Հայ որբերի էստոնուհի մայրը

Հայություն, հոկտեմբեր, 1995թ., թիվ 2 (51)

Հաափսալու

Հաափսալու քաղաքի առափնյա ճեմափողոցում՝ այնտեղ, որտեղ Բալթիկ ծովի պաղ ջրերը մաշում են Էստոնիայի ափերը, արևի ժամացույց կա: Նրա քարի նիստերին խորաքանդակված են գոյության բոլոր փուլերը՝ ծնունդը, պատանեկությունը, հասունությունը, ծերությունն ու մահը։ Թվացույցի շուրջբոլորը, ճիշտ է դժվարությամբ, բայց դեռ կարելի է կարդալ. «Այսպես է մարդկային կյանքն անցնում՝ ժամանակի հավերժական հոլովույթի մեջ»։ Աննա-Հեդվիգ Բյուլը դեռ տասը տարեկան, խաժ աչքերով, շագանակագույն, հարթ մազերով սիրունիկ աղջնակ էր, բայց ամեն երեկո պտտվում էր թվացույցի շուրջն ու Ավետարանից պատահական մի էջ բացելով, փորձում գուշակել, թե ինչպես պիտի անցնի հավերժության այն ակնթարթը, որ իր կյանքն է լինելու։

1995-October-N-2-6-byul

Նրա հայրը՝ Էռնեստ Գոթլիեբ Թեոդորը փոխքաղաքապետ էր, ծովափին լողարաններ, ցեխաբուժարաններ ուներ, ուր ապաքինվելու էին գալիկ Պետերբուրգի, Մոսկվայի ազնվականները։ Քանի որ ազգային լեզվով կրթությունն Էստոնիայում արգելված էր, նա հատուկ Հեգվիդի համար Տալլինից տնային ուսուցիչներ էր հրավիրել, որ այդ ժամանակ հանդգնություն ու նույնիսկ մեծահարուստի համար շռայլություն էր համարվում։ Թերևս դրա պատճառն այն էր, որ իր չորրորդ դուստրը խիստ տարօրինակ էր թվում։ Մի անգամ նույնիսկ ճեմակառքից ցած նետվեց, որովհետև կառապանը մտրակեց իր սիրած ձիուն, իսկ մի ուրիշ անգամ կոշիկով մրջյուններ ճզմող քույրերին բացատրեց, որ նրանք ճիշտ իրենց նման Տիրոջ ստեղծածներ են, ծնողներ, զավակներ ունեն և անընդհատ շարժվում են, որովհետև շտապում են հիվանդանոց, դպրոց, հարսանիքի կամ թաղման։ Շրջիկ պատվելիները, որոնք շաբաթը մի քանի անգամ այցելում էին Բյուլերի առանձնատունը, հավատաբանական քարոզ կարդում, ծնողներին բացատրում էին, որ Տերը երկնային շնորհով է օժտել չորրորդ դստրիկին, հատուկ առաքելությամբ աշխարհ ուղարկել։ Բայց թե ի՞նչ առաքելությամբ՝ չէին ասում։

Նրանք չգիտեին, որ թուրքերը կոտորում են հայերին։

Սանկտ-Պետերբուրգ

Հեդվիգն ինքն էլ էր համոզված, որ կենդանի էակի գոյությունն այս աշխարհում չի կարող արուի ու էգի վայրկենական հաճույքի հետևանք լինել և եթե որևէ մեկը ծնվում է, ուրեմն կարևոր անելիք ունի։ Մարդկանցից միայն նա է երջանիկ լինում, ով գտնում է իր նպատակը։

Տասնութ տարեկանում նա առաջին անգամ հեռացավ տնից ու մեն-մենակ «Կոնստանդին» նավը նստեց, որ գնա Սանկտ-Պետերբուրգ, ընդունվի Սուրբ Աննայի լյութերական եկեղեցու դասընթացը։ Հույս ուներ վանքի կիսամութ խուցում աղոթքներով գտնել Փրկչին, խնդրել, որ իրեն ուղի ցույց տա։

Հոգևոր ճեմարանում Հեդվիգը աստվածաբանություն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, լատիներեն, հին հունարեն, ռուսերեն սովորեց, տնային դաստիարակչուհու վկայական ստացավ ու գլխի չընկավ, որ ամբողջ կյանքում հայկական վարժարաններում է աշխատելու, հայերեն է սովորեցնելու բռնի իսլամացած, արաբախոս, քրդախոս մանուկներին։ Ու քանի որ գլխի չընկավ, առանց ծնողների հետ խորհրդակցելու ուղևորվեց Գերմանիա, ընդունվեց Ֆրայնվալդի Սուրբ Գրոց վարժարանը։ Այսինքն՝ իր նպատակին ավելի մոտեցավ։

