Հանդիպումներ Լեհաստանում

Վերածնված Հայաստան, 1989թ., թիվ 11
Վարդան Քոսյան

Լեհաստան ժամանելուս առաջին իսկ օրվանից հայ էի փնտրում։ Ծանոթս, որ ինձ հրավիրել էր Լեհաստան, հայկական ազգանուն ուներ՝ Պաբյան, չնայած ինքն էլ չգիտեր իր ազգանվան ծագման մասին։ Անունը Եժի էր. ծանոթացել էինք 14 տարի առաջ։ Եվ գուցե հայի հանդիպելու իմ անզուսպ ցանկությունն էր պատճառը կամ պարզապես հետաքրքրասիրությունը, որ սկսեցի Եժիի վեցամյա դստերը՝ Կասյային ապացուցել, որ նա հայ է։ Կասյայի հետ «զրուցելիս» գործածում էի իմացածս լեհերենը։ Ձեռքով ցույց տալով ինձ, ասում էի ազգանունս, ապա մատնացույց անելով նրան, տալիս էի նրա ազգանունը՝ Պաբյան, որից հետո բացատրում էի. «Քանի որ ես հայ եմ, ուրեմն դու էլ ես հայ»։

Կասյան ասաց. «Այո, հայ եմ, հայրս էլ է հայ, մայրս էլ, եղբայրս էլ,— ապա մի փոքր մտածելուց հետո ավելացրեց,— ոչ, մայրս հայ չէ, նա ուրիշ ազգանուն ունի։ Երբ մեծանամ, անպայման Հայաստան կգամ»։ 1989 թ. սեպտեմբերի 1-ին համաշխարհային 2-րդ պատերազմի 50-ամյակն էր նշվում Վարշավայում։ Այդ առիթով տեղի ունեցավ բազմամարդ հանրաժողով, որի նշանաբանն էր «Թող երբեք պատերազմ չլինի»։

Որքան մեծ էր զարմանքս, երբ հանկարծ բարձրախոսից լսվեց իմ հայրենակցի ձայնը, ելույթ էր ունենում անգլերեն, ստույգ չեմ հիշում նրա խոսքը, որովհետև անչափ հուզված էի։ Ելույթից հետո Եժին զրույցի բռնվեց մի մարդու հետ։ Պարզվեց, որ նա՝ Հուբերտ Կոզլովսկին, լրագրող է։ Երբ իմացավ, որ Հայաստանից եմ, շատ ուրախացավ, առաջարկեց հաջորդ օրը՝ սեպտեմբերի 2-ին, իր հետ միասին մեկնել Գլիվիցե՝ նրա ծննդավայրը։ Այնտեղ նա տուն ուներ, ուր ոչ ոք չէր ապրում։ Հուբերտը համոզված էր, որ Գլիվիցեում ես ինձ լավ կզգամ, քանի որ այնտեղ շատ հայեր են ապրում։

Վերածնված Հայաստան: թիվ 11, 1989թ.

Վերածնված Հայաստան: թիվ 11, 1989թ.

Վարշավայից մինչև Վերին Սիլեզիա, ուր գտնվում է Գլիվիցեն, մոտ 350 կիլոմետր է։ Արդեն մոտենում էինք Հուբերտի տանը, երբ նկատեցի մի փոքրիկ եկեղեցի։ Երբ ավելի մոտեցանք, երևաց հայերեն ցուցանակը։ Դա հայկական կաթոլիկական եկեղեցի էր։ Ով երբևիցե առիթ է ունեցել օտարության մեջ հայի հանդիպելու կամ հայկական եկեղեցում լինելու, անշուշտ, կհասկանա, թե այդ պահին ինչ զգացումներ համակեցին ինձ։

Շարունակում էի զննել շինությունը, երբ անունս տվին. Հուբերտն էր։ Զրուցում էր վաթսունի մոտ, ալեխառն մազերով մի մարդու հետ։ Ծանոթացանք, որից հետո նրանք սկսեցին լեհերեն խոսել։ Երբ հրաժեշտ տվեցինք այդ մարդուն, Հուբերտն ասաց.

