Մահվան քարավաններ

Անրի Բարբին (ֆրանսիացի լրագրող)
(Հատված «Նահատակվող Հայաստանը» գրքից)
«Սովետական Հայաստան», 1985, թիվ 4

Հնգօրյա հոգնեցուցիչ ճանապարհից հետո վերջապես իմ առջև բացվեց բարձունքներին թառած Էրզրումը մայրամուտի վարդագույն շողերով ոսկեզօծված մինարեթների գմբեթներով, մզկիթների սրածայր ասեղներ հիշեցնող գագաթներով։ Հեռվում ճահճաշատ հարթություն է, որտեղով հոսում է Կարասուն՝ Եփրատի վտակներից մեկը։ Այստեղից էլ ես կսկսեմ իմ պատմությունը սարսափների, բոլոր այն հանցագործությունների մասին, որոնց զոհն ու թատերաբեմը դարձավ Հայաստանը այս պատերազմում։

Երբ Թուրքիան վերջապես միացավ Գերմանիային և Ավստրո-Հունգարիային, օսմանյան կառավարությունը պետության մյուս հպատակների թվում հավաքագրեց նաև հայերին։ Հենց սկզբից, Սարիղամիշի ճակատամարտից հետո, որտեղ թուրքերը ռուսներից պարտություն կրեցին, նրանք մեղքը բարդեցին հայերի վրա, հաշվի չառնելով պարտության իսկական պատճառները։ Թուրքի առաջին գործը եղավ նախ հայ զինվորներին հեռացնել ռուսական սահմանից և հետո, 1915 թ. մարտին, զինաթափել և թիկունք ուղարկել ամրաշինական աշխատանքներ կատարելու համար։

Թուրք քարոզիչներն ու մոլեռանդները ջանադիր կերպով բանակին ու ժողովրդին տրամադրում էին հայերի դեմ։ Հետևանքը եղավ մտավորականության ոչնչացումը։ Սակայն մարդասպանների համար դա դեռ սկիզբ էր։ նրանք ամեն գնով ձգտում էին հայերին հրահրել հակակառավարական որևէ միջադեպի և դա օգտագործել իրենց մարդակերական նպատակները իրագործելուն։ 1877—78 թթ. ռուս-թուրքական պատերազմում զոհված ռուս զինվորների հիշատակին հայերը քաղաքում հուշարձան էին կանգնեցրել։ Թուրքական կառավարությունը գիտեր, որ հայերը առանձին հարգանք ու սեր են տածում դեպի այդ հուշարձանը։ Հրամայվում է անհապաղ քանդել հուշարձանը։ Բնակչության և եպիսկոպոսարանի բոլոր բողոքները իզուր են անցնում… Դրան հաջորդում է նոր հրաման. հայերը պետք է ազատեն իրենց տները. դրանք, իբր, պետք է վերածվեն հիվանդանոցների ու զինվորական հոսպիտալների։ Որտե՞ղ էին ապրելու նրանք, զրկվելով սեփական տներից…

1915 թվականի ապրիլի 18-ին քաղաքից դուրս, տեղի մուսուլմանների հավաքում Հաջի անունով մեկը կարողացավ ամենքին համոզել, որ քանի դեռ կա մեկ հայ, «լուսնի մահիկը» չի հաղթանակի։

Սարսափած, անպաշտպան հայերն ընկնում են Էրզրումի վալի Քեմալ փաշայի ոտքերը։ Փաշան հայտարարում է, թե ինքը կարեկցում է հայերին, բայց ոչինչ անել չի կարող։ Նա խորհուրդ է տալիս հայ հոգևորականությանը թողնել և ինքնակամ հեռանալ քաղաքից. իբրև հայ հոգևորականությունն է մեղավոր, և հեռացումը կհանգստացնի մուսուլմաններին։ Ի դեպ, դժբախտ հայերը դիմել էին նաև գերմանական հյուպատոսին, բայց նա էլ նույնն էր պնդել։

