«Հույսը չպետք է լքի մեզ». ճեպազրույց Շառլ Ազնավուրի հետ

«Հայրենիքի ձայն», 8 փետրվարի, 1989թ.
Սեյրանուհի Գեղամյան

Ինչքա՜ն երկար է յուրաքանչյուր հայաստանցի սպասել Շառլ Ազնավուրի հետ հանդիպման պահին, սպասել անձնական ծանոթի, հարազատի անհամբերությամբ ու կարոտով, որովհետեւ Շառլի երգը ամեն հայի տան ու հոգու մեջ է՝ բոլոր կարոտների, սպասումների ու զգացումների ուղեկիցը: Եւ ահա, վերջապես, Շառլը Հայաստանում է, եւ հազար ափսոս, որ ճակատագրի տնօրինությամբ եկել է ոչ թե երգով ուրախացնելու-հմայելու հայրենակիցներին, այլ իր ներկայությամբ ու գործով ինչ-որ չափով մխիթարելու-սփոփելու նրանց: Շառլը Հայաստանում է ընդամենը մի քանի օրով եւ, բնականաբար, անընդհատ շրջապատված երկրպագուներով, թղթակիցներով ու լուսանկարիչներով: Եւ այդ բազմամարդ շրջապատումի մեջ էլ, հենց առաջին րոպեներին, ծնվեց այս փոքրիկ հարցազրույցը:

aznavur-earthquake-2

– Ի՞նչ եք մտածում հիմա, այս պահին, երբ ոտք եք դրել հայրենի հողին:

– Տխուր, շատ տխուր եմ, բայց չեմ ուզեր ցուցանել: Մենք՝ հայերս, երբ տխուր ենք եւ հուզված, չենք կրնար գործ ընել, բայց հիմա գործելու ժամանակն է, եւ ես թաշկինակս գրպանս կխոթեմ, որպեսզի գործ ընեմ: Արցունքներս տանը՝ Ֆրանսա վերադառնալեն ետք կսրբեմ: Շատ գործ կա շտկելու-շինելու, շատ ծրագիրներ կան իրականացնելու, իսկ ժամանակը շատ կարճ է:

– Մասնավորապես ի՞նչ ծրագրեր են դրանք:

– Պետք է Սպիտակը, Լենինականը, ավերված գյուղերը տեսնեմ, պետք է երեխաներուն այցելեմ, պետք է հոս կոմիտե մը հիմնեմ՝ հատկապես երեխաներու հոգը տանելու համար, պետք է հետաքրքրվեմ, թե ինչի անհրաժեշտությունը կա, որպեսզի հետագային կրնամ օգտակար ըլլալ:

– Հետաքրքիր է, ե՞րբ իմացաք երկրաշարժի լուրը:

– Լուրն առա երկրաշարժեն քանի մը ժամ ետք՝ տանս մեջ՝ Զվիցարիա: Եւ անմիջապես հասկցա, թե բան մը պետք է ձեռնարկել երկրին համար, հեռաձայնեցի ընկերոջս եւ ըսի՝ թե կոմիտե մը ստեղծենք Հայաստանին օգնելու: Հետո հիմնադրամ մը ստեղծեցինք, հետո աճուրդ մը կազմակերպեցինք եւ ուրիշ, ուրիշ ձեռնարկումներ ըրինք:

– Ի՞նչի մասին էիք մտածում Ձեր վերջին՝ «Քեզ՝ Հայաստան» երգը գրելու ժամանակ:

– Կմտածեի, թե ինչ ալ որ պատահե, մեր ժողովուրդը պետք է ապրե եւ պետք է հաղթահարե այս դժվար ձմեռն ալ, որմե ետք անպայման գարունը կգա, կմտածեի, որ նոր երեխաներ պետք է ծնվեն ու ապրեն ավելի լավ, ավելի ամուր, կմտածեի հույսի՛, հույսի՛ եւ նորեն հույսի մասին, որը չպետք է լքե մեր ժողովուրդը:

– Իսկ այս պահին ի՞նչ կուզեք ասել մարդկանց՝ Ձեր երկրպագուներին, բոլորին…

– Կուզեմ ըսել, կուզեմ պոռալ՝ կեցցե Հայաստանը, թող որ հավիտյան ապրի Հայաստանը…

You may also like...