Հայրենիքը հեռվից, հայրենիքը մոտիկից…

Սովետական Հայաստան, 1982թ., թիվ 10

Մոտ 25 տարի է, ինչ սփյուռքահայ երիտասարդները հնարավորություն են ստացել ուսանելու և կատարելագործվելու Սովետական Հայաստանում։ Հայրենիքի բուհերը ավարտած սփյուռքահայերից շատերը բարի համարում ունեն հայ գաղթօջախներում և իրենց գիտելիքները ծառայեցնում են ոչ միայն հայ համայնքներին, այլև, օտարագգիներին։ Հայաստանում ուսանել ցանկացողները տարեցտարի ավելանում են։ Ի՞նչն է նրանց ձգում դեպի հայրենիք, նախնիների երկրի հանդեպ սե՞րը, հարուստ գիտելիքներ կամ լիարժեք մասնագիտություն ձեռք բերելու հեռանկա՞րը, ագգային ինքնաճանաչման բնա՞զդը, ի՞նչը… Ի՞նչ են տանում հայրենիքից, ի՞նչ երազանքներ ունեն, իրենց ազգին օգտակար լինելու ինչպիսի՞ հույսեր են փայփայում։ Այս և այլ հարցերի մասին մեր աշխատակիցը զրուցեց սփյուռքահայ մի քանի ուսանողների հետ։

ԱՆԴՐԱՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող, Լիբանան

— Ես չեկա միայն ուսում ստանալու, այլև հայրենիքս ճանաչելու։ Եթե քիչ մը ապահովված ես, ամեն տեղ ալ կրնաս ուսում ստանալ։ Հայրենիքը ինծի կուտա ավելին, քան ուսումն է։ Իր տվածը բառերով չի ըսվիր, դրամով չի չափվիր, ոգեղեն է։ Հոս ինծի ամուր կզգամ, չորս բոլորս հայերեն կլսեմ, չորս կողմեն ինծի հայերեն կնային։ Հայրս՝ Սարգիս Դեմիրճյանր, որ ֆուտբոլի միջազգային կարգի մրցավար է, հաճախ այցելած է հոս, շատ անգամ ինծի կպատմեր Հայաստանի մասին, բայց բառերով զայն չես զգա։ Հայաստանը տեսնելով ալ չես կրնա զգալ, պիտի ապրես զայն։ Առաջին օրերուն քիչ մը օտարություն կընեի, ուրիշ դաստիարակություն ունեի, ուրիշ միջավայրի ծնունդ էի։ Կամաց–կամաց վարժվեցա։ Կսիրեմ այստեղի ուսանողական կյանքն ու առօրյան։ Դասախոսներու, ուսանողներու միջև, մարդամոտություն մը կա, որ կզարմացնե։ Դեռ իրարու անուն կարգին չիմացած, մեկմեկու կհյուրասիրեն, իրարմե դրամ փոխ կառնին, կօգնեն։ Մենք ալ հանրակացարանին մեջ մեկ ընտանիքի պես կապրինք, փոխեփոխ ճաշ կեփենք, մեր առօրյա հոգսերը կհոգանք։ Ադ կյանքը իմ սրտիս մոտ է։ Չնայած հայրս ֆուտբոլի մասնագետ է, բայց ես այդ խաղը չէի հարգեր։ Հոս դառեր եմ «Արարատի» երկրպագու։ Ընկերներով կերթանք «Հրազդան» մարզադաշտ ու կըպոռանք` Ա-րա-րատ։ Այդքան շատ հայ, որ միասին կպոռան, սիրտս կլցվի։

Չնայած 3-րդ կուրս կուսանեմ, բայց արդեն գործնական պարապմունքները հիվանդանոցներին մեջ կանցկացնենք։ Շատ լավ մեթոդ է։ Տեսականն ու գործնականը իրարմե չեն զատեր, և մենք հիմիկվանե հիվանդներու մահճակալներու մոտ կսորվինք, մեզի ճերմակ խալաթներու մեջ բժիշկ երևակայելու ուրախությունը կվայելենք։ Մեզի շատ ուրախցուց և այն, որ հոս տերմինոլոգիան հայերեն է։ Այժմ Լիբանանի մեջ շատ կան հայրենիք և այլ երկրներ սորված հայ բժիշկներ։ Ավարտելն ետք՝ կփափագեմ հոն հայ բժիշկներու միություն կազմակերպել, որուն նպատակը պիտի ըլլա հայ համայնքներուն օգտակար ըլլալը և հայրենիքին բուժհիմնարկնեուն համար անհրաժեշտ սարքավորումներ առաքելը, չնայած ադոր կարիքը գուցեև հոս չզգան, բայց մենք երախտահատույց ըլլալու ուղիներ կփնտրենք։

Ինչ պիտի տանիմ հայրենիքեն։ Այն ամենի հետ, ինչ-որ չի ըսվիր, կտանիմ հայ բժշկիս իմ կոչումը։ Կշեշտեմ՝ հա՛յ բժշկին…

ԱՆԴՐԱՆԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի այս տարվա շրջանավարտ, Սիրիա

