Հայրենիքը իմ սրտում

«Սովետական Հայաստան», 1987թ., ապրիլ, թիվ 4

Ծաղկանուշ Գալեմտերյան
Երևանի Վ. Ի. Լենինի անվան մետաքսի կոմբինատի ջուլհակուհի, սոցիալիստական աշխատանքի հերոս

Կանայք սիրում են փոքրացնել իրենց տարիքը։ Հասկանալի թուլություն է՝ ուզում են միշտ երիտասարդ մնալ։ Բայց, ազնիվ խոսք, ես դա անում եմ ուրիշ նկատառումներից ելնելով։ Ծնվել եմ օտարության մեջ, Սիրիայի փոքրիկ Քեսաբ գյուղում։ Իսկ պապերիս և նախապապերիս երկիրը՝ իմ օրհնյալ Հայաստանը եկա 47-ին։ Այդ թվականն էլ համարում եմ ծննդյանս տարին։ Դա իմ կյանքի երջանիկ սկզբնահաշվի տարին է։ Եվ ոչ միայն իմ, այլև, մեր ողջ տոհմի, որը հետպատերազմյան այդ տարվա շոգ ամռանը Բաթումի նավահանգստում նավասանդուղքից ոտք դրեց սովետական հողին։

«Սովետական Հայաստան», 1987թ., ապրիլ, թիվ 4

Ծաղկանուշ Գալեմտերյան: «Սովետական Հայաստան», 1987թ., ապրիլ, թիվ 4

Ժամանակը շատ բաներ է ջնջել հիշողությունից, նաև կարևոր բաներ, բայց հայրենադարձների խնդության արցունքները չեն մոռացվի երբեք: Գիշերներ շարունակ երազում տեսնում էինք Հայաստանը։ Ժպտում էր մի բարձր, արևավառ երկնքով, երևանյան պողոտաներով, մամռապատ քարերով և լեռների զուլալ աղբյուրներով։ Դյութում էր հայրենյաց օջախի ծխով։ Եվ ամենակարևորը՝ հպարտությունից ուռչում էր մեր կուրծքը, գնում ենք հաղթող-երկիրը, որի որդիները ոչնչացրել էին ֆաշիստական զորաբանակներին։

Ինձ հաճախ են հրավիրում նախագահություն և լինում է, մանավանդ, ձանձրալի ճառերի ժամանակ անջատվում եմ և սևեռուն նայում դահլիճում նստածների դեմքերին։ Ովքե՞ր են նրանք։ Ի՞նչն է նրանց հուզում։ Որտեղի՞ց է հայրենիք եկել ահա այն տխուր աչքերով մեծահասակ տղամարդը։ Նկատում եմ նաև ծանոթներիս։ Այն կինը, որը զուսպ կոստյումով է, ծնվել է Իրանում, իսկ թավ բեղերով այն ծերուկը երկար ժամանակ չարքաշ կյանք է վարել Թուրքիայում, ինձ ժպտացող աղջկա ծնողները լիբանանյան փախստականներ են… ինչքա՜ն տարբեր են ճակատագրերը։ Եվ մենք բոլորս նստած ենք առատորեն լուսավորված դահլիճում, ուր հանդիսավոր մասից հետո պարախումբը տասնյակ համարներ կկատարի՝ տարբեր մայրցամաքներից հայրենիք վերադարձած հայերի ազգագրական պարերը։

Նման պահերին հիշում եմ ռուս գրող Միխայիլ Կոլցովի հիանալի խոսքերը։ Նա հանրապետություն է այցելել, ինչպես ինձ ասացին, դեռ 1924 թվականին, երբ Սովետական Հայաստան ձգվեցին դեգերողների առաջին քարավանները։ «Ստիպված ես լինում Փարիզից եկած հայ ողբերգակի հետ բացատրվել ֆրանսերեն, նյույորքցի հայ արձակագրի հետ պայմանավորվել անգլերեն, վիեննացի հայ երաժշտական քննադատի հետ վիճել գերմաներեն։ Իսկ տանտիրոջ համար, որը վիճողների բաժակներն է հայրաբար փոխում, պետք է վերհիշել գոնե մի քանի թուրքերեն բառ։ Այստեղ բոլոր երկրներից մարդիկ կան, այստեղ են բերում բոլոր ճանապարհները հայ աշխատավորների բարեկամներին»։

