Հորդանան

Հայերը պատմաաշխարհագրական Սիրիայի (մինչև 1918թ. ընդգրկել է բուն Սիրիան, Պաղեստինը, Հորդանանը և Լիբանանը) մաս կազմող Հորդանանի տարածքում բնակվել են դեռևս հին ժամանակներից: Հայ համայնքը հիմնականում ձևավորվել է 1915թ. Հայոց Ցեղասպանությունից հետո, երբ երիտթուրքերի կողմից բռնի տեղահանված արևմտահայերի մի հատված հանգրվանել է Պաղեստինում, որից Հորդանանն առանձնացվել և 1921թ. Կահիրեի կոնֆերանսում ընդունված որոշման և 1928թ. Անգլիայի ու Անդրհորդանանի միջև կնքված պայմանագրի համաձայն ընդունվել որպես պետություն: Քաղաքական զարգացումներին համապատասխան երկփեղկվել է նաև հայ համայնքը: Մի մասը, որը գլխավորապես բնակվել է Երուսաղեմում, Հայֆայում, Յաֆայում, մնացել է Պաղեստինում, մյուսները` Հորդանանում, հիմնական բնակավայր ընտրելով Ամմանը, Իրբիդը, Զարկան: Սակայն նրանք կրկին միավորվել են 1948-1949 թվականների Արաբա-իսրայելյան պատերազմից հետո, երբ Հորդանանն իրեն է միացրել նախկինում Պաղեստինի մաս կազմող Հորդանան գետի արևմտյան ափը և Երուսաղեմի արևելյան մասը կամ Հին քաղաքը:

Հորդանանում հայերը հիմնականում զբաղվում են առևտրով և արհեստներով, կան նաև պետական ծառայողներ, բժիշկներ, դեղագործներ, ուսուցիչներ, ճարտարագետներ:
Հայերի մեծ մասը բնակվում է Ամմանում` Ալ-Աշրաֆիե բլրի հայկական թաղամասում (հայ ալ-Արման), Զարկայում, Մադաբայում, Քարաքում և Ակաբայում:

Հորդանանի հոգևոր հովվությունը գտնվում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության իրավասության ներքո (կենտրոնը` Ամմանի Սբ. Թադևոս եկեղեցի, հոգևոր հովիվը` Վահան արք. Թոփալյան): Ամմանում գործում է հայկական դպրոց և մի շարք հայկական միություններ: Հորդանանում բնակվում է շուրջ 3000 հայ` ներառյալ աշխատանք գտնելու նպատակով Իրաքից, Սիրիայից և Լիբանանից տեղափոխվածները:

You may also like...