«Հայաստան երեք միլիոն հարազատ ունիմ»

Սեյրանուհի Գեղամյան, Շարունակվող երկխոսություն, Երևան, 2007թ.
«Հայրենիքի ձայն», 1983թ.

Երբ ծանոթացա ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքի ձայնասփյուռի հայկական ժամի տնօրեն Ներսես Սիրքեյանի հեա, այն զգացումն ապրեցի, թե մենք վաղուցվա ծանոթներ ենք: Խիստ ընդգծված հայկական դիմագծերը, հարազատություն ճառագող լայն ժպիտը, բուռն, ոգեշնչված խոսելաձեւը նրան միանգամից հարազատացնում էին շրջապատին, եւ հին ծանոթներ լինելու զգացումն ունենում էին բոլոր նրանք, ում հետ առնչվում էր Սիրքեյանը: Մինչդեռ նա առաջին անգամ էր Դետրոյթից հայերի մի մեծ խմբի հետ եկել մայր հայրենիք: Առաջին անգամ էր ապրում ոգեւորության ու հպարտության այսպիսի ալիք, առաջին անգամ էր զգում, թե ինչ է նշանակում հողի հարազատություն…

– Երբ օդանավեն իջանք Մոսկվա, հայերու հանդիպեցա, հայաստանցի հայերու: Զգալով, որ հայ եմ, նրանք շրջապատեցին ինձի. «Հայաստա՞ն եք գնում»,- հարցրին: «Այո, Հայաստան»,- պատասխանեցի: «Ո՞վ ունեք այնտեղ»:- «Երեք միլիոն հարազատ,- պատասխանեցի,- երեք միլիո՜ն…»: Երբ Երեւան հասա, ու հայրենի այս աննման պատկերներն իմ մեջ արթնացրին բոլոր ծանոթ ու անծանոթ զգացումները, ես ակամա հիշեցի մայրիկիս, երբ անոր հետ օթոյով կշրջեինք Դետրոյթ, ան շարունակ ուշադիր կնայեր մարդոց դեմքերում ու ժամանակ առ ժամանակ կըսեր. «Ներսես, զավակս, կանգնեցուր օթոն, աս մարդը հայ կերեւվի»: Այժմ կխորհիմ’ հապա ի՞նչ պիտի ըսեր մայրիկս՝ այսքան հայության մեջ տեսնելով ինձի:

- Իսկ ովքե՞ր են ձեր ծնողները: Ինչպես են այդպես հայորեն մեծացրել իրենց զավակին օտար երկնքի տակ:

– Հայրս՝ Պետրոս Սիրքեյան, ծնած է Կեսարիո Ղարաջորան գյուղը, մայրս՝ Շուշանիկ, Էրզրումից է: Երկուսի ընտանիքներն ալ սրի են քաշված ողբերգական այն տարիներուն, եւ հայորեն շարունակվելու փափագը անոնց մեջ շատ խորունկ արմատ էր ձգած: Կհիշեմ, երբ մեր հարկի տակ որեւէ մեկս փորձեր օտար բառ գործածել, կզրկվեր ճաշեն: Հպարտությամբ կուզեմ պատմել, որ 1920 թվականին մայրս եւ իր ընկերուհիները՝ Վերջալույս Թուրիկյան եւ Երանուհի Գրիգորյան, միտք կհղանան հիմնել դպրոցասիրաց միություն: Անոնք իրենց հավաքած միջոցներով ամերիկյան վարժարանի մեջ սենյակ մը կվարձեն եւ կբացեն հայկական առաջին դպրոցը Դետրոյթի մեջ:

Ծնած եմ 1932-ին: Առաջին անգամ աշխատանքի եմ անցած Ֆորդ ընկերության արհեստանոցը, մետաղե մասեր կպատրաստեի, բայց ես հաղորդակցվիլ սիրող մարդ եմ, չէի կրնար մետաղի հետ խոսիլ, թողի այդ գործը եւ զինվոր մեկնեցա: Վերադարձեն ետք մտա Դետրոյթի համալսարանը, ապա անցա առեւտրական գործի: Շարք մը աշխատանքներ փորձելե ետք, դարձա շինարար: Ամուսնացած եմ, ունիմ երեք զավակ՝ Ստեփան, Հովհաննես, Արաքսի:

– Իսկ ինչպե՞ս կապվեցիք Դետրոյթի ձայնասփյուռի հայկական ժամի հետ:

– Հայկական ձայնասփյուռին այս ժամը կգործե 1943-ե ի վեր: Հիմնել է Հայկ Օհանյանը: Տասը տարի ետք նրան փոխարինած է Արուսյակ Վարդանյանը: 1967-ին ինձի առաջարկվեց աշխատիլ որպես անգլերենի խոսնակ: Մեկ տարի անց, երբ Արուսյակը վախճանվեց, ես ստիպված եղա ստանձնել ողջ աշխատանքը, որպեսզի հայկական ձայնասփյուռին ժամը չդադարե գոյություն ունենալ: Արդեն 16 տարի անոր թե՛ տնօրենն եմ, թե՛ խմբագիրը եւ թե՛ խոսնակը, եւ ոչ մեկ անգամ օրվա հայտագիրը զանց չէ առնված:

– Որո՞նք են ձեր հաղորդումների գլխավոր նյութն ու նպատակը:

– Ինչպես օտարության մեջ գործող ամեն մեկ ճշմարիտ հայու համար, մեր գլխավոր նպատակը եւս հայապահպանությունն է: Այստեղե կբխե նաեւ մեր հաղորդումներու նյութը՝ հայ լեզու ու մշակույթ, լուրեր մայր հայրենիքի կյանքեն, որոնք մենք կքաղենք Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի առաքած թերթերեն ու ամսագրերեն: Կջանանք ընտրել այնպիսի նյութեր, որոնք հայության մեջ առաջացնեն հպարտության ու հրճվանքի զգացումներ՝ հանդեպ Սովետական Հայաստանը: Քանի որ մեր հաղորդումները հայերեն են, կհեռարձակվեն նաեւ անգլերեն, հետեւաբար մեզի կլսեն նաեւ օտարները: Կխորհիմ, որ այս կերպ անոնց մեջ եւս հետաքրքրություն ու նաեւ հարգանք կառաջանա մեր հայրենիքի նկատմամբ:

– Պատմեցեք, խնդրեմ, դետրոյթահայության կյանքի, առօրյայի մասին:

– 30 հազարե ավելի հայեր կապրին Դետրոյթ: Տեղի հայ համայնքը ամեն կերպ կաշխատի պահպանել իր ազգային դիմագիծը: Այստեղ կգործեն շարք մը մշակութային միություններ՝ Թեքեյան, պոլսահայերու եւ այլն, որոնք կկազմակերպեն հայ մշակույթի վերաբերյալ բանախոսություններ, հարց ու պատասխանի երեկոներ, պատկերահանդեսներ, հայկական շարժանկարներու ցուցադրումներ: Կգործե նաեւ Ալեք Մանուկյան հիմնադրամի ձայնասփյուռի ժամը: Հայկական բարեգործական ընդհանուր միությունն ունի «Վահագն» պարախումբը, որը կղեկավարե Հայաստան մասնագիտական կրթություն առած Հայրապետ Գալստյանը: Կգործեն չորս եկեղեցի, երկու վարժարան, շարք մը հայրենակցական միություններ: Դետրոյթի մեջ հայերու ջանքերով կանգնեցված է Կոմիտասի արձանը, որը տեսակ մը սրբատեղի դարձած է բոլորիս համար: Մշակութային նշանակալի իրադարձություն էր «Անուշի» բեմադրությունը Դետրոյթի պետական օպերային թատրոնի կողմե: Այդ ձեռնարկումիս իրենց նպաստը բերին նաեւ Դետրոյթի հայերը: Այս ամենով հանդերձ, պետք է ըսել, որ միայն ու միայն մայր հայրենիքի հետ ունեցած սերտ կապի շնորհիվ է, որ սփյուռքահայությունը կրնա պահպանել իր ազգային ինքնությունը: Հայրենի հողի վրա է, որ հայ կյանքը, հայ մշակույթը կծաղկեն եւ այստեղեն է, որ տարագիր հայությունը կառնե ազգային կենսունակության անխառն ավիշը: Ես առաջ ալ այդ մասին խորհած էի, բայց առաջին անգամ ըլալով մայր երկրին մեջ՝ շոշափելիորեն եւ մեկընդմիշտ հասկցա:

– Իսկ ի՞նչ զգացումներով, ի՞նչ տպավորություններով եք մեկնում Հայաստանից:

– Գիտեք, կուզեմ փաստ մը ըսել, ես 51 տարեկան եմ, սակայն աոաջին անգամ է, որ կքայլեմ հողի մը վրա, որտեղ ես ինձի օտար չեմ զգար, այդ հողի տերը կզգամ: Ասիկա շատ զորացնող զգացում մըն է: Պիտի ըսեմ, որ ես թեեւ մինակ եմ եկած Հայաստան, սակայն այստեղ կշրջեմ ու ամեն ինչի կնայիմ երկուսի աչքերով: Քույրս՝ Արաքսի Սիրքեյան, մեծ փափագ ուներ Հայաստան այցելելու, բայց, ավաղ, մահն անկատար թողուց անոր երազանքը: Արաքսին երգչուհի էր եւ իր հմայիչ ձայնով ճանչված էր «Դետրոյթի սոխակ» անվամբ: Հայաստան այցի գալս նաեւ ուխտ մըն էր քրոջս հիշատակին առջեւ: Ամենուր՝ Գառնիում թե Գեղարդում, Զվարթնոցում թե Էջմիածնում, Սարդարապատում թե Դիլիջանում, մտովի կզրուցեի անոր հետ: Ես հետս հայրենիք եմ բերած քրոջս երգերու ձայնագրությունները: Իսկ անոր հոգին իր ձայնին մեջ էր: Ուրեմն, այսուհետ քրոջս հոգին պիտի թեւածի այս լեռներու վրա:

Այս ամենը տեսնելեն եւ ապրելեն ետք դժվար, անչափ դժվար է մեկնումը: Այնպես որ ես Հայաստանեն կմեկնիմ տխուր, բայց զորացած: Եւ կմեկնիմ՝ առաջին անգամ լիովին զգալով ու ըմբռնելով խաղաղության արժեքը: Ահա թե ինչե՜ր կարող են ստեղծել հայու միտքն ու ձեռքը, եթե խաղաղ է երկինքը եւ ապահով՝ կյանքը: Ուրեմն, աղոթքի պես աշխարհին խաղաղություն կմաղթեմ:

You may also like...