Հայոց հին երգի պահապանը

«Սովետական Հայաստան» ամսագիր, 1981թ.
Սեյրանուհի Գեղամյան

Երգն էլ իր պահապանն ունի: Եւ երբ խոսքը հայ երգին է վերաբերում, այդ բառերն անմիջապես զուգորդվում են Հայրիկ Մուրադյանի անվան հետ:www.anunner.com

Ճեփ-ճերմակ մազերով, հոգնած ու իմաստուն աչքերով այդ մարդը հաճախ է երգում: Նա երգում է հանդարտիկ, մեղմ ու խաղաղ, ասես չի էլ երգում, այլ մի ցանկալի ու գեղեցիկ հեքիաթ է պատմում հացաբույր հայրենյաց տան, վարդի ու շուշանի բուրաստան երկրի, նրա քաջասիրտ կորյունների մասին: Երգում է… ու նյարդերիդ խորքից արթնանում է անծայր, անբացատրելի կարոտը, ծայր են առնում կորսված, հեռավոր-հարազատ պատկերները: Ամեն երգը կարծես գտնված մի մագաղաթ կամ թերթ, մի հայտնաբերված խաչքար լինի: Այդ երգերի մեջ, ինչպես ասենք մագաղաթի կամ խաչքարի մեջ, մեր ժողովուրդն առավելագույնս է արտահայտել իրեն՝ իր արվեստի անբացատրելի ուժն ու հմայքը, ապրելու իմաստն ու ստեղծելու տարերքը, մտքի թռիչքներն ու բանաստեղծական էությունը.

Իմ յարոջ կապա կարե՛ք
Արեւից էրեսն արեք,
Լուսնակից աստառ կարեք,
Աստղերից կոճակ շարեք…

- Շատ տառապանքներ ու աղետներ է տեսել մեր բազմանդամ ընտանիքը, շատ կորուստներ է տվել, բայց երգը մեր տոհմական ամենաթանկ գանձն է, որ ոչ մի գնով չկորցրինք: Այդ երգերում իմ մանկությունն է, իմ բարի ու քնքուշ Զոզան մայրիկը, հորեղբորս կինը՝ Սինամը, որն ինձ դարձյալ մայրություն է արել, իմ հայրենի երկիրը՝ Շատախը, դրախտային Առնոս լեռը,- հիշողությունները կարգի բերելով, հանդարտ պատմում է Հայրիկ Մուրադյանը: Իսկ խոսքի շարունակությունը երգն է.

Մոկաց սարեր, սրսնցրիկ սարեր,
Պաղ ճըրեր,
Ծեր ծաղկունքին, ակն հաղպուրին
Կարոտիր իմ,
Մոկաց ծորեր, կանաչ ծորեր, խոր ծորեր,
Կյառն ու մաքյին առնեմ էլնեմ
Ծեր սարերն ի վեր,
Իմ անուշ ծորեր,
Իմ կանաչ ծորեր,
Զով ծորեր:

Երգում է նա, ու պատկեր-պատկեր կենդանանում, հեռավորության մշուշից պարզվում են գույնզգույն ծաղիկներով ու թավիշ խոտով ծածկված Մոկաց սարերը, Առնոս լեռան լանջին փարված Ջնուկ գյուղը, որն ընդամենը 18 տուն ուներ, բայց 700-ից ավելի բնակիչ՝ քաջասիրտ, ազատասեր ու հպարտ:

- Մեր լեռնաշխարհում սովորություն կար. ամռան ու աշնան օրերին գիշերները հավաքվում էին, խարույկ վառում, նստոտում գերանների ու կոճղերի վրա, սիրտ սրտի` զրուցում, հեքիաթներ ու դյուցազնավեպեր պատմում եւ երգում…

Մեր տան լավագույն երգիչը մայրս էր, որ աղբյուրի պես զրնգուն ու մաքուր ձայն ուներ: Պատմում են, որ երբ պապս` ՄուրադՆահապետը, գնացել է հարեւան Ծիծան գյուղը մորս հարս ուզելու, նրա ծանոթներից մեկն ասել է. «Մուրադ, քյու ուզած ախչիկը պակասություն մը ունի. ինչ կյախ տիսնիս՜ կըյերքի, կըկյա ճուր՝ կըյերքի, կուժ կըլըցնի՝ կյերքի, կըտառնա տուն՝ կըյերքի, հմէն կյախ կըյերքի»: Պապս ասել է. «Որ ասկոն ի՝ յէմ սըրտովն ի»:

… Հետո նրա մանկության հիշողությունների կապույտ, մաքուր գույները խառնվում են, մռայլ, փոշեխեղդ դառնում: Մի երկար, անվերջանալի երկար ճամփա է հիշում Հայրիկ Մուրադյանը, որով ինքը, հազիվ տասնհինգ տարեկան, մոր թեւից բռնած, հոգնած ու ծարավ քայլել է Շատախից մինչեւ Իրանի Սալմաստ գավառը, այնտեղից ետ՝ դեպի Վան, հետո կրկին Իրան, ապա դեպի Իրաքի անապատները: Քայլել է՝ հոգում որպես վրեժ պահելով երգը: Մուրադյանների 54 անձից բաղկացած մեծ ընտանիքից մնացին միայն չորսը, բայց Հայրիկը պահեց նրանց բոլորի երգերը, շուրջ 1500 երգ, պահեց ու փոխանցեց բոլոր վանեցիներին, շատախցիներին, մոկացիներին, բոլորին… Եւ այդ երգերն այսօր հնչում են Հայաստանի բոլոր անկյուններում, երգում են մեծերն ու փոքրերը, խմբերով ու առանձին…

