Հոգու տոն էր

«Հայրենիքի ձայն», 1979թ.
Սեյրանուհի Գեղամյան, Շարունակվող երկխոսություն, Երևան, 2007թ.

Շիկուկ մազդ ու նազդ ջան
Մեմակ ինձի համար ես,
Շիկուկ մազս ու նազս ջան
Մեմակ քեզի համար են,
Ճերմակ-ճերմակ թեւերս ջան
Սիրո անտակ ծովեր են:

Հնչում է հայկական ժողովրդական հինավուրց երգը՝ պարզ, անպաճույճ ու փափուկ ներծծվում դահլիճում… Անցյալի արձագանքներ ու հարազատ պատկերներ են ծնվում: Պատկեր-պատկեր իրար են հաջորդում երգերը՝ մարդկային բոլոր ապրումների, հույսերի ու կարոտների ամենահնարավոր ու մատչելի թարգմանները:

Հայկական լեռնաշխարհի դարչնագույնով ու Սեւանի կապույտով «քանդակված»՝ որմնանկարի պես պարզ ու մոնումենտալ բեմում կանգնած է Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը:

Մեքենայական ու տիեզերական մեր ժամանակներում, երբ կյանքի գրեթե բոլոր ոլորտները հագեցած են առարկանների ու երեւույթների առատ միօրինակությամբ, հանդիպումը իսկական ժողովրդական արվեստի հետ դառնում է տոն, հեքիաթային աշխարհի արարում: Այդպիսին էր նոյեմբերի 13-ին կայացած հանդիպումը Ալթունյանի անվան անսամբլի հետ, որը հանդիսատեսին ներկայացավ իր նոր ծրագրով: Ժողովրդական ստեղծագործության ներշնչանքի զգացողությունը, յուրաքանչյուր հնչյունի ու շարժումի ներքին խորհուրդը, աշխարհազգացողության պարզությունն առանձին հմայքով էր խոսում հանդիսատեսի հետ: Ամեն պահ զգալի էին ժողովրդական արվեստի նոր, կենդանի դրսեւորումները, նրա անընդհատ նորանալու ունակությունը:

Շուրջ 41 տարի է, ինչ այս համույթը ապրում է բեմում՝ ժողովրդին հասցնելով իր նախնիների երգն ու նրա պարարվեստի տոկուն, անառիկ ոգին: Այդ երգերն ու պարերն անցել են դարերի միջով՝ իրենց մեջ պահելով մեր ժողովրդի խորն ու խաղաղ հրճվանքները, մաքառումի կամքը, կորստի վիշտն ու սիրո լույսը: Շուրջ 41 տարի է, ինչ այս համույթը, որը հիմնադրել է ժողովրդական երգարվեստի հմուտ ու նուրբ գիտակ Թաթուլ Ալթունյանը, սիրով ու խնամքով կատարում է հայկական ժողովրդական երգերն ու պարերը, եւ ոչ միայն սոսկ կատարում, այլեւ հավաքում, ուսումնասիրում ու ստեղծագործաբար մշակում է: Նրա երգացանկը օր-օրի հարստանում է ժողովրդական երգերի ու պարերի նոր գոհարներով: Համույթի գեղարվեստական ղեկավար, ՀԱԱՀ վաստակավոր արտիստ Ազատ Ղարիբյանի ջանքերով է, որ այսօր բեմ են բարձրացել ժողովրդական այնպիսի երգ-պարեր, ինչպիսիք են «Շիկուկ-շիկուկը», «Մեհրանին», «Տարոնին», «Կարմիր խնձորը», «Հայկո ջանը», «Չոլի կռունկը» եւ այլն:

Կատարվող երգերն ու պարերը արտացոլում են ողջ Հայքը. Արարատյան դաշտը, Լոռին, Տարոնը, Մուշը, Զանգեզուրը: Ու կարծես կենդանի շարժապատկերի միջոցով կարճ ժամանակում վերակենդանանում են Հայաստանի տարբեր հատվածների բարբառը, նրանց բնորոշ մեղեդիները, սովորույթներն ու ծեսերը, տարազը.

Զեն Մըշո դաշտ կըսես
Մանդըր ու բեդ գեղեր
Շունչիկ մը կըշնչի իմ ջանին դեղեր,
Գորանի, գորանի, յարըմ գորանի
(Տարոնի)

Պահպանելով ժողովրդական երգի ու պարի իրականությունն ու հմայքը, նրա համն ու հոտը, համույթի ղեկավարները հանդիսատեսին են ներկայացնում առավել կատարելագործված, որակական ու գեղարվեստական նոր շեշտերով հագեցած համարներ: Իսկ որքա՜ն խոսուն են պարերը: «Քոչարի»… Հեռվից սկսում են նվագել դուդուկները, զուռնան թեժացնում է սպասումը, անհամբեր ու զվարթ միանում են թմբուկները, կարծես դարերի խորքից հանդարտ ու համառ առաջ է գալիս տղամարդկանց շղթան՝ ասես քայլը սեպի պես խրելով գետին: Ուսերն ու ձեռքերը պինդ ագուցված են իրար, ու թվում է՝ ոչինչ աշխարհում չի կարող քանդել այդ միասնությունը: Սակայն տագնապ է զգացվում դհոլի զարկերում, ու բեկվում է պատը: Մեղեդին զորանում է, ավելի են պրկվում ձեռքերը: Մի հզոր ռիթմի մեջ են ձուլվում ոտքերի զարկերը, շնչառությունը, ուսերի հուժկու բախումները, թմբուկների պահանջկոտ զարկերը: Որքա՜ն պատմություն կա այս պարի մեջ, որքա՜ն ակնհայտ է նրա միավորող, զորացնող ուժը: Ժողովրդի բնավորության, նրա բարոյական օրենքների իմացությամբ են բեմադրված «Կարմիր խնձորը», ինչպես նաեւ «Լոռվա ազգագրական պարերը»: Դրանք սկսվում են հանդարտ, ծանրակշիռ, խաղաղ ու ծորուն: Ոչ մի կտրուկ կամ երերուն շարժում, շարքերը բացվում են ազատ ու լայնաշունչ, առանց ավելորդ կրքի կամ ծայրահեղ շիկացումի: Պարի տրամադրությունը շոշափելիորեն տեսանելի է դարձնում այդ լեռնաշխարհի մարդկանց կենցաղն ու միջավայրը:

Ալիքվում են տղամարդկանց ամուր, ուժեղ ձեռքերը, այդպես ալիքվում է Սեւանը: Լեռնցի մարդու ազատ, վստահ շարժումներով իրենց աշխատանքն են կատարում «Սեւանի ձկնորսները»: Հաստատակամությունն ու ուժը, սերն ու հիացումը բնության, աշխատանքի նկատմամբ վկայում է մարդու ու բնության խորը դաշինքի մասին: Վկա ես լինում այն գեղեցիկ արարումին, երբ բնությունը վերակենդանանում է մարդու մեջ: Այս ամենը հասկանալու համար ոչ մի ճիգ պետք չէ, այնքան հստակ են պարող տղաների (մենակատար՝ Ռաֆիկ Պողոսյան) շարժումները, հագեցած ու բովանդակալից նրանց պարային լեզուն:

Կողք-կողքի կատարվում են կենցաղային, քնարական, հանդիսավոր ու հերոսական պարերգեր: «Շիկուկ-շիկուկ», «Ծամթել», «Տղա Զավեն», «Հայկո ջան» պար-երգերը կարծես ժպիտով բացված պարզ հայացք են աշխարհի, սիրո, մարդկային կարոտների մեծ խորհրդի վրա:

Դու էլ չես մենակ-մենակ ման գա,
Էն բարձին դու մենակ էլ չես յան տա,
Բախտը էն է, երբ որ կողքիդ յար կա:
(«Հայկո ջան»)

Ժողովրդի սիրո տաղանդը շողում է զուլալ, նախնական մաքրությամբ, ուր սիրո համարժեքը միայն սերն է եւ ուրիշ ոչինչ:

Չսասանվող կամք, կենսահաստատ ուժ ու ապրելու պահանջ է հնչում «Մշեցի մոր օրորոցայինում»:

Աննյութական փափկություն ունի շարժումը «Քամանչա», «Կռունկներ», «Իմ եղեգ» պարերում: Հայ կնոջը բնորոշ հպարտ հեզությունը, իր սիրուն, կարոտին այնպես անաղմուկ փարվելը դիտվում է որպես հեքիաթային նվեր: Սրանցից յուրաքանչյուրը կարծես մի ավարտուն նովել է ապրումի ու զգացումի խորը վերլուծությամբ: Հեշտ չի ձեռք բերվել այս ցանկալի մակարդակը: Մեծ ջանքեր ու որոնումներ են պահանջվել համույթի ղեկավարներից, նրա մենակատարներից: Ակնհայտ է բոլորի՝ ե՛ւ Էմմա Ծատուրյանի, ե՛ւ Ազատ Ղարիբյանի եւ մենակատարների՝ ՀՍՍՀ վաստակավոր արտիստ Հ. Ալավերդյանի, Ջ. Գասպարյանի, Ռ. Պողոսյանի, Ա. Գեւորզյանի, Ա. Վեքիլյանի, ինչպես նաեւ տարազների էսքիզների հեղինակների՝ Ս. Ալավերդյանի եւ Ռ. Էլիբեկյանի աշխատանքը:

Հայկական ժողովրդական արվեստը շարունակում է զարգանալ: Այն մնում է արվեստի այն հարուստ ու կենսահաստատ ասպարեզը, որով ժողովուրդը առավելագույնս է արտահայտում իրեն: Իսկ Ալթունյանի անվան երգի-պարի համույթը նախանշում է հայկական ազգային արվեստի զարգացման նոր հեռանկարներ: Դրա լավագույն վկան է նրա համերգային ծրագրի զարդերից մեկը՝ «Տարոնի ազգագրական պարերը»: Թեթեւ, անզարդ հագուստներով բեմ են մտնում տղամարդկանց ու կանանց խմբերը, եւ սկսվում է մի պարզ պատմություն գյուղի, բնության, աշխատանքի մասին, ճոճվում է խնոցին, պտտվում է սանդը, վառվում է թոնիրը, ու հառնում է կյանքի, ապրելու հրճվանքը, գոյության իմաստը, ստեղծելու տարերքը: Մի տաք, քնքուշ կարոտ է արթնանում այս ամենից, կարոտ, որ նստած է մեր ենթագիտակցության մեջ ու ձգվում է դեպի մեր արմատները: Այս է հավանաբար իսկական ժողովրդական արվեստի անբացատրելի ուժն ու հմայքը, այս է, որ ունկնդրի հոգում երազներ է ծնում ու սովորական թվացող երեկոն վերածում «հոգվու տոնի»…

You may also like...