Հայապահպանության կաղնին

«Հայաստանի Հանրապետություն», 13 հուլիսի, 1996թ.
Սեյրանուհի Գեղամյան

Պատահում է եւ այսպես, երբ անգամ հայոց լեզվի բառարանում ածականները կարծես չեն բավականացնում բնորոշելու համար մարդկային ամբողջական կերպարը, գուցե այն պատճառով, որ մենք հաճախ հասարակացրել, արժեզրկել ենք ածականները՝ տեղի-անտեղի, երբեմն նաեւ անհարկի օգտագործելով դրանք: Ու հիմա, Ալեք Մանուկյանի պարագայում, ես բառեր եմ փնտրում, որոնք լինեն ճշմարիտ, իսկական ու ամբողջական, լինեն համարժեք նրա ապրած մեծ կյանքին ու կատարած մեծ գործին: Ու հասկանում եմ, որ Մեծերի գնահատականը իրենց իսկ կյանքն ու գործն է, որից այն կողմ չի կարող լինել ավելին:
Այդպիսիների մասին Սեւակն ասում Է. «Ո՜ւշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած»:

Ալեք Մանուկյան

Ալեք Մանուկյան

Եւ ահա,1901 թվականին, Իզմիրի շրջանի Քասաբա փոքրիկ գյուղաքաղաքում, պարզ ու բարեկիրթ մի ընտանիքում աշխարհ է գալիս նա ճակատագրորեն անխուսափելի ու անհրաժեշտ, որովհետեւ ընդամենը 14 տարի անց, պատահելու էր այն ահավոր աղետը, որ ցրիվ էր տալու հայությանը՝ նրա պատմության մեջ ստեղծելով մի նոր, աննախադեպ երեւույթ՝ Սփյուռքը: Երեւույթ, որ կարող էր լինել կարճատեւ, անդեմ ու անհետք, եթե չլինեին այն մի քանի բացառիկները, որոնք իրենց ուսերի վրա կրեցին հայրենի հողից հեռու, օտար խառնարաններում ազգ պահելու ու ազգ կրթելու ծանրագույն աշխատանքը՝ դրան նվիրաբերելով ամեն ինչ՝ ավյուն, կամք, ֆիզիկական ու նյութական կարողություն, երազանք ու նպատակ:
Ասում են, երբ 1920-ին Ալեք Մանուկյանը փոխադրվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, գրպանում ընդամենը 50 դոլար է ունենում: Ասում են նաեւ, որ նա հաճախ սիրում էր վերհիշել իր կյանքի հատկապես այդ տարիները, երբ ստիպված էր երբեմն գիշերել բաց երկնքի տակ, կատարել զանազան ծանր աշխատանքներ:
Բայց նա չէր կարող բավարարվել երիտասարդի այդ արկածալի կյանքով, նա առաքելություն ուներ կատարելու, եւ այդ առաքելությունը, նաեւ ի ծնե ստեղծագործ ու որոնող միտքը նրան մղեցին աներեւակայելի իրագործումների: Եւ Դեթրոյտում հաստատվելուց ընդամենը մի քանի տարի անց 1929-ին, հիմնադրում է ՄԱՍԿՕ ընկերությունը, որն այսօր Ամերիկայի ամենախոշոր ձեռնարկություններից մեկն է եւ որի արտադրանքի տարեկան վաճառքը կազմում է ավելի քան 7 միլիարդ դոլար:
Սակայն անձնական հարստությունն ու բարեկեցությունը Ալեք Մանուկյանի նման մեկի համար վերջնական նպատակ չէին, նա փնտրում էր «ուրախությունն անանձնական», որ գալիս էր հայությանն իր ազգային արմատներին, լեզվին, պատմությանն ու մշակույթին կապելու ճանապարհով: Ազգային որեւէ գործ նրա համար երբեք չեղավ երկրորդական, ու նա երբեք իրեն չհանգստացրեց այն մտքով, թե հայկական դպրոց կամ մշակութային կենտրոններ կառուցելը, գրքի կամ թերթի հրատարակությանը սատարելը, հայագիտական ամբիոններ հիմնելը, կրթաթոշակներ սահմանելը բավարար են իր ապրելու ազգային կերպը արդարացնելու համար: Զարմանալի է, բայց փաստ, որ արդեն խոշոր արդյունաբերողի դիրքի հասած Ալեք Մանուկյանը պարտավորություն էր զգում դասավանդել հայկական վարժարաններում, երգել հայոց եկեղեցիներում, ներկա լինել ազգային բոլոր ձեռնարկումներին:

Ալեք Մանուկյան

Ալեք և Մարի Մանուկյանների ժամանումը Երեւան, 1982 թ.: Ձախից՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահ Վարդգես Համազասպյանը

