Հնդկաստան

Հայ-հնդկական առնչությունների մասին հիշատակություններ ենք գտնում Քսենոփոնի, Զենոբ Գլակի, Մովսես Խորենացու, Պրոկոպիոս Կեսարացու աշխատություններում:
Հնդկաստանում առաջին հայ համայնքները կազմավորվել են 16-րդ դարում: Տարբեր ժամանակաշրջաններում հայ համայնքներ են ձևավորվել Ագրա, Բոմբեյ, Դաքա, Չինսուրահ, Սեիդաբադ, Սուրաթ քաղաքներում: Մադրասի հայ համայնքը կազմավորվել է 16-րդ դարում, 1547 թ. կառուցվել է առաջին հայկական եկեղեցին: 1770-ական թվականներին Մադրասը դարձել է հնդկահայության կենտրոնը: Հնդկահայ համայնքի ականավոր գործիչներ են եղել Հովսեփ Էմինը, Մովսես Բաղրամյանը, Շահամիր Շահամիրյանը, Հարություն Շմավոնյանը և այլոք:

1773 թ. Մադրասի հայկական տպարանում լույս է տեսել «Որոգայթ փառացը»` Հայոց պետության կառավարման համար նախատեսված օրենքների ժողովածուն: Կալկաթայի հայ համայնքը կազմավորվել է 17-րդ դարում: 19-րդ դարասկզբին Կալկաթայում գործել է Հարություն Գալուցյանի դպրոցը, 1817 թ.-ից` Սբ. Սանդուխտ երկսեռ դպրոցը: 1724 թ. Կալկաթայում հիմնվել է Սբ. Նազարեթ եկեղեցին, 1821-23 թթ.` Ս. Երրորդություն մատուռը, 1909 թ.` Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: 1821 թ. ջուղայեցի մեծահարուստ Աստվածատուր Մուրադխանյանի կտակով հիմնադրվել և գործում է առ այսօր Հայոց մարդասիրական ճեմարանը:

1999 թ. փետրվարի 15-ին Կալկաթայի Գերագույն դատարանի որոշմամբ Ճեմարանը հանձնվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսությանը: Մինչև 1990-ական թվականները գործել է Մեսրոպ Սեթի ճեմարանի շրջանավարտների միությունը: 1820 թ. հիմնվել է Աղքատախնամ մարմին (ծերանոց), որը գործում է մինչև այսօր: Կալկաթայի հոգևոր հովվությունը կազմավորվել է 17-րդ դարում, գործում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակության հովանու ներքո: Կալկաթայի հոգևոր հովիվն է Ղևոնդ աբեղա Ղևոնդյանը, նստավայրը` Կալկաթայի Սբ. Նազարեթ եկեղեցի: Ծիսական արարողությունները կատարվում են Կալկաթայի եկեղեցիներում, Չինսուրահի և Սեիդաբադի եկեղեցիներում պատարագ է մատուցվում տարին 2 անգամ: Վերջին տվյալներով՝ Հնդկաստանում բնակվում է շուրջ 200 հայ, ովքեր կենտրոնացած են հիմնականում Կալկաթայում:

Կալկաթայի սուրբ Նազարեթ եկեղեցի

Կալկաթայում հայերը հաստատվել են 17-րդ դարում, այդ մասին է վկայում Ս. Նազարեթ եկեղեցուն հարող տարածքի պատմական հայկական գերեզմանոցը, ուր գտնվում է Բենգալիա նահանգի ամենահին քրիստոնեական գերեզմանը` Ռզաբիբե Սուքիասին (1630թ.): Նույն գերեզմանոցում են թաղված նաև Հովսեփ Էմինը, Մարդասիրական ճեմարանի հիմնադիր Աստվածատուր Մուրադխանյանը, 16 հոգևորականներ, բազմաթիվ վաճառականներ: Սուրբ Նազարեթը Կալկաթայի ամենահին եկեղեցին է` կառուցված 1724թ. Աղա Նազարի կողմից: Զանգակատունը կառուցվել է 1734թ. Հազարմալ ընտանիքի օժանդակությամբ:

Չինսուրայի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի

ST. JOHN THE BAPTIST ARMENIAN CHURCH OF CHINSURAH
4/4 Armanitola, Chinsurah, Dist. Hooghly, WB, India

Բենգալիայի նահանգի երկրորդ ամենահին քրիստոնեական եկեղեցին է, որը հիմնադրվել է 1695թ. Մարգարյան ընտանիքի միջոցներով: Հունվարի երկրորդ կիրակին եկեղեցու ուխտի օրն է: Ղարաբաղի վերջին մելիքը` Դավիթ Ֆրիդոն Մելիք Բեգլարը, որը 1813թ. գործուղվել էր Հնդկաստան որպես սարկավագ: Այժմ հանգչում է Չինսուրայի եկեղեցու բակում: Նա մահացել է 89 տարեկան հասակում 1884թ. սեպտեմբերի 22-ին: Մադրասի Սուրբ Մարիամ եկեղեցի (Չեննայ) Կառուցվել է 1772թ.: Նշանավոր են եկեղեցու զանգակատան 6 զանգերը: Հայկական գերեզմանոցում ի շարս այլ նշանավոր հայերի թաղված է նաև Տեր Հարություն քահանա Շմավոնյանը:

Կալկաթայի Տինգրայի Սուրբ Երրորդություն եկեղեցի

Հիմնադրվել է 1867թ: Ներկայումս ավարտվել են վերանորոգման աշխատանքները: Վերաօծվել է 2007թ. փետրվարին Վեհափառ Հայրապետի կողմից Հնդկաստան կատարած հովվապետական այցի շրջանակներում:

Լուսանկարներում
1. Մադրասի Սուրբ Մարիամ եկեղեցի (Չեննայ, կառուցվել է 1712թ.): 2.Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցի (Կառուցվել է 1707թ.): 3. Կալկաթայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Կառուցվել է 1906թ.): 4. Չինսուրայի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Կառուցվել է 1695): 5. Բոմբեյի Սուրբ Պետրոս եկեղեցի (Մումբայ, կառուցվել է 1796թ.): 6.Սայդաբադի Սուրբ Մարիամ եկեղեցի (Կառուցվել է 1758թ.):

You may also like...