՞ արդյոք այն ցույց տալ անհրաժեշտ օգնություն։

1926 թվականին Նանսենը Ազգերի լիգային ստիպեց կրկին զբաղվել հայկական հարցով։ Այժմ նա խնդրում էր տրամադրել ընդամենը 300 հազար ֆունտ, որպեսզի կարողանար գաղթականներին չնչին նպաստ տալ։ Գերմանիայի կառավարությունը, որն իր վրա ոչ մի պարտականություն չէր վերցրել, առաջարկեց 50 հազար ֆունտ, Հունաստանի, Լյուքսեմբուրգի և Նորվեգիայի կառավարությունները նույնպես խոստացան որոշ օգնություն ցույց տալ։ Սակայն մեծ տերությունները առաջվա պես հանդես էին գալիս այդ առաջարկության դեմ, և այդպիսով ամբողջ մտահղացումը ի դերև ելավ։

«Իսկ ինչի՞ համար էր ստեղծվել այդ հանձնաժողովը,— զայրացած հարց էր տալիս Նանսենը։— Ի՞նչ անհրաժեշտություն կար դա ստեղծել, երբ կառավարությունները բնավ էլ մտադիր չէին որևէ միջոցի դիմել։ Եթե ամենաչնչին պահանջներն անգամ նրանց աչքին չափազանց մեծ էին թվում»։ Նանսենը չէր ցանկանում անձնատուր լինել և դասախոսություններ կարդալու նպատակով մեկնեց Ամերիկա։ Կանադայով ու Միացյալ Նահանգներով այդ երկար ու լարված ճանապարհորդության ընթացքում Նանսենին ուղեկցում էին կինն ու կրտսեր դուստրը։ Այնտեղ ևս նա պաշտպանում էր հայոց դատը։
Ամենուր նրա ելույթների ժամանակ դահլիճները լեփլեցուն էին։ Նրանք, ովքեր չէին կարողանում դահլիճում տեղ գտնել, կանգնում էին դռների հետևում։

Նանսենը Եվրոպայում նույնպես ելույթներ ունեցավ ի նպաստ հայության։ Եվ երբեմն այդ ուղևորությունները շատ ավելի երկար էին տևում, քան նա նախատեսում էր։ Մի անգամ նա մեկնեց օգոստոսին և վերադարձավ երեք ամիս անց՝ ամառային թեթև հագուստներով, հոգնած, մռայլ ու վշտաբեկ, այն ամենի պատճառով, որ ականատես էր եղել նա ամենուրեք։ 1926 թվականին Նանսենին հաջողվեց ստեղծել Հայկական միացյալ կոմիտե, որի նախագահը դարձավ հենց ինքը։ Կոմիտեի կազմի մեջ մտնում էին (Ամերիկայում, Արգենտինայում, Ֆրանսիայում, Բելգիայում և Իտալիայում ապրող հայ ժողովրդի բարեկամները, ինչպես նաև «Կարմիր խաչի», «Մերձավոր արևելքի օգնության» և շատ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Առաջվա պես Ազգերի լիգան չէր ցանկանում ընդառաջ գնալ, և այդ բանը Նանսենին շատ էր զարմացնում։ «Ճանապարհորդություն Հայաստանով» գրքում Նանսենը շարադրել է իր զգացմունքները. «Մի՞թե Ազգերի լիգան կարծում է, որ կատարել է իր պարտքը։ Մի՞թե լիգան, գործը կես ճանապարհին թողնելով, չի վախենում վարկաբեկել իր հեղինակությունը։ Երբ Ազգերի լիգան հանձնարարեց իր կոմիսարին, չլսելով նրա առարկությունները, զբաղվել գաղթականների խնդրով, անշուշտ, մյուսներին խանգարեց զբաղվել այդ հարցով, քանի որ ո՞ւմ մտքով կանցներ, որ լիգան կիսատ կթողնի սկսած գործը և այն չի հասցնի իր վախճանին։ Եվրոպայի կառավարություններին հոգնեցրել էր հավերժական հայկական հարցը։ Եվ դա միանգամայն հասկանալի էր, քանի որ նրանք այդ հարցը քննելիս երբեք էլ անհրաժեշտ բարձրության վրա չէին գտնվել։ Այդ բառերն իսկ նրանց նիրհող խղճի ու հիշողության մեջ արթնացնում էին մի շարք խոստումներ, որոնց իրագործման համար նրանք այդպես էլ ոչ մի քայլի չդիմեցին։

