Հարցազրույց ժամանակի ու տարածության վրայով

Էդուարդ Ավագյան
«Սովետական Հայաստան», 1985, թիվ 4

Դու, հայ ժողովուրդ, մեծ, ամուր ժողովուրդ: Ինչեր տեսար… Աշխարհք ամեն վրադ թափվեց, մարդ չմնաց, որ չխոցեր քեզ, ատամ չմնաց, որ չկծեր քեզ և գարշապար, որ չկոխեր քեզ… Հայը տիեզերքի չափ սիրտ պիտի ունենա, որ կարողանա այս ցավերին դիմանալ, այս անարդարությունները համբերել և վատությունները հանդուրժել… Տիեզերք, գլուխ խոնարհիր հայ նահատակության առաջ — նա քավության նոխազը եղավ քո ոճիրների համար: Դու, հայ պաշտելի ժողովուրդ, դասական ազնիվ ժողովուրդ: Դու ադամանդ, ադամանդի պես ամուր: Փշրվեցին, փոշի դարձան հինավուրց Ասուր–Բաբելոնը… Դու կաս ու կամք ունես հավերժության:

Ավետիք Իսահակյան

– ՀԱԼԵՊԻ Մեյդան թաղամասի հայկական ուսումնական հաստատությանը կոչվում է «Քարեն Եփփե ճեմարան»։ Ո՞վ եք դուք, Քարեն Եփփե, որտեղացի՞, ինչո՞ւ է այդ դպրոցը Ձեր անունով կոչվում։

Քարեն Եփփե

Քարեն Եփփե

– Ծնվել եմ 1876-ին Կոպենհագենում, մեծացել և ուսում եմ առել հեռու հյուսիսում գտնվող այդ քաղաքում։ Հիշում եմ, 1903-ին էր, երբ իմ քսանյոթը նոր էր բոլորել, երբ անհոգ մտածում էի իմ ապագայի անորոշ երազներն իրականություն դարձնել, մի օր անդամագրվեցի դոկտոր Յոհաննես Լեփսիուսի՝ Գերմանական արևելյան առաքելական կազմակերպությանը։ Եվ անսպասելի պարզ դարձավ ինձ համար, որ երազներից բացի կա կյանքի դաժան իրականությունը։ Որոշեցի մասնակցել 1895-ի հայկական ջարդերից մազապուրծ հայ մանուկներին օգնելու գործին։ Զգացի, որ կյանքիս սրբազան նպատակը թշվառներին օգնելու մեջ է։ Եվ որոշեցի մեկնել։ Դեմ եղան ծնողներս, քույրերս, համոզեցին հետ կանգնել, վախեցրին օտար ու բարբարոս երկրի դժվարություններով։ Ես չհրաժարվեցի իմ որոշումից։ Եվ ուրախ եմ, որ հաստատ մնացի։ Այսպես, 1903-ին ես արդեն Ուրֆայում էի։

– Երբ դուք եկաք Ուրֆա, հեռավոր ու անծանոթ այդ քաղաքը, որտեղ ոչ մի ծանոթ, բարեկամ, նույնիսկ ձեր լեզուն հասկացող չկար, ինչպե՞ս կարողացաք մնալ, դիմանալ։ Ինչպե՞ս կարողացաք շատ կարճ ժամանակում հայերեն սովորել և այնքան լավ, այնպես վարժ, որ շատերը ձեզ Քարեն Եփփե — Հայ անվանեցին։

