Հայու տներ

Հայություն

«Հայություն», 1993թ., հունիս 1-15, թիվ 7 (25)

1991-ի սեպտեմբերն էր: Հալեպաբնակ բարեկամներիս՝ Վարդան Տեր-Մովսիսյանի և Միհրան Նալբանդյանի հետ որոշեցինք շաբաթ օրը մեկնել Քեսապ-Լաթաքիա: Ուղևորությունը ավելի շուտ փախուստ էր Հալեպի շոգից։ Մոտ երեք հարյուր կիլոմետր ճանապարհ էինք կտրելու… Մտքումս որոշեցի հրաժարվել, բայց վերջին պահին փոխեցի որոշումս՝ դժվար էր մերժելը… Ու հիմա, երբ մտաբերում եմ մեկօրյա այն հոգնեցուցիչ, բայց և հաճելի ճամփորդությունը, ավելի եմ համոզվում, որ մեծ, շատ մեծ բան կորցրած կլինեի, եթե հանկարծ հրաժարվեի։

Դամասկոս տանող մայրուղուց աջ թեքվեցինք, ու քիչ անց արդեն սիրիական կարմրահող հարթավայրերին փոխարինեցին անտառաշատ լանջերով լեռները։ Նորից Հայաստանն ես հիշում, ախր այս կողմերում այնքան ջերմություն ու անմիջականություն կա, որ առանց վարանելու քոնն ես համարում ամենը… Նորից ուզում ես անմեկնելին մեկնաբանել, առեղծվածայինը բացատրել։ Դրա ետևում ՀԱՅՆ է, դու ես… Ու հիմա էլ, երբ հայկական առաջին գյուղը` Յակուբիե ենք մտնելու, կրկին անգամ համոզվելու ես, որ առեղծված է ապրելու խորհուրդը, հավերժելու գաղտնիքը պահող Հայը…

Յակուբիե, Ղնեմիե, Արամո. կտրված մարգարտաշարի պես այս լեռներում հատ-հատ ցրիվ եկած գյուղեր… Որ տան դարպասն էլ ետ հրես, քո հարազատին, քո արյունակցին, քո եղբորն ու քրոջը կգտնես… Մի վարանիր, բարևիր քո նախնիների լեզվով ու կտեսնես, թե ինչպես են այդ մի հատիկ բառից մշուշվում դիմացինիդ աչքերը…

Ինչքան պահեր եղան, որ հնարավոր չէր ժապավենին առնել, հնարավոր չէր մինչև իսկ բառերով նկարագրել։ Մոռանալո՞ւ բան էր յակուբիեցի տարեց հայի հրճվանքը, որի համար մեռնելը այլևս հոգ չէ, քանզի Հայաստանը անկախ տեսավ…

«Հայաստանում երբևէ եղե՞լ եք»։

«Ոչ»,- տխուր ասաց ծերունին,— հետո ավելացրեց,— զավակներս, թոռներս թող երթան,— անոնց համար թող հեքիաթ չմնա Հայրենիքը…»։

Հայրենիքը՝ հեքիաթ, Հայրենիքը՝ երազ, Հայրենիքը՝ քարտեզ, Հայրենիքը՝ աղոթք… Հայրենիքը՝ բառ, որ վախեցել ես բարձրաձայն արտասանել, ու վախեցել ես, որ այդ բառը շուրթերիցդ կսահի, կգլորվի գետին… Ու շուրթերը սեղմած՝ մտքում են տվել հեքիաթ-երազ-քարտեզ-աղոթք հայրենիքի անունը…

Յակուբիեի գերեզմանատուն հայագիր տապանաքարերին մայրամուտի արևն էր բուրվառի պես հուրհրում։ Տապանաքարի տակ հանգչող աճյունները կարճ ու համառոտ մի երկտող են թողել իրենցից հետո.

«Աստ հանգչի բարեգործուհի Մարի Տապաղ-Սիմիթեանը. ծնեալ ի Թուրքիո Պոլիս 1897. ի տեր հանգեա յամի տեառն 21 մարտ, 1981 թ. Հալեպ»։

Հայատառ մեկ ուրիշ արձանագրություն էլ վկայում է.

«Շինեցավ ՍԲ Հռիփսիմե եկեղեցին և զգմբեթս 1954 թվականին ի բարօրութիւն տեառն Հովհաննես Տապաղեան։ Ի յիշատակ Ամենայն Հայոց ՍԲ Էջմիածնա Գէորգ կաթողիկոս»։

Բարեբախտաբար այս հայագիր արձանագրությունները չեն լոկ ապացույցը, որ գյուղը հայկական է։ Հիշում եմ, 14—15 տարեկան Մանուել Կասինյանը, իր հասակակիցներին հավաքած, ամեն կերպ ուզում էր օգտակար լինել մեզ։ Անվարժ հայերենով ասաց. «Հին տուն մը կուզե՞ք նկարել,— հետո շեշտեց,— հայու տուն, շատ անուշ է…»։

Գյուղի նեղլիկ ու մաքուր փողոցներով մեզ տանում էին ու, ցույց տալով տները, հատ-հատ նշում.
«Աս հայու տուն է, աս ալ հայու տուն է, ան մեկն ալ հայու տուն է, ան մեկուն տերն ալ Քուվեյթ կաշխատի…»։

Հեռավոր մի նմանություն գտա Քուվեյթում աշխատող այդ անծանոթ հայի ու այստեղ Թալինի շրջանի գյուղերից մեկում ապրող հայի միջև։ Տարիներ առաջ էր. գնացել էի Թալինի գյուղերից մեկը, ու ինձ ցույց տվին մի գեղեցիկ տուն, ասելով… «Տերը Ռուսաստանում է աշխատում»։

… Հայու տներ… մեկը-մեկից լավ, մեկը-մեկից գեղեցիկ, ու ինչպես Մանուելը կասեր, մեկը-մեկից անուշ…

Մեր անմիջականությունից Մանուելը թև էր առել։ Մի քանի ժամվա մեջ այնպես էր ընտելացել ու մերվել մեր խմբին, որ արդեն ինքն էր առաջարկում, թե ինչ նկարենք.