Չէ՞ որ խոսքն ընդամենը մի փոքրիկ, տառապյալ, սակայն տաղանդավոր ժողովրդի մասին ր, որը ո՛չ նավթի աղբյուրներ ուներ և ո՛չ էլ ոսկու հանքեր։

Վա՜յ հայ ժողովրդին, որ հայտնվել էր եվրոպական քաղաքականության ոստայնի մեջ։ Շատ ավելի լավ կլիներ, որ նրա անունը երբեք և ոչ մի եվրոպացի դիվանագետ չհիշատակեր։ Այնուամենայնիվ, հայ ժողովուրդը չէր կարող հույսը կորցնել։ Աշխատանքի լծված նա սպասում ու սպասում էր։ Նա այժմ էլ դեռ սպասում է»։

Ազգերի լիգայի հետևողական հրաժարականները Նանսենի ծրագրերը իրականացնելու համար տարօրինակ տպավորություն են ստեղծում։ Ի դեպ, լիգայի ներկայացուցիչները Նանսենի կոչերին այնպես էլ վճռականորեն «ոչ» պատասխանեցին։ 1927 թվականին Նանսենը ինքը հարցն ավելի կտրուկ դրեց. «Եթե ոչ մեկը ոչինչ չի ցանկանում զոհել հայերին տրված խոստումները կատարելու համար,— հայտարարեց Նանսենը,— ուրեմն Ազգերի լիգան այսուհետև անարժան է զբաղվելու հայկական հարցով։ Այդ պատճառով էլ նա Խորհրդից պահանջեց այլևս դադարեցնել Հայաստանով զբաղվելը։ Ծայրահեղ դեպքում ինքը ևս կհրաժարվի զբաղվել այդ գործով, քանի որ չի ցանկանում այլևս մոլորության մեջ գցել հայ ժողովրդին, և որ ինքը կարող է նրան մեկ այլ, ավելի լավ ծառայություն մատուցել և հրաժարվում է գլխավոր կոմիսարի պաշտոնից»։

Մեծ աղմուկ բարձրացավ։ Մեկը մյուսի հետևից ոտքի էին կանգնում մեծ տերությունների ներկայացուցիչներն ու Նանսենին խնդրում չդիմել այդ քայլին։ Նրանք այդպիսի քայլի չէին սպասում։ Խորհրդի անդամները գիտակցում էին, թե ինչպիսի կորուստ է Ազգերի լիգայի կազմից այնպիսի մարդու դուրս գալը, ինչպիսին Ֆրիտյոֆ Նանսենն է և երբեք չէին ցանկանա բանը դրան հասցնել։

Խորհուրդը միաձայն որոշում ընդունեց խնդրել Նանսենին՝ մեկ անգամ ևս դիմելու մեծ տերություններին՝ անհրաժեշտ փոխառությունը ստանալու համար։

Եվ այսպես, 1927 թվականի սեպտեմբերի 26-ին Նանսենը ազդեցիկ ելույթով դիմում է Ազգերի լիգայի անդամներին։ Արդյունքը լինում է այն, որ մի շարք տերություններ խոստանում են վարկ տալ, սակայն այս անգամ նույնպես Անգլիան ու Ֆրանսիան հրաժարվում են։ Նանսենը ստիպված գործը շարունակում է իր ձեռքի տակ եղած միջոցներով։ 1928 թվականին նա Հայաստանում տեղավորում է 7 հազար գաղթականների, իսկ 1929 թվականին համաձայնագիր է կնքում ևս 12 հազար մարդ տեղավորելու համար։ Այս հաջողությունը նրա համար մեծ երջանկություն էր։ Միևնույն ժամանակ նա արդեն տեղյակ էր պահել Ազգերի լիգայի խորհրդին, որ ինքը չի կարող կատարել լիգայի հանձնարարությունները, քանի որ մեծ տերությունների անտարբեր վերաբերմունքը իրեն խանգարում է անհրաժեշտ միջոցներ հայթայթելու համար։ Այդ պատճառով էլ նա ստիպված եղավ կրկին պահանջել, որ Ազգերի լիգան դադարի մասնակցություն ունենալ հայ գաղթականների հայրենադարձության գործին, այս անգամ նրա առաջարկությունը ընդունվեց։ Դա Նանսենի ապրած վերջին տարին էր Ժնևում։ 1930 թվականին, հորս մահից հետո, Լոնդոնում Արվեստի թագավորական ընկերությունը կազմակերպեց Նանսենի հիշատակին նվիրված հավաքույթ, որին մասնակցում էին Անգլիայի հայկական փոքրիկ գաղթօջախի ներկայացուցիչները։