Եվ այսպես, մշտական սարսափների մեջ անցնում էին օրերը։ Մայիսին այստեղ են հասնում Վանի ինքնապաշտպանության մասին լուրերը, և այդ պահից արդեն հայերը փրկության ոչ մի հույս ունենալ չէին կարող։ Շրջափակված լինելով թուրքերով և քրդերով, հարևան գավառներում ապրող հայերն ապահովություն էին փնտրում Էրզրումում։ Բայց նրանց արգելված էր քաղաք մտնել։ Թուրքերը ծրագրել էին Էրզրումի և նրա շրջակայքի ամբողջ հայ ազգաբնակչությանը քշել Միջագետք։ Նրանք ճգնում էին դժբախտ հայերին ներշնչել այն միտքը, որ այդ միջոցառումները ձեռնարկում են իրենց իսկ ապահովության համար։ Գործողությունների իսկական նպատակը, սակայն, բոլորովին այլ էր` դյուրին դարձնել հայերի կոտորածը, ամենքին տեղահանել քաղաքից։

Հավաքի համար տրված էր 15 օր։ Տեղահանվող հայերը 15 օրվա մեջ պետք է հասցնեին վաճառել իրենց ունեցվածքը, և դժվար չէր կանխատեսել այն խղճուկ գները, որոնցով հայերը վաճառելու էին իրենց ունեցվածքը։ Հայերն իրենց ունեցվածքի մեծ մասը պահ էին տալիս եպիսկոպոսարանին, և եկեղեցիները վերածվել էին իսկական պահեստների։ Բացի դրանից 800 հակ տեղավորված էր ամերիկյան հյուպատոսարանում, իսկ 500-ը պահ էր տրված մի ամերիկացու՝ դոկտոր Քեսսին։

Տրված ժամկետը սպառվեց։ Եվ ահա 1915 թ, հունիսի 16-ի գիշերը թուրքերը հայերին զենքի ուժով արթնացրեցին և հավաքեցին մի տեղ, նախօրոք կանանց բաժանելով տղամարդկանցից: Հետո եկավ շարժվելու հրամանը, սկսվում էր դժբախտ հայերի վերջ չունեցող թափառումների արյունոտ ճանապարհը։ Թույլերը մնում էին կես ճանապարհին, սկսվեց սովը։ Մի քանի օր անց հայտնված քրդական խմբերը գայլերի պես հարձակվում էին անպաշտպան ու անզեն հայերի վրա։ Մեծ ու թախծոտ աչքեր ունեցող հայուհիներին նրանք տանում էին իրենց հետ։ Տանում էին նաև ուժեղ ու պինդ հայ տղաներին, իսկ մնացածներին, ովքեր ո՛չ ուժ ունեին, ո՛չ ջահելություն, ո՛չ գեղեցկություն, մորթում էին։ Մի քանի դժբախտների հաջողվեց փրկվել և հյուծված, գրեթե մերկ, հասնել Կեմախ։ Նրանք նման էին քայլող կմախքների։

Խելահեղ սպանդը շարունակվում էր։ Եփրատի ջրերը դիերի առատությունից չէին կարողանում ազատ հոսել։ Հրաշքով փրկվածները հասան մինչև Միջագետք և հետո՝ Մոսուլ։ Ամեն ինչից զրկված, ոչ մի օգնություն չակնկալելով թուրքական իշխանություններից, այնուամենայնիվ, նրանք դիմում են Էրզրումի դրամատուն։ Պատասխանի համար ժամանակ էր պետք։ Եվ ահա, երբ վերջապես փողերը տեղ հասան, նրանց, ում հասցեագրված էին, այլևս չկային։ Նրանք զանգվածորեն ոչնչացվել էին։

Էրզրումի հայերի ճակատագիրը բաժանեցին մյուս վեց վիլայեթների հայերը, այն վիլայեթների, որտեղ պատերազմի նախօրեին Ռուսաստանը, Ֆրանսիան, Անգլիան կամենում էին մի շարք բարեփոխումներ կատարել, բայց որոնք ամեն անգամ կասեցվում էին թուրքական կառավարության կողմից։

Կոտորածների սկզբում հայերը, թերևս, կարող էին փրկվել միայն կրոնափոխ լինելով։ Եվ մի որոշ մաս ճարահատյալ իսլամ ընդունեց։ Հավատափոխ հայերը ստանում էին Աբդուլլա անունը։ (Բոլորին նույն անունը տալու նպատակը այն էր, որ հետո ավելի հեշտ լիներ հավաքելու նաև հավատափոխ հայերին, և, ինչպես ինձ ասացին, դա գերմանացիների մտահղացումն էր): Եղեռնը շարունակվում էր, գերազանցելով ամեն մի գազանություն, որ հնարավոր է պատկերացնել։

