Հայկական տարազ. Մաս 3

Հայկական տարազ, Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը
Ուսումնասիրությունը և ալբոմի նկարները Առաքել Պատրիկի
Հայկական ՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան, 1967թ.

ՏԱԽՏԱԿ 13

Հայկական տարազ

Հայկական տարազ

Հայկական տարազ

Զվարթնոցի շինարար վարպետների պատկերաքանդակները յոթերորդ դարի հայ արհեստավորի կերպարի հազվագյուտ նմուշներ են։ Դրանք մեզ հասել են բավականին եղծված վիճակում, ուստի նպատակահարմար համարեցինք պատրաստել նրանց վերականգնված գծագրությունները տխ. 14–ում:

ՏԱԽՏԱԿ 14

Հայկական տարազ

Զվարթնոցի այդ պատկերաքանդակները մինչև այժմ չեն արժանացել հատուկ ուսումնասիրման։ Բոլորն էլ անխտիր համարվել են շինարար վարպետներ. մինչդեռ, ինչպես պարզվում է նրանց վերականգնված գծագրություններից, նկ, 2-ը այգեգործ է՝ խաղողի երկու վազերի միջև, հոտոցը ձեոիս։ Նկ. 3-ը որմնադիր է, ծեփիչը ձեռին: Նկ. 6-ը՝ քարտաշ, նկ, 4, 7 և 8-ը՝ քանդակագործներ։ Նկ. 5-ը կրոնավոր է, ունենալով թիկունքին աղաբողոն, իսկ գլխի շուրջը՝ լուսապսակ: Նա աջ ձեռքում բռնել է մի փոքր մուրճ, որպես խորհրդանիշ՝ քանդակագործությամբ ևս զբաղվելուն։ Մեր մեջ հետագայում ևս եղել են շնորհալի քանդակագործ-կղերականներ։

Հայկական տարազ

Գլխավոր ճարտարապետ Հովհանը (նկ. 1) կնգուղավոր կամ եկեղեցական բառով «վեղարավոր» է։ Այդ իրողությունը ոմանց ենթադրել է տվել, թե նա եղել է կղերական։ Մինչդեռ կնգուղը վաղուց լայն գործածության է ունեցել մեր ժողովրդական խավերում: Նույնիսկ հելլենիզմի դարաշրջանում Ծոփքի թագավոր Զարեհին տեսնում ենք (ըստ նրա դրամի) կնգուղավոր գլխանոցով (տխ. 5, նկ. 1 )։ Հետագայում` 14-18-րդ դդ. մեր գերեզմանաքանդակների վրա էլ գտնում ենք կնգուղավոր աշխարհական մարդկանց պատկերումներ (տխ. 32, 33 և 34)։ Հետևաբար, կարելի է ասել, որ այդ գլխանոցը կրոնականները վերցրել են աշխարհականներից և սեփականացրել: Ուստի, Հովհան ճարտարապետի աշխարհական լինելու հանգամանքը, ըստ մեզ, մնում է անառարկելի։

Գալով Հովհանի զգեստավորման, մյուս վարպետներից աչքառու տարբերություն չունի։ Հագել է պատմուճան, որի երկարությունը, սակայն, անհայտ է։ Մեր վերականգնած գծագրության մեջ ամբողջացրել ենք այն, ելնելով նկ. 6-ի ավելի հայտնի մասերից և տվյալ ժամանակաշրջանի պատկերաքանդակների ամենահավանական ձևերից։ Նա պատմուճանի վրա հագել է մինչև մեջքը հասնող մինթան, երկար թեզանիքով։

Հայկական տարազ

Նմանօրինակ մինթան կրում են նաև նկ. 4, 6 և 8 վարպետները, իսկ մնացյալները պարեգոտով են միայն, հաճախ շերտավոր ծալքերով և մեջքի շուրջ մի նեղ գոտիով ամփոփված: Բացի Հովհանից, մյուս շինարար վարպետները գլխաբաց են:

Հովհանը ներկայացնում է, ուրեմն, որպես ղեկավար անձնավորություն, աջով մի թիակ բռնած, իսկ ձախով՝ քանդակագործի մուրճը, մի հանգամանք, որ հատուկ է միայն Հովհանին, իսկ դա հավելյալ մի փաստ է նրա գլխավոր ճարտարապետ լինելու հանգամանքին:

ՏԱԽՏԱԿ 15

Հայկական տարազ

Մեր ներածականում խոսել էինք 387թ. Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև Հայաստանի բաժանումից հետո բյուզանդական բաժնում ապրող հայ նախարարների երկար ժամանակ իրենց ազգային ինքնուրույնության պահպանման մասին։

