Ղրիմի հայկական դպրոցներ

Ղրիմի հայկական դպրոցները գործել են XI դարից սկսած, զարգացում են ապրել XIV–XV դդ.։ Նշանավոր էին Կաֆայից (Թեոդոսիա) ոչ հեռու գտնվող Ս. Անտոն անապատի դպրոցը (1425—50) և Ս. Խաչ վանքի ճեմարանը (XIV — XVII դդ.): Անապատի դպրոցում աչքի է ընկել հռետոր, իմաստասեր Սարգիսը, Ս. Խաչ վանքի ճեմարանում՝ րաբունապետ Ստեփանոս Թոխաթեցհն, Հակոբ Կաֆայեցին։ Դպրոցներ են եղել նաև Ղարասուբազարի, Սուրխաթի հայկական եկեղեցիներին կից։ Դրանց կյանքում աշխուժացում է նկատվում Ղրիմը Ռուսաստանին միանալուց (1783) հետո։

Նոր Նախիջևան արտագաղթած հայերի որոշ մասը վերադառնում է Ղրիմ։ XX դ. սկզբին ստվարանում է Արևմտյան Հայաստանից գաղթած հայերի թիվը։ Օգտվելով ռուսական կառավարության տված արտոնություններից՝ հայերը դպրոցներ են հիմնում Ղրիմի տարբեր քաղաքներում։ Դրանց մեջ առանձնանում է Մանվել Գյումուշխանեցու նախաձեռնությամբ և հայ հասարակայնաթյան աջակցությամբ հիմնադրված Ղարասուբազարի միդասյան (1880-ական թթ. երկդասյան) դպրոցը (1816), որը Լազարյան ճեմարանի նախապատրաստականներից էր։ Այստեղ է սովորել Կարա-Մուրզան։ Ղարասուբազարում գործել է նաև հայ կաթոլիկների դպրոց (1822-ից)։ 1800-ին Սիմֆերոպոլում հիմնադրվել է միդասյան ծխական երկսեռ դպրոց, որը վերելք է ապրել Ա. Բահաթրյանի, Հովհ. Նազարյանի օրոք։ Այստեղ 1895-ին քառաձայն երգչախումբ է ստեղծել նրա սան Ա. Սպենդիարյանը։

1860-ին Սիմֆերոպոլում հիմնվել է ևս մեկ երկդասյան ծխական դպրոց։ Սիմֆերոպոլի կաթոլիկ հայերը նույնպես ունեին իրենց դպրոցը (հիմնադրվել է 1863-ին)։ Դպրոցներ են հիմնադրվել նաև Թեոդոսիայում (1817), Կերչում, Արմյանսկում, Եվպատորիայում, Յալթայում։ 1903-ին Ղրիմում գործել է տարրական ծխական երկսեռ 10 դպրոց, որտեղ ավանդվում էին հայոց լեզու, թվաբանություն, ռուսաց լեզու, հետագայում՝ բարոյագիտություն, քերականություն, աշխարհագրություն ևն։ Ղրիմի հայկական դպրոցներից ամենանշանավորը Թեոդոսիայի Խալիբյաև վարժարանն էր։

You may also like...