Ֆրայնվալդ

Ալպերի բլուրներում, անտառի մեջ տարածված գոթական քաղաքը մանրակերտի նման փոքր էր ու մտերմիկ։ Ճիշտ է, ծով չուներ, բայց դրա փոխարեն մոտ էր երկինքը։ Սուրբ գրոց վարժարանում չէին հասկանում, թե էլ ինչ է ուզում սովորել դեռատի էստոնուհին։ Նա, գրեթե անգիր գիտեր աստվածաշունչ Ավետարանը։ Երբ խոսակցական գերմաներենին էլ վարժվեց, սկսեց դասավանդել նախակրթարանում: Ու հիացավ փոքրիկ երեխաների անմեղությամբ, բարությամբ, համոզվեց, որ կյանքն է հետագայում հերձվածող դարձնում մարդուն։

– Սատանան դեռ արթուն է,— հառաչում էին տարեց մայրապետները,— սատանան գործում է դեռ։

– Բավական է միայն մանանեխի հատիկի չափ հավատ ունենալ,— ընդվզում էր Բյուլը,— ով մանանեխի չափ հավատ ունենա, կփրկվի:

Մի օր էլ լուր տարածվեց, որ Մայնի Ֆրանկֆուրտից պատվելի է եկել, բոլորին աղոթարան է հրավիրում։ Հեդվիգը ուշ ներս մտավ։ Քարոզիչը պատմում էր Նոյի հանգրվանած Արարատ լեռան մասին, որի ափերն իր ասելով, արդեն ոչ թե ջրհեղեղի ջրերով, մարդկային արյունով են ողողվում։ Պատվելին սեփական աչքերով տեսել էր, թե ինչպես են հավատի համար նահատակվում անմեղ քրիստոնյաները, իսկ նրանց զավակները քաղցած ու անօթևան, անպաշտպան են մնում։ Քարոզը հենց այդ մանուկների մասին էր, որոնց եթե մոլեռանդ մահմեդականները գտնում են, լլկում են, բռնի կրոնափոխ անում, իսկ նրանց, ովքեր բնազդով փախչում են լեռները, շնագայլերն ու անգղներն են հոշոտում։ Երբ ամբողջ սրահը ծունկի իջավ, աղոթեց նահատակվող ազգի համար, պատվելին, առանց ոտքի ելնելու, շարունակեց.

– Քույրեր ու եղբայրներ, իմացեք նաև, որ մենք ողջ մնացած հայ երեխաներին հավաքում, պատսպարում ենք մեր գերմանական որբանոցներում։ Միայն վարժուհիների կարիք շատ ունենք, այնպիսի վարժուհիների, որ փոխարինեն նրանց նահատակված մայրերին։

Այդ պահին հենց տեղի ունեցավ այն, ինչին այդքան երկար էր սպասում Հեգվիգ Բյուլը: Նա նույնիսկ զգաց, թե ինչպես ուսերին հրեշտակ իջավ։ Երկու ձեռքը առաջ մեկնեց, խնդրեց.

– Արձանագրեցեք ինձ, պատվելի, ես կգնամ Հայաստան։

Մարաշ

Այաշի նավահանգստից փոշոտ, քարքարոտ ճանապարհը բարձրանում էր լեռները, հասնում հավերժական ձյանը, ամպերի մեջ կորչում։ Հակառակի պես կառապանն իր իմացած ոչ մի լեզվով չէր խոսում։ Քարափում ցույց տվեց «Պետել» որբանոցի վկայաթուղթը, նոր վարժուհուն նստեցրեց իր իսկ բերած հակերի արանքը, մտրակեց գրաստներին։ Ֆրանկֆուրտից, Մյունխենից, Ֆրայնվալդից որբերին այնքան օգնություն էին ուղարկել, շրջադարձերի ժամանակ սայլն այնպես էր ճռնչում ու ճոճվում, որ թվում էր, ուր է՝ ուր չէ, գահավիժելու են ժայռեժայռ զարկվող Ջեյհանի կիրճը։ Ծովափին մեծացած էստոնուհու համար սարսափելի էր ամեն ինչ՝ գագաթների գլխապտույտ բարձրությունը, մռայլ լերկությանը, մթնշաղի հետզհետե թանձրացող ստվերները, բայց նա հիշում էր, որ երկու հազար տարի առաջ այս նույն ճանապարհով մեն-մենակ Տիրոջ խոսքը լեռներն է հասցրել Պողոս առաքյալը, գոտեպնդվում։ Բայց այնուամենայնիվ կանխազգացումն իրեն չխաբեց։ Ամենանեղ շրջադարձում ասես քարերի տակից ելուզակներ հայտնվեցին ու գրաստների ճամփան փակելով, չխչխկացրին փակաղակները.

— Դուր, վուրարըմ՝ կանգնիր, կկրակեմ։

Մինչ կառապանն ուշքի կգար, կապկպեցին ու սայլ բարձրանալով սկսեցին որբերի հագուստեղենը ցած թափել, ճանապարհի եզրին դիզել։ Հակերի մեջտեղում, սակայն, դեռատի, կարկամած էստոնուհուն նկատելով, նրանք կանգ առան.

