Մայր Աթոռի կառույցները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը աշխարհասփյուռ Հայ Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է: Որպես այդպիսին, այն իր հարկի տակ ունի տարբեր կառույցներ, որոնք իրենց ծառայությունն ենմատուցում աշխարհով մեկ սփռված թեմերին, եկեղեցիներին, հոգևորականությանն ու հավատացյալ ժողովրդին:

 Միջեկեղեցական հարաբերություններ

Էկումենիկ շարժման սկզբնավորման նախնական փուլում և ապա Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ձևավորումից հետո Հայ Առաքելական Եկեղեցին իր մասնակցությունն է բերել Էկումենիկ շարժմանը: 1962 թվականից ի վեր Հայ Առաքելական Եկեղեցին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գլխավորությամբ դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ), իսկ 1977 թվականից՝ Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսի (ԵԵԿ) պաշտոնական անդամ` հետագայում անդամակցելով տարածաշրջանային, ենթատարածաշրջանային, ազգային, միջեկեղեցական ու Էկումենիկ այլ կազմակերպությունների հետ:
Միջեկեղեցական հարաբերությունները կանոնավորելու և ավելի արդյունավետ դարձնելու նպատակով 1973թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանատանը կից կազմավորվել է Հայաստանյայց Եկեղեցու Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը: Երկար տարիներ Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը ղեկավարել են Գերաշնորհ Տ. Արսեն արք. Բերբերյանը, Գերաշնորհ Տ. Ներսես արք. Պոզապալյանը, իսկ Ամենայն Հայոց Գարեգին Ա Կաթողիկոսի գահակալության տարիներին՝ Հոգեշնորհ Տ. Միքայել ծ. վրդ. Աջապահյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ բաժինը 1999թ. վերակազմավորվել է և զբաղվում է Քույր Եկեղեցիների և օտար կրոնական կազմակերպությունների հետ մեր Եկեղեցու հարաբերություններն ընդարձակելու և համակարգելու խնդիրներով, ինչպես նաև կազմակերպում և ապահովում Հայ Եկեղեցու գործուն մասնակցությունն էկումենիկ շարժմանը: Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նպատակն է նաև աշխարհին ներկայացնել մեր Եկեղեցին՝ իր քրիստոնեական արժեքներով ու հոգևոր ժառանգությամբ:
Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը ԵՀԽ-ի, ԵԵԿ-ի, կրոնական և էկումենիկ կազմակերպությունների կողմից հրավիրված գիտաժողովներում ներկայացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսության շահերը: Բաժինը նաև ինքն է կազմակերպում նմանօրինակ միջոցառումներ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և օրհնությամբ, Ս. Էջմիածնում ու թեմերում:
Հայ Եկեղեցին ակտիվորեն մասնակցում է մի շարք աստվածաբանական երկխոսությունների, որոնց ընթացքում շոշափելի արդյունքներ են արձանագրվել հատկապես Ուղղափառ Եկեղեցիների հետ բանակցությունների արդյունքում:
Մեծ է Միջեկեղեցական հարաբերություների գրասենյակի դերը մեր Եկեղեցու և Ռուս Ուղղափառ, Ղպտի, Եթովպիական, Ռումին, Վրաց Ուղղափառ Եկեղեցիների հարաբերություններում հաջողությունների ձեռքբերման գործում:
1999թ. դեկտեմբերի 1-ից առ այսօր Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատուն է Գերաշնորհ Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը:

Կլոր Սեղանի Հայաստանյան գրասենյակ

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Կլոր Սեղանն էկումենիկ ծրագիր է, որը ստեղծվել է 1996 թ. Հայ Առաքելական Եկեղեցու, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի համատեղ նախաձեռնությամբ և Հայ Կաթոլիկ ու Հայ Ավետարանական Եկեղեցիների մասնակցությամբ։

