Հայկական պատմություն կամ ինչպես են Հայաստան հասել առաջին համակարգիչները

«Հայրենիքի ձայն», 24 օգոստոսի, 1988թ.
Սեյրանուհի Գեղամյան

Ֆրանսահայ ավետարանական եկեղեցիների միության «Բանբեր» ամսաթերթի խմբագիր, գիտնական Արի Թոփուզխանյանի մասին պատմող այս հոդվածը պետք է գրված լիներ ամիսներ առաջ, երբ նա Մատենադարանի աշխատասենյակներից մեկում, շուրջը հավաքված երիտասարդներին ինքնամոռացորեն բացատրում էր այսպես կոչված երրորդ սերնդի համակարգիչի՝ «Մակինտոշի» գաղտնիքները: Եւ պետք է գրվեր խանդավառ, որովհետեւ այդ էր թելադրում նրա կենսախինդ, լիավյուն կերպարը, պիտի գրվեր հումորով, որովհետեւ նրա մեջ լավագույնս միախառնված են հայկական սրամտությունն ու ֆրանսիական նուրբ հումորը, պիտի գրվեր չափազանց թեթեւ, ուրախ ոճով:

Սակայն… դժվար, չափազանց դժվար էր դարաբաղյան շարժման 5-6 ամիսների լարվածությամբ, պրկված ջղերով, սպասման տագնապներով հանդերձ գրել խանդավառ, հումորով, ուրախ ու թեթեւ ոճով: Եւ գուցե ստիպված լինեի ներողություն հայցող մի երկտողով որոշ ժամանակով էլի հետաձգել այս հոդվածը, եթե չլիներ մի հանգամանք, մեր ծանոթության հենց առաջին պահերին Արի Թոփուզխանյանն ինձ մի ծրար հանձնեց, որը հասցեագրված էր իրեն: Նամակագիրը մոտ 90-ամյա մարսելաբնակ Հովհաննես Տեր-Փիլիպոսյանն էր…

Գործի բերումով հաճախ եմ գրում կյանքի գրեթե նույն ճանապարհն անցած, իրենց կամքից անկախ աշխարհով մեկ սփռված մարդկանց մասին, առ հայրենիքն ունեցած կարոտի ու նվիրումի մասին: Այո՛, հաճախ եմ գրում, ու երբեմն թվում է, թե միակերպ այդ թեման սպառել, ավարտել է իրեն ու դժվար է այլեւս նոր ձեւակերպումներ գտնել: Բայց ահա մի նոր հանդիպում, նվիրումի մի ուրիշ կերպ… եւ զգում ես, որ ոչ, այդ թեման չի կարող սպառել իրեն, չի՛ կարող, որովհետեւ աշխարհում ապրող ամեն մի հայ յուրովի է գտնում առ հայրենիքն ու հարազատ ժողովուրդն ունեցած նվիրումի արտահայտման կերպը:

Ահա երկու հայ: Ֆրանսիայի տարբեր քաղաքներում բնակվող երկու հայ, որոնք հավանաբար կյանքում չէին էլ հանդիպի, եթե…

Նախ, ո՞վ է Հովհաննես Տեր-Փիլիպոսյանը: Ծնվել է 1899 կամ 1900 թվականին՝ Հին Արաբկիրում: Հողի, երկրի, ավանդապաշտ մարդ էր, բայց կորցրեց ամեն ինչ, նաեւ աշխարհում ամենակարեւորն ու անհրաժեշտը՝ հայրենիք ունենալու երջանկությունը: Երկար ու չափազանց դժվար է ընթացել ճանապարհը մինչեւ Ֆրանսիա: Հիմա ապրում է Մարսելում, ապրում է մեն-միայն մի մտասեւեռումով՝ ի՞նչ անել, ինչպե՞ս օգտակար լինել Հայաստանին, ազգին, մեկ՝ բառարաններ է ուղարկում, մեկ՝ հանրագիտարանային հազվագյուտ հրատարակություններ…

Մի անգամ Հովհաննես Տեր-Փիլիպոսյանը մտել է էլեկտրոնային մեքենաների ու սարքավորումների մի խանութ: Ուշադրությունը գրավել է տպագրական բազմաթիվ հնարավորություններ եւ անսահման մեծ հիշողություն ունեցող փոքրածավալ համակարգիչը (կոմպյուտեր): Խանութի տնօրենը նկատելով այցելուի մեծ հետաքրքրությունը, ավելի է հրապուրել նրան՝ ցուցադրելով մեքենայի բոլոր կարողությունները: Եւ Տեր-Փիլիպոսյանը, որը ֆրանսերեն վատ գիտեր, գնում է համակարգիչը եւ բառարանների օգնությամբ սովորում օգտվել դրանից: Նպատակադրվում է համակարգիչը ուղարկել Հայաստանի որեւէ հիմնարկության, որտեղ դրա կարիքը ավելի շատ կզգացվի, եւ անձամբ գնալ ու համապատասխան մարդկանց սովորեցնել դրանից օգտվելու ձեւը: Ախր այդ հրաշքը կարող է միանգամից փոխարինել ամբողջ հիմնարկությունների:

Իսկ մինչ այդ…

1984 թվականի աշնանը Լիոնի համալսարանում բացվում է էլեկտրոնային մեքենաների ու սարքավորումների ցուցահանդես, ուր առաջին անգամ ցուցադրված է լինում հենց այդ՝ երրորդ սերնդի նորահրաշ համակարգիչը, որի հեղինակները երկու ամերիկացի ուսանողներ էին: Այս մեքենան իր անսահման հնարավորություններով կարծես մի ամբողջ հանրագիտարան կամ փոքրիկ տպարան էր: Այն բաղկացած է չորս մասից, ունի հիշողություն՝ «էլեկտրոնային ուղեղ», որը հավատարմորեն կատարում է ստացած հրահանգները, հեռուստատեսային պաստառ, ուր երեւում են ցանկացած տեքստերն ու նկարները: Կարելի է մեծ քանակությամբ վավերաթղթեր պահ տալ եւ դրանցից օգտվել ցանկացած պահի՝ ըստ հրահանգի: Այն կարող է ծառայել որպես գերարդիական գրամեքենա՝ տպագրական անթիվ հնարավորություններով (ինքնասրբագրում, նկարագրում, զանազան տառատեսակների փոփոխություններ եւ այլն): Արի Թոփուզխանյանը մանրակրկիտ զննում, ուսումնասիրում է համակարգիչը եւ առաջին հարցը, որ տալիս է նա մեքենան ցուցադրողներին, հետեւյալն էր՝ «Կարելի՞ է, արդյոք, այդ մեքենայի մեջ ներմուծել օտարալեզու տառեր»: Պատասխանը դրական է լինում ու… Թոփուզխանյանը կորցրեց քուն ու դադար, երազեց ու փորձեց «հայացնել» համակարգիչը: Մեկ տարի տքնեց, մոռացավ աշխարհում ամեն ինչ եւ ստեղծեց հայերեն մոտ 500 տառատեսակներ (այո, այո, չենք սխալվում՝ 500) եւ նաեւ 200-ից ավելի ռուսերեն տառատեսակներ: Գտավ համակարգիչը հայերեն «խոսեցնելու» միջոցն ու կերպը:

Երբ նրա խմբագրած «Բանբերում» երեւաց հայտարարությունը հայերեն համակարգչի մասին, առաջին հետաքրքրվողներից մեկը Հովհաննես Տեր-Փիլիպոսյանն էր: Ըմբռնելով հարցի կարեւորությունը, նա անհապաղ շտապեց Լիոն՝ փնտրելու Արի Թոփուզխանյանին… Եւ հայացված առաջին համակարգիչը Հայաստան եկավ Տեր-Փիլիպոսյանի խնայողությունների շնորհիվ:

Սփյուռքահայ ներկա պայմաններուն տակ ունենալ հայերեն նման համակարգիչ՝ կնշանակե ունենալ փրկության լաստ,- ասում է Արի Թոփուզխանյւսնը: – Հայապահպանման ճգնաժամին պատերազմեն հաղթական դուրս գալու համար, հայերս ալ պետք է շրջահայաց եւ հեռատես ըլլանք: Ժամանակին հետ քայլ պահելով՝ օգտագործենք մեր տրամադրության տակ գտնվող արդի բոլոր միջոցները, որոնցմե ամենեն վերջինն է երրորդ սերունդի համակարգիչը: Այս նորահնար մեքենան տեղեկատվական բոլոր առավելությունները հասարակ մահկանացուներուն տրամադրության տակ կդնե: Ա՛լ ավելի, մանուկներ զայն գործածիլ կսորվին մի քանի ժամեն, իրենց ծնողներեն ավելի արագ: Մանավանդ անոր մատուցած գծագրական արտակարգ կարելիությունները նոր սերունդին վրա բացառիկ ձգողական ուժ կբանեցնեն, եւ այս կերպով համակարգիչին գործածությունը խաղի կվերածվի, որը, ինչպես գիտեք, լավագույն դաստիարակչական միջոցն է: Իսկ երբ խաղը հայ բառերով ու տառերով տեղի կունենա, օտար երկինքներու տակ հասակ նետած հայորդիին համար մայրենի լեզվի կիրառումը կդառնա գրավիչ զբաղում…