Հիրավի, վերադարձի ճանապարհը դարձավ կյանքի ճանապարհ։ Մայրենի լեզվում հայտնվեցին նոր հասկացություններ, «սփյուռք, սփյուռքահայ», «հայրենադարձ» բառերը մտան պաշտոնական փաստաթղթերի մեջ, բայց չսերտաչեցին առօրյա լեզվին։

Զգացմունքների ջերմ ալիքը բերեց մի այլ բառ՝ եղբայր։ Եղբայրներ դժբախտության ժամին, երջանկության ժամին։ Ճիշտն ասած, միշտ չէ, որ հաշտ ու հանգիստ է անցնում հանդիպումը հայրական տան հետ։ Հարազատ պատերը, ինչ խոսք, հրաշագործ ձգողություն ունեն, սակայն հայրենիքի սովետական դեմքը անծանոթ է մեր բազմաթիվ արտասահմանյան հայրենակիցներին։ Սովորած լինելով այլ իրականության օրենքներին, հայրենադարձներից ոմանք սկզբում իրենց տեղը չեն գտնում, համակեցության կանոնները այլ են։ Այնժամ հայրենիքի հետ երկար սպասված հանդիպումը փոխվում է տրտմության, որդին հանդիպում է մորը և չի ճանաչում նրան։ Եվ դա մեծ ողբերգություն է, որի արմատները հալածանքների, բռնագաղթի և. կոտորածի ժամանակներում են, ժամանակներ, երբ հայերին ստիպեցին փրկություն գտնել օտար երկրներում, հարմարվել արևմտյան կյանքի դաժան պայմաններին։

Հարյուր հազարավոր մարդիկ վերադարձան հայրենիքի գիրկը։ Յուրաքանչյուրը սեփական հոգեբանությամբ, որը ձևավորվել էր նաև բուրժուական բարոյականության, գիտակցության ազդեցության տակ։ Իսկ համակեցությունը նման է երկկողմանի երթևեկությամբ փողոցի։ Դու խոսում ես, քեզ են լսում։ Բնականաբար, մեկից մյուսին են անցնում հայացքները, գիտականորեն ասած՝ աշխարհայեցողական տարրերը։

Հասարակությունը դրանից, հավանաբար, մի շարք դեպքերում նաև տուժել է։ Բայց նա, այդպիսի հնարավոր և չնախատեսված կորուստների է գնում հանուն բարձր հայրենասիրական նպատակի՝ հայրենի տան տանիքի տակ միավորել մոլորյալ որդիներին։ Եվ մենք շնորհակալ ենք մեր սոցիալիստական հայրենիքից այդ առատաձեռնության և մեծահոգության համար։

Հազարամյակներ շարունակ ժողովուրդը իր աշխատասիրությամբ և տառապանքով զարդարել է հեռավոր ու օտար երկրները։ Իմ հայրը՝ մի հասարակ շինարար, այդպես էլ ասաց առաջին օրերին. «Փառք աստծո, որ հիմա մեր հողի վրա պիտի կառուցենք»։ Եվ հետո ավելացրեց. «Ու հանգիստ կքնենք»։

Ավելի քան երեսուն տարի աշխատում եմ Երևանի Լենինի անվան մետաքսի կոմբինատում։ Միաժամանակ սպասարկում եմ մոտ երեք տասնյակ հաստոց։ Եթե առանց համեստության ասեմ, աշխատում եմ խղճիս թելադրանքով։ Ոչ ոք չի հիշում, որ Ծաղկանուշ Գալեմտերյանը հայրենադարձ է։ Ինքս էլ, ճիշտն ասած, մոռանում եմ, բայց մեկ-մեկ հպարտության մի զգացում եմ ապրում։ Ահա ես՝ Մերձավոր արևելքից եկածս, բանվոր մի մարդ, մասնակցում եմ մի ամբողջ պետության կառավարմանը։

