Կրթությունից բացի` սեր և ոգի

Սովետական Հայաստան, 1982թ., թիվ 10

Արդեն 22 տարի է, որ Երևանի բժշկական ինստիտուտը դռները լայնորեն բացել է սփյուռքահայերի առջև։ Այդ տարիներին այստեղ բժշկի բարձր կոչում են ստացել և աշխարհի տարբեր երկրներ մեկնել 256 շրջանավարտ։ Նրանցից շատերն իրենց գիտելիքները կատարելագործել են բուժահետազոտական օրդինատուրայում, շարունակել ուսումը ասպիրանտուրայում։ Միշտ էլ սեպտեմբերի 1-ին աղմկոտ ու մարդաշատ է Երևանի բժշկական ինստիտուտի արտասահմանցի ուսանողների դեկանատը։ Նորեկները ծանոթանում են բարձրագույն ուսումնական հաստատությանը, ինստիտուտի կարգ ու կանոնին, առօրյային։

Սակայն ոմանց համար բժշկական ինստիտուտն այնքան էլ անծանոթ չէ: Շատ հետաքրքիր ու ճանաչողական բաներ են պատմել իրենց եղբայրներն ու քույրերը, որոնք ավարտել կամ սովորում են բարձր դասընթացներում։ Այո, ավելի քան քսան տարիների ընթացքում կազմավորվել են դինաստիաներ։ Այսպես, տարբեր տարիներ Երևանի բժշկական ինստիտուտն ավարտել են երեք եղբայրներ՝ Միսաք Ալեքսանը, Րաֆֆի Ալեքսանը, Վիգեն Ալեքսանը։ Այժմ ատամնաբուժական բաժնի երկրորդ կուրսում սովորում է Հարություն Թութունջյանը, իսկ բուժական բաժնի հինգերորդ կուրսում՝ նրա եղբայր Վարուժանը, իր երկրորդ կուրսեցի եղբոր Ջորջ Զեթչյանի համար հոգ է տանում վեցերորդ կուրսի ուսանողուհի Գրետա Զեթչյանը։ 1982 թ. սեպտեմբերից բժշկականի ուսանող դարձավ ինստիտուտի առաջին շրջանավարտներից մեկի Հարություն Մարտիրոսյանի որդին։

Սովետական Հայաստան, 1982թ., թիվ 10

Ուսումնառության առաջին օրերը հուզումներով ու տպավորություններով են լեցուն։ Իսկ այնուհետև առօրյան հագեցվում է բարդ, սակայն հետաքրքիր դասառումներով։

Մինաս Ադամյանը եկել է Սիրիայից։ Մինչ այդ սովորել է, աշխատել, արաբերենի ու բուսաբանության ուսուցիչ է եղել և տարիներ հետո է միայն հասունացել նրա մեջ բժիշկ դառնալու որոշումը։

— Գիտեք, սովորեցնելն ավելի դյուրին է, քան սովորելը,— ժպտում է Մինասը,— սակայն բարդ առարկաները հաղթահարելիս մեզ օգնության են հասնում դասավանդողները, որոնք գործնական պարապմունքների ժամանակ մանկավարժի հմտությամբ ու վարպետությամբ աշխատում են ուսանողների գիտակցությանը հասցնել ամեն անհասկանալին։

Միջին կուրսերում ուսանող բժիշկները տեսական դասընթացներից կանցնեն գործնականին, նրանց դասերը կտեղափոխվեն Երևանի պոլիկլինիկաներն ու հիվանդանոցները, որոնցում տեղաբաշխված են ինստիտուտի բուժահետազոտական ամբիոնները։ Առանձնապես դժվար է երրորդ կուրսում ուսանելը, երբ ուսանողներն ուսումնասիրում են մարդու օրգանիզմի ախտաբանությունը։

— Ինստիտուտում կատակով ասում են. «Եթե հաղթահարել ես երրորդ կուրսը, իմացիր, որ ինստիտուտն ավարտել ես»,— պատմում է Ջուլի Թումանյանը,— երրորդ կուրսում ես սկսում էապես ընկալել բժշկությունը։

— Մեզ շատ են օգնում բուժահետազոտական ամբիոնները,— շարունակում է համակուրսեցի, Սիրիայից եկած Մարի Բաքսարյանը,— միայն հիվանդի մահճակալի մոտ ես զգում, թե ինչ մեծ պատասխանատվություն է դրված քեզ վրա։

Լիբանանահայ Հակոբ Փափազյանը ոչ միայն լավ սովորող է, այլև եռանդուն հասարակական աշխատող (արդեն երրորդ տարին է, ինչ նա ինստիտուտի լիբանանցիների հայրենակցական մասնաճյուղի նախագահն է)։

