Ղրիմի մանրանկարչության դպրոց

Ղրիմի հայկական գաղութը գոյատևել է XIII–XIX դդ.։ Այստեղ կառուցված եկեղեցիներում և վանքերում գրվել և նկարազարդվել են բազմաթիվ ձեռագրեր (միայն Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում պահվում են Ղրիմում ընդօրինակված շուրջ 300 հայերեն ձեռագրեր)։ Ղրիմի մանրանկարչության դպրոցը հայ մանրանկարչության կարևոր ճյուղերից է։ Ղրիմի հայ նկարիչների ստեղծագործություններում նկատելի են մայր երկրի արվեստի ավանդներն ու կիլիկյան մանրանկարչության ազդեցությունը (XIV դ. վերջին Ղրիմ էին գաղթել նաև Կիլիկիայից)։

Ղրիմի մանրանկարչության դպրոց

Առաքել. «Համբարձում», մանրանկար 1356-ին Սուրխաթում պատկերազարդված «Ճաշոց»-ից (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. N 7408)

Ղրիմի մանրանկարչության վրա որոշակի ազդեցություն է թողել նաև նոր միջավայրը, ուր ապրել և ստեղծագործել են այլ ժողովուրդներ։ Հայ մանրանկարիչները ստեղծել են մի ուրույն արվեստ, որը բնորոշվում է բարձր պրոֆեսիոնալիզմով, գծային ու երփներանգային ձևերի յուրօրինակ զուգորդումով։ Ֆոնի ոսկին հաճախ փոխարինվել է մուգ կապույտ գույնով, որը մանրանկարներին հազորդել է ընդգծված արտահայտչականություն և խորհրդավորություն։ Գրչության առավել նշանակալից կենտրոններն էին Կաֆան (Թեոդոսիա) և Սուրխաթը (Ստարի Կրիմ)։ Այստեղ աշխատել են Գրիգոր Սուքիասանցը, Առաքելը, ողջ Ղրիմում հռչակված Նատերի որդիներ Ավետիսը և Ստեփանոսը, վերջինիս որդի Հովհաննեսը։

Ղրիմի մանրանկարչության դպրոց

Հովհաննես. «Խաչելություն», մանրանկար 1401-ին Կաֆայում պատկերազարդված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությունից» (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. N 3863)

Երբ XV դ. վերջին թաթարները և թուրքերը գրավել են Ղրիմը, հայ գաղութի մշակութային կյանքն անկում է ապրել։ Գրչատների գործունեությունը կրկին աշխուժացել է XVII դ.։ Նկարիչներից են Նաղաշ Էոլպեն, Նիկողայոս Ծաղկարարը, Խասպեկը, որոնք շարունակել են իրենց նախորդների լավագույն ավանդույթները։ Տպագրական տեխնիկայի երևան գալով մանրանկարչական արվեստը իր տեղը զիջել է փորագրությանը, հաստոցային գեղանկարչությանը։ Այս ասպարեզներում ևս Ղրիմի հայերը նշանակալից հաջողություններ են ունեցել, որի ամենավառ արտահայտությունը աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունն է։

You may also like...