Մասնակցում եմ հանրապետության և Սովետական Միության կոմկուսների համագումարներին, որպես դեպուտատ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նստաշրջաններում ընդունում կարևոր որոշումներ։ Երիցս ընտրվել եմ Երևանի քաղաքային սովետի դեպուտատ, կոմբինատի կուսկոմի և արհկոմի անդամ եմ… Մի խոսքով հոգսեր շատ կան։ Այլ կերպ չեմ էլ պատկերացնում։ Հայրենիքում ինձ սովորեցրին ջուլհակուհու մասնագիտությունը, սովորեցի հանգիստ ժպտալ, համոզված լինել վաղվա օրվա մեջ, ունեցա տուն, ընկեր-բարեկամներ, հեղինակություն։ Ոչ միանգամից, բայց հասկացա. հայրենիքը «Մոսկվայից մինչև հեռու վայրերն է», և ես պատասխանատու եմ նրա համար, և նա պատասխանատու է ինձ համար։

Նոր արտադրած գործվածքին ընկերներս տվեցին իմ անունը՝ «Ծաղկանուշ»։ Օրական իմ հաստոցներից ջրվեժի նման հոսում է մեկուկես հազար մետր մետաքս, և եթե դա հագուստի վերածենք՝ կլինի 500 շրջազգեստ։ Գեղեցիկ հագնվեք, սիրելի ընկերուհիներ: Թող ձեզնով հմայվեն Նևսկի պողոտայում և Կիևի Կրեշչատիկում, Թբիլիսիի և Տալլինի գեղեցիկ փողոցներում։ Նկարիչները «Ծաղկանուշ» գործվածքին են տվել վերածնված Հայաստանի բոլոր գույները։

50-ական թվականներին պետությունը մեզ վարկ հատկացրեց, և հայրս կառուցեց մի ընդարձակ տուն, ուր հիմա ապրում են ուս-ուսի իմ չորս եղբայրները՝ Սերոբը, Սարգիսը, Անդրանիկը, Սեդրակը։ Կրտսերը ծնվել է 48-ին Երևանում։ Փականագործ է։ Երկուսը ավարտել են տեխնիկումը, աշխատում են կոմբինատում։ Անդրանիկը վարորդ է հացի գործարանում։ Յուրաքանչյուրը ընտանիք ունի, երեխաները չինարի ծառի պես են աճում։ Իսկ իմ որդին արդեն մեծ է, բանակում է ծառայում։

Մանրամասնորեն եմ պատմում ընտանիքիս մասին, քանի որ անհայտ է, թե ինչպիսին կլիներ մեր ճակատագիրը այնտեղ՝ հեռավոր անապատում, թե Արևմուտքի ցուրտ երկրներում, օվկիանոսից այն կողմ, ուր ողջ մթնոլորտը օտարականի նկատմամբ հագեցած է ատելությամբ։

Ստորացուցիչ զգացում է քաղաքական որբությունը։ Օտարածին լինելը։ Ինքս գիտեմ, ուրիշներից չեմ լսել։ Հիշում եմ ծանոթիս պատմածը։ Այդ կինը հավատաց ազգականների հեքիաթներին և տեղափոխվեց Ֆրանսիա։ Գնաց քաղցր կյանք փնտրելու։ «Ինչպե՞ս էր այնտեղ»,— հարցրեցի նրան, երբ վերադարձավ։ «Էլ մի ասա։ Երբևիցե տեսե՞յ ես ափ նետված ձուկ։ Պոչը հուսահատ գետնին խփող, բերանը անձայն բացուխուփ անող… Ահա ես այդպիսին էի Մարսելում»։

Անհայրենիք մարդը նման է հայրանուն չունեցող մարդու։ Ինձ համար վաղուց եմ պարզել. հայրենիքը կուշտ ստամոքս կամ լիքը զգեստապահարան չէ։ Հայրենիքը սիրտ է։ Այս քարե սարահարթն է, այս զովաշունչ կաղնին է, Սովետական Միության մարշալի այս հատու սուրն է… Մարդն ապրում է և երջանիկ է ժողովրդի հետ իր սերտաճվածությամբ, սերտաճվածությամբ հողի հետ, որի վրայով այնքան չար հողմեր են անցել, բայց որը շնչում է և ծնում, պտղաբերում առատորեն և ծաղկում։

