Հայաստանին նայիր նաև մեր աչքերով

Սեյրանուհի Գեղամյան, Շարունակվող երկխոսություն, Երևան, 2007թ.
«Հայրենիքի ձայն», 1982թ.

Լայպցիգի համալսարանի սովետական գրականության ամբիոնի դասախոս տիկին Ադելհայդը ազգությամբ գերմանուհի է՝ բարձրահասակ, շիկահեր:

Մեր ծանոթության առաջին պահին, երբ դեռ մտմտում էի, թե ինչ լեզվով պետք է ընթանա մեր զրույցը, տիկին Ադելհայդը զարմացրեց ինձ.

– Ես հայերեն խոսում եմ: Ամուսինս հայ է. Սարգիս Լաչինյան: Նա նույնպես աշխատում է Լայպցիգի համալսարանում, քաղաքատնտեսության ամբիոնի վարիչն է: Մենք շատ ենք կապված հայ գրականությանն ու մշակույթին:

– Ուրեմն, ձեր Հայաստան գալը պատահական չէ:

– Իհարկե, ոչ: Իմ այցը երկու կարեւոր մղումներ ունի: Նախ տեսնել ամուսնուս այնքան սիրելի երկիրը: Եւ հետո՝ տարիներ ի վեր մեծ հետաքրքրությամբ հետեւել եմ սովետական բազմազգ գրականության մաս կազմող, այն էլ բավական հետաքրքիր մաս կազմող հայ գրականությանը: Ու հիմա եկել եմ ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանին, նրա հնագույն եւ հարուստ գրականությանն ու մշակույթին:

Հայերենի նրա իմացությո՞ւնն էր պատճառը, թե՞ պարզապես բնավորությունն էր այդպիսին, զրույցն սկսեց միանգամից՝ մտերմիկ ու ջերմ:

Տիկին Ադելհայդը մանրամասն սկսեց հիշել, թե ինչպես, դեռ ուսանողական տարիներին, Սարգիսը միշտ հայերեն բանաստեղծություններ էր արտասանում եւ անուններ էր տալիս, այն ժամանակ իր համար դեռեւս անծանոթ՝ Պետրոս Դուրյան, Վահան Տերյան, Եղիշե Չարենց, Հովհաննես Շիրազ, Պարույր Սեւակ: Ու թեեւ այն ժամանակ ինքը դեռ չէր հասկանում լեզուն, բայց այդ բանաստեղծությունների խորը երաժշտականությունից զգում էր, որ դրանք հրաշալի բանաստեղծություններ են:

Տարիներ անց, արդեն մասնագիտության բերումով, երբ կարդում եւ ուսումնասիրում էր հայ գրականությունը, համոզվեց, որ իրոք հայ պոեզիան բարձրարվեստ է, եւ պետք է որ գերմանացիները գերմաներենով կարդան այն: 60-ական թվականներից սկսեց թարգմանել հայ բանաստեղծներին, ինչպես ինքն է ասում՝ սիրողական մակարդակով:

– Մանրամասն հետեւելով սովետական գրականության զարգացմանը, դժվար չէր նկատել, որ 70-ական թվականներից ոչ միայն սովետական գրականության, այլեւ հայ գրականության մեջ թափանցեց նոր որակ, եւ ես պահանջ զգացի լրջորեն ու խորապես ուսումնասիրել հայ գրականությունը եւ իմ տպավորությունները կիսել ընթերցողների հետ:

Հայ գրականությանը նվիրված առաջին հոդվածը Ադելհայդ Լաչինյանի ստորագրությամբ 1972 թվականին տպագրվեց տեղի կենտրոնական գրական հանդեսում: Այդ գրախոսականը նվիրված էր Լայպցիգում գերմաներեն հրատարակված Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների ժողովածուին: Գրախոսությունում տիկին Ադելհայդը նպատակ էր դրել խոսել ոչ միայն Թումանյանի բանաստեղծական բարձր արվեստի մասին, այլեւ այդ առիթով գերմանացի ընթերցողներին ծանոթացնել ընդհանրապես հայ գրականության հարուստ ավանդույթներին: Ըստ ամենայնի, նա այդ արել էր սիրով եւ խորիմացությամբ, քանի որ դրանից հետո սկսեցին նրան դիմել տարբեր հրատարակչություններից ու խմբագրություններից՝ հայ գրականության ու գրողների մասին հոդվածներ գրելու առաջարկներով: Կապ ստեղծելով Հայաստանի գրողների միության եւ գրականության ինստիտուտի հետ, Ադելհայդը ավելի մանրամասն սկսեց ծանոթանալ հայ հին եւ ժամանակակից գրականությանը, կազմեց հայ գրողների մի ընդարձակ ցուցակ՝ նրանց ստեղծագործական աշխարհը խորությամբ ուսումնասիրելու մտադրությամբ: Այդ հետաքրքրությունների եւ ուսումնասիրությունների արդյունքը եղավ այն, որ Լայպցիգում տպագրվող Համաշխարհային գրականության եռահատոր հրատարակության համար նա գրեց 43 հոդված հայ գրականության եւ նրա ներկայացուցիչների մասին՝ սկսած Մեսրոպ Մաշտոցից մինչեւ մեր ժամանակակիցները: Հայ գրականության նկատմամբ հետաքրքրությունն ավելի աճեց, եւ Ադելհայդ Լաչինյանին ավելի ու ավելի հաճախ սկսեցին առաջարկել ընդարձակ հոդվածներով հանդես գալ տեղի գրական մամուլում: Եվ այնքան ակնհայտ էր նրա աշխատանքի օգտակարությունը, որ համապատասխան կազմակերպությունների կողմից նա վեց ամսով գործուղվեց Հայաստան՝ խորացնելու եւ հարստացնելու իր գիտելիքներն ու կապերը, ավելի հիմնավոր դարձնելու հայագիտական հետագա գործունեությունը:

- Ես անչափ ուրախ եմ, որ հնարավորություն եմ ստացել հիմնավորապես զբաղվելու հայոց լեզվով ու գրականությամբ: Չափազանց օգտակար են հանդիպումները հայոց լեզվի մասնագետների, գրականագետների, գրողների ու բանասերների հետ՝ թե՛ Երեւանի պետական համալսարանում, թե՛ գրականության ինստիտուտում ու գրողների միությունում: Անձամբ ծանոթացա ժամանակակից այն գրողներին, որոնց ստեղծագործությունները մեծ հետաքրքրությամբ կարդում էի եւ այժմ առավել եւս համոզվում եմ իմ տեսակետների մեջ: Այդպիսիներից են արձակագիրներից Հրանտ Մաթեւոսյանը, որի ստեղծագործությունները բավական թարգմանված եւ շատ սիրված են մեզ մոտ, Վարդգես Պետրոսյանը, բանաստեղծներից Վահագն Դավթյանը, Համո Սահյանը, Մարո Մարգարյանը, Ռազմիկ Դավոյանը եւ ուրիշներ: Համալսարանում մեծ հետաքրքրությամբ լսում եմ Հրանտ Թամրազյանի, Վազգեն Գաբրիելյանի եւ ուրիշների դասախոսությունները, զուգընթացաբար կարդում եմ նրանց գրականագիտական ուսումնասիրությունները: Հիմա ես այստեղ շատ բարեկամներ ունեմ, որոնք պատրաստակամությամբ ինձ ծանոթացնում են հայ գրականության, Հայաստանի տեսարժան վայրերի, համաշխարհային ճանաչում ու կարեւորում ձեռք բերած ճարտարապետության հետ: Այս բոլորով հանդերձ Հայաստանն այժմ սիրելի ու հարազատ է ինձ համար ոչ միայն ամուսնուս միջոցով, այլեւ այն բոլոր բարի, ջերմ ու խելացի մարդկանց միջոցով, որոնց հանդիպեցի այստեղ, Օշականի, Գառնի-Գեղարդի, Մատենադարանի, հայ մեծ գրողների ու բանաստեղծների տուն-թանգարանների միջոցով: Այստեղ անցկացրած բոլոր գեղեցիկ ու հետաքրքիր օրերի մեջ անմոռաց կմնա այն օրը, երբ Հրանտ Մաթեւոսյանի, Ռազմիկ Դավոյանի եւ Ռուբեն Հովսեփյանի հետ մեկնեցինք Մարտունու շրջան՝ հանդիպելու ընթերցողների հետ: Ես տեսա, թե ինչպիսի ջերմությամբ է Հայաստանում ժողովուրդը հանդիպում իր գրողներին ու բանաստեղծներին: Դա հրաշալի է: Հայ ժողովրդի հին ու հարուստ մշակույթի նկատմամբ գերմանախոս երկրներում հետաքրքրություն է առաջացել դեռեւս 150 տարի առաջ: Սակայն այդ հետաքրքրությունը առավելապես ակադեմիական բնույթ ուներ եւ համարյա ընդհատվեց 19-րդ դարի վերջերին: Եւ միայն մեր դարի 80-ական թվականներին է, որ բազմակողմանի հետաքրքրություն առաջացավ հայ գրականության նկատմամբ: Դրան նպաստեցին պրոֆեսոր Լեւոն Մկրտչյանի կազմած հայ հին եւ միջնադարյան պոեզիայի անթոլոգիան, որ ներկայացնում էր հայ բանաստեղծությունը 5-18-րդ դարերում եւ մեր՝ Լայպցիգի համալսարանի սովետական գրականության ամբիոնի գիտնականներիս պատրաստած «Սովետական բազմազգ գրականության տեսությունը», ուր ընդարձակ գլուխ է նվիրված հայ գրականությանը: Չմոռանամ նշել, որ արդեն 70-ական թվականներին հրատարակվել էին Թումանյանի եւ Իսահակյանի Հատընտիրները, ինչպես նաեւ Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործությունները:

