Հայաստանի դասերը

«Հայրենիքի ձայն», 13 հուլիսի, 1988թ.
Սեյրանուհի Գեղամյան

– Հարգելի Կիմ, երբ տարիներ առաջ ես առիթ ունեցա զրուցելու Ձեզ հետ, Դուք նոր-նոր ձեռնարկել էիք մի հսկայածավալ, մեծ գործ, որը համարում էիք Ձեր առաքելությունը, դա Մատենադարանի մասին պատմող բազմամասն փաստագրական կինոնկարի սցենարի պատրաստումն էր: Այսօր բեմադրիչ Հովիկ Հախվերդյանի հետ արդեն իրականացրել եք այդ գործի զգալի մասը՝ ավարտել եք կինոնկարի ինը սերիաները, որոնք այնպե՜ս խորաթափանցորեն ու փիլիսոփայորեն պատմում են մեր ազգային մեծ գրապահոցի գանձերի, դրանք ստեղծած հանճարեղ մարդկանց, նրանց առեղծվածային, միաժամանակ փառահեղ ճակատագրերի մասին: Հազարավոր մարդիկ թե՛ Երեւանում, թե՛ Մոսկվայում դիտել են կինոնկարի այդ ավարտուն մասերը: Ճիշտ այս օրերին կինոնկարը ցուցադրվեց նաեւ Խորհրդային Միության կենտրոնական հեռուստատեսությամբ: Ինչպիսի՞ զգացում եք ապրում Դուք որպես նման կինոնկարի հեղինակ, երբ կինոդահլիճում կամ հեռուստատեսային էկրանի մոտ դեմհանդիման նստում եք այդ ստեղծագործության առջեւ:

– Միանգամից ասեմ, որ դա ես պատիվ եւ երջանկություն եմ համարում ինձ համար: Մատենադարանը դարձել է իմ կյանքի գլխավոր թեման: Ես ամբողջ հոգով ու մտածումով խորասուզվել եմ արվեստի գլուխգործոցների անհատակ ծովը եւ դեռ շատ ժամանակ ու աշխատանք պետք է տրամադրեմ հասկանալու, զգալու եւ մեկնաբանելու այն անհամար հրաշքները, որոնք ներփակված են այդ անգնահատելի պահոցի խորանների ներքո: Ես կարծես այլեւս չեմ կարող առանց Մատենադարանի, առանց այդ հնաբույր մատյանների, ես պարզապես կարոտում եմ դրանց:

– Գիտե՞ք, այդ իսկական, ազնիվ սերը լիարժեք զգացվում է Ձեր ստեղծագործություններում՝ թե՝ «Արծիվ եւ սուր», «Քար եւ ճակատագիր» գրքերում, եւ թե՝ «Մատենադարան» կինոնկարի սցենարում: Դրանք պարզ քնարականությամբ ու զեղումներով լեցուն գործեր չեն, ինչպես պատահում է հաճախ, այլ հայ ժողովրդի ոգու, նրա բնավորության ամենանուրբ երանգների ընկալումով, նրա պատմության խոր իմացությամբ, այդ պատմությունը անձնապես զգալու կարողությամբ գրված ստեղծագործություններ: Դուք անսխալ հասկացել եք այն մարդկանց, ովքեր սրի դեմ գրիչ բռնելով, առանց քուն ու դադարի գիրք են գրել ու ծաղկել, ովքեր անմատույց լեռների ծերպերին եկեղեցիներ են կառուցել, ժեռ քարերի վրա նախաստեղծ նուռ ու խաղող քանդակել եւ երբե՛ք իրենց չեն մխիթարել ու հանգստացրել այն մտքով, թե ահեղ թշնամու դեմ ոչինչ հնարավոր չի անել… Դուք կարողանում եք թափանցել հայ ժողովրդի գոյատեւումի առեղծվածի մեջ, կարողանում եք զգալ, թե իրականում ի’նչ է նշանակում Հայաստանը:

– Այո, շնորհակալ եմ: Եւ փորձում եմ այդ զգացածներս փոխանցել նաեւ ուրիշներին, մեր բազմազգ երկրի ժողովուրդներին: Եւ, գիտե՞ք, «Մատենադարան» կինոնկարի ցուցադրումը թե՛ Մոսկվայի Կինոյի տանը, ապա եւ կենտրոնական հեռուստատեսությամբ, հետաքրքիր արձագանք առաջացրեց: Նախ՝ անսահման հարգանք ներշնչեց դեպի հայ ժողովուրդը: Չէ՞ որ բոլորը չէ, որ գիտեին, թե մեր կողքին, այդքա՜ն մոտ, տասնյակ դարերով կուտակված նման հոգեւոր հարստություն կա, եւ դա, բնականաբար, արդար հպարտության զգացումներ առաջացրեց առհասարակ մարդկության ստեղծագործ հանճարի հանդեպ:

Մյուս կողմից, դիտելով կինոնկարը, շատերը մի տեսակ պահանջ ունեցան ետ նայելու եւ վերագնահատելու իրենց նախնիների ստեղծածը: Բազմաթիվ մարդիկ ինձ հարց էին տալիս, իսկ ինչու՞ նման կինոնկար չնկարահանել իրենց ազգային մշակույթների մասին: Եւ ես առանց չափազանցության կարող եմ ասել, որ «Մատենադարան» կինոնկարը համընդհանուր ազգային արժանապատվության վերելք ծնեց:

– Հավանաբար, այդ համընդհանուր հետաքրքրությունն էր պատճառներից մեկը, որ նախօրոք ծրագրած 12 մասանոց կինոնկարը դարձավ 16, գուցե եւ ավելի՞…

– Գուցե, մենք դեռ շատ ասելիքներ ունենք: Նկարահանվող հաջորդ մասերը պակաս կարեւոր չեն, քան առաջինները: Ահա, օրինակ, կինոնկարի 10-րդ մասը, որտեղ որոշ իմաստով փոխված է ստեղծագործության ժանրը, թատերգություն է, որի գործող անձինք հայ պատմիչներն են, եւ ի՜նչ կարեւոր, արդիական ասելիքներ ունեն նրանք իրենց ժողովրդին, առհասարակ մարդկությանը: Մյուս մասը նվիրված է լինելու Մատենադարանի շուրջ 11 հազար ձեռագրերից հինգին՝ ամենաարժեքավորներին, որոնք իրենց հարստությամբ դասվում են համաշխարհային նշանակության գլուխգործոցների թվին: Մեկ այլ մասում պատմելու ենք Վենետիկի Մխիթարյան միաբանության հարուստ հավաքածուի մասին: Ֆիլմի հեղինակները պատրաստվում են մեկնել Վենետիկ՝ նկարահանելու ոչ միայն այնտեղ պահվող մեծարժեք ձեռագրերը, այլեւ այն հրաշալի հայրենասերներին, որոնք երկար տարիներ ապրում ու տքնում են այդ փոքրիկ կղզում: Առանձին մասում պատմելու ենք սփյուռքահայ նվիրատուների մասին, այն մարդկանց, որոնք ցրված լինելով այս մեծ ու խայտաբղետ աշխարհի տարբեր ծայրերում, ոչ մի վայրկյան չեն դադարում լինել իրենց մայր երկրի ու ժողովրդի հետ եւ հավաքում ու հայրենադարձում են հայ մշակույթի նմուշները՝ որպես սեփական հոգու մասնիկ, որպես սուրբ պարտականություն: Ես կարծում եմ, որ սրանք ուղղակի դասեր են, Հայաստանի եւ հայ ժողովրդի դասերը մարդկությանը: Ուրախ եմ նաեւ, որ հենց ա՛յս օրերին կենտրոնական հեռուստատեսությամբ ցուցադրվեց «Մատենադարան» կինոնկարը:

– Դուք, հավանաբար, նկատի ունեք, որ այս կինոնկարով դարձյա՞լ շեշտվում է հայ ժողովրդի հավերժումի եւ անսասանության խորհուրդը եւ աշխարհի դաժանությանն ու անտարբերությանը հակադրվելու իր կերպը, թե՞ էլի ինչ-որ ուրիշ բաներ…