Այս երգերից յուրաքանչյուրն այսօր հավաստի, կարեւոր ու անսպառ աղբյուր է Արեւմտյան Հայաստանի, հատկապես Վասպուրականի, Մոկաց աշխարհի, Վանի, մասնավորապես՝ Շատախի պատմության, կենցաղի, բնության ու մարդկանց մասին: Վիպական, պանդխտության, օրորոցային, սիրո, աշխատանքային, ծիսական երգերն ու կատակերգերը հիացնում են մերթ իրենց գեղարվեստական բարձր մտածողությամբ, մերթ նուրբ հումորով, մերթ խորը թախիծով ու անաղմուկ սիրով:

Այդ երգերը կարծես պարզ հայացք են ուղղված աշխարհի ու մարդկային կարոտների մեծ խորհրդին, որտեղ այնպե՜ս պարզ ու մաքուր են շողում մեր ժողովրդի իմաստուն ու խաղաղ հրճվանքները, մաքառելու կամքը, կորստի վիշտը, սիրո լույսն ու աշխատանքի բերկրանքը:

Կըյութնի թախում նըմուշ-նըմուշ,
Չըկեր վաստակ քյանց էն անուշ,
Աշխարքի շեն վեր կըյութնին էր,
Կըյութան չէլներ, աշխարհն ի՞նչ էր:

Հաշվի առնելով Հայրիկ Մուրադյանի պահպանած երգերի գեղարվեստական, գիտական մեծ արժեքը, դրանք ձայնագրվեցին Հայաստանի գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտի կողմից, կազմվեց ու հրատարակվեց մի հետաքրքիր, օգտակար ժողովածու, որ «Հայրենի երգեր» խորագիրն է կրում: Ժողովածուում տեղ են գտել նաեւ Մուրադյանի գիտական կարեւոր տեղեկություններն այգերգերի ստեղծման, տարածման շրջանակների, լավագույն կատարողների եւ գավառային տարբերակների մասին:

Հայրիկ Մուրադյանի երգերի ձայնագրությունները հաճախ են օգտագործվում կինոնկարների եւ բեմադրությունների երաժշտական ձեւավորումների համար: Այսպես, այդ երգերը հատուկ գունավորում են տվել «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած «Երգ հայրենի», «Պետրոս Դուրյան», «Վասպուրականի պարեր» վավերագրական կինոնկարներին, ինչպես նաեւ Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում բեմադրված Վիլյամ Սարոյանի «Խաղողի այգին» ներկայացմանը:

Համամիութենական «Մելոդիա» («Մեղեդի») ֆիրման թողարկել է «Երգում է Հայրիկ Մուրադյանը» ձայնապնակը, որով այդ երգերը մուտք գործեցին Խորհրդային Միության հարյուրավոր ընտանիքների հարկից ներս: Այդ երգերից մի քանիսը տեղ գտան նաեւ 1971 թվականին Փարիզում հրատարակված «Աշխարհի ժողովուրդների բանահյուսությունը» ձայնապնակների շարքի հայկական ժողովրդական երգարվեստը ներկայացնող բաժնում:

Այս ամենը վկայում է ոչ միայն Հայրիկ Մուրադյանի պահած-պահպանած երգերի արժեքի, այլեւ նրա կատարողական բարձր արվեստի, ձայնային նուրբ տվյալների մասին:

…76 տարեկան է հայ երգի հավատարիմ պահապանը: Ձայնը քիչ խզվել է, թեեւ դա նոր հմայք է հաղորդել նրա երգին: Կարծես քիչ նստակյաց է դարձել: Սակայն միտքը հանգիստ չունի, անընդհատ որոնում է, համեմատում, նոր երգեր ձայնագրում: Տպագրության է պատրաստել երկու կարեւոր ուսումնասիրություն՝ «Հերոսական էջեր հայ ժողովրդի անցյալից» եւ «Վարդանանց պատերազմը»: Իսկ հայրենի երգը տարածելու սրբազան պարտականությունը թողել է աղջկան՝ բանասիրական գիտությունների թեկնածու Մարո Մուրադյանին: Եւ Խորհրդային Միության տարբեր քաղաքների բեմահարթակներից, ռադիոյով եւ հեռուստատեսությամբ հաճախ կարելի է լսել նրա ղեկավարած ազգագրական երգերի երգչախմբին, որի մասին շատերն են հիացմունքով խոսում: Էստոնիայի մայրաքաղաքում՝ Տալլինում, լսելով Մարո Մուրադյանի երգչախմբին, Էստոնիայի բուհերի հավաքական երգչախմբի ղեկավար Էնե-Ռեետ Էխալան գրում է. «Այդ ինքնատիպ կոլեկտիվը հմայեց մեզ, խախտեց մեր՝ հյուսիսային հավասարակշռված ժողովրդիս հանգիստը, նրան փոխադրելով հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող տաղանդավոր ժողովրդի մոտ: Երգչախումբն ու նրա ղեկավարը մեր ունկնդիրներին հմայեցին իրենց անկեղծությամբ ու համեստությամբ, կրկին ապացուցելով այն ճշմարտությունը, որ իսկական արվեստը պարզ է լինում: Արտահայտելով մեր երաժշտասերների երախտագիտական զգացումները, միաժամանակ նախանձում եմ բոլոր նրանց, ովքեր կարող են հաճախակի ունկնդրել այդ սքանչելի կոլեկտիվին»:

Ուրեմն վստահորեն կարելի է ասել, որ Մուրադյանների տոհմական ժառանգությունը՝ երգը, հուսալի ձեռքերում է եւ սրբությամբ կփոխանցվի գալիք սերունդներին՝ շարունակելով հուզել ու ոգեւորել՝ ինչպես նոր գտնված մագաղաթյա թերթ, ինչպես նոր հայտնաբերված խաչքար…

You may also like...