Հայ հին եւ միջնադարյան պոեզիայի անթոլոգիայում Հորստ Թեւելայտի թարգմանությամբ ներկայացված էին նաեւ հատվածներ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից: Դա անակնկալ, զարմանալի հանդիպում էր: Հանդիպում մեզանից հազար տարի առաջ ապրած մի մարդու հետ, որի մեջ գերմանացի ընթերցողը գտավ բնապաշտական, տիեզերական խոհերով, բարոյական կատարելագործման անկեղծ մաքառումով լեցուն եւ, առհասարակ, քննադատական ոգով տոգորված, կասկածող ու ներդաշնակության ձգտող մի անհատականություն, որը լի է ողբերգական, բայց ոչ հոռետեսական աշխարհզգացումով, սեփական խղճի ձայնը լսելու արիությամբ: Եվ մեր անհանգիստ ժամանակներում, երբ Երկիր մոլորակն ապրում է պատերազմի սարսափի մեջ, ավելի քան կարեւոր է լսել Նարեկացու խղճի ձայնը, մարդկային հոգիներին ուղղած նրա տիեզերական կոչերը: Այստեղ, իհարկե, մեծ խնդիրներ ունեն թարգմանիչները, քննադատները, հրատարակիչները: Մեր գրականագիտության առջեւ խնդիր է առաջանում ավելի լայն ծանոթություն տալ ընթերցողներին Նարեկացու մասին՝ թարգմանելով նրան հատկապես բնագրից: Ես կարծում եմ, որ Նարեկացուն ճանաչելու ընթացքը դեռ նոր է սկսվում, եւ պետք է անել ամեն հնարավորը այդ պրոցեսը լայնացնելու ու խորացնելու համար: Վստահ եմ, որ այն հուսալի հիմք կդառնա թարգմանելու նաեւ հայ գրականության այլ գլուխգործոցներ, որոնց թվում եւ մեր ժամանակների մեծագույն բանաստեղծներից մեկին՝ Եղիշե Չարենցին: Եվ, վերջապես, զգալի է, որ արդեն անհրաժեշտություն է ծագել ուշի ուշով ուսումնասիրելու հայ գրականության գեղարվեստական-գեղագիտական բովանդակությունն ու ազդեցությունը ընդհանրապես:

Պետք է ասել, որ մեր գրականագետները եւս հետաքրքրությամբ են ծանոթանում Ադելհայդ Լաչինյանի ուսումնասիրություններին, որոնք գլխավորապես վերաբերում են սովետական գրականությանը: 1970 թվականին հաջողությամբ պաշտպանելով թեկնածուական ատենախոսությունը, որի թեման էր «Ժամանակակից սովետական պատմվածքը», նա այժմ գրում է դոկտորական ատենախոսություն, որը նվիրված է սովետական գրականության մեջ ավանդականության դերին: Նա մտադիր է առանձին գլխով անդրադառնալ նաեւ հայ գրականությանը, մասնավորապես արձակին:

Ադելհայդ Լաչինյանի հետ ունեցած հանդիպումը առիթ հանդիսացավ վերհիշելու նաեւ գերմանական հայագիտական ավանդույթները, որոնք զգալիորեն ընդլայնեցին եվրոպական հայագիտության սահմանները: Նշանակալի է հատկապես Լայպցիգի համալսարանի դասախոս Հայնրիխ Հյուբշմանի ավանդը: Իր գիտական խոր ուսումնասիրությունների շնորհիվ նա ժխտեց մինչ այդ իշխող այն կարծիքը, թե հայերենը իրանական խմբին պատկանող լեզու է եւ եկավ այն եզրակացության, որ այն հնդեվրոպական լեզուների ինքնուրույն ճյուղ է եւ գրեց մի շարք աշխատություններ այդ թեմային նվիրված. «Հայերենի քերականությունը», «Հին հայոց տեղանունները», «Հայերենի հնչյունական օրենքների ժամանակագրությունը» եւ այլն: Հիշեցի հայկական արվեստը մեկնաբանող ու տարածող այլ անուններ, որոնք բոլորովին վերջերս, հայ արվեստի երրորդ միջազգային գիտաժողովի ժամանակ ներկաներին զարմացրին հայ արվեստի իրենց խորը իմացությամբ: Իսկապես որ մեծ է ավանդականության դերը: Եւ արդեն ամենեւին զարմանալի չէր, որ շիկահեր ու ճերմակամորթ այս տիկինը հրաշալի հայերեն է խոսում ու պատրաստվում է բնագրից գերմաներեն թարգմանել հայ գրողների ստեղծագործությունները: Իսկ նրա ամուսինն ու զավակները՝ Սեւանը, Գոհարն ու Հայկը, Լայպցիգից նրան նամակ են գրում, թե «Հայաստանին նայիր նաեւ մեր աչքերով, նայիր մանրամասն եւ հիշիր ամեն ինչ, որպեսզի հետո տեսածդ կարողանաս ամբողջությամբ փոխանցել մեզ»:

You may also like...