– Ես ամուսնացած չէի, և ինձ անծանոթ էր այն զգացումը, որ տածում է հարազատ մայրը իր զավակների նկատմամբ։ Բայց հայ որբերի աղետալի, թշվառ վիճակը ստիպեց, որ մայր դառնամ նրանց համար։ Երեխաներին սնունդ էր պետք, շոր էր պետք և հետո՝ ուսում։ Բայց ամենից առաջ, ամենից շատ նրանց այդ պարագայում մայրական գուրգուրանք էր անհրաժեշտ։ Նրանք գրկում էին ինձ, ինչ–որ խոսքեր շշնջում։ Երեխային հասկանալու համար միայն բարություն անելու զգացումը քիչ է։ Գուրգուրանքի հետ նաև փաղաքուշ խոսքեր էին պետք։ Պետք էր հասկանալ նրանց լեզուն։ Եվ ես սովորեցի հայերեն։ Փոքրիկնե՛րը դարձան իմ դաստիարակները, ոչ թե ես նրանց։ Շատերի վկայությամբ ես մի տարի անց հիանալի հայերեն էի խոսում, իսկ մայրենի դանիերենի առոգանությունը ուրիշ երանգ էր տալիս իմ իմացած հայերենին։ Եվ հպարտ էի, որ որբանոցում և նրանից դուրս ինձ հայ էին ասում։

Հիշում եմ, արդեն տարիներ անց, երբ 1928-ին նշվում էր որբանոցում աշխատելու իմ քսանհինգ տարին, Հալեպի թեմական առաջնորդ Արտավազդ եպիսկոպոսը հոբելյանական երեկո կազմակերպեց։ Այնտեղ ելույթ ունեցողները միահամուռ ինձ դրվատանքի խոսքեր ասացին։ Իսկ ես պատասխանեցի. «Ես հայրենասեր հայ եմ և ինչ որ արել եմ և այսուհետև պիտի անեմ, հայրենասերի մղումով է լինելու»։

Անապատից հավաքված հայ որբեր

Անապատից հավաքված հայ որբեր

– Բայց չէ՞ որ, այնուամենայնիվ, կային ազգային սովորույթների տարբերություններ, նույնիսկ կրոնական հարցեր։ Չէ՞ որ դուք բողոքական էիք։

– Եթե սրտանց սիրում ես, ապա սիրում ես ոչ միայն անձը, այլև հարգում նրա նախասիրությունները, հավատը։ Եվ, ի վերջո, ի՞նչ են դավանաբանական տարբերությունները, երբ իմ կողքին մահվան ճիրաններում թփրտում էր իր պատմությամբ, մշակույթով, լեզվով հարուստ քրիստոնյա մի ժողովուրդ։ Մահվան դուռ էր հասել ոչ միայն դրսի ու ներսի իր թշնամիներից, այլև քրիստոնյա իր բարեկամների խաբեություններից։ Երեխաների հետ գնում էի հայկական եկեղեցի, ընդունեցի նրա ծեսերը և, ինչպես տեսնում եք, աստված չբարկացավ։ Տարիներ անց, երբ ես հիվանդ էի ու Դանիա վերադարձա, կտակեցի, որ եթե մեռնեմ, ինձ թաղեն հայկական ծեսով։ Եվ այդ զգացումը իմ սիրուց էր և ցավից…

– 1903-ին Դուք Ուրֆա հասաք, քաղաքը լիքն էր 95-ի կոտորածներից որբ մնացած երեխաներով։ Ինչպե՞ս սկսեցիք Ձեր մեծ գործը, որի հիշատակը առ այսօր կենդանի է վերապրող ուրֆացիների մեջ։

– Չնայած դեռ թարմ էր զարհուրելի հուշը, բայց քաղաքն արդեն ապրում էր իր հանգիստ կյանքով։ Եվ Միլլեթ խանի որբանոցն ապրում էր իր սովորական կյանքով։ Ինչպես ասացի, իմ առաջին խնդիրը երեխաներին գուրգուրելն էր: Մտածում էի նաև նրանց ապագայի մասին։ Նրանք պետք է այնպես դաստիարակվեին, որ պատրաստ լինեին ապագա արհավիրքներին։ Շատերը չէին հասկանում այդ, 95-ը համարում էին անցած, բայց ոչ գալիք։ Դրանից բացի, ես ձեռնարկեցի արհեստներ սովորեցնել՝ գորգագործություն, ներկարարություն, մանածագործություն։ Ուզում էի դաստիարակել հասարակության համար պիտանի մարդիկ։