- 1976 թվականին եկա Հայաստան, եկա ուսանելու։ 21 տարեկան տղա մըն էի, հայ մը, որ իր հողագործ հայրիկեն առտվնե մինչ իրիկուն «հող», «հայրենիք», «Արարատ» բառերը կլսեր։ Հայաստանցիներու համար գուցեև զարմանալի թվա, եթե ըսեմ, որ առաջի օրերուն աչքերս կթացնային հուզումեն։ Ես կուլայի ուրախությունեն և այն մտքեն, որ հայրս պիտի զգա, թե իր որդին ինչ երջանկության արժանացած է։ Ես կուլայի նաև հորս արցունքներով։ Ան, ինչ տեսա, վեր էր իմ պատկերացումներես։ Երեք միլիոննոց ժողովուրդը անչափ մեծ շինարարություն կընե, որ տասնյակ միլիոնավոր ժողովուրդներուն նախանձը կրնա շարժիլ։ Տարի մը սորվեցա համալսարանին նախապատրաստական ֆակուլտետին մեջ և հենց այդ ընթացքին ալ որոշեցի շինարար–ինժեների մասնագիտությունը ձեռք բերել։ Կառուցելու մղումը մեջս դեռ հայրիկեն կար։ Դեռ մանուկ տարիքես, երբ կխորհեի «հայրենիք» անծանոթ և երանելի բառին շուրջը, մեջս կկառուցեի Հայրենիքին շենքերը, կամուրջները։ Այժմ, երբ արդեն մոտ է բաժանման պահը, վրաս տրտմություն կուգա։ Կտխրիմ, բայց նաև կուրախնամ, որ պատեհությունը կունենամ հայրենիքեն ինծի մնացած գիտելիքներս ու կարողություններս Սիրիայի մեր հայրենակիցներուն ծառայեցնելու։ Ես կերթամ, բայց այստեղ են իմ երկու եղբայրները՝ Արմանն ու Վազգենը, որոնք նույնպես շինարարի մասնագիտությունը կուսանին պոլիտեխնիկի 2-րդ և 3-րդ կուրսերուն մեջ։ Հայրենիքը մեր ընտանիքին երեք շինարար կպարգևե, չհաշված, որ քույրս ալ Հալեպին մեջ շինարարին մասնագիտությունը կուսանե։ Սիրիայի իմ հայրենակիցներուս պատմելու շատ բան ունիմ։ Ուսանելու տարիներուս շրջեր եմ համարյա ողջ Հայաստանը, մոտիկեն ճանչցեր եմ անոր հողն ու թուփը, հողագործին ու մտավորականին։ Կկառուցեմ շենքեր հայերու և օտարներու համար, մենք միշտ ալ շինարարի մեր քանքարը բաժներ ենք աշխարհին, թող ես ալ բացառություն չըլլամ։ Կրնամ ավելցնիլ, որ Հայաստանը ինծի տվավ նաև անձնական երջանկություն, ծանոթացա և նշանվեցա Նիրի Խրիկյանին հետ, որ մանկավարժական ինստիտուտի 4-րդ կուրս կսորվի, անիկա նույնպես Սիրիայեն եկած է։ Բոլորին կհավաստիացնեմ, որ ան, ինչ ստացեր եմ հայրենիքես, պիտի վերադարձնիմ կառուցելով, շիտակ ապրելով, անոր անունը շուրթերուս սրբացնելով։

ՀՈՎՍԵՓ ՊԵՐԹԻԶԼՅԱՆ
Համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնի 4-րդ կուրսի ուսանող, Լիբանան

— Դեռևս դպրոցը բոլոր լեզուներեն ավելի կսիրեի հայերենը և հայոց պատմությունը։ Սակայն մտքովս նույնիսկ չէր անցներ, որ կրնամ գալ Հայաստան ու դառնալ ուսանող Երևանի պետհամալսարանին մեջ, որովհետև ինծի համար Հայաստանն ու Հայրենիքը վերացական բաներ էին։ Երբ հասավ դպրոցական վերջին տարին, ես շվարած մնացեր էի, թե ո՞ւր կրնամ հայագիտական ուսմուսքի հետևիլ։ Ընտրությունը դժվար էր։ Այս դժվար կացության մեջ հանկարծ փարոսի նման փայլեցավ Հայաստանը, ան դուրս եկավ հայոց պատմությունեն ու դարձավ իրական։ Իրական այն աստիճան, որ ես հիմա կգտնվիմ հոս, և մի՞թե ավելորդ չէր մտածել, թե ո՞ւր կրնամ հետևիլ հայագիտության ուսմունքին, եթե ոչ միայն հարազատ հայրենիքին մեջ։

Ահավասիկ այսօր ինծի ընձեռված է բախտը ապրելու ժողովրդիս հետ, հայրենիքիս մեջ, աչքովս տեսնելու այն բոլոր պատմական վայրերը, որոնք մեզի համար երազ եղած էին։
Անցյալ տարի մենք նշեցինք մեր համալսարանի հիմնադրման 60 տարին։ Այս առիթ մըն էր մտածելու համալսարանի մասին, անոր անցած ճամփուն մասին, անոր արժեքին մասին և, վերջապես, հիմնադիրներուն մասին, որոնք մեզի հայտնի դժվարին պայմաններու մեջ ստեղծեցին այս հաստատությունը։

Մենք, սփյուռքահայ ուսանողներս, որ այժմ կուսանինք այս հաստատության մեջ, մեր երախտագիտությունը պիտի հայտնենք ոչ թե խոսքերով, այլ մեր գործունեությամբ։

You may also like...