Այդ նույն Ամերիկայում հիանալի արհեստավորներ Մուկուչներն ու Մուշեղները, ոսկեձեռիկ վարպետներ Գարեգիններն ու Մուշեղները մեջք են ծռում իրենց «գերազանցությամբ» հմայված ջենտլմենների համար։ Իսկ մեզ մոտ հազարավոր հայրենադարձներ վերափոխում են հինավուրց, բազմաչարչար երկիրը, օջախներ են հիմնում՝ հարազատ պատեր կարմիր տուֆից։ Ամբողջ գյուղեր բնակեցված են Սովետական Հայաստանի նոր քաղաքացիներով։ Մայր հողի ձգողության օրենքով երջանկություն են գտել աշխարհի տարբեր անկյուններից եկած մարդիկ։ Գուցե գյուղական տների առանձնակի ամրության և հիմնավորության պատճառն էլ այն է, որ նրանք կանգնած են ամուր հիմքի վրա։

Հայի խաղաղ օջախը չի տարբերվում եղբայր ժողովուրդների օջախներից։ Այն հիմնադրվել է հեղափոխությամբ և դարերի համար։

Թե՛ հանրապետության և թե՛ Միության ուզածդ կետում ամենուր ապրում են հայրենադարձ հայերը։ Հաստոցներ են պատրաստում Չարենցավանում, շենքեր կառուցում Ղազախստանում, պաշտպանում հեռավորարևելյան սահմանները և խաղող ասեցնում Արարատյան դաշտում, հիվանդներ բուժում, երեխաներ ուսուցանում լեռնային գյուղերում։

Աշխարհն է ծափահարում ստամբուլահայ, հանրապետության Գերագույն սովետի դեպուտատ, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին, եգիպտահայեր, ՍՍՀՄ ժողովրդական արտիստուհի, սոցիալիստական աշխատանքի հերոս Գոհար Գասպարյանին, գեղանկարիչ, ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանին, գնահատում քարգործների, մեքենաշինարարների, բժիշկների և լեռնագործների, պրոֆեսորների և հողագործների հայրենանվեր աշխատանքը։
Հայրենիքը զորեղ է իր որդիների հավատարմությամբ և ուժերի գումարով։

Գրում եմ միայն լավի ու լավագույնի մասին։ Ի՞նչ է սա. հայացք՝ վարդագույն ակնոցների միջով։ Իհարկե, ոչ։ Նկատում եմ նաև վատը և նկատելով կողքից չեմ անցնում։ Մեր հասարակության կյանքում դեռևս ոչ քիչ թերություններ կան։ Եվ դրանք պետք է հաղթահարենք բոլորս միասին։ Ի՜նչ լավ է, որ վերջապես գործի ենք անցել։
Մենք ապրում ենք մեկ սենյականոց բնակարանում։ Ինձ և ամուսնուս, որը նույնպես աշխատում է կոմբինատում, նոր միկրոշրջանում առաջարկել են ավելի ընդարձակ բնակարան։ Հրաժարվել ենք: Նախ մեր սենյակից գոհ ենք՝ ընդարձակ է, հսկա պատշգամբ ունի, և հետո պատուհաններից երևում է Արարատը։ Իսկ դա ինչ ասես արժի։ Հավատացեք, որ գեղեցիկի զգացումը նույնպես թանկ արժե։

Հաճախ զբոսնելով քաղաքում, ակամա մտածում եմ. ահա Լենինի պողոտան, ուր ապրում է ընկերուհիս, նրան ուղղահայաց Կարմիր բանակի փողոցն է, զբոսայգում Սունդուկյանի անվան թատրոնը, քիչ հեռվում «Ռոսիա» կինոթատրոնը, որ հաճախ ենք կինոնկարներ դիտում։ Եթե Աբովյան փողոցով վեր բարձրանանք և թեքվենք ձախ, ապա կտեսնենք Մատենադարանը, ուր խնամքով և սիրով պահվում են հին ձեռագրերը՝ պատմիչների և ծաղկողների մտքի ճառագումները։ Այդ ամենը իմն է, և ես ամենուր յուրային եմ…

You may also like...