Ճարտարապետի երկրորդ ձայնը

«Հայրենիքի ձայն», 1983թ.
Սեյրանուհի Գեղամյան, Շարունակվող երկխոսություն, Երևան, 2007թ.

Ճարտարապետությունը, ըստ Ռաֆայել Իսրայելյանի, ամենից առաջ պետք է «կարդալ» եւ ըմբռնել իր իսկ՝ ճարտարապետի կառույցներով: Իսկ Ռաֆայել Իսրայելյանի կառույցներն ասում են, որ իսկական ճարտարապետությունը մեծ հայրենասիրություն է: Իսկապես, որքան պետք է մեկը սիրի իր հայրենիքը, որ իր երկրի հասարակ քարի մեջ այդքա՜ն արժանապատվություն ու հպարտություն, այդքա՜ն հստակություն ու պայծառություն, այդքա՜ն խրոխտ ոգի դնի: Որքան պետք է մեկը սիրի իր հայրենիքը, որ իր երկրի պարզ, անշունչ քարը հավերժական գեղեցկություն դարձնի:

Istlm4

Սակայն Ռաֆայել Իսրայելյանի հայրենասիրությունն իսկապես նոր լույսով է երեւում, երբ կարդում ես թղթին հանձնած նրա մտորումներն ու դատողությունները Ճարտարապետության եւ արվեստի այլ ճյուղերի, ժամանակի եւ արդիականության հետ նրանց ունեցած կապի, ազգային ձեւի, իր աշխատանքների ու գործընկերների, մեր քաղաքների ու մեր երկրի մասին:

Այդպիսի կարեւոր, հրաշալի հնարավորություն է մեզ ընձեռում ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտի կողմից հրատարակված «Ռաֆայել Իսրայելյան. հոդվածներ, ուսումնասիրություններ, ակնարկներ» գիրքը, որ անգնահատելի գանձ է թե՛ ճարտարապետների եւ թե՛ ընթերցող լայն շրջանի համար: Այն ուշադիր կարդացողը դասեր կարող է առնել ե՛ւ հայրենասիրության, ե՛ւ քաղաքացիականության, ե՛ւ ազգայինի ու ինտերնացիոնալիզմի, ե՛ւ իսկական արվեստի ակունքների վերաբերյալ:

Ռ. Իսրայելյանի բազմաթիվ ակնարկները կրկին ու կրկին հաստատում են, որ, այո՛, ճարտարապետությունը խորապես ազգային երեւույթ է:

«Խոսել ազգային ճարտարապետության մասին, նույնն է, թե խոսել կյանքում ամենանվիրականի՝ հայրենի երկրի, հարազատ ժողովրդի անցյալի, ներկայի եւ ապագայի մասին»:

Ահա այս միտքը նրա բոլոր արածների՝ կառույցների ու գրական ժառանգության իմաստն է, մեխը, հիմնաքարը: Այդ է նա սովորեցնում բոլոր նրանց, ովքեր զբաղվում են ճարտարապետությամբ կամ ճարտարապետության պատմությամբ:

«Գրել որեւէ ճարտարապետության մասին, նշանակում է խոսել այդ ժողովրդի մասին, նրա պատմության ու ճակատագրի մասին, մեր պատկերացմամբ, հայ ճարտարապետությունը զարգացել ու ծաղկել է մեր ժողովրդի հետ, տարել նրան վիճակված փորձությունները, մեծ աղետների ժամանակ կրել մարդկանց ճակատագիրը՝ կործանվել կամ սփռվել աշխարհով մեկ»:

Այսքան հայրենասիրություն դնելով ճարտարապետության մեջ, Իսրայելյանը միեւնույն ժամանակ արտահայտում է այն մեծ սերը, պատասխանատվությունը, որ նա ունի իր մասնագիտության՝ ճարտարապետության հանդեպ:

Նրա համար ամենաուսանելին ու հարգանքի արժանին մեր հին վարպետների դասերն են. ոչ միայն նրանց կառուցածները, այլեւ նրանց էությունն ու ոգին, նրանց բնական պահվածքը, գեղեցիկի բնատուր ընկալումը:

«Մեր հին վարպետներն իրենց շենքերը կոփելիս չեն մտածել, թե մեծ գործ են կատարում, թե իրենց ճարտարապետությունը խիստ ինքնատիպ է եւ այդպիսին պիտի լինի, թե ստեղծում են ազգային ճարտարապետություն: Նրանք ստեղծագործել են իրենց մտածելակերպին համապատասխան, իրենց երգերը երգելով, իրենց ժողովրդի համար, նրա լեզվով խոսելով, նրա լեզվով ստեղծագործելով, թեեւ խոսել են ու իմացել ե՛ւ արաբերեն, ե՛ւ պարսկերեն, ե՛ւ վրացերեն, իմացել ու կրթվել են հունարեն, բայց երգեր են հորինել քարին ու հողին, երկրին ու ժողովրդին հարազատ»:

Ճանաչողական մեծ արժեք են ներկայացնում այն հոդվածները, որոնք նվիրված են Հայաստանի տարբեր քաղաքներին ու շրջաններին, նրանց պատմաճարտարապետական եւ ժամանակակից հուշարձաններին, բնությանը:

Առանձնապես հետաքրքիր են մեր մայրաքաղաք Երեւանին նվիրված ակնարկները, որոնց մեջ երեւում է այն մեծ սերը, հարազատությունը, հպարտության զգացումը, որով կապված էր մեծ ճարտարապետը Երեւանին, նաեւ մտահոգությունը քաղաքի այսօրվա ու վաղվա, նրա ճարտարապետական ազգային կերպարը անխաթար պահելու համար:

Անհրաժեշտ է նշել, որ ինչի մասին էլ խոսել ու գրել է Իսրայելյանը, միշտ մնացել է Իսրայելյան՝ իր հստակ ոճով, ասելիքի նպատակասլացությամբ ու փիլիսոփայական խորությամբ:

Եւ, այնուամենայնիվ, ամենամեծ դասը, որ սովորում ես մեծ ճարտարապետից ու մարդուց՝ իսկական հայրենասիրությունն է: Իր փոքրիկ գրառումներից մեկում խոսելով Հայաստանի, հայրենիքի իր զգացողության, հայ ժողովրդի պատմական ճակատագրի մասին, նա գրում է. «Եւ հիմա, երբ ասում են «Հայաստան»՝ ակամա ոտքի եմ կանգնում»: Ահա, այս մեծ սերը նա ամփոփելէ իր բոլոր ստեղծագործություններում եւ նվիրել դարերին ու սերունդներին:

You may also like...