Ճշմարտության դասեր

Սեյրանուհի Գեղամյան, Շարունակվող երկխոսություն, Երևան, 2007թ.
«Հայրենիքի ձայն», 1987թ.

Վերջին տարիներս հայկական հարցով զբաղվող պատմաբանները հաճախ են օգտվում եւ թարգմանաբար մեջբերում անգլերենով գրված «Բրիտանիան եւ Հայկական հարցը. 1915-23 թթ.» մեծարժեք աշխատությունից, որտեղ պատմական նոր, հարուստ նյութերի վերհանմամբ քննվում է օրհասական այն տարիներին իմպերիալիստական տերությունների, մասնավորապես Բրիտանիայի վարած քաղաքականությունը Հայկական հարցի նկատմամբ: Եւ առաջին հայացքից դժվար է հավատալ, թե նման քրտնաջան ու համառ պրպտումներ պահանջող լուրջ աշխատության հեղինակը կարող է լինել նուրբ ու փխրուն արտաքինով, բացառիկ համեստությամբ ու լռակյացությամբ աչքի ընկնող մի կին: Այդ կինը Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատության տնօրեն Ագապի Նասիբյան-Էքմեքչյանն է:

Վերջերս տիկին Էքմեքչյանը Հայաստան էր հրավիրվել՝ մասնակցելու սփյոտքահայ կանանց հավաքին: Անշուշտ, Մելգոնյան նշանավոր կրթական հաստատության տնօրենին բոլորն էին հարգանքով վերաբերվում, հարգանք, որ թելադրում էր նաեւ իսկական մտավորականի նրա համեստ ու զուսպ պահվածքը: Սակայն քչերը թերեւս գիտեին նրա պատմագիտական անգնահատելի վաստակի մասին, այն մասին, թե նա առաջին հայն է, որը Օքսֆորդի նշանավոր համալսարանում արժանացել է պատմական գիտությունների դոկտորի աստիճանի (1981թ.): Ագապի Նասիբյան-Էքմեքչյանը ծնվել է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում: Ուսումն ստացել է Կիպրոսի ազգային վարժարանում, ապա Մելգոնյան կրթական հաստատությունում, որի մանկավարժական բաժնի փայլուն շրջանավարտներից է եղել: 16 տարի պաշտոնավարել է Մելգոնյանում, որպես ընդհանուր պատմության ուսուցչուհի, ապա մեկնել է Անգլիա, ընդունվել Գլազգոյի համալսարանի պատմագիտական ֆակուլտետը: Այստեղ պատրաստել է «Արեւմտյան Սկովտիան եւ ռուսական հեղափոխությունը. 1917-1923 թթ.» ավարտաճառը՝ ստանալով մագիստրոսի վկայական: Եւ այս ընթացքում է, որ ծնվում է իր հետագա աշխատանքի մտահղացումը:

Ագապի Նասիպեան

Հենց այդ ծրագրով Ագապի Նասիբյանը ընդունվում է Օքսֆորդի համալսարան: Նրա ուսումնասիրությունների արդյունքը եղավ «Բրիտանիան եւ Հայկական հարցը. 1915-23թթ.» աշխատությունը, որի համար նա արժանացավ պատմական գիտությունների դոկտորի աստիճանի: Աշխատությունը 1984 թվականին անգլերեն լեզվով հրատարակեց Լոնդոնի «Գրում Հելմ» հրատարակչությունը: 1985-ին այն վերահրատարակվեց՝ դարձյալ Անգլիայում:

Աշխատությունը քննում է հիշյալ ժամանակամիջոցին Հայկական հարցի նկատմամբ Մեծ Բրիտանիայի ունեցած կեցվածքը երկու մակարդակով՝ հասարակական-քաղաքական եւ հայասիրական-մարդասիրական:

Ուսումնասիրության համար պատմաբանն օգտագործել է Անգլիայի զանազան գրադարանների արխիվները, Անգլիայի արտաքին գործերի պատերազմական տարիների արխիվները, նախարարների խորհրդի ատենագրությունները, վարչապետների եւ արտաքին գործերի նախարարների անձնական թղթերը, ինչպես նաեւ հայասեր անգլիացիների, հայասիրական ընկերությունների դիվանները, Քենթըրբերիի արքեպիսկոպոսական արխիվը:

Գրքի ամենամեծ ու արժեքավոր նորույթներից մեկն այն է, որ այստեղ առաջին անգամ օգտագործվում է փաստաթղթերի մի կարեւոր ժողովածու. 1916 թվականին Անգլիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական օգտագործման համար հրատարակում է այսպես կոչված «Կապույտ գիրքը»՝ 1915 թվականի հայկական ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերի մի ստվար ժողովածու: Այն Անգլիայի արտաքին գործերի նախարարության հանձնարարությամբ պատրաստել էր մեծ հայասեր լորդ Բրայսը: Լայնորեն օգտվելով այս ժողովածուից, Նասիբյանը, միաժամանակ, նոր լույս է սփռում այն հետաքրքրական հարցի վրա, թե ինչո՞ւ Անգլիայի արտաքին գործերի նախարարությունը պատերազմի միջոցին միայն ուզեց բացահայտել թրքական խժդժությունները:

Պատմաբանը մանրամասնորեն վերլուծում է Հայկական հարցի շուրջ տեղի ունեցող հակասություններն ու պայքարը բրիտանական հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներում, այն մեծ աշխատանքը, որը առանձին մարդասեր անհատների եւ առաջադիմական կազմակերպությունների կողմից տարվում էր Հայկական հարցի շուրջ հասարակական կարծիք ստեղծելու, հայ ժողովրդի օգտին կառավարության վրա ճնշում գործադրելու եւ Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցող հայերի կոտորածները դադարեցնելու, տուժած հայ բնակչությանը նյութական ու դրամական օգնություն կազմակերպելու համար: Այս իմաստով չափազանց արժեքավոր են ուսումնասիրության «Հասարակական շարժումը մինչեւ 1918 թվականը» եւ «Հայասերների հուսախաբությունը 1918-ից հետո» գլուխները:

Ուսումնասիրության մեջ քննության են առնված նաեւ Սովետական Միության եւ քեմալական Թուրքիայի հարաբերությունները, ինչպես նաեւ Սովետական Ռուսաստանի կեցվածքը հայ ժողովրդի նկատմամբ:

– Ուսումնասիրելով շարք մը նորահայտ վավերաթուղթեր, ցավով կեզրակացնեմ, թե այն բախտորոշ շրջանի հայ ղեկավարները անիրականալի երազներով օրորվեցան, անտեսեցին կարեւորությունը Հայաստանի դիրքին եւ դրացիներուն, ու հույսեր կապեցին հեռավոր երկիրներու՝ մասնավորաբար Անգլիո եւ Եվրոպայի ու Ամերիկայի հետ: Հույսեր, որոնք դատապարտված էին չիրագործվելու,- ասում է դոկտոր Նասիբյան-Էքմեքչյանը: -Նոր ուսումնասիրությունս, որ արդեն սկսած եմ, խորագրած եմ «Անգլիա, սառը պատերազմը եւ Հայկական հարցը»: Մասնավորաբար կքննեմ երկրորդ համաշխարհային պատերազմէն անմիջապես վերջ Հայկական հարցի արծարծումը, մանավանդ հայ ժողովուրդի պահանջքը Թուրքիայեն Կարս-Արդահանին վերաբերյալ, եւ Մեծ Բրիտանիո ու Ամերիկայի Միացյալ Նահանգներու մերժողական քաղաքականությունը: Պատմական ճշմարտության վերհանումն այսօր առավել, քան երբեւէ, պետք է մեր սերունդներուն: Հայ մարդու, եւ հայ կնոջ համար մասնավորաբար, հայապահպանումի խոշորագույն ազդակներեն մեկն այսօր պետք է հանդիսանա նաեւ իրականությունը կենդանի, շնչող եւ օրեօր բարգավաճող մեր հայրենիքին՝ Սովետական Հայաստանին: Այս հայրենիքն է նոր սերունդներու համար մեր դարավոր անցյալին ապրող վկան: Այս հայրենիքն է մեր պապենական հողերեն մեզ մնացած միակ սրբազան մասունքը: 67 տարիներե ի վեր իր վայելած հզոր պաշտպանության եւ քաղաքական ապահովության արգասիքը եղող աննախընթաց բարգավաճումին շնորհիվ մեր այսօրվա՛ն հայրենիքը կհանդիսանա միա՛կ կռվանը, միա՛կ երաշխիքը մեր ազգային ժառանգության, իդեալներուն եւ երազներուն:

Ագապի Նասիբյան-Էքմեքչյանը մեկն է այն գործիչներից, ովքեր խոնարհ պատրաստականությամբ, անաղմուկ զոհաբերումով նվիրվել են հայապահպանումիս, նոր սերունդներին պատմական ճշմարտության, առհասարակ ճշմարտության դասերով սնելուն, սփյուռքի դժվար պայմաններում հայ մարդ դաստիարակելուն, նրանց մեր ազգային ժառանգությունը, իդեալներն ու երազները փոխանցելու սուրբ գործին…

You may also like...