— Գիտե՞ս, նա քո հայրենակիցն է։

Հուբերտի բնակարանում մի փոքր հանգստանալուց և ճաշելուց հետո կրկին եկեղեցի գնացինք: Գլիվիցեում Հուբերտ Կոզլովսկուն գրեթե բոլորն էին ճանաչում։

Հուբերտի հետ նստեցինք վերջին շարքի նստարանին։ Քիչ անց սկսվեց եկեղեցական ծիսակատարությունը, որը ղեկավարում էր Յուզեֆ Կովալչիկը՝ 40-45 տարեկան, բարձրահասակ, գեղեցիկ դիմագծերով մի հոգևորական։ Նա Գլիվիցեի հայկական կաթոլիկական եկեղեցու քահանան է 1988-ից, միաժամանակ Հարավային Լեհաստանի եկեղեցական թեմի առաջնորդը։ Կովալչիկի մայրը հայ է, իսկ հայրը՝ լեհ։ Հայերենին տիրապետում էր կատարելապես, ավարտել էր Լեհաստանի հոգևոր սեմինարիան, այնուհետև երկու տարի կրթությանը շարունակել Հռոմում և Լիբանանում։

Ծիսակատարությունն ընթանում էր հայերեն և լեհերեն։ Երբ Կովալչիկը սկսեց հայերեն խոսել, զգացի, որ միայն ես և մի քանի հոգևորականներ ենք նրան հասկանում։ Նա ասաց. «1550 թվականից այս հողի վրա ենք։ Մեզի համար մեծ տոն պիտի ըլլա և նոր համայնքի, և նոր կյանքի սկիզբը։ Օրհնե մեզի և ամեն օր, մինչև երկինքը։ Ամե՛ն»։

Ծիսակատարությունից հետո դուրս եկանք եկեղեցու բակ, ուր իմացա, որ հաջորդ օրը, սեպտեմբերի 8-ին, Գլիվիցեում մեծ տոն է լինելու։ Առաջին անգամ Լեհաստան էր ժամանել հայ կաթոլիկների Կիլիկիո տան կաթողիկոս Հովհաննես-Պետրոս 18-րդ Գասպարյանը՝ մասնակցելու Լիսցայի Հրաշագործ Աստվածամոր պատկերի թագադրության արարողությանը՝ հայ կաթոլիկական պատարագին։ Կաթողիկոսի հետ Գլիվիցե էին եկել մի շարք հոգևորականներ, հոգևոր ուսումնարանի սաներ։

Ծիսակատարությանը մասնակցելու էր եկել կարդինալ Գլեմպը՝ լեհ կաթոլիկական եկեղեցու առաջնորդը, որի հրավերով էլ Լեհաստան էր ժամանել Հովհաննես-Պետրոս 18-րդը։ Հրավիրվածների թվում էին նաև Կրակովի արքեպիսկոպոս, կարդինալ Ֆրանտիշեկ Մախարսկին, որ Գլեմպից հետո երկրորդ դեմքն է Լեհաստանում, Օպոլ քաղաքի արքեպիսկոպոս Ալֆոնս Նոսսոլը, Գդանսկի արքեպիսկոպոս, 86-ամյա Ֆիլիպյակը, 11 այլ արքեպիսկոպոսներ։

Առիթ ունեցա զրուցելու Հովհաննես-Պետրոս 18-րդի հետ։ Կաթողիկոսն ասաց, որ դեկտեմբերյան երկրաշարժից երեք շաբաթ անց եղել է Հայաստանում, տեսել է ավերված գյուղերը և քաղաքները։ Այնուհետև հարցրեց, թե ինչ է արվում այսօր աղետյալ շրջանում։ Համառոտակի ներկայացրի իրավիճակը։ Ափսոսանք հայտնեցի, որ լեհահայերը հայերեն չգիտեն։ Կաթողիկոսն ասաց, որ դա իրենց էլ է մտահոգում և ամեն ջանք գործադրում են նրանց մեջ հայի ոգին պահպանելու համար։ Վերջում նա իր մակագրությունը թողեց պատերազմի կապակցությամբ հրատարակված գրքույկի վրա։

Այդ օրը բոլորն էին ցանկանում արժանանալ կաթողիկոսի հայացքին, մոտիկից տեսնել նրան, մեկ–երկու բառ փոխանակել հետը։ Շարունակ լուսանկարում էին նրան և շքախմբին։ Գլիվիցեի բնակիչների, ինչպես նաև հեռավոր քաղաքներից եկած հայերի համար դա, հիրավի, մեծ իրադարձություն էր։

Երեկոյան, երբ նստած էի եկեղեցուց քիչ այն կողմ գտնվող պուրակում, ինձ մոտեցավ միջին տարիքի, նուրբ դիմագծերով մի մարդ (երևի գիտեր իմ ով լինելը), ամուր սեղմեց ձեռքս և ներկայացավ՝ Անդրեյ Աբգար-Կոտովսկի։ Ասաց, որ հայրը ծնվել է Կամենեց-Պոդոլսկում, իսկ մոր նախնիները Հայաստանից են՝ Անիից. 1915-ին գաղթել են Լեհաստան։ Այնուհետև հարցրեց, թե որտեղ եմ գիշերելու, հրավիրեց տուն։ Շնորհակալություն հայտնեցի, ասելով, որ ծանոթիս տանն եմ իջևանել։