– Սրան ո՞վ ուղարկեց։

– Ձեռք չտաք,— գոռաց կառապանը,— եթե դեսպանն իմանա, բոլորիդ կկախի:

– Ճիվերս կուտի,— կատաղեց հրոսակապետն ու միսիոներական սքեմը պատռեց։ Տեսնելով կրծքից կախված արծաթե խաչը, քաշեց, թքեց վրան ու Ջեյհանի կիրճը շպրտեց։ Հետո պիրկ թևերի մեջ առավ Հեդվիգին, որ քարերի հետևը տանի։

– Գազան, բորենի, չհամարձակվես ինձ դիպչել,— իմացած բոլոր լեզուներով ճչում, հեծեծում էր էստոնուհին, իսկ ավազակապետը, նրա խոսքերի վրա ուշադրություն անգամ չդարձնելով, զարմանքը չէր կարողանում զսպել.

– ԱլլաՀ, ալլահ, այսքան էլ ճերմակ մարմին…

Վերջապես ընկերները մոտեցան, քաշեցին թևից.

– Թո՛ղ, Ահմեդ բեյ, գլխներիս փորձանք կբերես։ Քանի շուտ է՝ թալանը տեղ հասցնենք։

Նրանք զոհերին թողեցին ճանապարհի փոշիների մեջ, քարանձավ մտան, որ ձիերը բերեն։ Իզուր էր կապերից ազատված կառապանը թիկնոցով փաթաթում, հանգստացնել փորձում։ Հեդվիգի մարմինը ամոթից այրվում, սարսափից սառչում էր։

«Տեր, ինչո՞ւ փորձեցիր ինձ, ինձ, որ թողեցի ամեն ինչ, քո ետևից եկա»։ «Ինձ զորավիգ եղիր, Տեր, ես մենակ եմ ու քեզնից բացի ոչ մի հենարան չունեմ»։ Նա աղոթում էր լուռ, աչքերը փակ, չզգաց նույնիսկ, թե ինչպես իրենք Զեյթունի ճանապարհով Մարաշ մտան, ինչպես ծաղկեփնջերը ձեռքերին «Պետել» հաստատության անձնակազմը ընդառաջ ելավ։

Այդ օրը, այդ պահին երկնային հրեշտակը երկրորդ անգամ երևաց Բյուլին, ու նա համոզվեց, որ հավատքի համար տանջվելը փառք է, մեռնելը՝ երջանկություն։

* * *

Երկու տարի էր անցել Կիլիկիայի հայկական ջարդերից, բայց Մարաշում դեռ ծխում էին հրդեհված տները, վայրենացած շները ոռնոցով տերերին էին կանչում։

1909 թվականի աշնանը, թուզի ու նուշի բերքահավաքի օրերին էր, որ Մուստաֆա Րեմզի փաշան հիսուն հազարանոց բանակով քաղաքը շրջապատեց։ Նա խոստացավ ոչ ոքի չվնասել, պաշարումն իսկույն ևեթ վերացնել, եթե հայերը ուղերձ հղեին կառավարությանը, գրեին, որ երախտապարտ են սուլթանին, իրեն, օսմանյան հայրենիքում շատ են երջանիկ: Թուրքագետ հայերը գովեստներ չխնայելով պատրաստեցին հանրագիրը, հանձնեցին փաշային, որն իսկույնևեթ Պոլիս ուղարկեց ու սկսեց ջարդը։ Զաբիթիեներն իրենց պարտականությունն այնպիսի անողոքությամբ, արագությամբ, կատարեցին, որ թաղերն անգամ անունները փոխեցին, սկսեցին կոչվել Արյունոտ առու, Վիզ թռցնելու հրապարակ, Կառափնատեղ, Արյան կամուրջ… Չնայած դրան, օր չէր անցնում, որ փլատակների տակից մի երեխա չհայտնվեր ու սարսավփց կապ ընկած լեզվով անցնող-դարձողի չասեր.

– Ես անոթի եմ… Հայրիկիս, մայրիկիս կուզեմ…

Հեդվիգ Բյուլը հենց հաջորդ օրը, առավոտ շուտ «Պետելի» անձնակազմի հետ որբահավաքի ելավ: Մոտակա Սարիյար գյուղում նրանց ինը տարեկան մի աղջնակ հանդիպեց։ Զաբիթիեն փորձել էր բռնաբարել ու քանի որ չէր կարողացել, խշտիկն էր խրել արգանդը։ Աղջկա արյունը լերդացել էր, վերքը որդոտել, ու նա աղբյուրի մոտ անզգա մեկնված, ընդհատ-ընդհատ էր շնչում։

– Պետք չէ մոտենալ,— հեռվից զգուշացրեց որբանոցի գլխավոր բժիշկը՝ դոկտոր Մյուլլերը,— կարող է հյուծախտով հիվանդ լինել, մեր սաներին էլ վարակեչ։

