Հարուստ ժառանգության բարբարոսական ոչնչացումը

«Սովետական Հայաստան», 1987թ., ապրիլ, թիվ 4

Հայկական պատմության և մշակույթի հուշարձանների ճակատագիրը Թուրքիայի տարածքում

Թուրքերի նախահայրերը պատմության թատերաբեմում հայտնվել են որպես նվաճողներ։ Մոտավորապես մեր թվարկության հինգերորդ դարում նրանք Ասիայի կենտրոնական շրջաններից սկսում են շարժվել դեպի արևմուտք, իսկ ավելի ուշ գրավում են Կովկասը, Փոքր Ասիան և Բալկանյան թերակղզին։ Նրանց ստեղծած Օսմանյան կայսրությունը յուրացնում է նաև Արևմտյան Հայաստանի ընդարձակ տարածքը՝ մոտ երեք միլիոն բնակչությամբ։

«Սովետական Հայաստան», 1987թ., ապրիլ, թիվ 4

Խծկոնքի վանական համալիրը դարասկզբին: «Սովետական Հայաստան», 1987թ., ապրիլ, թիվ 4

Պատմական աղբյուրները ցույց են տալիս, որ հասարակական-տնտեսական, մշակութային բարձր մակարդակի և ձևավորված ազգային ինքնագիտակցության շնորհիվ հայերն ստեղծել են աշխարհի առաջնակարգ քաղաքակրթություններից մեկը։ Հայ ժողովուրդն զգալի ավանդ ունի մարդկության գանձարանում՝ դարեր շարունակ կերտելով մշակութային կոթողներ, առևտրի կենտրոններ, վարչական ու հասարակական շենքեր, եկեղեցիներ, վանքեր։

Անառարկելի փաստերը վկայում են, որ հայ ժողովրդի հանդեպ գործադրվող կոտորածների ու զանգվածային ցեղասպանության տարիներին երիտթուրքերի կառավարությունը ձգտում էր ոչնչացնել հայկական քաղաքակրթության ամեն մի նյութեղեն ապացույց։ Հենց այդ քաղաքականության տրամաբանական հետևանքն էր հայ ժողովրդի ցեղասպանությունն ու մշակույթի, արվեստի շատ արժեքներ ոչնչացնելը։ Արդեն քանի տասնյակ տարի է, որ Հայաստան անունը հետևողականորեն ջնջվում է թուրքական ամեն տեսակ քարտեզներից, տեղեկատուներից, այլ վավերաթղթերից, եթե մինչև անգամ պատահաբար սպրդում է որևէ տեղ, բռնագրավվում է ողջ հրատարակությունը, իսկ հրատարակիչներն ու հեղինակները դատական պատասխանատվության են ենթարկվում։

Սովորական երևույթ են դարձել թուրքական պաշտոնական բողոքները այլազգի այն հեղինակների ու հրատարակիչների դեմ, ովքեր հիշատակում են հայկական հինավուրց պետության գոյության մասին։ Միացյալ նահանգներում գործող «Զորյան» հաստատության վերջին տվյալների համաձայն Թուրքիայի արևելյան շրջանների գյուղերի իննսուն տոկոսը վերանվանված է։ Առայժմ օգտագործվում են միայն Վան, Բիթլիս, Էրզրում քաղաքների անունները, ուր գրեթե հայ չի ապրում։

«Սովետական Հայաստան», 1987թ., ապրիլ, թիվ 4

20-ական թվականների կեսերին կիսավեր այս եկեղեցին էր մնացել Խծկոնքի հոյակերտ համալիրից: «Սովետական Հայաստան», 1987թ., ապրիլ, թիվ 4

Հայկական մշակութային հուշարձանները՝ եկեղեցիները, հասարակական շինությունները, առանձնատները միտումնավոր ավերելու քաղաքականությունը զանգվածային կոտորածների ժամանակ (1915—1922 թթ.) օրենքի ուժ ստացավ։ Հայոց պատրիարքարանի երեսնական թվականների տվյալների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուսումնասիրությունների համաձայն, Արևմտյան Հայաստանում ավերված է 1036 եկեղեցի և վանք, իսկ 691-ը լրջորեն վնասված է։ Դրա ապացույցն են Վանի, Մուշի տաճարներն ու պաշտամունքային կառույցները, որոնց քարե հիմքերը դեռ կարելի է նշմարել։

Առանձին դեպքերում հուշարձանները քանդվում են հրանոթային ռմբակոծությամբ։ Այդ երևույթը նկատելի է մանավանդ արևելյան շրջաններում, որտեղ եկեղեցիներն ու վանքերը զինավարժությունների ժամանակ թիրախ են ծառայում։ Ավերված և լրջորեն վնասված են Ձորադիրի և Խծկոնքի եկեղեցիները, որոնք ստեղծվել են 10-րդ դարում։

Մեծ քանակությամբ մշակութային հուշարձաններ ոչնչանում են առանձին թուրք բնակիչների նպատակային «անփութության» և հետևողական չարամտության պատճառով։ Հայկական եկեղեցիների, քաղաքացիական կառույցների ճակատների սրբատաշ քարերը որպես շինանյութ լայնորեն օգտագործվում են տներ, հասարակական շենքեր, մզկիթներ, տարբեր կայաններ, ճանապարհներ կառուցելու համար։ Սովորական երևույթ է դարձել եկեղեցիներն ու վանքերը մզկիթ, բանտ, պահեստ և օսմանյան մշակութային ժառանգության «թանգարան» դարձնելը։ Այսպես օրինակ, Կարսի Մայր տաճարը վերածվել է թանգարանի, Ուրֆայի եկեղեցին՝ մզկիթի։

Ուշադիր նայելիս կարելի է որոշակիորեն նշմարել այդ շինությունների վրա փորագրված խաչերն ու խաչաձև պատուհանները՝ անվիճելի ապացույցներն այն բանի, որ դրանք քրիստոնեական արժեքներ են։ Օրդուի եկեղեցին դարձել է բանտ, ուր հեծում են քուրդ հայրենասերները, իսկ իր ինքնատիպ որմնանկարներով նշանավոր Վարագա վանքը գոմ։

Թուրք իշխանությունների կանխամտածված գործողությունների հետևանքով փլուզման վտանգի ենթակա են նաև այն բոլոր եկեղեցիներն ու տաճարները, որոնք դեռ կանգուն են։ Դա վերաբերում է մասնավորապես Աղթամարին, Անիի Մայր տաճարին, շատ ուրիշ եկեղեցիների։ Հուշարձանների մի մասն էլ ավերվում են ճանապարհ կամ ջրանցք անցկացնելու պատրվակով, մի այլ մասից քերվում են արձանագրություններն ու ներքին որմնանկարները։ Նման հարյուրավոր փաստերի կարելի է ականատես լինել Կիլիկիայում։

Անազնիվ կեղծարարության փորձ է, մասնավորապես, հայկական մշակութային կոթողներն անընդհատ օսմանյան ճարտարապետության վաղ միջնադարին՝ սելջուկյան արվեստին վերագրել։

Մնում է հուսալ, որ համաշխարհային հասարակայնության հետևողական բողոքներից հետո Անկարայի կառավարող շրջանները կդադարեցնեն մշակութային հուշարձանների ոչնչացումը, որոնք հայ ժողովրդի հարուստ անցյալի պերճախոս վկայություններն են։

ԴԵԼՉՈ ԲԱԼԱԲԱՆՈՎ
Անկարա

You may also like...