Հայկական տարազ. Մաս 4

Հայկական տարազ, Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը
Ուսումնասիրությունը և ալբոմի նկարները Առաքել Պատրիկի
Հայկական ՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան, 1967թ.

ՏԱԽՏԱԿ 21

հայկական տարազ

Վերևում՝ Կարսի Գագիկ թագավորի ընտանիքը, 10-րդ դարում, ըստ Երուսաղեմի մի գրքի մագաղաթյա պահպանակի նկարի: Այս փոքր թագավորությունը կարելի է մի ճյուղը համարել Բագրատունիների, նաև տարազի տեսակետից:

Նկ. 1 — Գագիկը ծալապատիկ նստած, հագել է մի երկար վերարկու, լայնաբերան թեզանիքով և առյուծանիշ վահանիկներով զարդարուն։ Բազուկների վրա կրում է զարդաժապավեն:

Նկ. 3-ը Գորանդուխտ թագուհին է։ Թիկունքին ունի սպիտակ հերմին մուշտակ, կրծքի վրա միացրած գոհարազարդ ճարմանդով։ Մազերը զույգ հյուսկենով իջնում են կրծքի երկու կողմում։ Կրում է ապարանջան, մատանիներ և մանյակ:

Նկ. 2 — Նրանց դուստր՝ Մարիանեն, որ մոր նման զարդահյուս պարեգոտ է հագել և ուսերը ծածկել է սպիտակ շալով։

հայկական տարազ

Ներքևում Անիի պեղումներից հայտնաբերված մանկական մետաքսահյուս կապա։ Նույնը՝ դիտված կռնակից: Վերը՝ շապիկի օձիքը և թեզանիքի ասեղնագործած մասը՝ մեծացված։

ՏԱԽՏԱԿ 22

Ծանոթ.– N 22-24 տախտակներում ջանացել ենք սեղմորեն ամփոփել հարյուրավոր ձեռագիր մատյաններից ընտրած տարազային մանրանկարներ։ Դրանց յուրաքանչյուրի նկարագրականը անհարկի կերպով պիտի գրավեր բազմաթիվ էջեր։ Ուստի նկատի ունենալով նրանց ժամանակը և վայրը որքան դա հնարավոր էր, բաժանել ենք երկու մասի.

Ա. Նրանք՝ որ անվթար են պահել ազգային տարազը.

Բ. Նրանք՝ որ կրել են օտար փոխազգեցություններ։

հայկական տարազ

Տխ. 22-ի մեջ ժողովրդական տարազ են կրում հետևյալները.

Նկ. 1-ը՝ սպասավոր, 2-ը ջրամանով կին, 3-ը` վագող պատանի, 5-ը՝ պարկապզուկ նվագող, 6 և 7-ը՝ քաղաքաբնակ կանայք, 8-ը՝ գեղջկուհի կժով, 9-ը՝ գավառական տարազով կին, 13 և 14-ը՝ ծառ հատող երիտասարդներ, 15-ը՝ գեղջուկ, 16-ը՝ ծեր հովիվ, 17-ը՝ գրագիր, սոցիալական վերնախավին են պատկանում նկ. 4-ը, 11-ը և 12-ը, որոնց պիտի անդրադառնանք։

հայկական տարազ

Նկ. 6 և 7-ը վերցված լինելով 11-րդ դարի Մուղնու նշանավոր Ավետարանից գրված՝ Անիում կամ Լոռիում, ժամանակի իրական կյանքից վերցված թանկագին նմուշ են հանդիսանամ մայրաքաղաքի կանացի տարազի: Երկու կանայք, սպիտակ գլխաշորով, կրում են պարզ, սակայն նրբաճաշակ զգեստ։ Երկուսի պարեգոտն էլ պճղնավոր է, գունագեղ և զարդահյուս։ Քղանցքը երիզված է։ Երկուսի վերարկուն էլ նմանաձև է՝ առաջամասը բաց ու երկար, նեղ թեզանիքով։ Ոտներին կրում են կարմիր հողաթափ: Նկ. 7 — տան մուտքի առաջ կանգնած կինն ավելի երիտասարդ է և վզի շուրջ ունի մանյակ։

