Կովկասյան Հայկական կամավորական շարժման մասնակից Կարո Թորոսյանը

Հայություն, մայիս, 1992թ., թիվ 7

Երբ արար աշխարհ կպատրաստվեր ու ցնծության մեջ էր՝ դիմավորելու ու տոնելու նոր 1992 տարին՝ դեկտեմբերի 30-ին, իր սեփական տան ննջասենյակին առանձնության մեջ, միս մենակ, 95 տարեկան հասակին իր բարի աչքերը կփակեր բուլղար բանակի պահեստի սպա, Կովկասյան Հայկական կամավորական շարժման մասնակից Կարո Թորոսյանը:

Ծնած էր Պլովդիվ, 1896 թվականին, արհեստավորի ընտանիքին մեջ, որուն տոհմածառը մեզ կտանի մինչև Հայաստանի սիրտը՝ Անին, ուրկե իր նախնիները գաղթած էին: Փոքրիկ Կարոն, տեղվույն հայկական նախակրթարանը ավարտելե հետո, իր ուսումը շարունակած է բուլղարական գիմնազիայի մեջ և ավարտած 1916 թվականին, որմե հետո՝ անմիջապես ուղարկված Սոֆիայի պահեստի սպայից վարժարանը, քանի որ Բուլղարիան պետք ուներ սպաներու: Դասընթացը հաջողությամբ ավարտելե հետո՝ Սելանիկի ճակատը ղրկված է կռվելու թշնամիներուն դեմ, այն երկրին համար, որը ապաստան տված էր իրեն ու իր նախնիներուն:

001-karo-torosyan

Օր մը, առանց մեկու մը լուր տալու, ճամբան կբռնե դեպի Պոլիս ու կհաջողի անկե անցնիլ Կովկաս, և կընդունվի կամավորական բանակ՝ որպես փորձառու զինվորական: Կարսի մեջ, նոր կազմավորված հայկական բանակի 7-րդ գունդը, գնդացիրային վաշտի հրամանատարի տեղակալ էր:

Ականատես եղած է Հայաստանի մեջ 1918-1920 թվականներին տեղի ունեցած բոլոր զինվորական դեպքերուն մինչև նոյեմբերի վերջը՝ երբ Հայաստանի մեջ հաստատվեցան խորհրդային կարգերը, որմե վերջ երկու հազար սպաներու հետ աքսորվեցավ դեպի Ուրալ: Ճանապարհին, Նոր Նախիջևանի կայարանին մեջ գնացքը կանգ առած պահուն՝ վագոնեն փախչելով մի կերպ օձիքը ազատած, հազար տանջանքներ ու բազում նեղություններ քաշելե ետք կվերադառնա իր ընտանեկան բույնը:

Մասնակցել է Օլթիի գրավման, ամբողջ 8 ամիս Մեծ Վեդիի ճակատամարտին, որտեղ գունդը ծանր կորուստներ կրած է, ատրպեջանցիներուն դեմ, մայիսյան դեպքերուն, Նոր Բայազիդի ազատագրման մարտերուն, որմե վերջ 6-7 թրքական ապստամբ գյուղերու դեմ, Սևանա լճի արևելյան կողմը:

Կարո Թորոսյան մասնակցած է նաև հայրենական պատերազմին: Զորակոչված որպես պահեստի սպա ու թրքական սահմանը ուղարկված: Ավելի վերջ՝ գործողն մասնակցություն բերած է Հարավսլավիայի մեջ՝ երկիրը գերմանական ֆաշիստական լուծեն ազատագրման գործին ու կապիտանի աստիճան ստացած: Կարո Թորոսյան իր աչքերը փակեց գոհ ու երջանիկ, իր սեփական աչքերով տեսավ վերածնված մայր Հայաստանը, նամանավանդ իր մահեն առաջ անհուն ուրախությամբ տեղեկացավ Հայաստանի անկախության լուրին, որուն համար կռված էր:

Մարտիկ Հագիգյան

You may also like...