Մյուս վարժուհիները երևի նման տեսարանների շատ էին ականատես եղել,— թողեցին, գնացին, բայց էստոնուհին կանգնել էր անշարժ, հայացքը հեռացնել չէր կարողանում, երբ զգաց, որ մենակ մնաց, կռացավ, աղջնակին արագ փաթաթեց սավանի մեջ ու որբանոց բերելով, իր անկողնում պառկեցրեց: Նա ժամ առ ժամ մարմինը շփում էր հականեխիչով, բերանը շաքարաջուր էր կաթեցնում, իսկ գիշերները, գլխավերևում, Սուրբ գիրք էր կարդում…

Աղջնակը փրկվեց: Նա իրեն Քրիստոսին նվիրեց ու Մարաշում, Հալեպում, Բեյրութում, ամբողջ Մերձավոր Արևելքում այնպիսի նշանավոր առաքելուհի դարձավ, որ Բյուլ մայրիկը գրեց վարքը։ Դա էստոնուհու թղթին հանձնած առաջին հայերեն գիրքն էր։

* * *

«Պետել» որբանոցի սաների թիվը մի քանի հարյուրի էր հասել։ Բայց բերում, անընդհատ նորերն էին բերում՝ այն էլ ոչ միայն մոտակա շրջաններից, այլև Այնթապից, Զեյթունից, անգամ Սիսից։ Բյուլ մայրիկին երկնքի առաքյալ էին համարում Կիլիկիայում։ Հայերին հույներ, ասորիներ, նույնիսկ թուրքեր հաջորդեցին։ Ծնողներն անգամ իրենց զավակների ձեռքից բռնած, բերում, համաձայնվում էին, որ նրանք մայրենի լեզվի փոխարեն հայերեն սովորեն, միայն էստոնուհու սանը լինեն: Գիտեին, ոչ ոքի մերժել չի կարողանում, բոլորին երկնային Տիրոջ առաջ հավասար է համարում։ Միայն Սուրբ Գիրքն էր հատուկ հայ երեխաների համար հայերեն ընթերցում ու նրանց աղոթքներ էր սովորեցնում, որ մղձավանջներից ձերբազատվեն, հիշեն իրենց տարիքն ու մանկական զվարճությունները: Որքա՜ն էր նա գիշերներն անքուն երազել, որ Հաափսալուի, Սանկտ-Պետերբուրգի, կրթարաններն այստեղ լինեն, ինքն իր ուզած ձևով դաստիարակի այդքան տառապանք ու զրկանք տեսած, աշխարհում ամեն ինչ կորցրած որբերին։ Մի գիշեր, երբ սաներին քնեցնելուց հետո ամբողջ անձնակազմով Բախ էին լսում, Շիլլեր արտասանում, նա չդիմացավ, այդ մասին ասաց դոկտոր Մյուլլերին։ Որբանոցի գլխավոր բժիշկը գերմանական ազնվատոհմ գերդաստանից էր, արիական ինքնասիրահարվածություն ուներ ու անտարբեր էր ոչ միայն երեխաների, այլև ընդհանրապես հայ ժողովրդի նկատմամբ։ Միայն, ըստ երևույթին, հմայիչ էստոնուհու նկատմամբ անտարբեր չէր։ Հենց նրան իր կարողություններով, հնարավորություններով զարմացնելու համար էլ մեկնեց Բեռլին, հոր միջոցները շրջանառության մեջ դրեց, ճարտարապետներ հրավիրեց, քաղաքից դուրս՝ Ախր լեռան լանջին սկսեց նոր համալիրի շինարարությունը։ Ու հենց ավարտվեց, բանալիների տրցակը Հեդվիգ Բյուլին մեկնեց, ամուսնության պաշտոնական առաջարկ արեց:

Էստոնուհին մերժեց նրան: Հրոսակների հարձակումից հետո նա խորշում էր տղամարդկանցից, չէր կարողանում պատկերացնել անգամ, որ որևէ մեկը կարող է մատով դիպչել իրեն:

Ամառային արձակուրդն սկսվել էր։ Որբանոցի ծիլ, կոկոն, բողբոջ, ծաղիկ խմբերի սաները առաջին անգամ պիտի հանգստանային բնության մեջ, վրաններում: Տեղը Ջեյհան գետի կիրճում, հանքային տաք աղբյուրների կողքին Բյուլ մայրիկն էր ընտրել, յուրաքանչյուրի համար Եվրոպայից ուսապարկ, քնապարկ բերել տվել։ Այդպիսի ուրախություն հայ մանուկները երևի երբեք չէին ապրել։ Ժամը ուղիղ տասին արշավորդի համազգեստով, հեղափոխական քայլերգերով նրանք դուրս եկան քաղաքից:

Թուրքերը կրճտացնում էին ատամները.

– Գյավուրի լակոտները նորից հարություն առան։

Քահանաները տմբտմբացնում էին մորոլքները.

