Մայր Տաճար

Կառուցվել և օծվել է 303 թ. Ս. Գրիգոր Լուսավորչի և Ս. Տրդատ Մեծի կողմից: Տաճարի օծումը տեղի  է ունեցել Մարիամ Աստվածածնի փոխակերպման տոնին նախորդող շաբաթ օրը և անվանվել է Ս. Մարիամ Աստվածածին։ Այդ պատճառով Մայր Տաճարի հիշատակության օրը նշվում է Աստվածածնի փոխակերպման տոնին նախորդող շաբաթ օրը։ Մայր Աթոռի տարածքում են գտնվում Հայ Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնները ողջ աշխարհում, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Ն. Ս. Օ. Տ. Տ.  Գարեգին II-ի նստավայրը՝ Վեհարանը:
Մայր Աթոռի հուշարձանների և շինությունների մեծ մասը կառուցվել են XVII դարից սկսած: Սուրբ Էջմիածինը կոչվում է նաև «լույսով լուսավորված», քանի որ հիմնվել է երկնավոր Ճարտարապետի կողմից, որն իր լույսով լուսավորելով ուրվագծել է նոր եկեղեցին։
Չնայած Մայր Տաճարը դարերի ընթացքում բազմիցս ավերվել և վերակառուցվել է, Տաճարի ներկայիս տեսքը համապատասխանում է Լուսավորչի տեսիլքում լույսով ուրվագծված կառույցին:
Ըստ V դարի հայ պատմիչների վկայության՝ առաջին քրիստոնյա եկեղեցիները հիմնադրվել են հեթանոսական մեհյանների տեղում։ Մայր Տաճարը հիմնադրվել է հեթանոսական Արտեմիս աստվածուհուն նվիրված մեհյանի տեղում, որը, համաձայն Ս. Լուսավորչի տեսիլքի, ոսկե մուրճով հարվածելով մատնացույց է արել երկիր իջած Աստծու Միածին որդին։
Ողջ քրիստոնյա աշխարհում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի խաչաձև, քառախորան, քառասյուն և կենտրոնագմբեթ հորինվածքն ամենահին ավանդն է քրիստոնեական եկեղեցական ճարտարապետության մեջ։ Տաճարի յուրահատուկ ոճն ու կառուցվածքը տարածված էին Բյուզանդիայում և ողջ Եվրոպայում։
XVII դարում հայկական ճարտարապետությունը կատարելագործվել է. գոյություն ունեցող եկեղեցիներին ավելացվել են զանգակատներ։ 1654 թ. Փիլիպպոս Ա Աղբակեցի կաթողիկոսը պոլսահայ Անտոն Չելեբիի հովանավորությամբ ձեռնարկել է Մայր Տաճարի զանգակատան կառուցումը։ 1658 թ. հաջորդ՝ Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսն ավարտել է շինությունն ու օծել զանգակատունը։
Տաճարն ունի երեք մուտք. հիմնականը զանգակատան մուտքն է, մյուս երկուսը գտնվում են հյուսիսային և հարավային կողմերում։ Չորրորդ պատմական մուտքը գտնվել է արևելյան անկյունում, ուր այժմ պատ է։ Հին ժամանակներում այս դռան գոյության միակ ապացույցը դռան վերևում գտնվող կամարն էր։ Ըստ ավանդության՝ Տրդատն ու իր ընտանիքը տաճար էին մտնում այս դռնից։
Չկազմելով մշտական կառույցի մաս՝ կաթողիկոսական գահերը տաճարի ներսի հարդարանքի գլխավոր մասն են կազմում, որոնք Մայր Տաճարում երկուսն են։
Առաջինը գտնվում է բեմի դիմաց՝ խորանում, հյուսիսարևելյան սյան մոտ։ Այս գահը պատրաստվել և Ս. Էջմիածնին է ընծայվել 1721 թ. իզմիրահայերի միջոցներով։ Այն ծածկված է լայն գմբեթով՝ պատված մարգարիտներով ու ոսկով:
Երկրորդ գահը տեղադրված է հյուսիս-արևմտյան սյան մոտ։ 1696 թ. Հռոմի Ինոկենտիոս 13-րդ Պապն այն նվիրել է Նահապետ Ա Եդեսացի Կաթողիկոսին։
Տաճարի գմբեթները 
 
1682 թ. Եղիազար Ա Այնթապեցի կաթողիկոսը հյուսիսային և հարավային աբսիդների, ինչպես նաև Ավագ Խորանի վրա կառուցել է փոքր զանգակատան նման գնբեթներ։ Այսպիսով Մայր Տաճարի գմբեթները, զանգակատան հետ միասին դարձել են հինգը՝ յուրաքանչյուր խորանի վրա մեկական գմբեթ։ Որպես կենտրոնագմբեթ եկեղեցի, շինության գլխավոր գմբեթը գտնվում է կենտրոնում, իսկ մնացած չորսը խաչաձև տեղակայված են գլխավոր գմբեթի շուրջը։
Գլխավոր գմբեթը դրսից զարդարված է սյուներով և ունի տասներկու ճակատ ու տասներկու պատուհան։ Տասներկու ճակատներին պատկերված են 12 առաքյալների օվալաձև խորաքանդակները։
Չնայած Ս. Էջմիածնի միաբանության գերեզմանոցը գտնվում է վանքի հարավարևելյան մասում, XIX դարից սկսած նոր ավանդույթ  է դարձել Ամենայն Հայոց Կաթողիկոսներին հուղարկավորելը Մայր Տաճարի մուտքի առջև։

You may also like...