Հայաստանը` կտավներում

«Հայրենիքի ձայն», 1 հունվարի, 1987թ.
Սեյրանուհի Գեղամյան

Տարիներ առաջ՝ 1974 թվականին, Կանադայի Քվեբեկ քաղաքում ապրող երիտասարդ նկարիչ Արման Թադոսյանին հայ համայնքի գործիչներից մեկը հարցնում է. «Կուզե՞ս Խորհրդային Միություն, Հայաստան երթալ: Նման ճամբորդության հնարավորություն կա»: «Խորհրդային Միություն կուզեմ, կուզեմ Լենինգրադը՝ արվեստներու այդ քաղաքը, Էրմիտաժը տեսնել, բայց… Հայաստա՞ն…»:

Այնուամենայնիվ ճամփորդությունը կայացավ:

Այսպես, 1974-ին առաջին անգամ Արման Թադոսյանը Հայաստան եկավ:

Հետո եկավ 1975-ին: Եկավ ոչ մենակ, այլ իր իննսունմեկ աշակերտ-աշակերտուհիների հետ: Անհամբերությամբ, հուզումով բերեց նրանց ցույց տալու այն երկիրը, որն ընդամենը մեկ տարի առաջ ինքը տարակուսում էր այցելել:

Մեկ տարի անց 1976-ին, դարձյալ այցելեց: Այս անգամ իր աշխատանքներով, ու այստեղ՝ Հայաստանի Նկարչի տանը բացվեց նրա անհատական ցուցահանդեսը:

Իսկ տարակուսանքն արդեն փոխվել էր պահանջի, փոխվել կարոտի, կարոտի առ Հայաստանն ու հայկականը:

Եկավ նաեւ 1979-ին… Ի՞նչ էր տեղի ունեցել երիտասարդ նկարչի հոգում: Երբեմն պաղ ու հասարակ են թվում բառերը, երբ փորձում ես ձեւակերպել հոգեկան այն բարդ տեղաշարժերը, այն զարմանալի ուժերը, որոնք հանկարծ գալիս ու միանգամից փոխում են մարդու կյանքի սովորական ընթացքը, մղում նրան թողնել ամեն ինչ՝ տուն ու աշխատանք եւ մեկնել հազարավոր կիլոմետրեր հեռու, այն երկիրը, որը կոչվում է հող հայրենի…

… Թադոսյանների ընտանիքը Եգիպտոսից Կանադա եկավ ու հաստատվեց Քվեբեկ քաղաքում, երբ Արմանը դեռ փոքր էր: Այն ժամանակ դեռևս ոչ հայաշատ քաղաքում հնարավորություններ չեղան տղային հայկական կրթություն տալու, եւ Արմանը չսովորեց հայերեն գրել-կարդալ: Հայրը, որը ներկերի վաճառական էր, Քվեբեկում շարունակեց իր աշխատանքը: Իսկ ներկերն արդեն հանգիստ չէին տալիս նրա որդուն, որն անզուսպ պահանջ էր ունենում «խաղալ» ներկերով ու կտավի վրա վերարտադրել իրենց նոր բնակավայրի բնությունը, բակերն ու շենքերը: Որոշ ժամանակ անց Արմանը սկսեց աշակերտել կանադացի հայտնի նկարիչ Ադամ Շերիֆ-Սկոտին: Աստիճանաբար բազմաթիվ վերացական, երբեմն անհեթեթ, երբեմն ձանձրալի կրկնություններով լեցուն ուղղությունների ու հոսանքների մեջ ձեւավորվեց նկարչական այն ուրույն ոճը, որը Կանադայում հայտնի դարձավ «թադոսյանական» քիչ անսովոր, դժվար արտասանվող անունով:

«Թադոսյանը մեծ տաղանդով օժտված, արտասովոր նկարիչ է: Նրա ստեղծագործությունները վառ վկայություններն են այն անդուլ պայքարի, որ նա մղում է իրեն շրջապատող աշխարհի եւ մարդկանց մեջ ապրող բնական կենսունակությունն ու ուժականությունը հայտնաբերելու եւ դրանք արվեստի իսկական գործեր դարձնելու համար… Թադոսյանը եւ նրա նմանները նոր արժեքներ եւ իրականություններ են ստեղծում ներքին պահանջի մղումով: Այնքան ժամանակ, որ նրանք գոյություն ունեն ու շարունակում են աշխատել, մենք կարող ենք չկորցնել մեր հավատը արվեստի ապագայի նկատմամբ»,- գրում է Մոնրեալի համալսարանի արվեստագիտության պատմության դոկտոր Ռիկասն Բերտոլը Թադոսյանի մասին: Նման ընկալումն ու գնահատանքը Թադոսյանին տեղ ապահովեցին Կանադայի լավագույն նկարիչների կողքին: Նրա անհատական ցուցահանդեսները սկսեցին կազմակերպվել զանազան քաղաքներում:

Եւ ահա, 1986 թվականի աշնանը, արդեն Կանադայի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Արման Թադոսյանը դարձյալ Հայաստանում էր: Ցանկությունը Հայաստանը ցույց տալ բոլոր կանադացիներին, անհնար էր իրականացնել, այդ պատճառով նա որոշեց Հայաստանը «տեղափոխել» Կանադա՝ կտավների միջոցով: Սա արդեն չէր կարող այց լինել սովորական իմաստով, սա Հայաստանը խորքով, ներքուստ ըմբռնելու փորձ էր, իսկական հաղորդակցում հայկական հող ու քարին, բնությանն ու մարդկանց:

… Ես նրան հանդիպեցի Դիլիջանում, երբ նկարում էր Հաղարծինի վանքը: Ես տեսա, թե ինչպես էր նա գույնը խառնում գույնին եւ իրար հաջորդող վրձնահարվածներով կտավի վրա տեղափոխում Դիլիջանի աշունը, դարերի հողմերից փոքր-ինչ մաշված վանքի ուրվագիծը: Ես տեսա նրա զարմանք-ոգեւորություն ճառագող աչքերը (ի՜նչ զարմանալի գույներ են) եւ թե ինչպես նա չէր հասցնում սրբել ճակատը ողողած քրտինքի խոշոր կաթիլները, որովհետեւ «գույները, երանգները շատ արագ կփոխվին, պետք է հասցնել ըմբռնել զանոնք»: Կողքին նկարում էր նրա վաղեմի բարեկամը՝ հանրապետության վաստակավոր նկարիչ Վաղարշակ Սարգսյանը, նկարում էր ավելի հանդարտ ու անշտապ. նրան լավ էին ծանոթ այդ զարմանալի գույները:

Այդ օրը Հաղարծինը մարդաշատ էր: Դիլիջանցիները հավաքվել էին հնամենի վանքի մոտ ժողովրդական արվեստի տոնախմբության: Շատերն էին մոտենում նկարիչներին, զարմանքով, քնքշանքով նայում նրանց… Ինչ-որ մեկը՝ մի անծանոթ, լռությամբ լավաշ ու պանիր դրեց նրանց կողքին… Երբեմն-երբեմն բարձրացնում էին նկարիչներն իրենց հայացքները, ժպտում շրջապատի փոքրիկներին ու նորից կենտրոնանում կտավների վրա:

Դիլիջանում ծնվեցին «Հաղարծնի վանքը», «Ջարխեչի լեռները», «Գոշավանքը», «Ջուխտակ վանքը» ստեղծագործությունները: Իսկ առջեւում Արմանին սպասում էին հայկական նոր բնապատկերներ…

Արման Թադոսյանին մեկ անգամ էլ հանդիպեցի, երբ վերջացրել էր շրջագայությունը Հայաստանում ու վրձնել 16 հայկական բնապատկեր, ճարտարապետական կոթողներ. Սանահինն ու Հաղպատը, Օձունն ու Տաթեւը, Հին Գորիսն ու Խոր Վիրապը, Երեւանի Կիեւյան կամուրջը, մարզահամերգային համալիրը եւ այլն:

Արմանն աշխատանքները կողք-կոդքի շարել էր Վաղարշակ Սարգսյանի արվեստանոցում ու պատմում էր իր հայտնաբերած Հայաստանի մասին: Երեւում էր, որ սփյուռքահայ նկարչի ու իր նախնիների երկրի միջեւ տեղի է ունեցել զորեղ, կարեւոր երկխոսություն ու հիմա նա անընդհատ վերհիշում էր այս կամ այն դրվագը, տեսարանը, բազմաթիվ ծանոթություններ, միջադեպեր, խոսք ու զրույցներ (դեռ ինչքա՜ն պիտի հիշի հեռավոր Կանադայում), պատմում էր Գորիսի ամենատարեց կնոջ մասին, որին նույնպես վրձնել էր ու պիտի ցուցադրի Կանադայի իր ցուցահանդեսում: Հետո, ինչ-որ առիթով խոսք գնաց նաեւ սփյուռքահայության մասին, մասնավորապես այնպիսիների, ովքեր մեծ զոհողությունների գնով Հայաստանին են նվիրաբերում նյութական բարձր արժեքներ, իրենց ներկայությունն այդպես ապահովելով հայրենի երկրի ու ժողովրդի մեջ: Դիմելով Արմանին, Վաղարշակ Սարգսյանը կես կատակ, կես լուրջ հարցրեց. «Դո՞ւ ինչ պիտի նվիրես հայրենիքիդ»: Մենք բոլորս ծիծաղեցինք, իսկ Արմանը մանկան խոնարհությամբ պատասխանեց. «Չգիտեմ, դուն պիտի խրատ տաս…»: Ու մանկան այդ խոնարհությունը ավելի համակրելի դարձրեց նրան: Ընդհանրապես, ինչ-որ պարզ, բարեհոգի միամտություն կա Արմանի ողջ կեցվածքում, որն անմիջապես ջերմություն ու համակրանք է ծնում մարդկանց մոտ: Ու երեւի այդ պատճառով էր, որ Վաղարշակ Սարգսյանի արվեստանոցում անընդհատ հնչում էին հեռախոսազանգերը. մեկ երեւանցիներ էին, մեկ գորիսցիներ, մեկ դիլիջանցիներ: Ու ես մտածում էի, որ նման հաղորդակցումից հետո բաժանումը հեշտ չի կարող լինել: Երբ պատրաստվում էինք հրաժեշտ տալու միմյանց, չգիտեմ ափսոսանքի՞, թե՞ հանդիմանության շեշտով ասացի. «Այս ամենը շատ լավ է, Արման, միայն թե վատն այն է, որ գրածս չպիտի կարողանաս կարդալ»: «Ես, այո, հայերեն չեմ կարդար, բաց աղջիկս՝ յոթնամյա Անին, կհաճախե Քվեբեկ-Արմեն ամենօրյա հայկական վարժարանը եւ շատ սահուն ու հստակ կկարդա հայերեն: Կուզե նույնիսկ իմ դասատուս ըլլալ…»: Մենք ժպտացինք, եւ հրաժեշտը տեղի ունեցավ առանց ստվերների…

You may also like...