Ինչպե՞ս նկարագրել այն սարսափելի տեսարանները, որոնց ականատես եմ եղել ինքս։ Մորթվող երեխաներ, խելակորույս մայրեր։

Բանակին ծառայելու համար Էրզրումում թուրքական իշխանությունները կենդանի էին թողել միայն 50 հայերի՝ կոշկակարների ու դերձակների։ Երբ թուրքերը քաղաքը մաքրեցին հայերից, այդ արհեստավորներին, բացառությամբ մի ծերուհու, որին հաջողվեց փրկվել, խեղդամահ արին։ Հայկական եկեղեցին, իհարկե, թալանված էր, բռնագրավել էին նաև այն 500 հակերը, որոնց պահպանումը ստանձնել էր դոկտոր Քեսսը։ Միայն ամերիկյան հյուպատոսին հաջողվեց փրկել իրեն վստահված հակերը։ Սեպտեմբերի 28-ին թույլատրվեց աճուրդի հանել հայերից բռնագրավված ունեցվածքը։

Ահա նաև թվեր, որոնք մեկնաբանության ոչ մի կարիք չունեն։ Ռուսական զորքերի մուտքից հետո Էրզրումի 18000 հայերից կենդանի էր մնացել ընդամենը 120 հայ՝ միայն կանայք ու երեխաներ։ Էրզրումին հարող շրջաններում ապրող հայերն անհետացել էին։ Որքա՞ն էին նրանք, այն դժբախտները, որոնք հասան մինչև Միջագետք, ուր նրանց սպասում էր դժոխքը։

ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սթեփլեթոնը այդ ողբերգական օրերին եղել է Էրզրումում և նույնպես դարձել հայերի տանջանքների ականատեսը։ Վտանգելով կյանքը, Սթեփլեթոնը մեծահոգաբար պաշտպան է կանգնում հայերին։

Նրա շնորհիվ, սակայն, փրկվեց ընդամենը 120 հայ (հիմնականում կանայք, որոնց Էրզրումը գրավելուց հետո գտան ռուսները)։ Շնորհիվ նրա օգնության, 17 երիտասարդ հայուհիներ, որոնք սովորում էին ամերիկյան դպրոցում, փրկվեցին անպատվությունից ու մահից։

Դահիճների ձեռնարկած բոլոր բռնությունների վկան՝ Սթեփլեթոնը, սիրով համաձայնեց պատմել ինձ ամեն ինչի մասին։ Մեր զրույցին ներկա էր նաև նրա կինը, որն ուշադիր լսում էր ամուսնուն։ Տիկին Սթեփլեթոնը ձեռքին ուներ այդ ողբերգական օրերի դեպքերի գրառումներով մի գրքույկ, որը մի յուրահատուկ մեղադրանք էր, ուղղված երիտթուրքերին ու նրանց գերմանացի համախոհներին։

Ես իմացա, որ այդ շրջանում Էրզրումի թուրքական զորքերի գլխավոր հրամանատար Քեմալ փաշայի հրամանով աքսոր է քշվել նաև 40 հույն ընտանիք։ Նրանց հետագա ճակատագրի մասին լուրեր չկան։ Ամենայն հավանականությամբ, նրանք էլ արժանացել են հայերի բախտին։

Իմ խնդրանքով հյուպատոսը թվարկում է Էրզրումի ջարդի գլխավոր հանցագործներին։

1915 թ. հունիսի 28-ի հրամանի համաձայն Տրապիզոնի հայ բնակչութչունը 5 օրից պետք է թողներ քաղաքը։ Նույն օրը թուրքերը ձերբակալեցին հայ հոգևորականներին ու մտավորականներին՝ թվով 600 մարդ։ Նրանց նավեր նստեցրին, իբր տեղափոխում են Սամսուն։ Մի քանի ժամ անց բոլոր նավերը վերադարձան դատարկ։ Ըստ ծրագրի, ծովում նրանց սպասելիս են եղել ուրիշ նավեր՝ լի դահիճներով ու ոստիկաններով։

Երբ նշանակված 5 օրը անցավ, Տրապիզոնի հայ բնակչությունը ոչ մեծ խմբերով ոստիկանների ուղեկցությամբ դուրս բերվեց քաղաքից, և ճանապարհի հենց առաջին խաչմերուկում սկսվեց կոտորածը։ Մի մասին էլ վաճառեցին ստրկության։

