Հունաստան

Հայերը Հունաստանում բնակություն են հաստատել 5-6-րդ դարերից: Հունահայ գաղութի համար մեծ նշանակություն է ունեցել Հունաստանի անկախացումը, որը խթանել է հայերի նոր հոսքը դեպի Հունաստան: 1894-96 թթ. համիդյան ջարդերից, 1909 թ. Ադանայի հայկական կոտորածներից, 1915 թ. Մեծ Եղեռնից և հատկապես 1922 թ. Զմյուռնիայի ջարդերից հետո շուրջ 70 հազար հայ գաղթել է Հունաստան: Հայերը հիմնականում բնակվել են Թրակիայի ու Մակեդոնիայի քաղաքներում, հատկապես` Սալոնիկում, Աթենքում, Կրետե և Կորֆու հունական կղզիներում:

Մինչև 1960-70-ական թվականները, բացառությամբ Հյուսիսային Հունաստանի հին գաղութների, հունահայերի մեծ մասը քաղաքացիություն չի ունեցել: Հունական համայնքը ներկայում կազմում է 20-35 հազար հայ, ովքեր հիմնականում բնակվում են Աթենք, Սալոնիկ, Կոմոտինի, Կրետե, Դիդիմոտիկո, Ալեքսանդրուպոլիս, Կավալա, Քսանթի և Սերես քաղաքներում և կղզիներում:

Հայերն ակտիվորեն մասնակցում են երկրի տնտեսական կյանքին, զբաղվում արհեստներով, ոսկերչությամբ, կոշկագործությամբ, կահույքագործությամբ և այլն: Գործում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հունաստանի թեմը (առաջնորդանիստը` Աթենքի Սբ. Աստվածածին եկեղեցի, առաջնորդը` Ոսկան արք. Գալփակյան) և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Հունաստանի թեմը (առաջնորդանիստը` Աթենքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, առաջնորդը` Խորեն եպս. Դողրամաճյան):

Համայնքը պաշտոնապես ներկայացնում են Ազգային առաջնորդարանն ու Ազգային վարչությունը: Գործում են 3 ամենօրյա և մի քանի կիրակնօրյա դպրոց, հայ ավանդական ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ կուսակցությունները, մի շարք մշակութային, բարեգործական, հայրենակցական, երիտասարդական, պատանեկան և մարզական միություններ: Հրատարակվում են հասարակական-քաղաքական, մշակութային և կրոնադաստիարակչական բնույթի թերթեր ու հանդեսներ, մասնավորապես` «Ազատ օր» օրաթերթը, «Նոր աշխարհ» և «Հայաստան» շաբաթաթերթերը, «Արմենիկա» ամսագիրը:

Լուսանկարներում

1. Աթենքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդանիստը (բացվել է 1917թ.): 2. Աթենքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Հունաստանի թեմի առաջնորդանիստ (կառուցվել է 1935թ.): 3. Կոմիտաս վարդապետի կիսանդրին Կոկինիայում` նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: 4. Սիմոն Զավարյանի կիսանդրին Աթենքի Հայկական մշակութային կենտրոնի մոտ գտնվող Ս. Զավարյանի անվան հրապարակում:

You may also like...