– Մինչև 1915-ը Դուք ի հայտ բերեցիք ձեր մարդասիրական, ազնիվ ձգտումները։ Դուք մայր լինելուց բացի որբերի համար եղաք շիտակ խորհրդատու, ճշմարիտ ռահվիրա։ Հետո, արդեն 15-ին, դուք ցույց տվեցիք, որ նաև այդ զգացումների կողքին ապրում է հերոսականը… Ինչպե՞ս կարողացաք դիմանալ այդ ահավորին։

– Հերոսները նրանք էին, ովքեր կազմակերպեցին Ուրֆայի հերոսամարտը, նրանք, ովքեր քսանհինգ օր, համարյա անզեն, դիմագրավեցին թշնամու կանոնավոր զորքերին, հրանոթներին, խուժանի ահավոր գրոհներին։

Մայիսին էր, հիշում եմ, երբ Ուրֆա հասան տեղահանված զեյթունցիների առաջին խմբերը, արհավիրքի ենթարկված հայերի խլյակները՝ մերկ, բոկոտն, սոված ու ծարավ։ Իմ հուշագրքում այդ օրերին գրեցի. «Ուրֆայի հայերի տրամադրությունը ճնշված էր, մտածում էին, թե իրենց ի՞նչ է սպասում։ Քաղաքի երիտասարդները վրդովված էին ու պատրաստ ապստամբելու, սակայն համայնքի երևելիները նրանց հետ էին պահում այդ քայլից»:

Ինձ կորցրել էի։ Սոսկալին նորից է ծառանում ահավորը տեսած հայ ժողովրդի դեմ։ Ես ամեն միջոց գործադրեցի, որ օգնեմ թշվառ զեյթունցի ծերերին, մանկանց, հիվանդներին։ Որբանոցից հաց ու տաք կերակուր էի հասցնում, դեղորայք հայթայթում, սփոփում էի, հույս տալիս։ Տեղի իշխանություններն արգելեցին։ Բողոքեցի։ Իզո՛ւր։ Ինձ հեռացրին որբանոցից և փորձում էին արտաքսել։ Թաքնվեցի շվեյցարական հիվանդանոցի բժիշկ Ֆիլի բնակարանում։

Սեպտեմբերի 29-ին արթնացա ուժեղ թնդանոթաձգությունից։ Սկսվել էր Ուրֆայի հերոսական դիմադրությունը, մի կողմից՝ մի բուռ հայեր, մյուս կողմից՝ կառավարական կանոնավոր զորքը։ Հրաշքներ գործեցին Յոթնաղբերյան երկու եղբայրները՝ Մկրտիչը և Սաքոն։ Մեկը քաջաբար ընկավ քաղաքի պաշտպանությունը գլխավորելիս, մյուսին վիրավոր գերեցին ու կախեցին։

Հրաշքներ գործեցին Ռաստկենելյանը, կանայք՝ տիկին Խաթուն Գոնտարճյանը, օրիորդ Մարիամ Չիլինգարյանը։ Բարձունքներում տեղադրված հրանոթները քսանհինգ օր գնդակոծում էին քաղաքը, հողին հավասարեցնում գեղեցիկ, սպիտակ քարից շինված երկհարկանի տները, եկեղեցիները։ Հոկտեմբերի 20-ին հայոց Մայր եկեղեցու վրա մի խումբ հայեր, վերջին կռվողները, մի պաստառ բացեցին։ Վրան գրված էր. «Մենք մինչև վերջ պիտի կռվենք և մարդու պես պիտի մեռնենք»։ Ես հեռադիտակով կարդացի այս տողերը և արցունքն աչքերիս շշնջացի. «Ա՜խ, ի՞նչ կլիներ, եթե բոլոր հայերն էլ այսպես պատասխանեին թուրքերին»։