Կլոր Սեղանի Հայաստանյան գրասենյակի նպատակն է աջակցել բարեգործական, գյուղատնտեսական, կրթական, մշակութային ու հասարակական ծրագրերի իրականացմանը։
Հիմնված լինելով Աստվածաշնչյան դիակոնիա (ծառայություն) և կինոնիա (համակեցություն) հասկացությունների վրա՝ այն առաջադրում է մի ենթահող, ուր համագործակցում են տարբեր ոլորտներ։ Ստեղծված համագործակցությունների արդյունքում իրականացվում են ծրագրեր և ձեռնարկներ, որոնք համապատասխանում են Հայաստանի Կլոր Սեղանի Ծրագրի նպատակներին՝ կրթության, հասարակական ծառայության, գյուղատնտեսության և համայնքների զարգացման ոլորտներում։
Հայաստանի Կլոր Սեղանի ծրագրում ներգրավված են հետևյալ եկեղեցիներն ու համագործակիցները`

  • Հայ Առաքելական Եկեղեցի
  • Հայ Կաթոլիկ Եկեղեցի
  • Հայ Ավետարանական Եկեղեցի
  • Հայաստանի տեղական կառավարման մարմիններ և ոչ կառավարական (հասարակական) կազմակերպություններ
  • Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդ
  • Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին կից միջազգային եկեղեցական գործակալություններ
  • Կաթոլիկ Եկեղեցուն կից միջազգային եկեղեցական գործակալություններ:

Իր գործունեության ընթացքում Հայաստանի Կլոր Սեղանն իրագործել է ավելի քան 150 ծրագիր՝ կրթության, հասարակական ծառայության, գյուղատնտեսության և սոցիալական դիակոնիայի ոլորտներում։

Հայաստանյան Էկումենիկ Եկեղեցական Փոխատվական Ֆոնդ

«Հայաստանյան Էկումենիկ Եկեղեցական Փոխատվական Ֆոնդը» (ՀԷԵՓՖ) հիմնադրվել է 2002 թ. Ժնևում (Շվեյցարիայում ECLOF International-ի կողմից) Հայ Առաքելական Եկեղեցու նախաձեռնությամբ, Քույր Եկեղեցիների՝ Հայ Կաթոլիկ և Հայ Ավետարանական Եկեղեցիների մասնակցությամբ:
«Էկումենիկ Եկեղեցական Փոխատվական Հիմնադրամը (ECLOF International) շահույթ չհետապնդող էկումենիկ կազմակերպություն է` հիմնադրված 1946թ. ժնևում (Շվեյցարիա)։
ՀԷԵՓՖ-ը վավերացվել է «Միջազգային էկումենիկ Եկեղեցական Փոխատվական Հիմնադրամի» Գործադիր Կոմիտեի 2002թ. հոկտեմբերի 4-ի թիվ 3 որոշմամբ և 2002թ. նոյեմբերի 5-ին գրանցվել է Հայաստանի Հանրապետությունում։
ՀԷԵՓՖ-ը շահույթ չհետապնդող, աջակցության քրիստոնեական կազմակերպություն է, որն առաջնորդվում է սոցիալական, հոգևոր, մշակութային և զարգացման նպատակներով, աջակցում է փոխատվության ծրագրերին՝ հասարակության զարգացման խթանման համար։ ՀԷԵՓՖ ՓՀ-ն իր առաքելությունն իրագործում է՝ օրենքի պահանջներին համաձայն աջակցելով «արդարացված պայմաններով» փոխառության ծրագրերին.

