Մայր Աթոռի շինությունները

Կաթողիկոսարան (Վեհարան)

Վեհարանի շենքի կառուցումը սկսվել է 1910թ., հիմնարկեքը կատարվել է 1910թ. հունիսի 6-ին, կառուցումն ավարտվել է 1915թ.` Ալ. Մանթաշովի նվիրատվությամբ:
Ճարտարապետն է Փ. Զոհրաբյանը:
Շենքն ամբողջովին կառուցված է քարից, երկհարկանի է, որտեղ տեղակայված են կաթողիկոսարանի դիվանատունը, կաթողիկոսի նստավայրը, ընդունելության սրահները և թանգարանը:
Երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ 1996թ. շենքի ճակատային մասը զարդարվել է կաթողիկոսական խորհրդանշանի խորաքանդակով և նուրբ խորաքանդակային խաչերով` ավանդական խաչքարերի ոճով:
Վեհարանի առաջին հարկում Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական նստավայրն է, ընդունարանները, վարչական գրասենյակները: Երկրորդ հարկում գտնվում են գահասրահը, պաշտոնական ընդունելությունների սրահը, ինչպես նաև թանգարանները:

Մկրտարան

Մայր Տաճարի հարավային մասով ձգվում է մի երկար շինություն, որը կառուցվել է XVIII դարում Կաթողիկոս Ղազար Ջահկեցու օրոք (1737- 1751 թթ.) և կոչվում է նրա անունով` Ղազարապատ:
Շենքի կառուցման սկզբնական նպատակն է եղել առաջին հարկում տեղավորել և սնել Մայր Աթոռի միաբաններին, իսկ երկրորդ հարկում պետք է բնակվեին ճեմարանականները և Մայր Աթոռ եկած ուխտագնացները:
1974թ.  Ղազարապատն ամբողջովին վերանորոգվել է: Այժմ առաջին հարկի արևմտյան մասում գտնվում են սեղանատունը և խոհանոցը, որտեղ ճաշում են Մայր Աթոռի միաբաններն ու հյուրերը:
Մկրտարանը նաև օգտագործվում է հատուկ առիթների ժամանակ:
Շենքի արևելյան մասում գտնվող խոհանոցը փոխարինվել է Հովհաննես Մկրտչի անվան կամարաձև մատուռով և ծառայում է որպես մկրտարան:

Հին Վեհարան

Հին շենքը կառուցվել է 1738-1741 թթ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ղազար Ջահկեցու օրոք: Որպես վեհարան ծառայելէ մինչև 1962թ.: Թեև Վեհարանի նոր շենքը կառուցվել է 1910թ., սակայն բռնագրավված է եղել կոմունիստական կառավարության կողմից: Կաթողիկոսի նստավայրը, ընդունելությունների սրահը, գահասրահը (գեղասրահ), սեղանատունը և այլ սրահները հին վեհարանի երկրորդ հարկում են եղել:
Վերանորոգումից հետո 1968թ.-ից ի վեր Վեհարանի հին շենքը ծառայում է որպես կաթողիկոսական թանգարան: Պահպանելով հին Վեհարանի կառուցվածքը և կահավորումը՝ այստեղ ցուցադրվում են նաև մեր կաթողիկոսների կյանքը և գործունեությունը լուսաբանող փաստաթղթերը, նկարները և անձնական իրերը:

Ալեք և Մարի Մանուկյան Գանձատուն

Ալեք և Մարի Մանուկյան գանձատուն-թանգարանը բացվել է 1982թ. հոկտեմբերի 11-ին: Ճարտարապետն է Բաղդասար Արզումանյանը: Գանձատունն անվանվել է ամերիկահայ բարերարներ Ալեք և Մարի Մանուկյանների անունով, քանի որ կառուցվել է նրանց նվիրատվությամբ:
Երկհարկանի կառույցում տեղակայված են Հայ Եկեղեցու թանգարանային նմուշները և Գարեգին Ա Կաթողիկոսի անվան գրադարանը:
Գանձատուն-թանգարանի նմուշները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են բերվել հայկական տարբեր համայնքներից: Գանձատանը ցուցադրվում են բազմաթիվ արժեքավոր գեղավերստական նմուշներ, եկեղեցական և կիրառական արվեստի նմուշներ, խաչեր, սկիհներ, խորանի վարագույրներ, աջեր, մասունքներ, զգեստներ, ջահեր, խաչեր, հին հայկական գորգեր, կավե ամենաեղեն և փայտե փորագրություններ:
Այստեղ է պահվում նաև Սուրբ Աստվածածնի պատկերով նկարների հավաքածուն, որ ժամանակի ընթացքում կերտվել է պատմական Հայաստանի տարբեր շրջաններում:
Գանձատան առանձին սենյակում կարելի է տեսնել այն նվերները, որ Հայ Եկեղեցուն են նվիրել հյուրերը, այցելուները և հայ հավատացյալները` աշխարհի տարբեր ծայրերից:

Միաբանական շենք (Երեմյան խցեր)

Մայր Աթոռի միաբանական շենքը կառուցվել է 1889թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնիկաթողիկոսական տեղապահ Երեմիա եպիսկոպոս Գալուստյանի ջանքերով: Շենքը բաղկացած էմիաբանական խցերից, որտեղ ապրում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները: Այսշինությունը հայտնի է նաև Երեմյան խցեր անվամբ:

Միաբանական նոր շենք

Մայր Աթոռի տարածքում` Ղազարապատի հետնամասում, կառուցվել է վանատան նոր շենքը: Այն Լ-աձև մի կառույց է, որը միացել է գործող շենքին:
Հիմնարկեքը կատարվել է 2002թ. օգոստոսի 31-ին, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից:
Նոր շենքում բնակվելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները: Նոր շենքի կառուցումը հնարավոր է դարձել Միչիգանաբնակ Րիչարդ Մանուկյանի բարերությամբ: Ճարտարապետն է Ռուբեն Ազատյանը:
Երկհարկանի նորակառույց շինությունը ունի 73 սենյակ:

Սարկավագական կացարաններ

2001 թ. Մայր Տաճարի հարավային մասով ձգվող Ղազարապատի երկրորդ հարկն ամբողջովին վերանորոգվել է: Այստեղ այժմ ապրում են Մայր Աթոռի սարկավագները: Ապրիլի 25-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել  և պաշտոնապես բացել է նոր ննջարանները:
Վերանորոգումը կատարվել է ամերիկաբնակ բարերարներ Նազար և Արտեմիս Նազարյանների նվիրատվությամբ: Քսաներկու նոր սենյակները հարմարավետ կահավորված են, յուրաքանչյուրն ունի առանձին լոգարան:

Վանատուն

Մայր Աթոռի վանատունը եռահարկ շենք է, որ գտնվում է Սարկավագաց տան և մկրտարանի շենքի արևելյան կողմում: Վանատունը կառուցվել է 1978 թ.  Գալուստ Գուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ:
Շենքի ճարտարապետն է Բաղդասար Արզումանյանը: Վանատունն ունի միջին չափերի 28 սենյակ, որտեղ բնակվում են Մայր Աթոռ ժամանած հոգևորականները և հյուրերը: Այստեղ են բնակվում նաև Մայր Աթոռ այցի եկած այլ եկեղեցիների պատվիրակությունները:

Հին ճեմարան

Վանատան շենքի հյուսիսային մասում է  գտնվում 1911թ. կառուցված հին ճեմարանի շենքը:
Ճարտարապետն է Փ. Զուրաբյանը: Շենքը նախատեսված էր որպես Հայ Եկեղեցու ձեռագրատուն: Հայ եկեղեցու մեծաթիվ ձեռագրերը պահվում էին այստեղ մինչև Խորհրդային Միության ժամանակաշրջանը: Այդ ժամանակ հավաքածուն դուրս է բերվել Մայր Աթոռի տարածքից և տեղափոխվել Մ. Մաշտոցի անվան Մատենադարան:
1945-1997թթ. այս շենքում էր ճեմարանը: Այսօր գործում են Մայր Աթոռի վարչական կառույցները. «Էջմիածին» ամսագրի խմբագրությունը, «Շողակաթ» հեռուստաընկերությունը, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը, տեղեկատվական համակարգը, ինտերնետային գրասենյակը, օտարալեզու մամուլի գրասենյակը, ինչպես նաև ԷԿԼՕՖ-ի հայկական մասնաճյուղը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդի հայկական Կլոր Սեղան կազմակերպությունը:

Ժամացույցի աշտարակ

Ժամացույցի աշտարակը գտնվում է Մայր Աթոռի դարպասի հյուսիս-արևմտյան կողմի պատի վրա: Կառուցվել է 1959թ. երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսի օրոք: Ժամացույցի զանգերը հնչում են կես ժամը մեկ և յուրաքանչյուր ժամասկզբին: Ժամացույցի հարավային պատին փորագրված մի հուշատախտակ կա, որտեղ մանրամասներ կան շինության կառուցման մասին:

 

 

 

Տպարան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանը գործում է Մայր Տաճարի պարտեզի արևելյան կողմի երկհարկանի քարե շենքում: Շենքը կառուցվել է XIX դարավերջին (1888-1889 թթ.) Ամենայն Հայոց Կաթողիկոս Մակար Ա Տեր-Պետրոսյանի օրոք (1885-1891 թթ.): Սկզբում եղել է միհարկանի, երկրորդ հարկը կառուցվել է ավելի ուշ:
Երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի օրոք 1959-1962 թթ.  հայ-ամերիկյան համայնքի նվիրատվությամբ շենքն ամբողջովին վերանորոգվել է` համաձայն ճարտարապետ Ա. Գուլիկյանի ու ինժեներ Ա. Մատինյանի նախագծի: Այս ընթացքում տպարանը համալրվել է ժամանակակից նոր տպագրական սարքերով:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինն ամեն տարի հրատարակում է բազմաթիվ գրքեր, ինչպես նաև հրատարակություններ, կրթական գրքույկներ, որոնք նախատեսված են կիրակնօրյա դպրոցների, հայորդաց տների, բանտային և բանակային ծրագրերի ու թեմերի համար ընդհանրապես: Այստեղ տպագրվում են Մայր Աթոռի պաշտոնական շաբաթաթերթը, ամսագիրը և այլ պարբերականներ:

Վազգենյան Դարպաս

Վազգենյան դարպասի նախագծման և կառուցման ուղղությամբ քայլերն սկսվել են 1961թ. մարտից:
Մայր Աթոռի  ճարտարապետների հանձնաժողովը, նախագծի մշակումը ճարտարապետ Ա. Գալիկյանին հանձնարարելով, առաջադրանք էր տվել օգտագործել Հոռոմոսի վանքի հաղթակամարի՝ Ղոշերի ճատարապետական ձևերը:
Հավանության արժանացած նախագծում պարզեցման նպատակով որոշ փոփոխություններ են կատարվել կառուցման ընթացքում: Կառուցումն ավարտելուց հետո դռան վրա փորագրվել է հետևյալ արձանագրությունը.
«Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆՆ Տ. Տ. ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋՆՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
ՅԱՄԻ ՏԵԱՌՆ 1962 ԿԱՌՈՒՑԱՒ ԱՐԵՒԵԼՅԱՆ ԴԱՐՊԱՍՆ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ
ՍՐԲՈՅ ԷՋՄԻԱԾՆԻ, Ի ՎԱՅԵԼՈՒՄՆ ԱԶԳԻՍ ՀԱՅՈՑ»:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսի ջանքերով 2002թ. Մայրավանքի տարածքն ընդարձակելու և բարեկարգելու նպատակով Վազգենյան դարպասը Ս. Էջմիածնի արևելյան կողմից տեղափոխվել է հյուսիսային կողմը: Շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո դարպասի վրա փորագրվել է.
«Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆՆ Տ. Տ. ԳԱՐԵԳՆԻ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ Ի ՓՐԿՉԱԿԱՆ ԱՄԻՆ 2002 ԵՒ Ի ԹՈՒԻՆ ՀԱՅՈՑ ՌՆԾԱ, ՅԸՆԴԱՐՁԱԿԵԱԼՆ ՏԱՐԱԾԻՑ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՅՆ, ՀՐԱՄԱՆԱՒՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲՆ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ ԵՒ ԲԱՐԵՐԱՐՈՒԹԵԱՄԲՆ ԱՄՈԼԱՑ ՎՐԵԺԻ ԵՒ ԱՆԱՀՏԻ ՄԱՐԿՈՍԵԱՆ, ՈՐ ՅԱՊԱՐԱՆ ԱՒԱՆԷ, ՓՈԽԱԴՐԵՑԱՒ Ի ԴԱՐՊԱՍՆ ԱՐԵՒԵԼԵՆ Ս. ԷՋՄԻԱԾՆԻ ՎԱՆԻՑ Ի ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՂՄՆ՝ ՎԵՐԱՆՈՒԱՆԵԱԼ ՈՐՊԵՍ ԶՎԱԶԳԵՆԵԱՆ ԴԱՐՊԱՍ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՅ: ՎԱՐՁՍ ԵՒ ՇՆՈՐՀՍ ՊԱՐԳԵՒԵՍՑԷ ՏԷՐՆ ԲԱՐԵՐԱՐԱՑՍ ԵՒ ՕՐՀՆԵՍՑԷ ԶՀԱՄԱՅՆ ԳԵՐԴԱՍՏԱՆՆ ՆՈՑԱ ԱՄԵՆ»