— Անելիք շատ կա,— պատմում է Հակոբը,— գործնական օգնությունից բացի, որ մենք աշխատում ենք ցույց տալ մեր ուսանողներին կազմակերպչական, կենցաղային և ուսման հարցերում, անցկացնում ենք նաև բազմաթիվ միջոցառումներ, վիկտորինաներ, թեմատիկ երեկույթներ, մրցույթներ։ Ամեն տարի հանդիսավոր կերպով նշում ենք Լիբանանի անկախության տարեդարձը։

— Մենք էլ նույն ծավալի աշխատանք ենք կատարում,— ասում է Հակոբի համակուրսեցի Վարուժան Թութունջյանը, որը սիրիացիների մասնաճյուղի նախագահն է,— մեր ուսանողները, ինչպես նաև Հայաստանում սովորող բոլոր արտասահմանցիները ամեն տարի մասնակցում են երգի «Կարմիր մեխակ» փառատոնին։ Բացի այդ, հոգ ենք տանում նաև համալսարանի նախապատրաստական բաժնի ուսանողների մասին, որոնք պետք է ընդունվեն մեր ինստիտուտը։ Հաճախակի լինում ենք հանրակացարանում, հետաքրքրվում նրանց կյանքով։ Ուսանողները ինստիտուտն ավարտում են ոչ միայն որպես տեսականորեն պատրաստված բժիշկներ, այլ նաև լայն մտահորիզոնով օժտված մասնագետներ։ Նրանց այս հարցում օգնում են ինստիտուտի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) և հասարակագիտական մասնագիտությունների բաժինը։ Այդ են վկայում բուժական բաժնի վեցերորդ կուրսի ուսանողուհիներ Ֆիմի Փառնիկյանը (ԱՄՆ) և Գրետա Զեթչյանը (Լիբանան), որոնք սովորում են հասարակագիտական մասնագիտությունների բաժնում։ Ֆիմիի զեկուցումը ներկայացվել է Մոսկվայամ տեղի ունեցած մրցույթին, իսկ չորրորդ կուրսեցի, լիբանանահայ Ժոզեֆ Կրպոյանի աշխատանքը, որը նախապատրաստվել է փիլիսոփայության ամբիոնում, կարդացվել է ոչ միայն ինստիտուտի ուսանողական գիտական ընկերության կոնֆերանսում, այլև հանրապետական և միութենական մրցույթներում։

Ուսում, գիտական ու հասարակական աշխատանք… իսկ ինչպե՞ս են տնօրինում իրենց ազատ ժամանակը։ Ռուսաց լեզվի ամբիոնին կից կազմակերպված երգչախմբում ուսանողները սիրով են երգում ռուսական և հայկական երգեր։ Ակումբի նախաձեռնողն ու ոգին երրորդ կուրսեցի, լիբանանցիներ Գասպար Տաշճյանն ու Անդրանիկ Դեմիրճյանն են։ Ուսանողներն այստեղ հնարավորություն ունեն ազատ ժամերին կատարելագործելու ռուսաց լեզվի իրենց գիտելիքները և մոտիկից ծանոթանալու եղբայր ժողովրդի մշակույթին։

Այլ կերպ են անցկացնում իրենց ազատ ժամանակը բարձր կուրսեցիները։ Բուժական ֆակուլտետի ուսանող Րաֆֆի Պալյանն արդեն 5 տարի է, ինչ նվագում է բժշկական ինստիտուտի կամերային նվագախմբում։

— Որտեղի՞ց է սերը ջութակի նկատմամբ,— հարցնում եմ Րաֆֆուն,— ի՞նչ ընդհանրություն կա երաժշտության և բժշկության միջև։

— Երաժշտությա՞ն և բժշկությա՞ն. թե մեկը և թե մյուսը մարդու բարօրության համար են, և մեկը, և մյուսը թեթևացնում, հարստացնում են մարդու կյանքը՝ ներգործելով նրա ֆիզիկական և հոգևոր կյանքի վրա։

… Նորից աղմկոտ ու մարդաշատ կլինի Երևանի բժշկական ինստիտուտի արտասահմանցի ուսանողների դեկանատը։ Սակայն աղմուկն ու ուրախությունը թախծախառն կլինեն, քանզի պատանիները հրաժեշտ կտան ինստիտուտին, ընկերներին, հայրենիքին… Եվ մեկնելուց հետո էլ չեն կարող մոռանալ ուսման տարիները։ Արտասահմանյան դրոշմակնիքներով ծրարների անընդհատ, չդադարող հոսքը կասի նամակագիրների անունից. «Ձեր հոգատարությունն ու ուշադրությունը, նրբազգացությունն ու ջերմ վերաբերմունքը իզուր չեն եղել: Մենք կրթությունից բացի հայրենիքից տարել ենք նաև սեր»…

Դ. ԵՖՐԵՄՈՎԱ

You may also like...