  • Գործունեության այն տեսակներին, որոնք թույլ են տալիս հասարակության աղքատ  մեկուսացված խմբերին բարելավել իրենց սոցիալ-տնտեսական պայմանները, ամրապնդել իրենց ինքնությունն ու սեփական ուժերի հանդեպ վստահությունը։
  • Այն հաստատություններին, որոնք կնպաստեն աղքատ խավի համար նոր աշխատատեղերի ստեղծման գործընթացին:
  • Այն խմբերին, որոնց համար ֆինանսական այլ հաստատությունների ծառայությունները մատչելի չեն, քանի որ վերջիններիս կողմից դիտվում են որպես անվճարունակ հաճախորդներ:
  • Կարիքավոր Եկեղեցիներին և Եկեղեցուն հարակից հաստատություններին, որոնք իրականացնում են սոցիալական ծրագրեր։

ECLOF Փոխատվական Հիմնադրամի ծրագրերն իրականացվում են ՀՀ Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի, Արարատի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում: Հիմնադրման օրվանից մինչ այսօր Հիմնադրամն աջակցել է 433 փոխատվական ծրագրերի, որոնցում ներգրավված են 4840 փոխառուներ։ Հիմնական փոխատվությունների գործընթացը և նյութական օգնությունն ապահովում է մայր գրասենյակը` Ժնևի ԷԵՓՀ Միջազգայինը։
Այսօր ՀՒԵՓՖ ՓՀ-ն սերտորեն համագործակցում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա թեմերի, Հայ Կաթոլիկ Եկեղեցու, Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու, Միավորված Ազգերի Կազմակերպության, UMCOR, ICCO (Նիդերլանդներ), Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանին նվիրված Կլոր Սեղանի, (Բեյրութ), Business Consult, Alpha Plus Consulting, AFDI (Ֆրանսիա), «Իզմիրլյան հիմնադրամի» (Շվեյցարիա), «Հայկակական զարգացման բանկի», «Հայներարտբանկի», «Հայխնայբանկի», Cascad-ի, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կառույցների, Հայաստանում գործող միջազգային և հասարակական կազմակերպությունների, նույն նպատակները հետապնդող տեղական և արտասահմանյան այլ կազմակերպությունների հետ։
Այժմ ՀԷԵՓՖ Փոխատվական Հիմնադրամի տնօրենն է Տիար Տիգրան Սուրենի Հովհաննիսյանը: Հիմնադրամի կառավարման գերագույն մարմինն է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, որի նախագահն է գերաշնորհ Տեր Տաթեւ Արք. Սարգսյանը։ ՀԷԵՓՖ Փոխատվական Հիմնադրամի գլխավոր գրասենյակը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում՝ Միջեկեղեցական մասնաշենքում, քանի որ տարածքը տրամադրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը։

Տեղեկատվական համակարգ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը հիմնվել է 1994թ. դեկտեմբերին։ Բաժինը նախապես կոչվել է մամլո դիվան: Հիմնադիրն էր կաթողիկոսական տեղապահ, Երուսաղեմի Հայոց պատրիարք Տ. Թորգոմ արքեպս. Մանուկյանը։
2000թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ մամլո դիվանը վերակազմավորվել է, անվանափոխվել տեղեկատվական համակարգի։ ՏՀ ներկայիս տնօրենը Արժանապատիվ Տ. Վահրամ քհն. Մելիքյանն է, որը համակարգում է լրագրողների, թարգմանիչների և լուսանկարիչների աշխատանքը:
Տեղեկատվական համակարգի հիմնական նպատակն է համապարփակ տեղեկատվություն հաղորդել Հայաստանի և Սփյուռքի ԶԼՄ-ներին Ամենայն Հայոց Հայրապետի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեության վերաբերյալ: ՏՀ-ն հայերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներով տեղեկատվություն է տարածում Հայաստանի և Սփյուռքի շուրջ 200 լրատվամիջոցների, Հայ Եկեղեցու թեմերին, սփյուռքահայ ազգային կառույցներին, անհատների, ապահովում է եկեղեցականների մշտական ներկայություն ԶԼՄ-ներում, կազմակերպում` կրոնական դասընթացներ լրագրողների համար ։
2000 թվականից հրատարակվում է ՏՀ «Մայր Աթոռ» եռամսյա անգլերեն տեղեկատուն:, որի հիմնադրման նպատակն էր ներկայացնել Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, նրա պատմական առաքելությունն ու ներկայիս գործունեությունը:

Հրատարակչական կենտրոն

Կենտրոնը հրատարակում է գրականություն հավատացյալների համար։ Լույս են տեսնում նաև ուսուցողական քարոզթերթիկներ կիրակնօրյա դպրոցների, հայորդաց տների, բանտերի և բանակի հոգևոր ծառայության կողմից իրականացվող ծրագրերի, առհասարակ թեմերի համար։

«Ալեք և Մարի Մանուկյան Գանձատուն»

«Ալեք և Մարի Մանուկյան Գանձատուն» թանգարանի բացումը տեղի է ունեցել 1982 թ. հոկտեմբերի 11-ին: Գանձատան շենքը հայ նորագույն շրջանի ճարտարապետության լավագույն կառույցներից է, հեղինակն է ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը: Գանձատունը կառուցվել է հայ մեծանուն բարերարներ Ալեք և Մարի Մանուկյանների բարերարությամբ: Թանգարանը ժամանակավորապես ծառայում է նաև իբրև «Գարեգին Ա աստվածաբանական-հայագիտական կենտրոնի» շենք։
Գանձատան սրահներում ցուցադրվում են բազմաթիվ գեղարվեստական արժեքներ` խաչվառներ, խորանի վարագույրներ, աջեր, մասունքի պահարաններ, ծիսական հանդերձանք, կանթեղներ, զանազան խաչեր, գավազաններ, հնագույն հայկական գորգեր, խեցեղեն և փայտյա ստեղծագործություններ: Գանձատան արժեքավոր նմուշներից են ձեռագիր մատյանները՝ մանրանկարներով և արծաթակոփ, նրբազարդ կազմերով:
Այստեղ է պահվում նաև պատմական Հայաստանի տարբեր շրջաններում ու տարբեր ժամանակներում ստեղծված Աստվածամոր պատկերների հավաքածուն:

Մայր Տաճարի թանգարան

Մայր Տաճարի թանգարանը գտնվում է տաճարի հարավ-արևելյան մասում, կառուցել է 1869թ. Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը՝ Ռուսաստանի հայ համայնքի միջոցներով։ Շինությունը ձգվում է Մայր Տաճարի Ավագ Խորանի ողջ լայնությամբ՝ հարավային և արևելյան կողմերով։ Թանգարանում պահվում են սրբազան մասունքներ և կրոնական արվեստի ուրույն նմուշներ, բազմաթիվ մասնատուփեր։ Թանգարանում պահվող սրբազան գանձերից են Ս. Գեղարդը (որով խոցել են Քրիստոսին և որը պահվում է արծաթե մասնատուփի մեջ), Նոյյան Տապանի մասունքը, որն ամփոփված է 1698 թ. պատրաստված մասնատուփում, Խոտակերաց Սուրբ Նշան մասնաց պահարանը՝ Հիսուս Քրիստոսի ս. Խաչափայտի մասունքներով (914-929թթ.), Աշոտ Երկաթի մասնատուփով խաչը, որի մեջ պահվում է Քրիստոսի խաչափայտից մի մասունք (այն գոյություն ունեցող թափորի խաչերից ամենահինն է),
Անիի Հովհաննես-Սմբատ արքայի լեռնային բյուրեղից պատրաստված խաչը, Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների աջերը, Անդրեասի, Ս. Գևորգի մասունքները, Հավուց Թառ եկեղեցու Ամենափրկիչը, Կոմիտաս վարդապետի խույրը, Ստեփանոս Լեհացու, Վարդգես Սուրենյանցի կտավները և արվեստի այլ արժեքավոր նմուշներ։
Ցուցադրվող նմուշները նաև պատմում են Սփյուռքի մասին, քանի որ դրանցից շատերը ներկայացնում են այն տարածաշրջանները, որտեղից բերվել են։
Բացի ցուցասրահներից, թանգարանի այցելուների առջև բացվում է հետաքրքիր տեսարան, որը գտնվում է Տաճարի Ավագ Խորանի տակ։
1958թ. Ավագ Խորանի վերանորոգման նպատակով կատարված աշխատանքներին զուգընթաց, տեղի ունեցած հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են 301-303 թթ. Գրիգոր Լուսավորչի հիմնած Խորանի մնացորդները։ Ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանի ղեկավարած պեղումների ժամանակ հայտնաբերվել է նաև հեթանոսական շրջանի կրակարան, որի վրա կառուցվել է Խորանը։ Բացի դրանից, հայտնաբերվել է ևս մի խորան՝ սյունաձև հիմքով, բեմով և Խորանի հիմնաքարով, որը կառուցվել էր հինգերորդ դարում՝ Վահան Մամիկոնյանի կողմից։