– Մեր նորահաս սերունդը առաքելական եկեղեցիեն պիտի օտարացնեն, կաթոլիկ, բողոքական ընեն։

Երբ քայլարշավի մասնակիցները քարքարոտ լեռը մագլցեցին ու Կարմիր վանքը հասան, ուր Ներսես Շնորհալին, Գրիգոր Պահլավունին էին ուսանել, վարժուհին դադար տվեց։ Հոգնությունից ու ոգևորությունից կարմրատակած այտերով սաները նոր էին խարույկ վառել, նախաճաշի նստել, Մարաշից քառատրոփ մի ձիավոր հասավ, շտապ հեռագիր բերեց։

Էստոնուհին քաշվեց մի կողմ, այլայլված կարդաց.

«Մայրիկը մահամերձ է, առանց քեզ հոգին չի կարողանում Աստծուն ավանդել: Թե կարող ես, հասիր…»։

Հաափսալու

Գնացքը, որ ամբողջ ճանապարհին սողացել, կարծես դիտմամբ ամեն կիսակայարանում կանգ էր առել, վերջապես տեղ հասավ։ Նա փութկոտ ցած իջավ, կառապան կանչեց, բայց չկարողացավ բացատրել իրենց տան տեղը։ Էստոներենի փոխարեն հայերեն, թուրքերեն բառեր էին սպրդնում շուրթերից։ Վերջապես ծեր կառապանը հասկացավ եվրոպացու դիմագծերով, բայց հայտնի չէ, որտեղ արևահարված, գրեթե թխագույն դարձած օրիորդին ու հարկ համարեց նախազգուշացնել.

— Վատ օր եք փոխքաղաքապետի տունը հյուր գնում, տիրուհի: Նրանց մեծ դժբախտություն է պատահել:

Երկանիվը ցնցվում էր փողոցի գլաքարերից, Հեդվիգը թաշկինակի մեջ հեծկլտում ու չէր հանդգնում հարցնել՝ մայրը տա՞նն է, թե արդեն…

Հյուրասենյակում, իր սիրած ձվաձև սեղանի շուրջը նստած էին չորս քույրերը։ Սգազգեստ էին։ Հեգվիգը նախ մեծ քրոջը փաթաթվեց, բայց նա համբույրը հազիվ փոխադարձեց, սառը ասաց.

— Կարող էիր ավելի շուտ գալ։

— Գնացքները, ճանապարհները, որբերը,— ուզեց արդարանալ Հեդվիգը, բայց կորցրեց բառերը, հազիվ հարցրեց.

— Մայրիկը շա՞տ տանջվեց։

— Դո՛ւ տանջեցիր մայրիկին,— չխնայեց Անրիետան՝ միջնեկ քույրը,— երբ մահացավ, ծոցից քո նկարը հանեցինք: Ու որպեսզի այն աշխարքում էլ կարոտից չմաշվի, թաղեցինք հետը։

— Հայրիկը… հայրիկն ինչպե՞ս է…

— Վաղուց է մահացել, ի՜նչ է, հեռագիր չե՞ս ստացել։

Հինգ քույր այդքան տարի հետո հանդիպել, դեմ-դիմաց նստած լռում էին։ Լավ էր, աղոթագիրքը թևատակին, ներս մտավ լյութերական եկեղեցու քարոզիչը: Նա զարմանքով նայեց Հեդվիգին, կարծես նույնիսկ ուրախացավ.

— Ա՜յ, այսքա՜ն սիրունիկ աղջիկ էիր։ Քեզ էստոներեն սովորեցնելու համար չէ՞ր, որ պարոն Ֆաբիենը խոշոր գումարներ վատնեց։ Տալլինից ուսուցիչներ հրավիրեց։

— Իմաստուն է եղել քո հայրը, — երբ Հեգվիգը լուռ գլխով արեց՝ ավելի ոգևորվեց պատվելին,— այս ի՜նչ է մեր վիճակը։ Առաջ ռուսական ցարը թույլ չէր տալիս վարժարաններում էստոներեն դասավանդել, հիմա էլ նոր տիրակալը՝ Գերմանիայի կայզերը: Ու դեռ արյունակից է համարվում…

— Ցավում եմ,— գլուխը խոնարհեց Հեգվիգը, որովհետև չհասկացավ, թե ինչու են այդ ամենն իրեն ասում։

— Միայն ցավելը քիչ է, աղջիկս, դու, ախր, վարժուհի ես, ինչ կլինի վաղվանից եկեղեցի գաս մեր հոգեորդիներին էստոներեն սովորեցնես: Գուցե որոշ ժամանակ անց կիրակնօրյա վարժարան էլ բացենք։ Թե չէ կանցնի մի-երկու տարի ու իմ քարոզները ոչ ոք չի հասկանա։