Անդրեյին շատ էր հետաքրքրում Հայաստանը, ամենատարբեր հարցեր էր տալիս, քանի որ երբեք չէր եղել հայրենիքում։ Իմ ամեն բառն ընկալում էր համակ ուշադրությամբ։ Հանկարծ հիշեցի, որ պայուսակումս կային Հայաստանի տեսարժան վայրերի, եկեղեցիների ու վանքերի, միջնադարյան ճարտարապետության և մանրանկարչության լուսանկարներ՝ տեքստային մեկնաբանաթյաններով։ Բոլորը նվիրեցի նոր ծանոթիս, քանի որ մտածեցի (չգիտեմ ինչու), թե այդ քաղաքում երևի դրանք քչերին կհետաքրքրեն։

— Քանի՞ հայ է ապրում Լեհաստանում,— հարցրի Անդրեյին։

— Ստույգ թիվը դժվար է ասել, երևի մոտ 80 հազար։

— Իսկ Գլիվիցեո՞ւմ։

— Հինգ հազար, ընդ որում, հիմնականում եկել են Լվովից, Կամենեց-Պոդոլսկից։

Մեր խոսակցությունն ընդհատվեց մի 16-ամյա աղջկա հայտնվելով։ Անդրեյը և աղջիկը սկսեցին լեհերեն ինչ-որ բան խոսել և իմ կողմն էին նայում, հասկացա, որ իմ մասին են խոսում։ Աղջիկը հարցնում էր, թե ես գիտե՞մ արդյոք անգլերեն։ Ասացի՝ այո, նա ուրախացավ, բայց երևի ինչ-որ բանից քաշվելով, ոչինչ չասաց և հեռացավ։ Երբ Անդրեյին հարցրի, թե ով էր այդ աղջիկը, պատասխանեց.

— Մեր հայրենակիցն է, ազգանունը Պողոսյան է։

Սեպտեմբերի 8-ին, առավոտյան, Գլիվիցեի փողոցները լեփ–լեցուն էին. մարդիկ ցանկանում էին մոտիկից տեսնել Հովհաննես-Պետրոսին և Գլեմպին։ Երբ ամեն ինչ պատրաստ էր, երաժշտության ուղեկցությամբ հոգևորականների շարասյունը դուրս եկավ եկեղեցու տարածքից և ուղղվեց դեպի քաղաքային հրապարակ, ուր պատրաստված էր փայտե մի բեմ, որի վերնամաասմ խոշոր տառերով գրված էր «ARMENIA»։ Հրապարակում ասեղ գցելու տեղ չկար։

Չեմ ուզում մանրամասնորեն նկարագրել պատարագի արարողությունը, սակայն հարկ է ասել, որ Լեհաստանում մեծ համբավի արժանացած մարդիկ խոսում էին լեհահայերի այն մեծ ավանդի մասին, որ նրանք դարեր շարունակ ներդրել են իրենց երկրորդ հայրենիքի բարգավաճման գործում։

Պատարագից հետո տրվեց ճաշկերույթ, որին մասնակցում էին բոլոր հյուրերը, իսկ երեկոյան պարոն Ջեմբինսկու և Հուբերտ Կոզլովսկու ընկերակցությամբ գնացքով վերադարձանք Վարշավա։ Ուղևորության ընթացքում երկար զրուցում էինք, պատմում էի Հայաստանում տիրող վիճակի, Արցախի մասին, իսկ նրանք կարծիքներ էին փոխանակում ճգնաժամից դուրս գալու ուղիների վերաբերյալ։ Նրանցից իմացա, որ Գլիվիցեի ծագումով հայ բնակչության ջանքերով դեկտեմբերյան երկրաշարժից հետո աղետյալներին օգնելու նպատակով հավաքվել և Հայաստան է ուղարկվել մեկ միլիարղ զլոտի, իսկ Գլիվիցեի կոթոլիկական եկեղեցու քահանա և Հարավային Լեհաստանի եկեղեցական թեմի առաջնորդ Յուզեֆ Կովալչիկի նախաձեռնությամբ որոշվել է կազմակերպել հայ մշակույթի կենտրոն և դպրոց՝ երեխաներին հայերեն սովորեցնելու համար։

Հայաստան էի վերադառնում հայրենասիրական այս փափագի իրականացած հեռանկարները մտովի տեսնելով…

You may also like...