Հոգևոր ամենամեծ հարստությունը

«Հայրենիքի ձայն», 10 նոյեմբերի, 1982թ.
Սեյրանուհի Գեղամյան

Հարցազրույցներ 1982-ին Հայաստանում տեղի ունեցած Թարգմանչաց տոնի մի խումբ մասնակիցների հետ

Միխայիլ Դուդին. բանաստեղծ, սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Ե. Չարենցի անվան մրցանակի դափնեկիր

– Հարգելի Միխայիլ Ալեքսանդրովիչ, կարդալով Ձեր բանաստեղծությունները, հոդվածները բանաստեղծական արվեստի եւ բանաստեղծների մասին, ամենից առաջ զարմանում ես այն մեծ սիրուց, որ Դուք տածում եք դեպի պոեզիան:

– Այո, որովհետեւ պոեզիան մարդկային հոգու տոն է, մարդկային հոգու ամենազարմանալի տոնը, որտեղ փայլում են մարդու լավագույն որակները, բարությունն ու մեծահոգությունը, նրբությունն ու առնականությունը, տաղանդն ու վարպետությունը, ժամանակի եւ ներդաշնակության զգացումը: Պոեզիան անկեղծություն է, բարձր բարոյականություն, եւ ամեն բանաստեղծ հրաշալի է հենց իր ինքնության, իր զգացմունքների մերկությամբ: Իսկական բանաստեղծը ապրում է մարդկության համար եւ նրա կապերը աշխարհի հետ պարզ ու բնական են, սովորական եւ ամենօրյա: Հատկապես խորն է նրա կարեկցանքը դեպի մարդկային տառապանքը, եւ դրանով է, որ պոեզիան կարողանում է ազդել այս խառնիճաղանջ աշխարհին մի քիչ բարություն տալու ձգտումին…

– Ի՞նչ տեղ ունեն Հայաստանը եւ հայ պոեզիան Ձեր կյանքում:

– Ուղղակի ասեմ, որ ես սիրահարված եմ Հայաստանին եւ սիրում եմ նրան տեւական, անդավաճան սիրով: Նույնը պիտի ասեմ եւ հայ պոեզիայի վերաբերյալ, որովհետեւ հայ ժողովրդի մեծ պոեզիայում արտացոլված են հենց Հայաստանը, նրա ոգին, արյամբ ու հերոսականությամբ շաղախված հոգեկան այն հարստությունները, որոնք ծնվել են նրա բազմադարյա պատմության քառուղիներում: Հայաստանը պարզապես հրաշալի երկիր է. այստեղ խաչաձեւվել են դարեր ու ճակատագրեր, աղետներ ու մտքի թռիչքներ, եւ նրա յուրաքանչյուր քարի վրա արյան ու կրակի, հանճարի ու արարումի կնիքը կա: Եւ միայն պետք է կարողանալ այդ քարերի օգնությամբ կարդալ ժողովրդի կենդանի ոգին:

Հայաստանը հրաշալի է. բայց չկա ու չի կարող լինել Հայաստան առանց հայերի՝ առանց այս հնագույն ժողովրդի, որ իր աշխատանքով ու խելքով փառավորել է այս քարքարոտ հողը ու այն դարձրել իր անմահության երկիրը:

– Ձեր կարծիքով ո՞րն է հայ ժողովրդի ամենամեծ հարստությունը:

– Երեւի դա հայ ժողովրդի հոգեկան անկրկնելիությունն է, նրա հոգեկան որակները… Բայց որպես գրականության մարդ, ես կուզեի նշել նաեւ մեծ ճգնավոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը: Պոեմի տառապալի, ինքնախարազանող զրույցը Աստծո հետ ցնցեց ինձ իր կրքով, անկեղծությամբ, ճշմարտության որոնման տվայտանքով: Ահա այսպիսի գիրք ունի միայն հայ ժողովուրդը, դա նրա հոգեկան ամենամեծ հարստությունն է: Նարեկացին համամարդկային մշակույթի կաճառից է: Նա հայ ժողովրդի հպարտությունն ու պատիվն է: Եւ ես ուրախ եմ, որ նրա հանճարեղ գործը մատչելի է դառնում ռուս եւ այլ ժողովուրդներին՝ նրանց պարզելով Հայաստանն ու նրա ժողովրդի ոգին:

– Շատ շուտով Հայաստանի «Սովետական գրող» հրատարակչությունը ընթերցողի սեղանին կդնի մեր ժողովրդի համար նվիրական գրքերից մեկը՝ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը՝ ռուսերեն: Հայտնի է, որ գրքի այս հրատարակության առաջաբանը գրել եք Դուք…

– Ֆրանց Վերֆելի այդ հրաշալի գիրքը, որ պատմում է հայերի ամենամեծ ողբերգության մասին, միեւնույն ժամանակ նրա հոգեկան ամենալուսավոր որակների մի գեղադիտակ է: Գիրքը գրվել է որպես բողոք ֆաշիզմի դեմ, որպես նախազգուշական կոչ ընդհանրապես մարդկային գազանությունների եւ բռնությունների դեմ, եւ զուր չէ, որ 30- 40-ական թվականներին այն Եւրոպայում ծառայել է որպես դասագիրք ֆաշիզմի դեմ պայքարելու գործում: Եւ ահա այս օրերին, երբ մենք պատրաստվում ենք նշելու ԽԱՀՄ կազմավորման 60-ամյակը, գրքի ռուսերեն հրատարակությունը ես համարում եմ մշակութային մեծ երեւույթ, հոգեկան հաղորդակցման հզոր միջոցներ ժողովուրդների կյանքում:

Հարոլդ Ռեգիստան. բանաստեղծ, Ե. Չարենցի անվան մրցանակի դափնեկիր

– Հարգելի պարոն Ռեգիստան, բոլորովին վերջերս Ձեր թարգմանությամբ Մոսկվայում լույս տեսավ Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմը: Եւ բնական է, որ մեր զրույցի թեման անմիջականորեն առնչվելու է այդ թեմային:

– Գիտե՞ք, Պարույրն իմ հին, իմ մոտ ընկերն էր: Ճիշտ տասներկու տարի առաջ, երբ ես վարում էի «Սովետսկի պիսատել» հրատարակչության ԽՍՀՄ ժողովուրդների պոեզիայի խմբագրությունը, Պարույրը եկավ ինձ մոտ ու սեղանին դնելով ձեռագրերի մի հսկայական կույտ, ասաց. «Սա իմ կյանքի գլխավոր գործն է. օգնիր, որ լույս տեսնի»: Բնագրին կցված էին պոեմի մի քանի գլուխների տողացի թարգմանությունները, որոնք ես անմիջապես Պարույրի ներկայությամբ աչքի անցկացրի: Բայց զգալով նրա խորը ազգային հյուսվածքը, ժողովրդական ու կոմիտասյան երգերի կտորները ուրիշ լեզվով հնչեցնելու մեծ դժվարությունը, որոշ գլուխների զգացմունքային խորությունն ու ծայրահեղ լարվածությունը, ես գտա, որ այդ գործը առայժմ հրատարակչության ուժերից վեր է:
Տարիներ անց, երբ նորից խոսք գնաց պոեմի ռուսերեն հրատարակության մասին, եւ երբ Հայաստանի գրողների միության վարչության նախագահ Վարդգես Պետրոսյանն ինձ պարզապես «ստիպեց» ստանձնել այդ չափազանց պատասխանատու գործը, ես սկսեցի փորձել…
Նորից ու նորից կարդացի փաստաթղթեր, որոնեցի նոր փաստեր թուրքական իշխանությունների կազմակերպած հայկական ջարդերի մասին, այնպես, ոչ զգացմունքային, այլ ուղղակի չոր փաստեր, ուսումնասիրեցի Թուրքիայում անգլիական, ֆրանսիական, ռուսական հյուպատոսների գրությունները Արեւմտահայաստանում տեղի ունեցած դեպքերի մասին: Հետո ամենայն մանրամասնությամբ ծանոթացա Կոմիտասի կյանքին ու ստեղծագործությանը…
Երեք տարի աշխատեցի պոեմի թարգմանության վրա եւ որպես բանաստեղծ ամեն ինչ ներդրեցի այդ գործի մեջ: Ես իմ ողջ էությամբ ստեղծագործական թռիչքի մեջ էի, բոլոր նյարդերով, ամբողջ մտքով կապված «Զանգակատանը»: Պետք է ասեմ, որ գլխավոր դժվարությունը ոչ թե Սեւակի տողերի, այլ Կոմիտասի երգերի, նրա աղոթքների, նրա մշակած ժողովրդական երգերի հատվածների մեջ էր: Որեւէ ինքնակամություն այստեղ անհնար էր թույլ տալ, հայերը սիրում են իրենց երգերը եւ չէին ընդունի թեկուզ եւ փոքր-ինչ անճիշտ բառ կամ նրբերանգ: Ու ես տանջվում էի ամեն մի նոր գլուխ սկսելուց առաջ, տանջվում էի այն գիտակցությունից, որ չեմ կարողանալու, որ չի ստացվելու… Բայց, ինչպես տեսնում եք, «Անլռելին» արդեն դրված է իմ եւ բազմաթիվ ընթերցողների սեղաններին:
Մեկ տարի է, ահա, ինչ ավարտել եմ թարգմանությունը, բայց չեմ կարողանում անջատվել այդ գործից, չեմ կարողանում ուրիշ որեւէ այլ գործով զբաղվել: «Անլռելի զանգակատունը» դեռ ղողանջում է իմ մեջ…