— Ինչպես մինչև հիմա գլխի չեք ընկել, պատվելի,— տեղից վճռական ելավ կրտսեր քույրը,— Հեգվիգը Էստոնիայում ապրել չի ուզում, նա իր հարազատներին անգամ չի կարոտում:

Մի քանի օր անց, ճարահատ, Հեդվիդը Ցաանի լյութերական եկեղեցու ժողովասրահը մտավ: Անսովոր էր սևի փոխարեն իրեն ուղղված այդքան երկնագույն հայացքներ տեսնելը, բայց միջոց չուներ։ Փորձել էր, չէր կարող Մարաշ վերադառնալ։ Համաշխարհային պատերազմն սկսվել էր, մեծ տերությունները սահմանները փակել, երկիրներն անընդհատ բաժանում, վերաբաժանում էին։ Ինքն ամեն օր ծայրեծայր կարդում էր ձեռքն ընկած բոլոր թերթերը, որպեսզի Մարաշի, գոնե Հայաստանի մասին նորություն իմանա, բայց աշխարհը քար լռություն էր պահպանում: Մինչդեռ… Նա ամեն ինչ հասկացավ ֆրանսիական բողոքականների պարբերաթերթից, չնայած հետո զարմանում էր իր վրա: Ինչպես կարողացավ հրապարակումը ծայրեծայր կարդալ, նույնիսկ պարբերություններ անգիր հիշել.

«Արևելքի մեր եղբայրները նորից նահատակվում են հավատի համար։ Ինչպես հաղորդում է Մարաշի մեր թղթակիցը, թուրք բարբարոսները չորս հազար հայի լցրել են սուրբ Աստվածածին մայր եկեղեցին, դռները ամուր փակելով, հրդեհել… Երբ ֆրանսիացի սպան փորձել է միջամտել, թուրքերը մերկացրել են նրան, առնանդամը կտրել, ավել ձեռքն ու անարգելով սպառնացել.

— Կգնաս, կհայտնես քո դեսպանին, որ ով հայերին պաշտպանի, այս օրը կընկնի…

Մոլեռանդ մահմեդականներն այդքանով էլ չեն գոհացել: Ողջ մնացած հայությանը, այսինքն անկար ծերերին, ու երեխաներին, քշել են Միջագետքի անապատները, սովամահությամբ, այլ տանջանքներով ոչնչացրել: Վերապրողների չնչին բեկորներ են միայն փրկվել, հասել Հալեպ…»։

Հեդվիգը պատուհանից նայեց դուրս, սարսռաց։ Ակնակիր գիշեր էր: Ինչ ուզում է լիներ, մինչև առավոտ համբերել չէր կարող: Լավ է, որ քույրերը քնած էին։ Ճամպրուկը հավաքեց, մտավ Ցաանի եկեղեցին, դարպասին կավիճով գրեց, «էստոներենի դասընթացն անորոշ ժամանակով դադարեցվում է»։ Հետո շտապեց կայարան, որ Հալեպի տոմս գնի։

Հալեպ

Ճանապարհին, սակայն, պարզվեց, որ տեղ հասնելն այնքան էլ դյուրին չէ։ Նախ արտասահմանյան ոչ մի երկրում էստոնական անձնագիրը բանի տեղ չէին դնում, դրանից բացի, քանի որ գերմանացիները պարտվել էին, Թուրքիայի հետ ոչ մի հարաբերություն ունենալ չէին ուզում։ Ստրասբուրգում միայն «Արևելյան առաքելություն» ֆրանսիական ավետարանական ընկերությունը ընդառաջեց նրան։ Չնայած, երբ գնացքն ի վերջո Միջագետքով իրեն Սիրիա էր անում, ուշացած ու անիմաստ էր համարում ուղևորությունը: Երկաթուղու երկայնքով, անհորիզոն անապատում հայերի դիակներ էին, որոնք նեխում, բարկ արևի տակ գարշահոտություն էին տարածում։ Հալեպ մտնելուն պես իրեն սովալլուկ, գջլոտ երեխաներ շրջապատեցին ու հայերեն, քրդերեն, արաբերեն սկսեցին աղաչել.

— Հանըմ, կտոր մը հաց…

— Հանըմ, երկու օր է բերաննիս պատառ դրած չենք…

Մեկն ըստ երևույթին ամենահամառն էր: Ուժով թևից քաշեց, կանգնեցրեց ու անսպասելի հարցրեց Մարաշի բարբառով.

— Դուն Բյուլ մայրիկը չե՞ս:

Ցնցվեց, նայեց ուշադիր: Կմախք էր իսկական։ Վերքերից ծաղկատար էր դարձել դեմքը:

— Հակո՞բ…

— Ես եմ, ես։

Փաթաթվել, մայրուղու կենտրոնում ձայնով լաց էին լինում:

— Հոս ուրիշ մարաշցիներ ալ կա՞ն:

— Կան, Բյուլ մայրիկ, ես քեզի կտանիմ։

Ոտքով կտրեցին քաղաքն ու հասան ամայի մի տափարակ, ուր գաղթականները թիթեղի, խավաքարտի, ստվարաթղթի կտորներից հյուղավան՝ գրեթե մի ամբողջ թաղ էին կառուցել։ Երբ նա հայտնվեց միսիոներուհու սքեմով, արծաթե խաչով, մարաշցի կանայք չկարողացան նույնիսկ ընդառաջ նետվել: Կթոտվող ոտքերով ծունր իջան, հայացքները երկինք ուղղեցին.