Նկ. 1 — Շերենիկ անունով այս սպասավորի տարազը, որի մանրանկարի կողքին գրված է. «Շերենիկ, ձուկն բեր», վերցրել ենք Հաղպատի 1211թ. Ավետարանից, մի ժամանակաշրջան, երբ ստեղծվել էր հայ-վրացական սերտ գործակցություն՝ Զաքարյանների գլխավորությամբ։ Դրա հետևանքով էլ տարազային փոխազդեցություն էր տեղի ունեցել երկու հարևան ժողովուրդների միջև, ինչպես տեսնում ենք Հառիճի վանքի Զաքարե և Իվանե սպասալար եղբայրների քանդակում, որոնց տարազին համընկնում են նկ. 1-ի հանդերձանքի մասերը` գլխարկը, երկար վարսակալը, վերարկուն, կոշիկները։

Նկ. 8 և 9-ը պարզ և շնորհալի տարազով, պատկանում են ավելի ուշ ժամանակի՝ 15-րդ դարի, Տաթևի մի ձեռագրից վերցված:

Նկ. 10-ը Սյունիքի իշխանուհի Ասֆան է, 13-րդ դարից: Հետաքրքիր է հատկապես նրա գլխահարդարանքը:

հայկական տարազ

Նկ. 13 և 14-ում ծառ հատող երեք երիտասարդների տարազը Բագրատունիների և ավելի ուշ ժամանակի հայ աշխատավորի տարազի հազվագյուտ նմուշներ են։

Նկ. 11— Հայկական վերնախավում՝ խոշոր վաճառականներ, վաշխառուներ, այդ ժամանակներում կրում էին սրա նման արաբատիպ տարազ։

Նկ. 12-ի տարազը 13-րդ դարում հայ-վրացական վերնախավին պատկանող մի անձնավորության կերպարի արտացոլումն էր:

Նկ. 4-ը Հաղպատի վանքի 1211թ. Ավետարանի ստացողը՝ մեկենասն է. Հենց այդ հանգամանքով էլ նրա տարազը կարելի է համարել տվյալ ժամանակի ունևոր քաղաքացու տարազի հարազատ մի նմուշ:

Նկ. 5-ը Անիից գտնված մի քրեղանի միջի նկարից է վերցված և նկ. 4-ի զգեստավորման նման է հագնված – անշուշտ ավելի պարզ ու համեստ, որպես պարկապզուկ նվագող ժողովրդական մի տիպ:

ՏԱԽՏԱԿ 23

Այս տախտակի նկ. 1, 2, 3, 7, և 12 և 16-ից բացի, մնացյալների տարազը, իր ժամանակի ոգու համեմատ, որոշ չափով, կրում է թաթարականի ազդեցությունը։

Նկ. 1-ը Սյունիքի Օրբելյան իշխանական տոհմի շառավիղ պատանի Վախթանգ Օրբելյանն է (14-րդ դար) գահի վրա բազմած։ Այս հայ իշխանավորի տարազը սերտ խնամություն ունի Վրաստանի Բագրատունիների տարազի հետ։ Նրա նման պատմուճան են հագել նաև նկ. 2-ի երկու կանայք, ինչպես նաև նկ. 4-ի երկու պատանիները, թեև նրանց գլխարկները անսովոր են։

Նկ. 2-ը կիլիկյան հայտնի մանրանկարիչ Սարգիս Պիծակի ինքնանկարն է (ապրել է 14-րդ դարում)։ Ուշագրավ է նրա կարմիր գլխարկի գործածությունը, որպես կրոնավորի։