«Կուզե՞ք գյուղի ամենատարեց մարդուն տեսնել»։

«Հա՞յ է»,— հարցրինք։

«Հայ է, բայց հայերեն չգիտե»,— ափսոսանքով ասաց Մանուելը։

«Հոգ չէ, ես կթարգմանեմ»,— ասաց մեզ ուղեկցող բժիշկ Գայֆեճյանը։

Հովհաննես Ճերմակյանի խանութ-արհեստանոցում նստած՝ սպասում էինք Մանուելին, որ գնացել էր գյուղի երկարակյացին բերելու։ Հովհաննեսը հայերեն միայն իր անունն ու մականունը գիտեր։ Ձայնագրություններ էր վաճառում, նորոգում ռադիոտեխնիկա։ Նրա խանութ–արհեստանոցը հենց փողոցի վրա էր, գյուղի ջահելության հավաքատեղի։ Այդ օրը ավելի մարդաշատ էր։ Հայերենը մոռացած հայերի շատ հանդիպեցինք։ Հովհաննեսը ցավոք միակը չէր… Ցավը, ափսոսանքը կրկնակի էր դառնում… Ո՞վ էր մեղավոր։ Ակամայից հիշում ես Ավետիս Ահարոնյանի խոսքերը.

«…Հոգիս պայթում է այն մտածումից, թէ ի սփյուռս աշխարհի, վայրավատին տարտղնված ցեղիս զավակները՝ իմ զավակները, կարող են մի անիծակուռ օր, իրենց աչքերը փակել մայրենի լեզվի ճառագայթող գեղեցկության առջև և ուրանալ իրենց մայրենի օրորները, որոնց վրա ագգի ճակատագիրն է դրոշմված Աստծու ձեռքով»։

… Մանուելը փնտրել ու գտել էր Յակուբիեի ամենատարեց հային։ Արաբական տարազի մեջ հայ մարդն էր… Նա ավելի շատ ցեղապետի էր նման։ Նրա ազնվաշուք կեցվածքը տարիներն անգամ անզոր են եղել խաթարելու։

«Անունդ ի՞նչ է, հայրիկ»,— հարցրեց բժիշկը։

«Ասա տուր Երիցյան»,— ծանր ու հատ-հատ պատասխանեց ծերունին։ Լռեց։ Նոր հարցերի էր սպասում։ Բժիշկը շարունակեց.

«Քանի՞ տարեկան ես»:

«1901 թվի ծնունդ եմ։ Պապերս Սիսից՝ Կիլիկիայից են տեղափոխվել այստեղ։ Տեր Գրիգոր Երիցյանի շառավիղն եմ»։

«Եղեռնը հիշո՞ւմ ես, հայրիկ»։

«Իհարկե, հիշում եմ։ Ես Քեսապում էի։ Մուսալեռցիներ եկան։ Նրանց մեջ բարեկամներ, ծանոթներ շատ կային…»։

Ծերունին ինչ-որ բաներ էր ուզում մտաբերել, բայց երևի չէր ստացվում, ու զգում էինք, թե ինչպես է նեղսրտում։

«Մի հուզվիր, հայրիկ»,— նորից հարցեր տալով՝ բժիշկը փորձում էր հիշողության հորձանուտից հանել նրան։

«Սրանից ավել չեմ կարող»,— խոստովանեց ծերունին։

«Իսկ հայերեն, հայերեն գիտե՞ս, հայրիկ»։

«Հատ ու կենտ բառեր եմ հիշում, երգեր եմ հիշում…»։

«Կերգե՞ս մեզ համար…»։
«Ո՞րը…»։

«Որը, որ կհիշես, որը, որ կուզես…»։

Ծերունին սկսեց երգել։ Իր իմացած, հիշած երգերը ետև-ետևի երգում էր։

Ծերունու երգերն էլ նրա հիշողության պես խեղված էին, ու նա անավարտ թողեց երգը։

«Սրանից ավել չեմ կարող, չեմ հիշում…»։

… Մթնել էր։ Մանուելը մինչև վերջ իր խմբով մնաց մեզ հետ, ու երբ պատրաստվում էինք ճանապարհ ընկնել, նա թախանձագին խնդրեց.

«Մեզ մոտ մնացեք»։

Հետո ուզեց ինչ-որ բանով մեզ համոզել.

«Հայու տներ կցուցնեմ ձեզ…»։

Հայու տներ…

Սիրելի Մանուել, չգիտեմ, առիթ կլինի՞ կրկին հանդիպելու ու երբևէ առիթ կլինի քեզ մի փոքրիկ նամակ ուղարկելու։ Թերևս սրանից լավ պահ չլինի, որ քեզ, իմ փոքրիկ եղբայր, ուզում եմ ասել՝ հիշիր, սիրելի Մանուել, որ հայու ամենաաղվոր, ամենագեղեցիկ, ամենաանուշ ՏՈԻՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ է… Որտեղ էլ տուն շինի հայը, մեկ է, մի օր բռնելու է վերադարձի ճամփան… Հավատա մեր ՄԵԾ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ։

Սպարտակ Ղարաբաղցյան

You may also like...