Հողը պզտիկ, երազը մեծ

Սովետական Հայաստան, թիվ 6, 1982

Նամակ սփյուռքից

Համրանքով փոքր, սակայն հզոր իր բաց ճակատով, իր մշակույթով, սրբությանց, բարուն, վսեմին ու գեղեցիկին պաշտամունքով, իրեն ու աշխարհին ընծայած իսկապես մեծ դեմքերով…

Տարածքով փոքր, բայց մեծ կյանքով ապրող Հայաստան…

Երկրի մը զորության չափանիշը իր հողային տարածությունը, իր բնակչության թիվը, իր աճուն տնտեսությունը, բնական հարստությունները կամ իր բանակը չեն կազմեր անպայման, կարևորը ՈԳԻՆ է, իր մարդկային իդեալներն են, արդարության, ճշմարտության և իրավունքի սկզբունքներուն իր փարումն է։

Մեծություն և փոքրություն հարաբերական արժեքներ կցուցաբերեն։

Մեծ է այն ժողովուրդը, որ, անկախաբար իր նյութական ուժեն, մեծ է նաև ոգեկան ու իմացական գանձերով, համաշխարհային խաղաղության ամրապնդման փափագով և եղբայրական գործակցության ազնիվ զգացումներով։

Այս իմաստով հայ ժողովուրդը միշտ մեծ է հանդիսացած։

Ի՜նչ գեղեցիկ տողերով է, որ այս պարագան կբնորոշե Համո Սահյանը.

Հոգուդ լույսերն անսպառ
Բաժանելով ամենքին,
Ամենքի լավն ու բարին
Քեզ խառնելով ես հարուստ։
Եվ այն խոսքով, որով դու
Աշխարհներ ես կաշաոել
Եվ դեռ չասված խոսքերիդ
Պալարներով ես հարուստ։

Դարեր, դարեր շարունակ անօրեն ձեռքեր ջանացին խորտակել մեր լուսո ջահերը, քանդել մեր ընտանեկան օջախները՝ ցիրուցան ընելով մեզ աշխարհի չորս հովերուն, այն համոզումով, որ հիմնապես ոչնչացուցին հայ ժողովուրդը, սակայն ան դարձյալ վեր առավ իր գլուխը և դարձյալ «կյանքին ու արևին աչք, ձեռք երկարեց»։

Տարագիր բեկորները դարձյալ շինեցին իրենց բույները, ծնունդ տվին նոր ծիլերու, նոր տաղանդներու։

Ու, մանավանդ, ծնունդ տվին նազան-նոր հարս, ծաղկուն ու հորդուն մեր Մայր Հայաստանին, որ կարճ ժամանակամիջոցի մը մեջ հրաշքի համազոր իր առաջընթացով, բարձունքե–բարձունք նետած իր լուսաթաթավ կամարներով ահա կտոնե նոր հանգրվանի մը իր մուտքը։

Դարեր շարունակ ցավն ու տառապանքր համառորեն հալածած է հայ ժողովուրդը, սակայն այդ հալածանքը կարծեք առավել ես զորացուցած է զայն և ամրապնդած անոր ապրելու եռանդն ու կորովը։

Մահվան շուքի ձորերեն անցնողներն են, որ առավելապես պատրաստված կըլլան դիմագրավելու նոր տառապանքներ և աստիճանաբար զգենուլ նոր ուժ և զօրություն…

Հայաստան քարը… ու ի՜նչ քար՝ վարդակարմիր ու հմայուն, թեթևատար ու փխրուն, որ չճնշեր, չցավցներ, որ ճարտար մատներու հպումով կը վերածվի խաչերու ու խաչքարերու, կամարներու և կոթողներու, ժանեկանման, նուրբ ու մետաքսահյուս ծաղիկներու, հոյատեսիլ շենքերու, նորազարդ ավաններու և քաղաքներու, քարեր, որոնք գարնան վերա զարթնումը կխորհորդանշեն… Քարը նշանակալից է նաև իր զորությամբ, որ փոխանցվեր է հայ ժողովուրդի առօրյային, զորացնելով անոր ապրելու վճռականությունը։

Ու… քարե ոգի…

Ինչ ոգի պետք է ունեցած ըլլա հայը՝ այսպես միշտ հառած մնալու համար լուսեղեն բարձունքներուն, փարելու համար գեղեցիկին ու ճշմարիտին, լույսին ու հույսին, մնալու միշտ սիրահար գրի ու գրքի, արվեստի ու մշակույթի, ապրելու և ստեղծագործելու իր եռանդին ու նվիրումին…

Գոյության մեր պայքարի ընթացքին, մանավանդ սփյուռքի տարածքին, աջեն ու ձախեն, ետևեն ու առջևեն ընկնողներ պիտի ըլլան անշուշտ… բյուրավորներ ընկած են արդեն, սակայն ԿԵԴՐՈՆԸ, զերթ բերդ մը անառիկ, հավետ պիտի մնա անմատչելի ու անպարտելի…

Այս է հայության հավատքը։

Հայը չը մեռնիր, վկա մեր ներկան,
Վեց միլիոն աչքեր ահա հառած կան
Լույս-Լուսավորչի անմար կանթեղին,
Նորածագ արև Մայր Հայաստանին…

Շահնազար Քեոթահյան
Լոս Անջելոս

You may also like...