– Երբ վերջացավ հերոսամարտը, Դուք հոգետես ընկճված վերադարձաք Դանիա։ Ինչպե՞ս եղավ, որ մի քանի տարի անց եկաք և հաստատվեցիք Հալեպում։

– Չդիմացա։ Եվ հիվանդ հասա Պոլիս։ Այստեղ երկար պառկեցի Մեծ կղզիներում ապրող հայկական մի ընտանիքում։ Թվում էր, թե գժվելու եմ։ Աչքիս առաջ էր կատարվածը։ 1917-ին Կոպենհագեն հասա։ Ծնողներս ու քույրերս ամեն բան արեցին, որ վերականգնեն իմ հոգեկան հավասարակշռությունը։ Ապաքինվեցի, կարծես թե ամեն ինչ անցավ։ Բայց այդ ե՞րբ է պատահել, որ վերքը լավանալուց հետո սպին անհետանա։ Այնտեղ, հեռվում նոր որբերը կանչում էին ինձ, և ահա 20-ին Հալեպ եկա, որ մինչև վերջ կատարեմ իմ պարտքը։

Հալեպն այդ ժամանակ անապատից վերադարձող հայերի առաջին հանգրվանն էր։ Պատերազմը վերջացել էր, և ստեղծված Ազգերի լիգան ինձ ընտրեց իր ներկայացուցիչը այս գործում։ Սիրիայի սահմանամերձ շրջաններում ստեղծվեցին կայաններ՝ գերությունից ազատելու համար թշվառ կանանց ու աղջիկներին։ Մի քանի ամսում մոտ երկու հարյուր այդպիսի խեղճեր օթևան և կյանք գտան մեզ մոտ։

Որպեսզի նրանք պարապ չմնան, իմ հավաքած դրամագլխով մի փոքրիկ գործատուն բացեցի։ Այստեղ վերականգնվեց հին հայկական նշանավոր ձեռագործը, որը մեծ համարում ուներ նաև Եվրոպայում։ Իմ միջնորդությամբ Դանիայում ստեղծված «Հայ բարեկամների դանիական ընկերությունը» երեք հարյուր հայ որբերի որդեգրեց։ Հիմնվեց Հալեպի Մեյդան թաղամասի ճեմարանը։ Երեխաները մեր ապագան են։ Հայ երեխաները՝ հայոց ապագան։ Ես հրճվում էի, տեսնելով, թե ինչպես է հայ տղան հեգում մեսրոպատառ այբուբենը, հայ աղջնակը ասեղնագործում։ Նրանք արդեն ունեին իրենց ապագան։

Այս աշխատանքի համար Դանիան ինձ շնորհեց Պատվո լեգեոն շքանշան։

* * *

36-ին Քարեն Եփփեն ծանր հիվանդացավ։ Բայց չէր ընկճվում տեսնելով իր հիմնած դպրոցի բարգավաճումը։ «Ես կմեռնեմ այն օրը,— ասաց նա,– երբ հայության մեջ տեսնեմ ապրելու և պայքարի ոգու մահը»։

Քարեն Եփփեի աճյունը, իր կտակի համաձայն, հողին հանձնեցին Հալեպի Շեյխ Մագսուտի հայկական գերեզմանատանը հայկական ծեսով: Նրան իր վերջին հանգրվանը ուղեկցեցին հարյուրավոր հայ որբեր, հարյուրավոր նոր կյանք ձեռք բերած կանայք ու աղջիկներ։ Դանիացի Քարեն Եփփե—Հայը իր սրտաբաց անունը թողեց գեղեցիկ շիրմաքարին, մարդկանց հոգում և իր անունով կոչվող «Քարեն Եփփե ճեմարան» հաստատության վրա։

You may also like...