Հարավաֆրիկյան Հանրապետություն

Հայերը Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում բնակություն են հաստատել 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին: Տեղաբնակների վկայությամբ` Վաալ գետի «Արմենիա» անվանմամբ ամբարտակի կառուցման վայրի սեփականատերը հայ է եղել: 1970թ. ստեղծվել է Հարավային Աֆրիկայի հայկական ընկերությունը, որի նպատակն է պահպանել և զարգացնել հայ ազգային մշակութային ավանդույթները: Ընկերությանը կից գործում են կիրակնօրյա դպրոց (դասավանդվում են հայոց լեզու, պատմություն և երգեցողություն), ազգային պարերի և այլ խմբակներ: Ընկերությունը կազմակերպում է հայոց պատմության և մշակույթի հիշարժան տարեթվերին նվիրված հանդիպումներ` հայ ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչների, պետական ու կրոնական գործիչների մասնակցությամբ:
ՀԱՀ-ում գործում է ՀԲԸՄ-ի մասնաճյուղ, որի ղեկավարն է համայնքի նախագահ Ժակ Ադանալյանը: Հայկական համայնքն ակտիվ մասնակցություն է ունեցել 1990-ականների սկզբին Յոհաննեսբուրգում անցկացված Հարավային Աֆրիկայում բնակվող ազգությունների փառատոնին, 1992-ին հայկական ցուցափեղկը ճանաչվել է լավագույնը:Վերջին տվյալներով՝ ՀԱՀ-ում բնակվում է շուրջ 300 հայ:

You may also like...