— Փառք քեզի, Տեր, մեր փրկչին վերջապես մեզի դարձուցիր:

Էստոնուհին ակնդետ նայում էր շուրջը՝ հյուղավանում տղամարդ չէր երևում, հավանաբար սպանդից ոչ ոք չէր փրկվել։ Իսկ կանայք, ճիշտ է, ողջ էին, բայց իրենց հյուծված, տառապած մարմիններից բացի չունեին ոչինչ: Դրա համար էին երևի կարծում, որ Աստված է իրեն ուղարկել։ Բյուլ մայրիկը հուսադրող ոչինչ չասաց, բայց հիշեց, թե նրանք ինչ նուրբ ձեռագործներ էին անում Մարաշում: Նա իրեն այս-այն կողմ նետեց, արհեստանոց գտավ, ապառիկ մետաքս գնեց, ընտրեց հիսուն մարաշցի կին ու աղջկա, խնդրեց ասեղնագործությամբ զբաղվել։ Ամսվա վերջին «Արևելյան առաքելության» կենտրոնը արտադրանքը արտահանեց Եվրոպա, շատ արագ ու շահավետ վաճառեց Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Բելգիայում։ Այդ եկամուտով վարժուհին ընդարձակեց արհեստանոցը, կարպետանոց բացեց, մի քանի ամսում կողք-կողքի կառուցել տվեց «Աստղիկ» վարժարանը, «Բեթեստա» հիվանդանոցը, «Սարեպտա» այրիանոցը:

Նա միակն էր, որ անապատից բերված ամեն երեխայի համար երեք ոսկի էր վճարում և եթե հրաշքով իր սաներից էին լինում, ուրախությունից խենթանում էր։ Յուրաքանչյուրին լողացնում էր, իր ձեռքով, հագուստները փոխում, քնեցնում էր կողքին, իր ննջասենյակում: Մի բան էր միայն վշտացնում։ Սաների մեծ մասը այլևս հայերեն չէր խոսում։ Ավելին, արաբախոսները ատում էին քրդախոսներին, և հաճախ, իր ներկայությամբ անգամ, հարձակվում էին միմյանց վրա։ Բյուլ մայրիկը անքուն գիշերներ լուսացրեց, հայերենի սերտարան, ընթերցարան կազմեց, թարգմանեց Սուրբ Գրքի ամենագոտեպնդող համարները:

— Դուք հրաշալի, աշխարհի ամենահրաշալի լեզուն ունիք,— պարապմունքների ժամանակ խնդրում, հորդորում էր նա սաներին,— ինչ կըլլա, մի խոսիք ձեր թշնամիին լեզուն։

Այդպիսի մի պարապմունքի ժամանակ էլ լուր բերին, որ քաղաքապետարանը հյուղավանը քանդում է: Ապօրինի շինությունները, իրոք, Հալեպի համայնապատկերը աղավաղել էին, համաճարակների, տարանցիկ հիվանդությունների բույն դարձել։ Վարժուհին դասը թողեց, ուղիղ քաղաքապետարան գնաց ու իր ազդեցիկ ծանոթների, ֆրանսիական ներկայացուցչության միջնորդությամբ հյուղավանի փոխարեն հայերի համար նոր հողամասեր ընտրեց: Դիտարժան, զովասուն բարձունքում: Իհարկե, ոչ մի բռնագաղթված սեփական տուն կառուցելու միջոց չուներ։ Այն էլ նման ներկայանալի թաղում։ Բոլորը հուսահատված էին, Բյուլ մայրիկը՝ ոչ: Նա հեռագիր-հեռագրի հետևից հղեց «Արևելյան առաքելության» կենտրոն ու շուտով Եվրոպայից ոչ միայն պետք եղած գումարը ստացվեց, այլև՝ ամեն տեսակ շինանյութ։ Դուադիեի օդասուն բլուրի լանջին սկսեց բարձրանալ, տարածվել հայկական թաղն իր առանձնատներով, եկեղեցիով ու վարժարանով։ Այն քաղաքի միակ ավանն էր, որ հատուկ խողովակաշար ուներ և մշտապես ապահովված էր խմելու ջրով։ Հեդվիգ Բյուլն ամեն օր շինհրապարակ էր մտնում ու տեսնում, թե ինչպես են հայերը հետզհետե համոզվում, որ Աստված իրենց չի լքել, Աստված իրենց հետ է: Ու հենց տներն ավարտվեցին, սարսափահար ու մռայլ հայացքները լցվեցին հույսով, շատացան ամուսնությունները, որոնց ամեն տարի ծնունդ ու կնունք էր հաջորդում։

