Հայ ցեղի դիմադրական և ստեղծագործական ուժը

Աղբյուր՝ Մ. Աճէմէան, Սուրիահայ տարեցոյց, 1924թ., Հալէպ 1924

Սուլեյմանիեի հրապարակին վրա, ո՞վ չէ տեսած այն վրանաքաղաքը, որ քիչ ատենվան մեջ կառուցվեցավ. շատերը անակնկալ կերպով գտան զայն, և «աճապարանքով շինված քաղաք» հորջորջեցին։
Գաղթականները շինեցին զայն, կոտորված ու հալածված հայ գաղթականները, որոնց մեջ կարծես խորտակված է ամեն բան, և կյանքը զզվելի ձև առած։ Այդ քայքայված բազմությունները տակավին կցուցադրեն այն ստեղծագործող ցեղը, որուն վրա հազար-հազար տապարներ բթացան…
Հայ ցեղը պատմության մեջ մեզ կներկայանա երկու խոշոր և ցայտուն գծերով, ահա անիկա պատմության ամենեն արյունոտ և ամենեն դժնդակ ճանապարհին վրա, կանցնի անդունդներու և ավերներու մեջեն, կը խորտակվի և յուրաքանչյուր խորտակումե վերջ կունենա իր վերածնունդը…

123

Ռամի քեմփի ընդհանուր տեսքը

…Քաղաքական խոշոր աղետներե հետո, եթե կտեսնենք հայ ցեղը վերածնունդի ճանապարհին վրա, լծված շինարար աշխատանքի, սա իր հոգիին ստեղծագործող կարողության երևումն է։ Այդ կարողությունը երևան եկած է պատմական հին շրջաններե սկսյալ. պարսկական և հռովմեական արշավանքներու ատեն, արաբական և թաթարական հեղեղներու մեջ, Շահ Աբասներու և Ձարերու տիրապետության օրով, անիկա երևան եկած է աշխարհի բոլոր անկյուններու վրա, ուր հայը շնչած է, նույնիսկ թրքական հայաջինջ քաղաքականության սարսափին տակ… Միջագետքի անապատներուն մեջ, սպանդանոցի շեմին վրա… այսօր ալ Սուրիո երկնքին տակ, կամ այլուր…
…Անիկա պիտի ապրի, պիտի ապրի և բարձրանա իր անկումեն. այդ հավատքի ամենեն ցայտուն ապացույցը վրանաքաղաքն է։ Անիկա իր դարերու տառապանքովը, ազատության ճանապարհը կը բանա բոլոր ճնշվածներուն, դեպի ստեղծագործ աշխատանքը, դեպի ազատ հորիզոնները, ուր ճակատները չեն դժգունիր և ժպիտները վճիտ են, ուր սովի ուրվականը չի ցցվիր, ուր ցորեն և ցորենն ու գինին առատությամբ պիտի հոսին և ուր պատերազմի ահավոր մղձավանջը այնքան դաժանորեն չպիտի սպառնա շեն օջախներու վրա մոխիր ցանելու…
Մենք հավատ ունինք ատոր, և այդ հավատքի իրականացմանն է ուղղված հայ ցեղի դիմադրական և ստեղծագործական ուժը։

Գ. Երեցյան
Հալեպ, 14 Հուլիս, 1923թ.

You may also like...