Կվերադառնան արմատներին

Սեյրանուհի Գեղամյան, Շարունակվող երկխոսություն, Երևան, 2007թ.
«Հայրենիքի ձայն», 1988թ.

Հայաստան ժամանած ուրուգվահայ երիտասարդական խմբի ղեկավար Կարլոս Կեցոյանն առաջին անգամ չէ, որ հայրենիքում է գտնվում, ու թերեւս այդ պատճառով է, որ ավելի շատ խոսում է ոչ թե սեփական ընկալումների, այլ այն արմատական, շրջադարձային փոփոխությունների մասին, որոնք տեղի ունեցան խմբի ինը անդամների մեջ՝ այս այցելությունից հետո:

Սկզբում ես մի քիչ վհատ, տխուր ապրումներ ունեցա, իմանալով, որ խմբում գրեթե ոչ մեկը հայերեն չի խոսում, եւ Կեցոյանի հետ ունեցած երկար, հանգամանալի զրույցից հետո երկար ժամանակ իրարամերժ զգացումները ճմլում էին հոգիս: Ես մտածում էի հեռավոր Ուրուգվայում մեծացող այդ սերնդի մասին: Ախր սրանք նույն հայերն են՝ հոգեկան նույն կերտվածքով, նույն ուրախություններով ուրախացող, նույն տխրություններով տխրող, նույն խոնավ ու գեղեցիկ աչքերով հայերը, որոնց հետ, սակայն, մենք ստիպված ենք հաղորդակցվել թարգմանաբար: Եւ հիշում եմ Ուրուգվայից Հայաստան ուսանելու եկած Հովհաննես Բոդրումյանին, որը սրտի մեծ ցավով փորձում էր ապացուցել, թե ուրուգվայածին իր սերնդակիցները մեղք չունեն: Նրանց առջեւ մեղավոր է պատմությունը եւ նրանք, ովքեր այսօր կոչված են այդ սերունդը կապելու իրենց արմատներին:

Եւ Կարլոսի մաքուր հայերենը, հավատավոր շեշտով ասված խոսքերը մխիթարում են ինձ.

- Բոլորն ալ որոշած են վերադառնալե ետք անպայման հայերեն սորվիլ: Շատերն ալ արդեն որոշակի գիրքեր գտած են հայոց լեզվի ու պատմության մասին: Գիտեք, բոլորովին այլ է հայրենի հողին վրա ոտք դնելը, հայրենի ժողովուրդին հետ հարազատության զգացումներ ապրիլը: Ասոնք ամենեն մեծ փաստարկներն են զիրենք հայ ճանչնալու:

Ինքը՝ Կարլոսը, նույնպես ուրուգվայածին է: Ավարտել է Ուրուգվայի բժշկական ինստիտուտը, ապա կատարելագործվելու մեկնել Ֆրանսիա: Այդ ընթացքում համագործակցել է ժաֆականների՝ ֆրանսահայ երիտասարդական միության անդամների հետ, երիտասարդության հետ աշխատելու որոշակի փորձ ձեռք բերել: Հենց ժաֆականների հետ էլ նա երկու անգամ Հայաստան է այցելել: Ուրուգվայ վերադառնալուց հետո նվիրվել է ուրուգվահայ երիտասարդությանը հայրենիքի հետ կապելու, նրանց մեջ հայրենասիրական զգացումներ արթնացնելու գործին: Նա «Երեւան» երիտասարդական միության նախագահն է ու ցավով պատմում է, թե ինչպես երկար տարիներ երկրի նախկին վարչակազմի վարած քաղաքականության պատճառով ընդհատվել էր կապը հայրենիքի հետ, որի հետեւանքով էլ բավականաչափ թուլացել էին ուրուգվահայերի հայրենասիրական ոգորումները:

Բարեբախտաբար, 1985-ից հետո, երբ բարելավվեցին հարաբերությունները Խորհրդային Միության եւ Ուրուգվայի միջեւ ու հնարավոր դարձան փոխայցելությունները՝ հայկական համայնքը որոշակի զարթոնք ապրեց:

Եւ ահա, առաջին անգամ հայրենիք այցելեց նաեւ երիտասարդական այս խումբը, որի անդամները Ուրուգվայի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ են: Ինչպես պատմում է խմբի ղեկավարը՝ հայրենական ամենաուժեղ տպավորություններից մեկը նրանք համարում են Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողների հետ ունեցած հանդիպումը:

– Այդ օրը մեզմե շատեր հասկցան, թե ի՜նչ երջանկություն է հայրենի հողին վրա ապրիլն ու ուսանիլը: Խումբին մեջ կա մեկը՝ Դանիել Կարամանուկյան, ով արդեն իսկ ցանկություն հայտնած է մնալ Հայաստան եւ հայոց լեզու ուսանել: Այդ խնդրանքով դիմած է համապատասխան մարմիններուն եւ պատասխանի կսպասե: Դանիելը շատ հետաքրքրված է հայոց պատմությամբ եւ մասնավորապես դարասկզբիս մեր ժողովուրդի ապրած մեծ ողբերգությամբ: Ան արդեն իսկ գիրք հրապարակած է, որու մեջ հավաքած է հայկական ցեղասպանության մասին պատմող Ուրուգվայի մամուլի արձագանքները:

…Դանիել Կարամանուկյանի հետ մեր հանդիպումը կայացավ, երբ խումբը մեկնել էր, իսկ նա արդեն Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում հայերենի դասընթացների էր մասնակցում:

Համակրելի, խոհուն հայացքով երիտասարդ է Դանիելը: Հայերեն գրեթե չգիտե ու իսպաներենով ձեւակերպվող նրա «հայերեն զգացումները» թարգմանում է արգենտինահայ ուսանողուհի Մարիանան:

– Հայրս հայ է, մայրս՝ իտալուհի,- պատմում է Դանիելը,- եւ մինչ 12 տարեկան դառնալը հայ լինելս գրեթե չէի գիտակցում: Բայց քիչ-քիչ ինչ-որ անհասկանալի, անորոշ զգացումներ սկսեցին անհանգիստ անել հոգիս: Հավանաբար դա հետեւանք էր աշխարհում պտտվող «Հայկական հարցի»: Եւ ես, որ արդեն ունեի արյան ժառանգությունը՝ հանկարծ հասկացա, որ ես էլ այդ ժողովրդի զավակներից մեկն եմ ու պարտավոր եմ իմանալ ավելին, պարտավոր եմ ինչ-որ բան անել: Սկսեցի հայկական ցեղասպանության մասին պատմող նյութեր փնտրել Ուրուգվայի մամուլի արխիվներում: Եւ հայտնաբերեցի, որ ժամանակի շուրջ 20 անուն թերթեր զանազան ձեւերով արձագանքել են հայկական ցեղասպանությանը: Դրանք հիմնականում լուրեր են՝ քաղված միջազգային մամուլի գործակալությունների հաղորդագրություններից, նաեւ տեղեկություններ, թե ինչպես Ուրուգվայում այն ժամանակ գոյություն ունեցող փոքրաթիվ հայ գաղութը դրամ է հավաքել՝ օգնելու համար իր տուժած ու տառապած հայրենակիցներին: Ես շատ հուզված էի այդ ամենից, մի քիչ էլ զայրացած, չէ՞ որ ուրուգվացի իմ սերունդը այնքա՜ն քիչ բան գիտե այդ ամենի մասին, եւ ես մտածեցի հավաքել այդ ամենը՝ հրատարակելու ծրագրով: Ու թեպետ ուրուգվահայ համայնքը չկարողացավ օգնել ինձ գրքի հրատարակության հարցում, բայց ես դա արեցի սեփական միջոցներով՝ համոզված լինելով, որ անհրաժեշտ է: Գիրքն արդեն ունեցել է երկու հրատարակություն: Հիմա ես պետք է ավելին իմանամ, ավելին անեմ: Երբ արդեն անորոշ զգացումներս որոշակի են դարձել ու ամբողջովին գիտակցում եմ ով լինելս՝ գիտեմ նաեւ անելիքս, ես պետք է ամենից առաջ հայերեն սովորեմ: Դա իմ լեզուն է: Ես անդիմադրելի պահանջ եմ զգում հայերեն խոսել, պահանջ եմ զգում ճանաչել մեր պատմությունը:

Երբ բաժանվեցինք, Դանիել Կարամանուկյանն ինձ նվիրեց իսպանալեզու իր գիրքը: Ես սիրով վերցրեցի այն, շրջեցի թերթերը, որոնցում ինձ հասկանալի էին միմիայն թվերն ու լուսանկարները, այդ ահավոր, այդ բզկտող թվերը, այդ սահմռկեցուցիչ լուսանկարները…

Հետո մտովի պատկերացրի ուրուգվահայ այն երիտասարդներին, որ օրեր առաջ քայլել են Երեւանի փողոցներով, զրուցել իրենց հասակակիցների հետ, ու չգիտեմ ինչու ուզեցի հավատալ, որ երբ նրանք հիացումով դիտել են Գեղարդի վիմափոր տաճարը կամ կարկամել Գառնու ձորի վեհափառ տեսարանից, երբ կանգնել են Զվարթնոցի փլված գեղեցկությունների մոտ կամ խոնարհվել Ծիծեռնակաբերդի անմար կրակի առաջ՝ մեկեն ու անդառնալիորեն հասկացել են, որ իրենք, այո, նույն հայերն են՝ հոգեկան նույն կերտվածքով, նույն ուրախություններով ուրախացող, նույն տխրություններով տխրող, նույն խոնավ ու գեղեցիկ աչքերով հայերը, ու այլեւս իրավունք չունեն թարգմանաբար պատմել իրենց զգացումների մասին:

You may also like...