Գարեգին Ա գրադարանի կառուցման վայրը

Մայր Աթոռի մուտքի մոտ պետք է գտնվի Եղիշե Մանուկյանի անվան ձեռագրատունը և Գարեգին Ա գրադարանը: Հայ Եկեղեցին ունի գրքերի, հոդվածների, հրատարակությունների, պատմական ու ընթացիկ հետազոտական փաստաթղթերի և հինավուրց ձեռագրերի մեծ հարստություն: Նորակառույց շենքը կլինի մեծ և հարմարավետ, ինչը հետազոտությամբ զբաղվողներին հնարավորություն կտա ավելի լավ և ամբողջական աշխատել իրենց ուսումնասիրությունների վրա:
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել է Մայր Աթոռի տարածքում տեղադրված հիշատակման քարը, որը ցույց է տալիս այն տեղը, որտեղ հետագայում պետք է գտնվի կենտրոնը:
Նոր շենքը կփոխարինի Մայր Աթոռի տարածքում գտնվող մեկ այլ կիսակառույց շենքի, որը համարվում է վթարային: Նոր շենքը կառուցվում է բարերարներ Վաչե և Թամար Մանուկյանների բարերարությամբ: Շենքը կանվանվի երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսի անունով` ի հիշատակ գրքերի ու գրականության բնագավռում նրա ունեցած ներդրման, սիրո ու նվիրվածության: Շենքը կկառուցվի Վաչե Մանուկյանի հանգուցյալ հոր` Հայ Եկեղեցու ազգային բարերար Եղիշե Մանուկյանի հիշատակին:

Համալսարանի հոգևոր ծառայություն

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Համալսարանական ուսանողների հոգևոր հովվությունը ստեղծվել է 2004թ. դեկտեմբերի 26-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ։ Հոգևոր հովվությունը համագործակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Երևանի գլխավոր բուհերի ուսանողական խորհուրդների հետ: Նպատակը բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների և Եկեղեցու միջև կապ ստեղծելն է՝ նրանց հոգևոր կարիքները հոգալու համար։ Միասնաբար ծրագրվում ու կազմակերպվում են դասախոսություններ, հանդիպումներ, արշավներ և այլ միջոցառումներ։
Հասցե` ք. Երեւան, ՀՀ Կորյունի 19 ա

«Սուրբ Ներսես Մեծ» բժշկական կենտրոն

«Սուրբ Ներսես Մեծ» բժշկական կենտրոնը գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, այն 1986թ. ստեղծված Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի իրավահաջորդն է: 1990 և 1991 թթ. ինստիտուտում գործող պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության բաժանմունքի անձնակազմը, թվով չորս բժիշկ (երկու պլաստիկ վիրաբույժ, երկու անեսթեզիոլոգ և տասը բուժքույր), մեկ տարվա ընթացքում ուսանել են ԱՄՆ Յեյլ համալսարանում: 1998թ. Հայկական Բարեգործական Ընհանուր Միության և USAID-ի միջոցներով հիմնվել է պլաստիկ, իսկ 2000թ.՝ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքները։
2000թ. կենտրոնը սեփականաշնորհվել է Հայկական Բարեգործական Ընհանուր Միության կողմից և մեկ տարի անց նվիրաբերվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ վերանվանվելով «Սուրբ Ներսես Մեծ» բշկական կենտրոն: Նվիրատվության շնորհիվ Հայ Եկեղեցին ընդլայնել է իր հասարակական ծառայության ոլորտը։ Բժշկական կենտրոնում տարեկան կատարվում է շուրջ 2000 վիրահատական միջամտություն, շուրջ 2300 հիվանդ անցնում է ախտորոշիչ ու լաբորատոր հետազոտություն:

ՙ

Հասցե` Ներսիսյան 19, Երևան, ՀՀ
Հեռ.` (010) 244-010,  (010) 242-006
Ֆաքս` (010) 242-816

Բարեգործական ճաշարաններ

1992թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ՀԲԸՄ-ի (Հայ Բարեգործական Ընդհանուր Միության) համագործակցությամբ և հովանավորությամբ հիմնել է Հայաստանի առաջին  բարեգործական ճաշարանը, որի նպատակն էր օժանդակել հասարակության ամենաանապահով խավին և փոքր ինչ մեղմել աղքատության օրեցօր աճող խնդիրները։
Հայաստանում բարեգործական ճաշարաններ գործում Երևանի Նորք-Մարաշ, Արաբկիր և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Էջմիածին, Սևան և Հրազդան քաղաքներում։
Ծրագրվում է ճաշարաններ հիմնել Վանաձորում և Երևանի Քանաքեռ-Զեյթում վարչական շրջանում։ Բարեգործական ճաշարանները գործում են Մայր Աթոռի հիմնած հայորդաց տներում, սակայն ունեն առանձին մուտք։

Բանակի հոգևոր ծառայություն

Հայ Եկեղեցու Բանակի հոգևոր հովվությունը ստեղծվել է 1997թ. նոյեմբերի 13-ին, երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսի և Վազգեն Սարգսյանի (ՀՀ պաշտպանության նախարար)  համատեղ նախաձեռնությամբ։
Ծառայության առաջին պատասխանատուն էր Տ. Վրթանես վրդ. Աբրահամյանը։ 1999թ. դեկտեմբերին ծառայության պատասխանատու է նշանակվել Տ. Արշեն աբղ. Սանոսյանը։ Այժմ այն գլխավորում է Տ. Վրթանես եպս. Աբրահամյանը։
Բանակի հոգևոր հովվությունը սկզբնական շրջանում ստեղծվել է հայոց բանակի սահմանապահ զորքերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի համար։ Որոշ տեղամասերում կառուցվել են մշտական մատուռներ, զորամասերի գրադարանները համալրվել են հոգևոր գրականությամբ, բաժանվել են Աստվածաշունչ, «Էջմիածին» ամսագիր և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Քրստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթ, հոգևոր բնույթի տարբեր գրքույկներ։
Հոգևոր ծառայողները դասախոսություններ են կարդում, զինվորների հետ զրույցներ անցկացնում, կազմակերպում են ուսուցողական ֆիլմերի ցուցադրումներ, ուխտագնացություններ, կատարում եկեղեցու խորհուրդները, ժամերգություններ և եկեղեցական այլ արարողություններ։
Ծառայության ծրագիրը ձևակերպված է պաշտպանության նախարարության կառուցվածքում։ Բանակի հոգևոր ծառայությունը սերտորեն համագործակցում է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Հունաստանի համանման ծրագրերի հետ։

Բանտերի Հոգևոր ծառայություն

Հայ Եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը ստեղծվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետության շրջանում, ՀՀ կառավարության և Հայ Եկեղեցու համատեղ ջանքերով։ Նորաստեղծ ծառայությունը համագործակցում է ՀՀ արդարադատության նախարարության հետ և գտնվում է նախարարության իրավասության շրջանակներում։
Ծրագրի նպատակն է հոգալ կալանավորների հոգևոր պահանջները։ Հայաստանն ունի 14 քրեակատարողական հիմնարկ, որոնցից առայժմ միայն վեցն են օգտվում ծրագրի ծառայություններից։ Ծրագրում ներգրավված են հինգ հոգևորական և Ս. Հռիփսիմե վանքի երկու միանձնուհի։ Միանձնուհիներն աշխատում են Հայաստանի կանանց և դեռահասների «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, որը նախատեսված է հանցագործություն կատարած կանանց և մինչև 18 տարեկան անչափահաս երեխաների համար։
Ծառայությունը փոխադարձ այցերով համագործակցում է Մեծ Բրիտանիայի նույնանուն կառույցի հետ:

Հայորդյաց տներ

1993թ. ՀԸԲՄ-ի աջակցությամբ և հովանավորությամբ Հայ Եկեղեցին սկսել է տնօրինել Երևանի տարբեր արվարձաններում՝ Նորքում, Արաբկիրում, Մալաթիայում գտնվող երեք շենքեր` նախկին պիոներական պալատները, որոնք վերանվանվում են Հայորդաց տներ։ Միանգամից կազմակերպվել են արտադպրոցական ծրագրեր, և երեխաներն սկսել են հաճախել կենտրոնները, որոնք, բացի կրթություն տալուց, նաև սոցիալական շփման միջավայր են ստեղծում։ Նախկին պիոներ պալատների որոշ մասնագետներ մնում են դասավանդելու Հայորդաց տներում, ուսուցչական կազմը համալրվում է հոգևորականներով։
1997թ. Հայաստանի կառավարությունը շենքերն իբրև սեփականություն պաշտոնապես հանձնել է Հայ Եկեղեցուն։ Նորին Սրբությունը սահմանում է «Հայորդաց տների հիմնադրամ»՝ կենտրոնների անխափան գուրծունեությունն ապահովելու համար։
1999թ. դեկտեմբերի 1-ին Նորին Սրբություն Գարեգին Բ կաթողիկոսի հրամանով Հայորդաց տներն անցել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԸԲՄ-ի ղեկավարության ու Հայորդաց տների Կենտրոնական գրասենյակի վերահսկողության տակ։ Հայորդաց տների հոգևոր տեսուչն է Տ. Կոմիտաս վրդ.  Հովնանյանը: Յուրաքանչյուր կենտրոն ունի առանձին Տնօրենների խորհուրդ, որն ուսումնասիրել և քննարկում է կենտրոնի կրթական, մշակութային և ընդհանուր գործունեությանն առնչվող հարցեր։
Բացի այս երեք կենտրոններից Քանաքեռում բացվել է մանրանկարչական արվեստի դպրոց։ Վերջերս կենտրոն է բացվել նաև Վաղարշապատում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հարևանությամբ։ Տեր և տիկին Հրաչ և Սուսան Թուֆայանների հովանավորությամբ մեկ այլ կենտրոն այժմ կառուցվում է Վանաձորում։
Հայորդաց տների հովանու ներքո գործում են հայորդաց տների հյուրատունը և Աղվերանի «Մասիս» հանգստյան տունը, Էջմիածին քաղաքի ծերերի գիշերօթիկ տունը, որը գտնվում է Էջմիածնի Վ. Կոստանյան փողոցում: Հաստատությունը կարող է ընդունել 40 տարեցների։
Բոլոր կենտրոններում ընդգրկված է 5-16 տարեկան ավելի քան 3000 երեխա և աշխատում է 320 հոգուց բաղկացած աշխատակազմ։ Բոլոր Հայորդաց տներում գործում են բարեգործական ճաշարաններ։
Հայորդաց տներն ունեն հոգևորական, որը պատասխանատու է ընդհանուր կրթության համար. քրիստոնեական դաստիարակությունը ծրագրի առանցքային կողմերից է, ամենօրյա ծրագրում ընդգրկված են դասեր Աստվածաշնչից, աղոթքի, Եկեղեցական տոների, խորհուրդների ու սրբերի մասին։
Բացի քրիստոնեական դաստիարակությունից, երեխաներն ունեն նաև կամընտրական դասաժամեր. նրանք կարող են հաճախել ասեղնագործության, ժանյակագործության, հելունագործության, մաքրամեի, հյուսքի, կարպետագործության, գորգագործության, գոբելենի, կարուձևի, փափուկ խաղալիքների պատրաստման և տիկնիկների ձևավորման, ավիամոդելի, նկարչության, մանրանկարչության, խեցեգործության, փայտագործության, քանդակագործության, անգլերենի, ժուռնալիստիկայի, թատերարվեստի, պարարվեստի (ժողովրդական, ժամանակակից և դասական), ազգագրական երգի ու պարի, երգչախմբի, նվագախմբերի (փողային և կամերային), դաշնամուրի, քանոնի, կիթառի, ջութակի, կրկեսի, կարատեի, ձյուդոյի, կունգֆուի և շախմատի խմբակներ։
Վերջերս ստեղծվել է համակարգչային լսարան, ուր սաները սովորում են համակարգչով աշխատելու հիմնական ծրագրերը։
2002թ. նոյեմբերից հրատարակվում է «Զվարթունք» (հրեշտակներ) պարբերականը, որը լույս է տեսնում երեք ամիսը մեկ, 1000 օրինակ տպաքանակով։ Այն ստեղծվել է ներկայացնելու համար հայորդաց տների գործունեությունը։

You may also like...