Սակայն եկավ 1946 թվականը: Խորհրդային երկրից պատվիրակներ հայտնվեցին, սկսեցին համոզել հայերին, որ ամեն ինչ թողնեն, Հայաստան վերադառնան։ Բյուլ մայրիկը լավ գիտեր, թե՛ դա ինչ է նշանակում, նա սարսափում էր անհավատների իշխանությունից։ Դեռ վերջերս էր Հաափսալույից գաղտնի նամակ ստացել, տեղեկացել, որ կոմունիստները բռնագրավել են իրենց առանձնատունը, ցեխաբուժարանը, իսկ քույրերին, քրիստոնեական հավատի համար ժողովրդի թշնամի են համարել, Սիբիր աքսորել։ Բայց ի՜նչ աներ, չէր կարող ապրել առանց հայերի, որոշեց միանալ նրանց։ Ներգաղթ կոմիտեում, իհարկե, դիմումն ընդունեցին, բայց գտան, որ ավելի լավ կլինի բոլորը գնան-տեղավորվեն, իսկ ինքը վերջում մեկնի, իր առաքելությունն ավելի հարմար պայմաններում շարունակի։ Բայց հենց հայերը ներգաղթեցին, պաշտոնապես իրեն հայտնեցին, որ ճամփաները փակվել են: Ընդմիշտ։ Այդպես-վաթսունյոթ տարեկան էստոնուհին հարյուրավոր սաներ մեծացնելուց, կրթելուց, ամուսնացնելուց հետո մեն-մենակ մնաց արևելյան օտար քաղաքում։ Այնքան հուսահատ էր, որ առավոտ-գիշեր աղոթքների մեջ նույնն էր խնդրում.

— Էլի, էլի, լամա սաբաթքանի՝ Տեր իմ, Տեր իմ, դու գոնե ինձ մենակ մի՛ թողնի…

Ի վերջո չդիմացավ, գնաց անապատային Հասաքքե քաղաքը, որ արաբների մեջ Աստծո խոսքը տարածի։ Բայց այնտեղ էլ այն հայ կանանց չկարողացավ հանդուրժել, որոնք արաբների հետ էին ամուսնացել, արաբ զավակներ ունեցել, ուծացել վերջնականապես։ Ավելի հուսահատված վերադարձավ Հալեպ, իր քառասուն տարվա թղթապանակները, խնայողությունները Ստրասբուրգ «Արևելյան առաքելության» կենտրոնական դիվանն ուղարկեց, իսկ ինքը սպիտակեղենի փոքրիկ պայուսակով Գերմանիա            մեկնեց, հաստատվեց Վալդ-Վիմերսբախի միսիոներական ծերանոցում։

Վալդ-Վիմերսբախ

Ու նոր միայն Հեդվիգ Բյուլն զգաց, թե որքան է հյուծվել, ուժասպառ եղել: Նա, իհարկե, կուզեր Հալեպում մեռնել, հայկական գերեզմանոցում թաղվել, բայց խիղճը հանգիստ չէր։ Տարբեր երկրներից սաների գրած նամակները վկայում էին, որ, չնայած բարեկեցությանը, ոչ մեկը երջանիկ չէ: Ինքը գիտեր պատճառը։ Սաներն այնպիսի կորուստներ էին ունեցել, զրկանք, դառնություն տեսել, որ մինչև հատուցում չստանային, իրենց պատմական հայրենիքը չվերադառնային, հոգեպես չէին հանգստանա։ Թուրքերը կարո՞ղ էին այդ բանը հասկանալ, Բյուլ մայրիկը չգիտեր, բայց հույսը չէր կորցրել։ Իննսուն տարեկանում անգամ նա ամեն օր պայուսակները Սուրբ Գիրք էր լցնում, մոտակա Հայդենբերգ քաղաքի կայարանը հասնում, բաժանում Անկարա գնացող-վերադարձող արտագնա բանվորներին։ Թուրքերը ծեր կնոջը չէին մերժում, բայց ո՞վ գիտե, Ավետարանի որակավոր թղթի մեջ ծխախո՞տ էին փաթաթում, հետները զուգարա՞ն տանում, թե՞ կարդում էին երրորդ կարգի գնացքի կիսախավար խուցերում։

Երբ Բյուլ մայրիկը վախճանվեց, ուղիղ իննսունչորս տարեկան էր: Նրա փոքրիկ սենյակում, հենց սեղանին միայն մի կտոր թուղթ գտան։ Աշակերտական տետրակի սովորական թուղթ, որի վրա գրել էր Հայաստանում, Սիրիայում, Լիբանանում, Ֆրանսիայում, Միացյալ նահանգներում ապրող այն սաների հասցեները, որոնց պիտի տեղեկացվեր իր մահը…

Գրիգոր Ջանիկյան

You may also like...