1953-ին, երբ ընտրվեց Սփյուռքի ամենագործուն կազմակերպություններից մեկի՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ, կարծես գտավ իր իսկական կոչումը, իր կյանքի գործը: Դա մի ժամանակ էր, երբ Բարեգործականը նյութական ու կազմակերպական բավական ծանր կացության մեջ էր: Եւ Ալեք Մանուկյանի կազմակերպական մեծ կարողությունների, նյութական ներդրումների եւ որ ամենակարեւորն է՝ իսկական նվիրյալի անձնական օրինակի շնորհիվ կարճ ժամանակում այն ոչ միայն վերագտավ իր նախկին համբավը, այլեւ շատ ավելի ընդարձակեց իր գործունեության ծիրը:
Ու տարիների հետ Ալեք Մանուկյանը աշխարհասփյուռ հայության համար դարձավ դարի մարդը, դարձավ իրական հայրենասիրության չափանիշ:
Ես բախտ եմ ունեցել անձամբ տեսնելու նրան՝ 1982-ին, երբ տիկնոջ՝ Մարի Մանուկյանի հետ այցելեց Հայաստան: Բավականաչափ գիտեի, կարդացել էի նրա մասին, բայց հատկապես զարմացա կյանքում այդքան շատ բան արած այդ Մեծ Մարդու՝ հայրենի ժողովրդի հանդեպ ունեցած խոր խոնարհումից ու հիացումից, «ժողովուրդ, որն իր բազուկներով ու եղունգներով կերտեց այս երկիրը»:
Լայնախոհ էր իմաստության աստիճան ու թեպետ ապրում էր քաղաքական ու տնտեսական տարբեր պայմաններում եւ գաղափարական տարակարծություններ ուներ, բայց Հայաստանի գոյությունը չէր չափում ժամանակավոր չափանիշներով, եւ հայաստանյան իր ելույթներից մեկում ասաց. «Դրոշակի գույնին ու վարչաձեւին մասին հարուցված վեճերը արտասահմանին մեջ աննշան կդառնան, երբ կանգուն է հայոց հայրենիքը» եւ անմիջապես ավելացրեց. «Հայությունը որքան ալ որ տարածվի աշխարհի հեռաստաններուն վրա, միշտ ներքին գիտակցություն մը կզորացնե զայն: Այն համոզումը, թե ապրող ու կենսունակ Հայաստան գոյություն ունի այստեղ՝ լավատեսությամբ կհամակե մեզ ապագային համար: Այլապես ի՜նչ իմաստ պիտի ունենար մեր ազգապահպանումի ամբողջ պայքարը, եթե մենք չունենայինք վերջնական նպատակ մը: Այսօրվա ամուր ու անխորտակելի Հայաստանը խարիսխն է մեր ապագա երազներում: Անոր իրականությամբ է, որ կրնանք իրագործել ապագայի երազները: Առանց հայրենի իրականության եւ օժանդակության՝ կարճ պիտի ըլլա սփյուռքի պատմությունը եւ աննպատակ՝ անոր գոյապայքարը: Մենք կպահենք սփյուռքը այսօրվա ու վաղվա Հայաստանին համար»:
Այո, իմաստուն մարդու առողջ բնազդներով ու նաեւ հոգու խորքերից եկող ազդակներով, նա դեռ 1982-ին զգում էր, որ լինելու է վաղվա Հայաստանը, որ իրականություն են դառնալու սերունդների երազները, վերջնական նպատակը:

Ու նա Սփյուռքում առաջիններից մեկը եղավ, որ ամբողջ սրտով ողջունեց ու հնարավոր միջոցներով թիկունք կանգնեց Անկախ Հայաստանի գոյառմանը՝ այն դիտելով որպես իր նախնիների ու իր անձնական երազանքի իրականացման փաստ:
Հիշում եմ նաեւ նրա խոսքերը, որ այսօր ու միշտ նշանաբանի արժեք պիտի ունենան սփյուռքահայության համար. «Անհրաժեշտ է թանգարաններ ու դպրոցներ կառուցանել արտասահմանի մեջ հայապահպանման գործին համար, սակայն, փորձառությունը ցույց կուտա, թե անոնք կդառնան պատմության ավազներուն վրա հաստատված կառույցներ: Ինչ որ կմնա հավերժության՝ Մայր հողին վրա կառուցածն է՝ մեր հարազատ ժողովրդի ձեռքով»:
Այս ճշմարտության խորունկ գիտակցումով էր, որ աշխարհի բոլոր ծայրերում դպրոցներ ու մշակութային կենտրոններ կառուցած Ալեք Մանուկյանը Սուրբ Էջմիածնում, կաթողիկոսական նստավայրի հարեւանությամբ կառուցեց իր եւ տիկնոջ՝ Մարիի անունը կրող Գանձատունը, ուր որպես ամենահուսալի հանգրվան տեղ գտան հայ ժողովրդի ստեղծագործ հանճարի՝ պատմության մրրիկներից փրկված սրբազան մասունքներ՝ ձեռագիր հին մատյաններ, սրբապատկերներ, արծաթյա, փայտե, ասեղնագործ իրեր եւ այլն:
Դժվար, գրեթե անկարելի է հիշատակել այն ամենը, ինչ արեց Ալեք Մանուկյանը, իսկ նրան տրված կոչումների ու տիտղոսների թվարկումը պարզապես շուտասելուկի կնմանվի: Բայց դրանցից երկուսը՝ Հայաստանի Հանրապետության առաջին Ազգային հերոսի, Հայաստանի Հանրապետության պատվավոր քաղաքացու կոչումները, թերեւս, նրա կատարած գործի լավագույն գնահատանքն էին: Նա թերեւս միակ հայն է, որի անունով, կենդանության օրոք, Հայաստանի մայրաքաղաքում փողոց անվանակոչվեց:
Ու ահա, հուլիսի 10-ին, հեռավոր Դեթրոյթում, հոգում վստահաբար Հայաստանի արեւն ու դրոշակի գույները, «խաղաղորեն» ընկավ հայապահպանության կաղնին՝ մի մեծ բացատ թողնելով Սփյուռքի անպարագիծ տարածքում:

Այդպիսիների մահով, իսկապես, ինչ-որ տեղ, ինչ-որ բան փոխվում է:
Բայց այս պարագայում ավելի քան իրական է հոգու անմահությունը, եւ անկասկած է, որ այն ամենում, ինչ արեց այս կյանքում Ալեք Մանուկյանը, կշարունակեն ապրել ու հարատեւել նրա անունն ու գործը՝ որպես իրական ու ճշմարիտ հայրենասիրության օրինակ ու դաս:

You may also like...