Նկ. 1-ը այդ ապացուցող պերճախոս փաստ է։ Դա մի դամբարան է Ռավեննայում, ուր թաղված է համայն Իտալիայի հայազգի էկզարք Սահակ Հայկազը (62Տ—643): Նա իր այդ դամբարանի վրա իր կենդանության ժամանակ խորհրդանշաբար քանդակել է տվել բիբլիական մի դրվագ՝ Դանիելը երկու առյուծների միջև, Դանիելի տարազը հարազատորեն հայկական է և այնքան նման տխ. 7, նկ. 2-ում Արմենիան անձնավորող հռոմեական արձանի տարազին, անշուշտ ոչ բոլորովին պատահականորեն, քանի որ Հայաստանն էլ նույնպես գտնվում էր երկու գիշատիչ կայսրությունների՝ Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ Իսկ դամբարանի վրա գրել է տվել հետևյալ խրոխտ մակագրությանը, «Ես Սահակ, մեծապայծառ տոհմից, զարդ և փառք ամենայն հայոց, էի մարտակից արքաների»։

Հայկական տարազ

Նկ. 2-ը Բյուզանդական կայսրության բարձր դասին պատկանող պետական գործիչ նույնպես մի հայի կերպարն է՝ Հովհան Պռոքսիմոսը, արդեն բյուզանդացու տարազով, քանի որ ապրել է 11-րդ դարում: Սակայն նա իր ծախսով Ադրիանապոլսում 1007 թ. գրել և ծաղկել է տվել հայերեն մի Ավետարան, ուր զետեղված է եղել իր սույն մանրանկարը, բյուզանդացի ազնվականի տարազով։

Հայկական տարազ

Նկ. 3 և 4-ը Էջմիածնի Ավետարանի մանրանկարներից է, ուր պատկերված են հայ իշխանավորի և իշխանուհու տարազով երկու անձնավորություն (շուրջ 10-րդ դարի գործ)։

ՏԱԽՏԱԿ 16

Նկ. 2 և 2՛ (վերակազմությունը).– Հայաստանի մարզպանական ժամանակաշրջանից մեզ հասած միակ վավերական հուշարձանն է հանդիսանում 7-րդ դարում մարզպան Դավիթ Սահառունու բարձրաքանդակը իր կառուցած Մրենի եկեղեցում։ Նա գլխաբաց է, հավանաբար եկեղեցում գտնվելու նկատառումով, սակայն անպայման վարսակալ ժապավենով ամփոփված լինելու էր մազերը։ Թիկունքին առել է երկար մուշտակ, անշուշտ սամուրենի, որի երկար և լայնաբերան թեզանիքը զարդականորեն ազատ ձգված են, ինչպես հնուց սովորություն էր, և ինչպես տեսանք 4—7-րդ դարերի մեր պատկերաքանդակների շարքում՝ Հառիճի, Թալինի և այլ կոթողների վրա ևս։

Պատմուճանը երկարում է մինչև սրունքի կեսը, զարդական շերտերով։ Ձախ ձեռքում բոնել է մագաղաթի մի փաթույթ, իսկ բազուկից առկախ է իր գավազանը:

Անշուշտ այդքան պարզունակ, անպաճույճ չէր հայ մարզպանների և նախարարների տարազը։ Մեր պատմագիրները այդ մասին տվել են մի քանի արժեքավոր տեղեկություններ: Դրանցից հիշենք Հայր Մարդպետի պարագան:

Հայկական տարազ

Պապ թագավորը պատժելու համար Հայր Մարդպետի դավաճանական մի արարքը հրամայում է արքայական իր հանդերձատնից նախ նրան հագվեցնել իշխանավայել զգեստներ.

«Եւ ագուցին նմա դրատս և վարտիս։ Եւ էր հանդերձն անհեթետ մեծութեամբն, զի խորշ զխորշիւ իջանէր, մինչ զի ոչ կարէր հանդերձել զանձն իւր, զի պատեաց մեծութիւն հանդերձոյն: Եւ ագուցեալ զպատմուճանն մեծ, էած զգօտին ընդ մէջ իւր, զորմէ թուրն կախէր: Եւ սուսեր ընդ մէջ ածեալ և խորշ ի գոտւոյն դրատիցն իջեալ, զթուրն և զսուսերն ծածկէր։ Իսկ զվարտի զգեցեալ, և մույկս ագուցեալ, և զնրանն (դաշույն) ազդեր կապեալ և ի վերայ նրանին խորշն ի վարտեացն իջեալ, անկեալի վերայ նրանին, ծածկեալ մինչև ի սրունս»։ Հայ Արշակունի արքունական տարազի մասին ունենք նաև հետևյալ տեղեկությունները.