– Բայց այն թրթիռները, որ այսօր ծնվում են հազարավոր ռուս ընթերցողների սրտերում եւ հարազատությամբ, ջերմությամբ լեցուն այն ձեռքսեղմումները, որով Ձեզ դիմավորում է մեր ժողովուրդը, հավանաբար, ինչ-որ չափով կարող է հատուցում լինել Ձեր տանջալի ապրումների եւ տառապագին աշխատանքի դիմաց…

– Ոչ թե ինչ-որ չափով, այլ լիովին: Եւ դրա ամենահուզիչ, ամենաճշմարիտ ապացույցը տեղի ունեցավ երեկ, հենց այս հյուրանոցում, առավոտյան հյուրանոցի ճեմասրահում մոտեցա թարմ լրագրեր գնելու: Լրագրավաճառ կինը, երբ իմացավ, որ ես եմ թարգմանել «Անլռելի զանգակատունը», շտապ-շտապ ավելացրեց ընտրածս թերթերի քանակը եւ ասաց, որ ոչ մի դեպքում դրամ չի վերցնի: Իհարկե, պետական պարգեւը՝ պարգեւ, բայց անփոխարինելին հոգեկան պարգեւն է, որ ես ստանում եմ ամեն քայլափոխի…

Արսենի Տարկսվսկի. բանաստեղծ

– Ձեր հրաշալի պոեզիայի կողքին, հարգելի Արսենի Ալեքսանդրովիչ, Դուք բազմաթիվ թարգմանություններ ունեք այլ ժողովուրդների, հատկապես Արեւելքի ժողովուրդների պոեզիայի լավագույն նմուշներից: Ձեր կարծիքով, ի՞նչ տեղ է գրավում թարգմանական գրականությունը ժողովուրդների կյանքում:

– Ժողովուրդների բարեկամության, իրար ճանաչելու հարցում անփոխարինելի է թարգմանական գրականության դերը: Դրա միջոցով հնարավորություն ես ստանում զգալու ուրիշ ազգերի հոգեբանությունը, հասկանալու նրա հոգեկան հարստությունները, գնահատելու նրա բնավորության լավագույն գծերը, եւ դրանք անպայմանորեն ներծծվում են քո արյան մեջ: Թարգմանության միջոցով հաղորդակից ես դառնում այլ ժողովրդի հոգսերին, ցավերին, կարեկից լինում նրան, իսկ կարեկցությունը մարդկային ամենագնահատելի կարողություններից է: Թարգմանության միջոցով տեսնում ես ուրիշ ժողովուրդների երազների լույսը, որ նույնքան կարեւոր է: Սրանք են հիմնականում այն պատճառները, որ բոլոր ճշմարիտ բանաստեղծներին ու գրողներին մղում են թարգմանություններ կատարելու:

– Իսկ արդյո՞ք թարգմանությունը չի խանգարում սեփական ստեղծագործությանը:

– Ոչ: Ես կասեի՝ ընդհակառակը, օգնում է, եթե թարգմանիչը իսկապես բանաստեղծ է, հարստացնում է նրան եւ այն ժողովրդին, որի լեզվով թարգմանվում է: 1932 թվականից սկսած ես թարգմանություններ եմ կատարել, շուրջ հիսուն տարի: Թարգմանել եմ հատկապես արեւելյան պոեզիան: Ինձ համար մեծագույն երջանկություն էր արեւելքի մեծ բանաստեղծ Աբու Ալ Մահարիից կատարած թարգմանությունները, նրա զարմանալի խորը, բարդ փիլիսոփայական պոեզիայի հետ հաղորդակցվելը: Այն թարգմանելը ուղղակի բերկրանք էր: Այդ պոեզիան շատ բանով է օգնել ինձ թե կյանքում, թե ստեղծագործելիս: Շատ եմ թարգմանել նաեւ թուրքմենական, վրացական, հայկական պոեզիայի նմուշներ: Բերկրանքով եմ թարգմանել Աայաթ-Նովայի, Ավ. Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Համո Աահյանի եւ ուրիշների բանաստեղծությունները:

– Արդյոք ինչ-որ բան պակաս կհամարեի՞ք Ձեր ստեղծագործական ամբողջության մեջ, եթե նրանում տեղ գտած չլինեին Հայաստանն ու հայկական պոեզիան:

– Այո, անկասկած: Ես բավականին շատ եմ թարգմանել հայ պոեզիայից: Այդ պոեզիայի միջոցով ես կապվել եմ Հայաստանին: Ես մեծ բախտավորություն եմ համարում, որ ծանոթ եմ եղել եւ Հայաստանում շրջել եմ մեծ վարպետներ Ավ. Իսահակյանի եւ Մարտիրոս Սարյանի հետ:
Բացի այդ թարգմանություններից, բանաստեղծություններ ունեմ հայկական թեմաներով: Իմ «Էրերունի» եւ «Կոմիտաս» բանաստեղծությունները ծնվել են այստեղ՝ անմիջական պատմական փաստերի ազդեցությամբ: Եթե չլիներ այդ ամենը, հնարավոր է, որ շատ պակաս պիտի լինեին իմ կյանքի լավագույն պահերը:

Ելենա Նիկոլաևսկայա. բանաստեղծուհի, Հովհ. Թումանյանի անվան մրցանակի դափնեկիր

– Ելենա Մատվեեւնա, Դուք հայ-ռուսական գրական բարեկամության իսկական ջատագովներից եք: Խնդրում եմ պատմեք, թե ինչպե՞ս սկսվեց այդ բարեկամությունը:

– Սիլվա Կապուտիկյան, Գեւորգ Էմին, Հովհաննես Շիրազ, Մարո Մարգարյան, Սաղաթել Հարությունյան, Հրաչյա Հովհաննիսյան, Վահագն Դավթյան, ահա այն բանաստեղծները, որոնց հիմնականում թարգմանել եմ: Ստացվեց այնպես, որ մեր ճանապարհները խաչաձեւվեցին ժամանակի եւ տարածության մեջ: Ես վաղուց, շատ վաղուց եմ սկսել թարգմանել նրանց բանաստեղծությունները: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր սեփական ձայնը, իր նկարագիրը, աշխարհի նկատմամբ իր վերաբերմունքը, իր բանաստեղծական անհատականությունը: Եւ շատ տարիներ առաջ նրանք ինձ վստահեցին իրենց համար ամենաթանկագինը՝ իրենց մտքերն ու զգացմունքները, արտահայտված ամենախտացված ձեւով՝ բանաստեղծությամբ: Վստահեցին, որպեսզի ես իրենց բանաստեղծությունները հնչեցնեմ ռուսերեն, ինչը ես սիրով անում եմ ուժերիս ներածին չափով՝ ձգտելով ռուսական բանաստեղծության մեջ վերստեղծել նրանց ուրախությունն ու ցավը, հնարավորին չափ փոխանցել ներքին մեղեդին, կշռույթը, հնչեղությունը, բանաստեղծական ավյունը, նրա շնչառությունը: Եւ նրանց շնորհիվ էր, որ ես սիրեցի Հայաստանը, հենց առաջին հանդիպումից, առաջին հայացքից: Կապվեցի այս հողին, դժվար ու հրաշալի, դառն ու տոնական, անբացատրելի հմայքով այս հողին… Ու եթե չհպվեի նրա քարերին, չառնեի նրա հացի ու ջրի համը, չլսեի նրա գետերի շառաչն ու հայկական երգերի անարտահայտելի գեղեցիկ մեղեդիները, չէի հանդգնի ձեռք զարկել այնպիսի պատասխանատու ու դժվարին գործի, ինչպիսին թարգմանությունն է: Ամեն հանդիպում Հայաստանի հետ ինձ համար տոն է, իսկ այս հանդիպումը յուրահատուկ տոն է. թարգմանչաց տոն՝ ժողովուրդների բարեկամության եւ փոխադարձ վստահության ամենաբարձր արտահայտության տոն:

Էդուարդաս Մեժելայտիս. բանաստեղծ, Լենինյան մրցանակի դափնեկիր, Ե. Չարենցի անվան մրցանակի դափնեկիր

– Մեծարգո Էդուարդաս Մեժելայտիս, Ձեր կարծիքով, ի՞նչ տեղ ունի հայ գրականությունը համաշխարհային մշակույթի մեջ:

– Թարգմանական արվեստի ներկա տոնին ժամանած պատվիրակները բազմաթիվ գեղեցիկ թվեր ու փաստեր բերեցին հայ գրականության թարգմանված նմուշների մասին: Սակայն կարծում եմ, հայ գրականությունը դեռեւս պատշաճ մակարդակով չի թարգմանված այլ լեզուներով: Այն մակարդակով, որին արժանի է:
Ես զբաղվում եմ Նարեկացիով, Թումանյանով, Չարենցով: Նարեկացին ողջ աշխարհին պատկանող հանճար է: Նրան պետք է անընդհատ թարգմանել եւ որքան հնարավոր է շատ լեզուներով: «Մատյան ողբերգությանը» գրվել է շատ ավելի առաջ, քան Դանթեի «Աստվածային կատակերգությունը»: Իհարկե, աշխարհի գրականությունների բացն է, որ Նարեկացին նոր-նոր է մուտք գործում ժողովուրդների գեղարվեստական ոլորտը: Բայց դա նաեւ ձեր՝ հայերիդ, անհարկի համեստության արդյունքն է: Պետք է ավելի համարձակորեն Նարեկացուն ներկայացնել աշխարհին: Չարենցը ռուսերեն լավ չի թարգմանված: Նրան պետք է նորից թարգմանել: Չարենցը կանգնած է դարիս լավագույն պոետների՝ Վերհարնի, Ապոլիների, Ուիթմենի, Մայակովսկու կողքին, եւ նրան պետք է նորից ու նորից թարգմանել:

Հայ գրականությունը մյուս ժողովուրդներին մատուցելու լավագույն խթան կարող են հանդիսանալ թարգմանական արվեստի նման տոները: Դրանք կարող են օգուտ բերել ոչ միայն հայ, այլեւ խորհրդային եւ արտասահմանյան մյուս ժողովուրդների գրականություններին եւ ճշգրտել, կարեւորել հայ գրականության իսկական տեղը համաշխարհային գրական մշակույթի մեջ:

You may also like...