Հին վեհարան

Հին կաթողիկոսարանը, Մայր Աթոռի ամենաուրույն թանգարաններից է, կառուցվել է Ղազար Ջահկեցի կաթողիկոսի օրոք և իբրև գործող վեհարան  ծառայել է 20 կաթողիկոսների համար։ Չնայած նոր Հայրապետական նստավայրը կառուցվել է 1910թ.,  սակայն այն բռնագրավվել է խորհրդային իշխանությունների կողմից, և մինչև 1962թ. հին շենքն իբրև կաթողիկոսարան է գործել։
Շենքի վերականգնողական աշխատանքները վերսկսել են 1968 և 1971 թթ., և այն վերածվել է կաթողիկոսական թանգարանի։ Թանգարանը նվիրված է 1738-1962թթ. գահակալած բոլոր կաթողիկոսներին՝ Խրիմյան Հայրիկ, Գևորգ Դ, Ե, Զ, Ներսես Աշտարակեցի և Վազգեն Ա հայրապետներին։
Հին Վեհարանի երկրորդ հարկում  գտնվում է ընդունարանը, գահասրահը, որ կոչվում է նաև Ծաղկյա դահլիճ, կաթողիկոսի պաշտոնական գրասենյակը, կաթողիկոսական բնակարանը, սեղանատունը և այլ օժանդակ սենյակներ:
Այժմ թանգարանը բաց չէ հանրության առջև, քանի որ ցուցադրության համար նախատեսված իրերն ու փաստաթղթերն անհրաժեշտ է պահել համապատասխան պայմաններում:

Վեհարան

Կաթողիկոսարանի թանգարանը գտնվում է հայրապետական նստավայրի վերևի հարկում։ Շենքը Ամենայն Հայոց Հայրապետի նստատեղին ու պաշտոնական գրասենյակն է:
Վեհարանի շենքի հիմնարկեքը կատարվել է 1910թ. հունիսի 10-ին, կառուցումն ավարտվել է 1915թ. ազգային մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշովի նվիրատվությամբ ու  ճարտարապետ Պ. Զոհրաբյանի նախագծով:
Այստեղ են գտնվում  Կաթողիկոսության վարչական գրասենյակները, Հայրապետի բնակարանը, ընդունարանն ու թանգարանը։
1957-1962 թթ. այն հիմնովին վերանորոգվել ու վերակառուցվել է ամերիկահայ բարերարներ տեր և տիկին Ալեք և Մարի Մանուկյանների նվիրատվությունների շնորհիվ։ 1962 թվականից մինչ օրս ծառայում է իբրև Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական նստավայր։
Նոր Վեհարանի շենքի բացման առիթով Վազգեն Ա Հայրապետը շենքի երկրորդ հարկում հիմնել էր մի փոքրիկ պատկերասրահ, ուր ներկայացվում էին հռչակավոր հայ նկարիչների՝ Հովհաննես Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Գառզուի, Էդգար Շահինի, Զ. Մութաֆյանի, Ժանսեմի և այլոց կտավները, որոնք պատմության ընթացքում նվիրվել էին Հայ Եկեղեցուն։ Ռուս և արևելաեվրոպացի նկարիչների գործերը զետեղված են մեկ ուրիշ սրահում, ուր կա նաև թանկարժեք ռուսական սրբապատկերների հավաքածու։
Թանգարանի ամենից ուշագրավ ու հետաքրքիր գեղարվեստական գործերն են ոսկեկուռ մեծ խաչն ու հայկական ոսկետառ և ադամանդազարդ այբուբենը, որը զարդարում է 80 x 130 սմ չափերի օնիքսյա տախտակի հղկված հարթությունը։ Խաչն ու այբուբենը պատրաստվել են Վազգեն Ա Հայրապետի պատվերով, ոսկերիչ Ժիրայր Չուլոյանի ձեռքով և ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով։