Հայկական տարազ

Պապ թագավորի չարանենգ սպանությունից հետո, Շապուհը ի հեճուկս Բյուզանդիայի, հետևյալ նվերներն է ուղարկում նրա այրի թագուհուն, երկու գահաժառանգներին և սպարապետ Մանուել Մամիկոնյանին.

«Թագաւորական պատմուճան» — անշուշտ ծիրանագույն։

«Սամույր» — մուշտակ իմաստով։

«Գլխոյ պատի գարգմանակ ոսկի և արծաթ»,

«ու ի պատիւ գլխոյ ի վերայ գագաթանն ի թիկանց արծուոյն հանգույցք թագի կապեալ աշխարաւանդ հանգույց»,

«Լանջաց պատիւ՝ ապիզակ, որպէս օրէնք են ունել թագաւորաց»,

«Շիկակարմիր խորան» — կարմրագույն վրանը արքային էր միայն հատուկ։

Իսկ սպարապետ Մանուել Մամիկոնյանին նվիրում է «Սկահակս մեծամեծ և կապուտակ երկնագույն հովանոցս» (այս վերջինը՝ վրան իմաստով) «և ի վերայ խորանին արծուի նշան» — որպես Մամիկոնյանների տոհմական զինանշանը։

Իսկ Եղիշեն Վասակ Սյունեցու տարազի մասին տալիս է հետևյալ նկարագրականը.

«Եւ նա ըստ առաջի կարգի օրինացն արքունի, արկանէր զպատվական հանդերձն, զոր ունէր ի թագաւորէն։ Կապէր զպատուավուրսն (վարսակալ ժապավենը) և խոյրն ոսկեղեն դնէր ի վերայ, և զկռանակուռ ձոյլ ոսկի կամարն, ընդելուզեալ մարգարտով և ակամբ պատուականօք ընդ մէջ իւր ածէր. և զգինդսն յականջսն և զգումարտակն (մանյակ) ի պարանոցին, զսամույրսն զթիկամբքն և զամենայն օրենս պատւոյն զանձամբ արկեալ, երթայր յարքոլնիս…»։

Նկ. 3 — Կողբից հայտնարերված այդ բարձրաքանդակը, 6-րդ դարի գործ, տարազային տեսակետից ուշագրավ մի հուշարձան է որպես իշխանական կամ ազնվական դասի կերպար։ Վերարկուն իջնում է ծնկներից շատ վար և եզերված է զարդարուն լայն ժապավենով։

Հայկական տարազ

Նկ. 4-ը հայտնաբերված է Անիից և հիշեցնում է Զվարթնոցի շինարար վարպետների կերպարը, ավելի Հստակ զգեստավորումով։ Սա ևս նրանց նման գլխաբաց է և մազերն ամփոփված են ճակատը շրջանցող ժապավենով։ Ներքին երկար պարեգոտի վրա հագել է նույն երկարության մի վերարկու, կարճ թեզանիքով։ Մեջքն ամփոփված է կաշվե նեղ գոտիով, որից երկու կողքերին առկախ են զարդական զույգ կախիկներ։ Վերարկուի երկու փեղկերի վրա աղեղնաձև չորսական փոթիկներ կան, իսկ քղանցքի երկու կողքերին, մինչև ծնկները սովորական զույգ ճեղքվածք կա: Քանդակի այս վերջի մասերը նկ. 4-ի վերակազմության վրա ավելացված են, հիմնվելով նման պատկերացումների տվյալներից, ինչպես պիտի տեսնենք Վասպուրականի Գագիկ Արծրունու երկու մանկլավիկների քանդակների վրա (տխ. 19, նկ. 2 և 3)։

ՏԱԽՏԱԿ 17

Հայկական տարազ

Վերևում. — Անիի միջնաբերդում քանդակված է զարդական մի ծառ, որի երկու կողմերում պատկերված են երկու ձիավորներ՝ որպես ս. Գևորգ և ս. Թեոդոր, վիշապի հետ մարտնչելիս:

Հայկական տարազ

Վարի շաքքում — Վերակազմությունն են այդ երկու զինվորի տարազային ոչ լրիվ տվյալների։ Սրանց մեջտեղում զետեղել ենք Անիի պարսպի գլխավոր մուտքի վերև ագուցված առյուծի քանդակը, որը հավանաբար Բագրատունիների զինանշանն է եղել։