Նկ. 5 և 6 — Բուրդել իշխան Օրբելյանը և նրա կինը (14-րդ դար) թաթարատիպ տարազով։ Նույն տիպի տարազով է նաև նկ. 8-ի անձը։ Նկ. 9-ը կղերական է։ Նկ. 10 և 11 –Պարոն Սորղաթմիշ և Բեկի խաթուն (14-րդ դար), ղրիմաբնակ, հետևաբար ենթակա՝ թաթարական ազդեցության։ Նկ. 12-ը մագաղաթյա մի պատառիկից է (շուրջ 15-րդ դարից) Արևմտյան Հայաստանի Հարս ու փեսայի կերպարի հազվագյուտ մի նմուշ։ Նկ. 13, 14 և 15-ում ներկայացված են հարսանիքում պարոդ երկու զույգ՝ ձեռքերում մոմեր և ծաղիկ բռնած, որոնց տարազը, սակայն, օտարատիպ է։ Նկ. 16-ը գլուխը ապարոշավոր կրոնավոր է, դասավանդելիս։ Նկ. 17-ում՝ նրա աշակերտը։

ՏԱԽՏԱԿ 24

հայկական տարազ

Նկ. 1, 2, 3 և 4 — Ըստ երևույթին, մի ընտանիքի անդամներ են, հավանաբար ձեռագրի ստացողներ, որոնց տարազում զգալի է պարսկականի ազդեցությունը, դատելով հատկապես նրանց պարսկական գլխանոցից։

Նկ. 5, 6, և 7–ը — 16-րդ դարի մի ձեռագրից։ Երեք անձերի տարազն էլ նույնատիպ են գրեթե։ Պճղնավոր պարեգոտի վրա հագել են կարճ թեզանիքով բաճկոնակ, կրծքերը փակված՝ կոճակների շարքով։ Արևմտահայ տարազի նմուշ կարելի է համարել, ձեռագիրը պատրաստված լինելով Կ. Պոլսում։

հայկական տարազ

Նկ. 8-ը 1397 թ. մի ձեռագրից է, գրված Բաղեշում: Կնոջ գլխահարդարանքի ձևը որոշ գավառներում շարունակվել է մինչև մեր օրերը։ Քողը գլխից իջնելով, պատում է նաև կուրծքը, ծայրը ուսի վրա ճարմանդած:

հայկական տարազ

Նկ. 9, 10 և 11-ը — 18-րդ դարի տղամարդկանց տարազ են։ Նկ. 10 և 11-ում տեսնում ենք «Կովկասյան» տարազի նախընթաց ձևեր՝ արխալուղը, մեջքը կաշվե նեղ գոտիով ամփովված, շալվարի փողքերը կոշիկների մեջ:

ՏԱԽՏԱԿ 25

Մեր բազմադարյան պատմության մեջ ոչ մի ժամանակաշրջանից մեզ չեն հասել այնքան հուշարձաններ (դրամական, մանրանկարչական), որքան մեր Կիլիկյան թագավորության շրջանից հատկապես թագավորի, պալատականների, զինվորականների, մասամբ էլ ժողովրդական տարազի վերաբերյալ։

հայկական տարազ

Սույն տախտակի Ա-ն և Բ-ն Վատիկանի թանգարանում պահված Լևոն Ա-ի կնիքներն են, իսկ մեջտեղում՝ Գ-ը վերակազմությունն է Ա-ի: Նրա ականազարդ թագը ավելի նման է բյուզանդականին։ Երկու կողմից ականջի տակ առկախ են երեքական ոսկեգնդիկ, ըստ լատին սովորության։ Պճղնավոր պատմուճանի վրա կրում է արքայական ծիրանագույն փիլոնը, որի վրայի սկավառակների մեջ առյուծանիշ զարդեր են բանված։ Մեջքի ակնակուռ քամարից առկախ է ոսկեդրվագ սուրը։ Որպես արքայական սիմվոլ, աջում բռնել է խաչանիշ ոսկեխնձորը, իսկ ձախում՝ շուշանագլուխ մականը:

You may also like...