Գարեգին Ա Աստվածաբանական հայագիտական կենտրոն

«Գարեգին Ա» Աստվածաբանական-հայագիտական կենտրոնը  գտնվում է  Վեհարանի տարածքում, «Ալեք Մանուկյան» Գանձատան շենքի ձախ կողմի առաջին և երկրորդ հարկերում։
Կենտրոնը հիմնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2000թ. հունիսի 26-ին։ Գարեգին Բ Վեհափառը հիմնադրելով այն՝ իր առջև նպատակ է դրել Էջմիածնում ստեղծել հայագիտական-աստվածաբանական հետազոտություններով զբաղվող գիտական ինստիտուտ։
Կենտրոնի նպատակն է նպաստել Հայաստանում գոյություն չունեցող որոշ գիտաճյուղերի զարգացմանը (Աստվածաբանական ու մեկնողական բնագրերի ուսումնասիրություն ու հրատարակություն, կաթողիկոսական դիվանատան գործունեության հետազոտություն և վավերագրերի լիակատար արխիվի ստեղծում, հայ միջնադարյան կանոնական գրականության հետազոտություն և այլն)։
Կենտրոնի տնօրենն է պ.գ.դ. Ազատ Բոզոյանը:
Կենտրոնի գրքերի թիվն այսօր շուրջ 25000 միավոր է։ Կենտրոնն ունի շուրջ 200 կտոր հնատիպ գրականություն, որոնցից ամենահինը Կղեմոս Գալանոսի եկեղեցու պատմության մասին աշխատությունն է։ Գրադարանում պահվող ամենահիշարժան գործերից է հայերեն Աստվածաշնչի 1666թ. առաջին հրատարակությունը։ Ամենահին ձեռագիրը 1183թ. Դրազարկում՝ Կիլիկիայում գրված Ավետարաններից մեկն է։ 2002թ. գրադարանի գրքացանկը համալրվել է ևս 1000 անուն (միավոր) փաստաթղթերով, գրքերով և այլ նյութերով։
Այժմ կենտրոնի առջև խնդիր է դրվել ստեղծել հայ միջնադարյան կանոնական գրականություն և Հայոց կաթողիկոսական վավերագիր ժառանգությունը հետազոտող գիտական կառույց:

Թանգարաններ

Դարերի ընթացքում տարբեր վանքերից բազմաթիվ մասունքներ են բերվել Սուրբ Էջմիածին, որոնցից կարևոր նշանակություն ունեն երեքը՝ Սուրբ Գեղարդը, Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը, Ս. Նոյյան Տապանից մի բեկոր:
Մայր Աթոռի ավանդական սուրբ մասունքները, արվեստի շատ գործեր և պատարագի արարողության ժամանակ օգտագործվող պարագաները պահվում են Մայր Տաճարի արևելյան սրահներում ու գավիթներում՝ Բեմի հետևում:
Ռուսաստանի հայոց թեմի միջոցներով Գևորգ IV Կաթողիկոսը 1869թ. այս սրահներին կից կառուցել է թանգարան և գավիթներում պահվող իրերը տեղափոխել է այնտեղ:
Հետագա տարիներին Մայր Աթոռը հարստացել է նվիրատվություններով, ուստի անհրաժեշտություն էր առաջացել ստեղծել նոր թանգարան, որը կառուցվել է 1982թ. Ալեք Մանուկյանի ջանքերով ու միջոցներով և կոչվել է Ալեք և Մարի Մանուկյանների անվան Գանձատուն:

Քրիստոնեական դաստիարակության կենտրոն

Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը բացվել է 1996թ. նոյեմբերի 22-ին։ Հիմնադրվել է երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսի օրոք, սակայն գործունեությունը սկսել էր դեռևս 1991 թ.` երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսի օրոք:
ՔԴԿ-ն զբաղվում է Ավետարանի քարոզչությամբ և  հասարակության լայն շրջաններում կրոնական, ծիսական, եկեղեցագիտական գաղափարախոսություն քարոզմամբ ու տարածմամբ, ինչպես նաև կազմակերպում է մանուկների, պատանիների ու երիտասարդության կրոնական կրթության և դաստիարակության համակարգված աշխատանքները, հրատարակում հանրամատչելի կրոնական գրականություն, օժանդակում թեմական քրիստոնեական դաստիարակության հանձնախմբերին՝ իրագործելու ծրագրեր և ձեռնարկներ:
ՔԴԿ-ն իրականացնում է քարոզչություն՝ համաձայն Հայ Եկեղեցու վարդապետության, կազմակերպելով Ս. Գրոց ուսուցում՝ հրատարակությունների և կենդանի քարոզչության միջոցով: ՔԴԿ-ն մշակում և անցկացնում է լսարանային հաղորդումներ, հաղորդաշարեր, դասախոսություններ՝ ռադիոյի, հեռուստատեսության և այլ լրատվական միջոցներով, պատրաստում և վերապատրաստում է կրթական ծրագրեր ու դասագրքեր կիրակնօրյա վարժարանների, նախադպրոցական հիմնարկների, հանրակրթական դպրոցների, բուհերի համար, հովանավորում է Էջմիածնում գործող կիրակնօրյա վարժարանները և ղեկավարում դրանց աշխատանքները:
Կենտրոնի վարիչ-տնօրենն է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը:
Կենտրոնը մուտք է գործել նաև հեռուստաեթեր. բացվել են «Խորան Լուսոյ», «Սիրեցեք զմիմյանս» և այլ հեռուսաշարեր։ Սակայն ՔԴԿ-ի գործունեության այս ոլորտները հետագայում փոխանցվել են Մայր Աթոռի այլ կառույցների՝ «Շողակաթ» հեռուստաստուդիային և Հայ Եկեղեցու Էջմիածնի հայորդաց տներին` ՔԴԿ-ի հսկողության ներքո:
Հրատարակում է «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթը:
Կենտրոնն անմիջականորեն պատասխանատու է Էջմիածին քաղաքում գործող 4 կիրակնօրյա՝ «Ս. Գր. Լուսավորիչ», «Ս. Աստվածածին», «Ս. Հռիփսիմյանց», «Ս. Թարգմանչաց» դպրոցների համար, որտեղ դասավանդում են կրոնի 16 ուսուցիչներ:
2002թ. Հայ Եկեղեցու առաջարկով և հետևողականությամբ ՀՀ Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների IV-X դասարանների ուսումնական ծրագրերում պարտադիր դարձնել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան:
2003-2004թթ. ուսումնական տարում IV-VIII դասարանների ուսումնական ծրագիր է ներմուծվել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան: ՔԴԿ պատասխանատու է աշակերտների և ուսուցիչների համար դասագրքերի, ուսումնական ձեռնարկներ, օժանդակ նյութեր պատրաստելու, հրատարակելու և բաժանելու համար։ Կազմակերպվում են նաև ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ։ Ծրագրի առաջնահերթ խնդիրն է ներկայացնել Հայ Եկեղեցու դերն ու նշանակությունը հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում` թե՛ անցյալում և թե՛ այսօր։

You may also like...