ՏԱԽՏԱԿ 18

Նկ. 1 — Անիում Ն. Մառի՝ 1906 թ. կատարած պեղումներից հայտնաբերվեց սույն արձանը, ուր Գագիկ Ա Բագրատունի թագավորը ներկայացված է արաբական տարազով՝ գլխին մեծազանգված սերփուշ, արաբական լայն թեզանիքով դուռա հագին, որպես պատմուճան, և նույնաձև սիդա՝ որպես վերարկու: Միակ Հայկական նշանը կրծքից շղթայակապ խաչն է:

Հայկական տարազ

Մոտավորապես նմանօրինակ տարազով է ներկայացված նաև Սմբատ Բ-ը (նկ. 3) Հաղպատի եկեղեցու արևելյան պատի բարձրաքանդակում: Ուստի դրանով պետք էր եզրակացնել, ինչպես անում է Հացունին, թե արդարև բոլոր Բագրատունիների և Արծրունիների տարազը արաբական է եղել: Ինչպես պիտի տեսնենք, այդպիսի մի ընդհանրացում չի համապատասխանում որոշ փաստերի, որովհետև հենց Սմբատ Բ Բագրատունու դիմաց քանդակված է նրա եղբայրը՝ Գուրգենը, գոհարազարդ թագը գլխին։

Հայկական տարազ

Բացի այդ, Հ. Դրասխանակերտցին նկարագրում է Յուսուփ ոստիկանի ուղարկած նվերները Սմբատ Ա Բագրատունուն. «Թագ ևս յոսկւոյ սոփերայ կազմէալ և ի նմա յելուզեալ յեռեալ վարսակալ մարգարտատող տպազարդութիւնս և ականս պատուականս և բազում երեւելի զարդս արքունականս ոսկեճամուկս»։ 10-րդ դարից ունենք նաև Սանահինի եկեղեցու արևելյան ճակատում Կյուրիկե և Սմբատ Բագրատունիների թագակիր բարձրաքանդակը (տխ. 18, նկ. 2)։

Հայկական տարազ

Կա նաև Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու թագ կրելու փաստը։

ՏԱԽՏԱԿ 19

Արծրունյաց թագավորության հիմնադիրն է հանդիսանում Գագիկ Արծրունին։ 908 թ. Ատրպատականի ոստիկան Յուսուփը, ի հեճուկս Բագրատունիների, նրան ճանաչում է թագավոր Վասպուրականի՝ «Եդեալ թագ ի գլուխ նորա զուտ ոսկի, բազմարվեստ յորինմամբ, հիւսեալ մարգարտովք և մեծագնի ակամբք պատուականօք և զգեցուցեալ ոսկեզարդ պատմուճան միանգամայն և դասի սուսերալ, հանդերձ ոսկեհուռն փայլեալ զարդում։

Հայկական տարազ

Նկ. 4-ը արդարև Աղթամարի ս. Խաչ եկեղեցու քանդակներից է, ուր Գագիկը ներկայանում է թագակիր և արծվանիշ արքայական Փիլոնով։ Կողքի նկ. 4′-ը եղծվածի վերակազմությունն է:

Նկ. 1-ը Գսպիկ Արծրունին է այգում ծալապատիկ նստած, գինու բաժակը ձեռին։ Նրա երկու սպասավորները միրգ են մատուցում։ Նրանց տարազը հազվագյուտ մի նմուշ է տվյալ ժամանակաշրջանի ժողովրդական տարազի։

Նկ. 5-ը նույն եկեղեցու քանդակներից Համազասպ իշխանն է, ոչ իբր իշխան, այլ «նահատակ», գլխի շուրջ լուսապսակով: Կրում է պարզ մի խալաթ, մեջքի շուրջն ամփոփված զարդարուն գոտիով:

Հայկական տարազ

Նկ. 6-ը որպես Գողիաթ, տվյալ ժամանակի հայ հետևակ զինվորի տարազի մի պատկերացումն է։ Կրում է վերտավոր զրահ, սաղավարտ, բոլորաձև փոքր վահան և նիզակ, իսկ աջ ձեռքում՝ երկարաշեղբ սուրը։

նկ. 7-ը Անիից գտնված մի սուր է։

ՏԱԽՏԱԿ 20

Նկ. 1 — 4 — Աղթամարի եկեղեցու քանդակներից ժողովրդական տիպեր են։

Հայկական տարազ

Նկ. 1, 2 և 3-ը աշխատավոր ժողովրդի զգեստավորման նմուշներ են։

Հայկական տարազ

Հայկական տարազ

Նկ. 4-ը նույն եկեղեցու խորանի որմանկարներից երկու հովիվներ են, որոնցից մեկը պարկապզուկավոր է: Հետաքրքիր են սրանց գլխարկի ձևերը։

You may also like...