Ոստիկանությունը Տրապիզոնի բոլոր հայկական տներից հանում էր կահույքը։ Այն, ինչ իրենից արժեք էր ներկայացնում, պահեստավորվում էր, իսկ այն, ինչ պատահականության շնորհիվ մնում էր տներում, դառնում էր խուժանի սեփականությոլնր, որը, ի միջի այլոց, գայլերի ոհմակի նման գործողությունների ուղեկիցն էր ամենուր։ Հայկական տների կողոպուտը տևում էր շաբաթներ, և դա զայրույթ էր առաջացրել նույնիսկ որոշ մուսուլմանների մեջ։ Բանն այնտեղ հասավ, որ մի քանի թուրք ձգտում էին փրկել որոշ հայերի ու նրանց ունեցվածքը։ Էգադիր-օղլի անունով մի թուրք զենք վերցրեց և մի քանի հայերի հետ զոհվեց լեռներում։

Ինչպես Էրզրումում, Տրապիզոնում նույնպես հայերի ունեցվածքը աճուրդի հանվեց։ Սկզբից այն գնելու իրավունք ունեին միմիայն ընտրյալ թուրքերը՝ «Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամները, հետո նաև մնացյալ թուրք բնակչությունը։ Հույներին էլ թույլ տվեցին գնել, բայց նրանց մետրոպոլը արգելեց այդօրինակ առևտուրը։

Տրապիզոնում թուրքերն իրենց սև գործը մինչև վերջ կատարեցին։ 14000 հայերից մնացել էր ընդամենը 14 կին, որոնց հաջողվել էր փրկվել շնորհիվ հույների։ Ամերիկյան հյուպատոսի կարծիքով հույս կար շրջակա բնակավայրերում գտնելու մի քանի հարյուր հայ երեխաների…

Երեք մարդ՝ մի թուրք և երկու գերմանացի, ղեկավարեցին Տրապիզոնի հայերի կոտորածը։

Սվասից Խարպատ տանող ճանապարհով աքսորի է քշվել մոտ կես միլիոն հայ։

… Թուրք սպաները հրամայեցին կանանց բաժանել տղամարդկանցից։ Պատվազրկված կանանց խմբից մի քանի քայլ այն կողմ շարք կանգնեցրին տղամարդկանց և պարանով կապեցին մեկը մյուսին։ Այդ բոլորը այնքան արագ ու վարժ էին անում թուրքերը… Հանկարծ սպաներից մեկը հրաման է արձակում։ Մի ոստիկան լիցքավորում է հրացանը, նշան բռնում և կրակում… Ուղտերի քարավան հիշեցնող շարքից մի հայ ընկնում է… Ոստիկանը նորից է լիցքավորում ու նշան բռնում։ Շարքը նոսրանում է, մեկը մյուսի հետևից ընկնում են կապված ու անպաշտպան հայերը… Երբ վերջին մարդն ընկնում է, ոստիկանները մտրակների հարվածներով իրար գլխի են հավաքում վայնասուն ու ճիչեր արձակող կանանց։ Նրանք, ովքեր հրաժարվում են գնալ, սպանվում են տեղում։ Սվասից Խարպատ տանող ճանապարհը վերածվել էր սպանդանոցի։ Այդ ճանապարհին հնարավոր չէր կանգ առնել նույնիսկ ձիերին կերակրելու համար։ Հազարավոր անթաղ դիակների նեխած հոտը դժոխք էր հիշեցնում։ Ամեն ինչ վարակված էր՝ և՛ գետերի, և՛ ջրհորների ջրերը։ Ցորենի գրեթե բոլոր հորերը (այս երկրում ցորենը պահում են գետնի մեջ փորած խոր փոսերում) լիքն էին մարդկային ոսկորներով։

Մի քանի մուսուլմաններ իրենք էլ ընդունում էին, որ թուրքական կառավարության հանցագործությունը արդարացում չունի։ Նրանք ասում էին, որ ո՛չ Ղուրանը, ո՛չ Շարիաթը թույլ չեն տալիս կատարելու այդպիսի գազանություններ, և վաղ թե ուշ երկինքը կպատժի Թուրքիային…

Թարգմ.՝ Ս. Ղարաբաղցյանի

You may also like...