«Առանց երկնչելու, չմտածելով անգամ իր մասին, Նանսենը ուսերին էր առել մի գործ, որը իր վրա վերցնել չհանդգնեց մեծ տերությունների ոչ մի պատվիրակ,— ասաց հայերի ներկայացուցիչը,— միայն նրանք, ովքեր մոտիկից առնչվել են հայկական հարցին, կարող են ըմբռնել խնդրի ողջ բարդությունը, հասկանալ, թե ինչպիսի ահռելի դժվարություններ է նա ստիպված եղել հաղթահարել և ինչպիսի անսահման համբերություն ու ինչպիսի նրբազգացություն է ցուցաբերել ամենաբարդ իրավիճակներում։ Ովքեր բախվել են այդ խնդրին, միայն նրանք են ի վիճակի հասկանալ, թե ինչպիսի մեծ պարտք ունի հատուցելու հայ ժողովուրդը Նանսենին։ Նա այնքան խորն էր ցնցված հայ ժողովրդի ողբերգության ու նրան վիճակված անարդարությունների պատճառով, որ հրաշալի գիտակցելով, թե ինքը ինչպիսի դժվարություններ ու անախորժություններ է ստիպված լինելու հաղթահարել, այնուամենայնիվ, ամբողջ հոգով իրեն նվիրեց հայ ժողովրդի դատին։ Նա ճշմարիտ փաստերը պարզ ու հստակորեն շարադրում էր Ազգերի լիգայի և մեծ տերությունների առջև։

Մենք՝ հայերս, միշտ կսիրենք ու կհարգենք նրան, խորին երախտագիտությամբ կխոնարհվենք նրա հիշատակի առջև, մարդու առջև, որին ինքը՝ ամենաբարձրյալն էր ուղարկել՝ ներկայացնելու ու պաշտպանելու մեր դատը։ Թող խաղաղություն իջնի նրա հոգուն անհունի մեջ, որտեղ մարդկային ոչ մի վիշտ չի խանգարի նրա սուրբ ու հավերժական հանգիստը»։

Ազգերի լիգայի նկատմամբ ունեցած Նանսենի հավատը հաճախ էր փորձության ենթարկվում, իսկ հայ ժողովրդին նա հավատում էր անսահմանորեն։ Նա հայերին միշտ ասում էր, որ նրանք հույսները պետք է դնեն միայն իրենց վրա։ 1925 թվականին, ճանապարհորդության ժամանակ հանդիպելով Պողոս Նուբար փաշային, Նանսենը նրան ասել է. «Մի կերպ մազապուրծ լինելով մինչև օրս մարդկության պատմության մեջ չտեսնված աղետից, ձեր ժողովուրդը սկսել է ծառ տնկել, ջրանցքներ ու հիդրոէլեկտրակայաններ կառուցել։ Ձեր ժողովուրդը իր հազարամյա պատմությամբ ու մշակույթով, իր անօրինակ արիությամբ ու անսովոր եռանդով ու աշխատասիրությամբ հարություն կառնի և կրկին կշենացնի իր երկիրը»։

Նանսենին չվիճակվեց տեսնել, թե որքան ճշմարիտ էին նրա խոսքերը։ 1955 թվականի մայիսի 13-ին, Նանսենի մահվան 25-րդ տարելիցի առթիվ, աշխարհի բոլոր երկրներից ժամանած հայերը ժնևում մեծ հանդիսություններ կազմակերպեցին։ Աշխարհի բոլոր հայկական գաղթօջախների դպրոցներում նույնպես հարգեցին «հայերի բարեկամի» հիշատակը, հայկական բոլոր թերթերը տպագրեցին նրա հիշատակին նվիրված հոդվածներ։ Ինչպես նաև լույս տեսավ Նանսենի մասին պատմող մի գիրք, որտեղ օգտագործված էին քաղվածքներ նրա հայկական արխիվից։

Արդեն ընդունվել է նաև Նանսենի հիշատակին Օսլոյում հուշարձան կանգնեցնելու հայերի առաջարկությունը։ Սակայն լավագույն հուշարձանը հորս հիշատակին՝ նրա նկատմամբ հայերի տածած հավերժական երախտագիտությունն ու սերն է։

Ռուսերենից թարգմանեց Արտաշես Յայլոյանը

You may also like...