Անշուշտ, Արի Թոփուզխանյանի «հայացրած» համակարգիչի միակ նպատակը մանուկների մեջ հայ գրի ու մշակույթի հանդեպ հետաքրքրություն արթնացնելը չէ, թեպետ հենց դա՛ էլ ինքնին մեծ ներդրում կլիներ: Ինչպես ասվեց՝ համակարգիչը կարող է ծառայել որպես փոքրիկ տպարան՝ տպագրական ու գծագրական անսահման հնարավորություններով: Իսկ սփյուռքի պայմաններում, երբ ոչ բոլոր գաղութներում է հնարավոր հայերեն թերթ հրատարակելու համար ունենալ համապատասխան անձնակազմ ու միջոցներ, այս հրաշալի մեքենան դառնում է ուղղակի անփոխարինելի: Դրա օրինակներն արդեն իսկ ունենք, այս կերպ են տպագրվում «Հրայրք» թերթը Վիեննայում եւ բոլորովին վերջերս՝ «Կոչնակը» Լոնդոնում: Այսօր սփյուռքի դժվար պայմաններում, հեռավորության եւ մեկուսացման դեմ գործածվող լավագույն դարմաններից մեկը հայ թերթն է, եւ փոքրաթիվ գաղութները օգտվելով Թոփուզխանյանի ընձեռած հնարավորությունից՝ նվազագույն ծախսով ու անձնակազմով կարող են հրատարակել հայերեն թերթեր: Իսկ ի՜նչ գանձ է համակարգիչը մեր գրապահոցի՝ Մատենադարանի համար… Թոփուզխանյանը հատուկ սկավառակներ է ստեղծել, որոնց մեջ կարելի է ներմուծել Մատենադարանի ձեռագրերը եւ անհրաժեշտության դեպքում, առանց ձեռք զարկելու դրանց՝ կարելի է ուղղակի համակարգչի պաստառի վրա ցանկացած մեծության ու տեսակի տառերով աշխատել ձեռագրերի վրա:

Այսօր սփյուռքահայ հայրենասերների ու ընկերությունների շնորհիվ Հայաստանի մի քանի հիմնարկություններ իրենց տրամադրության տակ արդեն ունեն հիշյալ հրաշք համակարգիչները: Իսկ Թոփուզխանյանը պատրաստականություն հայտնեց անձամբ գալ՝ սովորեցնել դրանցից օգտվելու գաղտնիքները: Մատենադարանի աշխատասենյակներից մեկում երկու շաբաթ շուրջը խմբված երիտասարդներին խանդավառ ու ինքնամոռաց, կատակելով ու սրամտելով բացատրում եւ ցուցադրում էր, ցուցադրում ու բացատրում էր…
Այսպես ծանոթացա Արի Թոփուզխանյանին, մի մարդու, որի հայրենասիրության ու նվիրումի կերպը հիացումից ավելի խորհելու տեղիք է տալիս, թե ինչ կարող է անել հայը հայրենիքից հեռու՝ ազգը պահպանելու մտահոգությամբ…

Հիմա, երբ գրում եմ այս հոդվածը, ակամա հիշում եմ Թոփուզխանյանին անխոհեմորեն տված իմ մի հարցը: Երբ նա պատմում էր ընտանիքի, զավակների մասին՝ հարցրեցի. «Երեխաները հայերեն գիտե՞ն»: «Ոչ միայն գիտեն, այլեւ մեր ընտանիքին մեջ հայերենեն զատ այլ լեզու չի գործածվեր: Անգամ համալսարանին մեջ բակալորիայի քննությունները զավակներս հայերեն հանձնած են»: Հիշում եմ տվածս հարցը ու մի տեսակ անհարմար եմ զգում, ինչպե՞ս կարողացա նման հարց տալ մի մարդու, որը հայերենը պահպանելու, սերունդների մեջ նրա հանդեպ սեր արթնացնելու համար բազմաթիվ անքուն գիշերներ է լուսացրել:

Հիշում եմ նաեւ հրաժեշտի նրա վերջին խոսքերը. «Պարոն Հովհաննես Տեր-Փիլիպոսյանի մասին չմոռնաք գրել, ծեր է մարդը եւ «հայրենասիրությամբ» հիվանդ…»:

Ահա այսպես… կարծես չփորձեցի ինչ-որ դարձվածքներ կամ ձեւակերպումներ որոնել… դրանց կարիքը չզգացվեց: Պարզապես ամենակարճ ու զուսպ ձեւով պատմեցի երկու հայի մասին, որոնք հավանաբար կյանքում չէին հանդիպի, եթե չապրեին նույն մտահոգությամբ:

Եւ ուրախ եմ, որ ներողություն հայցող երկտողով դարձյալ չհետաձգեցի այս հոդվածը, որովհետեւ նման մարդկանց գոյության գիտակցումը հենց լավագույն դեղամիջոցն է պրկված ջղերի, սպասման լարվածության ու անորոշ տագնապների դեմ…

You may also like...