– Այո, ե՛ւ այդ ամենը, ե՛ւ այն, որ ես կարծես դրանով ինչ-որ ձեւով քավում եմ մեղքս՝ իմ համերաշխությունն արտահայտելով հայ ժողովրդի արդարացի եւ ճշմարիտ պայքարին: Ես Մոսկվայում ուշիուշով հետեւում էի այն իրադարձություններին, որոնք կատարվում էին Հայաստանում, եւ կարծում էի, թե բավականաչափ պատկերացում ունեմ այդ ամենի մասին: Սակայն, երբ եկա այստեղ, ապշահար եղա: Նախ, ես ուրախացա տեսնելով որակական փոփոխությունը, որ կատարվել էր ժողովրդի հետ: Հայերը, որ այս դժվար ամիսների ընթացքում ոտքի են ելել պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի իրենց քույրերի ու եղբայրների՝ մայր Հայաստանին միավորվելու պահանջը, իսկ դա ես համարում եմ միանգամայն բնական եւ արդարացի, գաղափարի եւ ոգու այնպիսի միասնություն են ապրում, որպիսին հազվադեպ է պատահում: Նրանցից յուրաքանչյուրը գիտե, թե ի՛նչ բան է պատասխանատվությունն ու պարտքի զգացումը սեփական ժողովրդի հանդեպ: Սրանք ժողովրդի պատմության բացառիկ, աստեղային ժամեր են: Ես երբեւէ չեմ տեսել նման իրավիճակներ, երբ մարդիկ, անձնապես բոլորովին անծանոթ մարդիկ, պատրաստ են օգնել միմյանց ինչով կարող են, պատրաստ են միմյանց հետ կիսել ե՛ւ ցավ, ե՛ւ տագնապ, ե՛ւ հույս, ե՛ւ այն ամենը, ինչն անհրաժեշտ է առօրեական կյանքում: Ժողովուրդն իրեն զգում է մի մեծ ընտանիքի պես՝ սիրով եւ հոգատարությամբ լի, եւ դա որքա՜ն գնահատելի է այս մեծ ու մեկուսացած երկրագնդի վրա: Բացի այդ, երբ արթնացել են ժողովրդի ապրելու, իսկապես ազատորեն ապրելու բնազդները, երբ նա պատրաստ է ամեն գնով համառորեն պաշտպանելու իր մարդկային, ազգային ճշմարիտ իրավունքները, նա այլեւս ուրի՛շ, ավելի բարձր, ավելի զորավոր ժողովուրդ է: Ես չեմ կարող չզարմանալ նաեւ այն հսկայական գիտելիքների վրա, որ այս մի քանի ամիսների ընթացքում ձեռք են բերել հայերը՝ տաքսու վարորդից, շուկայում կանաչի վաճառող գյուղացի կնոջից, ջահել ուսանողներից ու դպրոցականներից սկսած մինչեւ ամենատարեցները, նրանք, որոնք, թվում է, պետք է արդեն կորցրած լինեին հետաքրքրությունները ամեն տեսակ սահմանադրությունների եւ իրավական կանոնների հանդեպ: Հայ ժողովուրդը այս մի քանի ամիսների ընթացքում ինքնամաքրման, ինքնակրթման, համախմբման, ազգային ինքնագիտակցության բարձրացման հսկայական քայլեր արեց ու միանգամից ավելի հասունացավ:

– Դուք ճիշտ եք նկատել, շատ բան է փոխվել հայ ժողովրդի հոգում եւ ապրելակերպում, բայց կարծես նույնն է աշխարհը, ու ես երբեմն տագնապով մտածում եմ. արդյո՞ք մենք չենք չափազանցնում մշակույթի դերը, ու արդյո՞ք ավելի շատ հարկ չէ մտածել դիվանագիտորեն ապրելու մասին, որն այնպե՜ս պակասում է մեր կյանքում, որովհետեւ արդարը, բարին ու գեղեցիկը մի տեսակ անճարակ են դարձել այս բարդ ու դժվար աշխարհում:

– Ո՛չ, հազար անգամ ո՛չ: Եւ դրա ապացույցը հենց ձեր ժողովրդի պատմությունն է: Ես կարծում եմ, որ հայության ստեղծած կատարյալ գեղեցկությունները մարտահրավեր են իր բազմադարյա ողբերգական ճակատագրին, որ դարեր ի վեր զրկված լինելով ինքնուրույնությունից, շարունակ կեղեքվելով ու աշխարհով մեկ սփռվելով, նա կարողացել է պահպանել ամենակարեւորը՝ լեզուն, հոգեւոր հարստությունները, իր երկրի նկատմամբ ունեցած սերը, հավերժական մշակույթ ստեղծելու ձգտումը: Ես կարծում եմ, որ այսօր ամեն ժողովուրդ պետք է իր ճակատագրի մասին մտածի՝ վերլուծելով Հայաստանի դասերը, իսկ այդ դասերը խորն են, շատ իմաստուն: Այդ դասերից ամենաառաջինն այն է, որ ժողովրդի գոյամարտը վճռվում է ոչ միայն ճակատամարտի դաշտում, նրա հավերժությունը իր լեզվի, իր մշակութային գանձերի, իր մտքի հանճարեղ պայծառության մեջ է… ճիշտ է, հայ ժողովրդի հոգեւոր գանձերից շատերը դաժան ճակատագրի բերումով ոչնչացել, անհետ կորել են, եւ ես մի տեսակ անձնական կորստի զգացումով եմ մտածում այդ մասին, բայց եւ համոզված եմ, որ դեռ անթիվ-անհամար չպեղված հրաշքներ կան այս հին երկրի խորքերում եւ դրանց բացահայտումը դեռ առջեւում է: Հայ մշակույթը ես դիտում եմ որպես մի ինքնատիպ, հզոր վտակը համամարդկային մշակույթի այն հսկայական գետի, որը սկիզբ է առել ու դեպի մեզ է հոսում անհիշելի ժամանակներից: Եւ հավանաբար հենց այդ մասին էլ կլինի իմ հաջորդ գիրքը:

You may also like...